Լեւոն Տեր-Պետրոսյանն անդրդվելի է մնում խոստումների մեջ ժլատության,
ամբոխահաճությունը մերժելու, իրողությունները չչափազանցնելու՝ դեռ իր
իշխանության տարիներից հայտնի սկզբունքում։ Մայիսի 31-ի իր ելույթում նա, ըստ
արժանվույն գնահատելով հանդերձ Հայ Ազգային Կոնգրեսի տարած հաղթանակը՝
ակնհայտորեն հեռու մնաց դրա ողջ պոտենցիալը որպես հասարակական խանդավառության
բարձրացման գործիք օգտագործելուց։
Ո՞րն է տարած այդ հաղթանակի էությունը:
Մարտի 1-ի գործի նոր հետաքննություն սկսելու հրահանգը խոստովանություն էր այն
բանի, որ իշխանությունն ընդունում է սեփական վարկածի տապալումը, որից կառչած
էր երեք տարի շարունակ։ Ազատության հրապարակի տրամադրումը հանրահավաքների
համար նշանակում է, որ իշխանությունը ձեռ քաշեց խորհրդանշական հրապարակը նման
միջոցառումների համար արգելված վայր դարձնելու իր ծրագրից։ Եթե
փարիսեցիություն չանենք, ապա (առանց նսեմացնելու մյուս քաղբանտարկյալների
խաղացած դերը) պետք է խոստովանել, որ ազատության մեջ հայտնված Նիկոլ
Փաշինյանը եւ Սասուն Միքայելյանը, ըստ էության, խորհրդանշում էին
համաժողովրդական շարժման կառուցվածքի շատ կարեւոր երկու բաղադրիչները։ Առողջ
բանականության դեմ չմեղանչելու դեպքում անհնար է չընդունել, որ Կոնգրեսի երեք
պահանջների իրականացմամբ ներկա ռեժիմի պահպանման հիմքերն առնվազն սասանվեց,
իսկ նրա վերարտադրման շանսերն ի չիք դարձան։ Այսինքն՝ տեղի ունեցածը միայն
ինքնին հաղթանակ չէ Կոնգրեսի համար։ Դրանով թե՛ գիտակցական, թե՛
ենթագիտակցական մակարդակում դատապարտվածության զգացում է առաջանում իշխանական
համակարգում, ստեղծվում է մի մթնոլորտ, ակտիվ մի միջավայր, որում օր օրի
քայքայվելու է իշխանական բուրգը, կոռոզիայի են ենթարկելու նրա կառույցները,
սմքելու են նրա ռեսուրսները։
Ինչո՞ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը խուսափեց տարած կարեւորագույն հաղթանակը
տարփողելուց, այն հասարակական խանդավառության բարձրացման գործիք դարձնելուց։
Առաջին նախագահն, առանց տարած շատ կարեւոր հաղթանակի արժեքը նսեմացնելու,
հնարավորինս զուսպ է գնահատում ու ներկայացնում այն։ Ավելին՝ նրա ելույթի
ընդարձակ մի հատված ավելի շատ չոր օբյեկտիվության ձգտող չեզոք մի պատմաբանի
գիտական աշխատանք է հիշեցնում, որում մանրակրկիտ ներկայացվում է, թե Կոնգրեսի
պայքարից ու ջանքերից դուրս ու դրանցից անկախ ուրիշ է՛լ ինչ գործոններ են
նպաստել իշխանության առջեւ դրված երեք խնդիրների լուծմանը` արաբական աշխարհի
իրադարձություններից մինչեւ երկրի սոցիալ-տնտեսական վիճակի ծանրացումը։ Այս
կերպ վարվելու պատճառը նրա` որպես գիտնականի, անաչառության սկզբո՞ւնքն է,
թե՞, այնուամենայնիվ, քաղաքական հաշվարկը։ Գուցե՝ երկուսը միասին։ Բայց,
հաստատ, ավելի շատ երկրորդը։ Թող զարմանալի չթվա, եթե ասենք, որ այդ
«զգուշավորությունը» կարող է պայմանավորված լինել հենց «գործի ավարտը» հստակ
տեսնելու հանգամանքով եւ այդ ավարտին ապահով հասնելու վստահելի մեխանիզմ
ունենալու համոզմունքով։ Ասել է թե՝ հետագա պայքարի հաջողության ճանապարհին
Կոնգրեսի առաջնորդի հաշվարկներում հասարակական խանդավառության բարձրացման,
հանրահավաքների մասնակիցների քանակի ավելացման մշտական խնդրի կողքին նա,
որպես այդպիսի մեխանիզմ, առաջնային է համարում պայքարի մասնակիցների առավել
լրջմտության ու քաղաքական ընկալման բարձր մակարդակ ապահովելու գործոնը։ Այս
առումով չափազանց կարեւոր է քաղաքականության, որպես երեւույթի, նրա
բանաձեւը. «Քաղաքականության մեջ միագործոն երեւույթներ կամ մեկքայլանի
լուծումներ գոյություն չունեն, եւ այդ առումով, այն թերեւս մարդկային
գործունեության ամենաբարդ ոլորտներից մեկն է»։ Լեւոն Տեր-Պետրոսյանի նպատակն
է պայքարի նոր՝ երկխոսության փուլում հասնել այն բանին, որ հնարավորինս
շատերը կարողանան ճիշտ կողմնորոշվել այդ՝ «մարդկային գործունեության
ամենաբարդ ոլորտում»։ Դա նշանակում է, որ եզրափակիչ փուլում խնդիրը լուծվելու
է ոչ թե «ուռայով», այլ, իրոք, շախմատային նուրբ խաղով, ինչի անմիջական
մասնակիցը պետք է լինի նույն հասարակությունը` իր քաղաքական ընկալման
անհրաժեշտ որակներով։ Նախագահի` 1.5 ժամանոց ելույթին տված արձագանքը վկայեց,
որ Հայաստանում կա այդպիսի հասարակություն:
Ո՞րն է առաջին նախագահի մտահոգության, զգուշավորության հիմքը:
Շատերի համար գործի ավարտը, լիակատար հաղթանակի արձանագրումը հենց ռեժիմից
իշխանափոխության ակտով ազատվելն է։ Դա բնական է ցանկացած մարդու համար։ Բայց
դա բնական չէ իշխանության պատասխանատվության հավակնող պատասխանատու քաղաքական
ուժի, առավել եւս` այդ ուժի առաջնորդների, առաջնորդի համար։ Լեւոն
Տեր-Պետրոսյանը «չշտապելու» շքեղությունն իրեն թույլ է տալիս ոչ միայն ապահով
իշխանափոխության, այլեւ լիակատար լեգիտիմ, ամբողջովին անխոցելի իշխանության
հասնելու համար։ Որքանո՞վ է արդարացված նրա այս «քաղաքական ագահությունը»
երկրի համար աղետալի համարվող ներկա պայմաններում։ Կասկածից դուրս է, որ
աղետալի այդ իրավիճակն ամենից լավ ինքն է պատկերացնում, եւ հենց նրա
ելույթների շնորհիվ է դա իր անատոմիկ մանրամասներով բացահայտվել շատերի
համար։ Ուստիեւ՝ հարցի միակ տրամաբանական պատասխանը հետեւյալն է. հենց երկրի
այս աղետալի պայմաններով ու դա մինչեւ վերջ հաղթահարելու, անշրջելիություն
ապահովելու նպատակով է թելադրված նրա «քաղաքական ագահությունը» ու անշտապ
թվացող պահվածքը։ Եւ ահա թե ինչու։
Իշխանության համար պետք է վճարել ժողովրդին։ Այդ վճարը կարելի է սկզբից տալ՝
կանխիկ, օրինակ՝ 5000 դրամ ընտրակաշառքի տեսքով։ Ոմանց էլ կարելի է խաբել,
ոմանց՝ ուժով ճնշել՝ սրանք նույնպես «կանխիկ» վճարման յուրատեսակ ձեւեր են։
Ահա, երբ իշխանության համար վճարում ես նախապես, հասարակությունն էլ շատ լավ
հասկանում կամ համակերպվում է, որ իրեն իր «ապրանքի» համար արդեն վճարվել է։
Դրանց հետո 5000 դրամով քո գնած կամ խաբեությամբ ձեռք բերած, կամ ուժով
նվաճած իշխանության հետ արդեն վարվում ես, ինչպես ուզում ես։ Այսպես են
առաջանում բռնապետությունները։ Իշխանությունը ժողովրդից կարելի է ստանալ նաեւ
«ապառիկ»՝ նրա սպասումներն իրականացնելու խոստման եւ վաստակած վստահության
դիմաց։ Այսպես են առաջանում ազատ եւ ժողովրդավարական համակարգերը։ Այս
դեպքում իշխանության պարտատեր ժողովուրդը մինչեւ վերջ մնում է պահանջատեր,
իշխանությունը՝ պատասխանատու, այս դեպքում իշխանության հետ չես կարող վարվել
ինչպես ուզում ես։ Թող ամեն մեկը մտովի համեմատի, թե ինչպիսին էին
հասարակության սպասելիքների բնույթն ու ծավալը, երբ Ռ. Քոչարյանը եւ Ս.
Սարգսյանը եկան իշխանության եւ ինչպիսին կլինի այդ նույն սպասելիքների
բնույթն ու հազարապատիկ մեծ` ծավալը (ըստ այդմ էլ՝ հասարակության
պահանջատիրության աստիճանը), եթե այսօր իրական ընտրությունների եւ
հասարակական առկա ամենամեծ վստահության հիմքով իշխանության գան Լեւոն
Տեր-Պետրոսյանն ու Հայ ազգային կոնգրեսը։
Ուստիեւ՝ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի մուտքը նախագահական նստավայր բոլորի համար
գործի հաղթական ավարտ է (այդ պահից նրանք դառնում են պահանջատեր), ապա դա իր
համար միայն սկիզբ է (այդ պահից նա դառնում է պարտապան), իսկ հաղթանակի
զգացողությունը կունենա, երբ բարեհաջող իրականացրած կլինի հասարակական
սպասումները, լուծած կլինի արտաքին քաղաքական խնդիրներից սկսած` մինչեւ երկրի
ներսում, իր բառերով ասած՝ «Ավգյան ախոռները» մաքրելը։ Այսօր հազիվ թե որեւէ
մեկը կասկածում է, որ բռնազավթած, ոչ լեգիտիմ իշխանությունը այդ անձինք
կարող էին պահպանել միմիայն կոռուպցիոն, թալանչիական, ավազակապետական այս
համակարգի ստեղծմամբ, բռնապետական այս ռեժիմի հաստատմամբ եւ երկրի արտաքին
քաղաքական շահերը աճուրդի հանելով։ Նույն կերպ՝ որեւէ մեկը չպետք է կասկածի,
որ արտաքին քաղաքական խնդիրները հնարավորինս բարեկարգել, երկրի ներսում
ձեւավորված համակարգը մինչեւ վերջ կազմաքանդել, օրինականություն ու
ժողովրդավարություն կարող է հաստատել, հասարակության հազարապատկված
սպասումները անհրաժեշտ չափով կարող է բավարարել միայն լիակատար
լեգիտիմությամբ օժտված իշխանությունը։ Ուստիեւ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը,
Կոնգրեսի մյուս ղեկավարները պարտավոր են ստեղծել դրա համար անհրաժեշտ այն
գործիքը, ինչն այլ բան չէ, քան, ինչպես դրսում, այնպես էլ ներսում անխոցելի
լեգիտիմությունը։
Այս անհրաժեշտությունը կրկնապատկվում է ԼՂ հակամարտության լուծված չլինելու
հանգամանքով։ Ոչ մեկը չի կարող ասել, թե ինչ է պակասում Ադրբեջանին` հարցը
պատերազմով լուծելու իր հոխորտանքն իրականացնելու փորձի դիմելու համար։ Իսկ
գուցե նրան պակասում է հենց Հայաստանի ներքին անկայունության մի շրջա՞ն։
Հայաստանի Հանրապետությունը հիմնադրած նախագահը, Ղարաբաղի ազատագրումն ու
փաստացի անկախությունն ապահովողը մեկ անգամ չէ, որ իր ելույթներում
արտահայտել է այդ մտահոգությունը, շեշտել նման հնարավորություն Ադրբեջանին
ընձեռելու անթույլատրելիությունը։
Երկխոսության միջոցով լեգիտիմ իշխանություն հաստատելու ճանապարհին կա՞ն
խոչընդոտներ, նման իշխանություն ունենալուն հակամետ ուժեր։
Իր նույն ելույթում Լեւոն Տեր-Պետրոսյանը որքան էլ գնահատում է միջազգային
հանրության դերակատարությունը, մասնավորապես` Կոնգրեսի վերոհիշյալ երեք
պահանջները կատարելու գործում, այնուամենայնիվ, նրա վերաբերմունքը միջազգային
հանրության, նրա անկեղծության ու հետեւողականության նկատմամբ մնում է
վերապահ։ Դրա իրավունքը նա ունի ինչպես այլ երկրների փորձը, առավել եւս
Հայաստանի ներքին քաղաքական խնդիրների նկատմամբ վերջին տարիներին Արեւմուտքի
վերաբերմունքը նկատի ունենալով։ Այսօր շատ թե քիչ տեղեկացված յուրաքանչյուր
ոք գիտի, որ միջազգային հանրությունը համապատասխան վճարի կամ ակնկալիքի դիմաց
իրենից կախված ամեն ինչ արեց Սերժ Սարգսյանի ոչ լեգիտիմության հանգամանքը
կոծկելու համար։ Նույն կերպ՝ որեւէ մեկը թող չկասկածի, որ նույն այդ
միջազգային հանրությունն այս դեպքում գործելու է հակառակ ուղղությամբ.
խոշորացույցով փնտրելու, նույն ջանասիրությամբ աշխատելու է ինչ-որ բիծ գտնել
այն իշխանափոխության մեջ, որը տեղի է ունենալու Հայաստանում՝ նոր իշխանության
հետ իր «աշխատանքը» հնարավորինս հեշտացնելու համար։
Երկրի ներսում երկխոսության, անթերի իշխանափոխության, լիակատար լեգիտիմ
իշխանության հաստատման բնական հակառակորդներ են ներկա ռեժիմի
ներկայացուցիչները։ Ո՛չ միայն այն պատճառով, որ զրկվելու են իշխանական
լծակներից ու արտոնություններից, այլեւ ոմանք ստիպված պետք է լինեն հաշիվ ու
պատասխան տալ։ Նաեւ այն պատճառով, որ դրանով վերականգնվելու է
իշխանափոխության այն ավանդույթը, որի դեպքում իրենց երբեւէ վերադարձ
իշխանության անհնարին կլինի։ Սակայն երկխոսության եւ նման իշխանափոխության
դեմ շատ ավելի ագրեսիվ պայքար են սկսելու (եւ արդեն իսկ սկսել են) այն ուժերն
ու անհատները, որոնք այս ռեժիմի պայմաններում լիուլի օգտվում են զանազան
բարիքներից ու արտոնություններից։ Զրկվելու են ընտրությունից ընտրություն
հասարակության մի մասին խաբելու, ապակողմնորոշիչ գործիք ծառայելու իրենց
եկամտաբեր դերակատարությունից եւ դուրս են ընկնելու անգամ քաղաքական դաշտի
լուսանցքից։ Հենց այս «բազայի» վրա է, որ, ահա, երեք տարի շարունակ փորձ է
արվում «երրորդ ուժ» ստեղծել՝ նկատի ունենալով սրանց շահագրգռությունը։
Ուստիեւ հենց սրանք են, որ ողջ իշխանական մամուլն ու եթերը լցրել են այն
հերյուրանքով, թե իբր Կոնգրեսը «ժողովրդի թիկունքում» գործարքի է գնում
իշխանության հետ։ Լեւոն Տեր-Պետրոսյանի մանրակրկիտ արձագանքը եթե ոչ
«գործարքաբանների», ապա նրանց հնարավոր լսարանի համար լրիվ հանեց այդ հարցը։
* * *
Առաջին նախագահի ելույթից հստակ կարելի է առանձնացնել նրա հետապնդած երեք
հիմնական խնդիրները. 1. Իշխանափոխությունը պետք է ընթանա բացառապես առանց
ներքին անկայունության երեւույթների՝ չվտանգելու համար Լեռնային Ղարաբաղը, 2.
ունենալ լեգիտիմության այն ռեսուրսը, որը հնարավորություն կտա դարձյալ
անցնցում, բայց նաեւ հիմնովին մաքրել Ավգյան ախոռները, 3. իշխանափոխությունը
ընտրությունների միջոցով անվերադարձ դարձնել անփոփոխելի ավանդույթ։ Հատկապես
այս վերջում է, կարծես թե, ՀՀ Հիմնադիր նախագահը տեսնում իր պատմական
առաքելությունը։
Արշալույս Հակոբյան
--
Բոլոր նորություններին միանգամից ծանոթանալու համար
կարող եք այցելել ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍ Խմբի կայքը՝
http://groups.google.com/group/verjin-huis
Բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է ուղարկել դատարկ նամակ
verjin...@gmail.com հասցեին եւ գրանցվել՝ հետագա նորություններին
էլեկտրոնային փոստի միջոցով ծանոթանալու համար:
Խնդրում ենք այս նամակը փոխանցել նրանց, ովքեր
լրատվության կարիք ունեն:
Շնորհակալություն Ձեր ցուցաբերած ակտիվության համար: