ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մայիսի 19-ին Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է
Հայաստանում ԵՄ ներկայացուցչի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների,
Շվեդիայի դեսպանների, ինչպես նաև ՀՀ-ում ԵՄ անդամ մի շարք այլ երկրների
դեսպանությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկման հիմնական առարկան եղել է գալիք
ընտրություններին ընդառաջ ներքաղաքական իրավիճակը, Հայաստանում ստեղծված
քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամի լուծման ուղիները, երկրում օրինական,
ազատ և արդար ընտրությունների անցկացումը, ինչպես նաև արտահերթ համապետական
ընտրությունների անցկացման հնարավորությունը:
Լեւոն Զուրաբյանը ԵՄ դիվանագետներին ներկայացրել է Հայ Ազգային Կոնգրեսի
կողմից իշխանություններին ներկայացրած երեք պահանջների կատարման ընթացքը և
վստահություն հայտնել, որ մայիսի 31-ին կստեղծվեն նախադրյալներ` սկսելու
երկխոսություն` Հայաստանում արտահերթ ընտրությունների միջոցով լեգիտիմ
իշխանություն ձեւավորելու օրակարգով: Զուրաբյանը նշել է, որ արդար, թափանցիկ
ընտրությունների անցկացման կարեւոր երաշխիքներից մեկը կարող է դառնալ ԵՄ և
նրա անդամ երկրների օժանդակությամբ միջազգային դիտորդական անպիսի
առաքելության գործուղումը, որը թույլ կտա մոտ 2000 տեղամասերից
յուրաքանչյուրում տեղավորել առնվազն մեկ մշտական դիտորդ:
Քննարկման ընթացքում վերլուծվել է նաև Հայաստանում ստեղծված ծանր
սոցիալ-տնտեսական իրավիճակը, մենաշնորհային, օլիգարխիկ արատավոր տնտեսական
համակարգի ապամոնտաժման անհրաժեշտությունը, փոքր և միջին բիզնեսի,
գյուղացիական տնտեսությունների խախտված շահերը վերականգնելու կենսական
անհրաժեշտությունը:
--
Բոլոր նորություններին միանգամից ծանոթանալու համար
կարող եք այցելել ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍ Խմբի կայքը՝
http://groups.google.com/group/verjin-huis
Բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է ուղարկել դատարկ նամակ
verjin...@gmail.com հասցեին եւ գրանցվել՝ հետագա նորություններին
էլեկտրոնային փոստի միջոցով ծանոթանալու համար:
Խնդրում ենք այս նամակը փոխանցել նրանց, ովքեր
լրատվության կարիք ունեն:
Շնորհակալություն Ձեր ցուցաբերած ակտիվության համար: