Սևանում «Գեոպրոմայնինգ» ընկերության կողմից նոր անօրինական արտադրամասի
շահագործման արդյունքում առաջացած բնապահպանական խնդիրներով մտահոգված
բնապահպանները պահանջում են ապամոնտաժել այն:
Այսօր' մայիսի 10-ին, բնապահպանները ևս մեկ անգամ բարձրաձայնեցին, որ
«Գեոպրոմայնինգ» ընկերությունը անօրինական ձևով հանքաքարի մանրացման
արտադրամաս է տեղադրել Սևանա լճի մոտ Սոտքի ոսկու գործարանում, որը ջարդում է
ապարը, մաղում այն՝ կորզելով հանքաքարի ոսկու և արծաթի պարունակությունը, իսկ
մնացած հանքաքարը թափոնների տեսքով մնում է Սևանում:
«Ըստ ակադեմիկոս Սերգեյ Գրիգորյանի՝ Սոտքի հանքի շահագործման արդյունքում
մենք կունենանք մոտ 300 մլն տոննա թափոն' սուլֆիդային ագրեսիվ շատ
էլեմենտներ' մկնդեղ, քրոմ, կադմիում եւ այլն, որոնք թունավորության առաջին
աստիճանի նյութեր են: Սոտք գյուղը, երբ վերջանում է՝ մինչև Քելբաջարի սահմանը
6 կմ տարածքով երկու կողմից էլ ճանապարհին արդեն կան թափոններ, որոնք կես
տարին մեկ կիլոմետրով են ավելանում ու ոչ ոք դրա համար պատասխանատվություն չի
կրում»,- www.hra.am -ին հայտնում է «Էկոլուր» հասարակական կազմակերպության
տնօրեն Ինգա Զարաֆյանը:
Այժմ և հետագայում սպասվող տեղումներն ավելի են արագացնում նման թունավոր
նյութերի հոսքը Սևան:
Արդյունքում նախ խախտվում է ՀՀ Սևանա լճի մասին օրենքի 10-րդ հոդվածը, ըստ
որի կենտրոնական, անմիջական և ոչ անմիջական ազդեցության գոտիներում
արգելվում է Սևանա լճի էկոհամակարգի վրա վնասակար ազդեցություն ունեցող
ցանկացած տեսակի գործունեություն,անմիջական ազդեցության գոտում արգելվում են'
ա) էկոլոգիապես վնասակար, օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը
գերազանցող արտանետումներ և կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը.
բ) ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և
շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը,
օգտագործումը, պահեստավորումը և տեղադրումը.
գ) հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը:
Խախտվում է նաև ՀՀ Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին
օրենքը, քանի որ, ըստ ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի քարտուղար
Աստղիկ Մկրտչյանի՝ «Գեոպրոմայնինգ» ընկերությունը չունի արտադրամասի
փորձաքննության դրական եզրակացություն:
«Շատ ցավալի է, որ բնապահպանության նախարարությունն արագ չի արձագանքում նման
երևույթներին ու արտադրամաս կառուցելուց հետո են միայն տեղեկանում այդ
մասին»,- ասում է «Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպության նախագահ
Նազելի Վարդանյանը:
Մեկ այլ բնապահպան՝ ԱԺ բնապահպանական, սոցիալական և առողջապահական
հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Թադևոսյանը մտահոգված է, քանի որ նման
արտադրամասի կառուցումը սկիզբ կարող է դնել ոսկու վերամշակման ամբողջական
գործընթացի տեղափոխմանը Արարատ քաղաքից դեպի Սոտք։ «Սոս» բնապահպանական
շարժումը նախորդ երկու տարիների պայքարի արդյունքում կարողացավ կանխել այն և
ստեղծվեց ՀՀ նախագահին առընթեր Սևանի հիմնահարցերով զբաղվող հատուկ
հանձնաժողով:
Խնդիրը լուծելու համար բնապահպանները դիմել են ինչպես վերոնշյալ հանձնաժողով,
այնպես էլ՝ ՀՀ Բնապահպանության և Էկոնոմիկայի նախարարություններ, որտեղից
պաշտոնական գրավոր պատասխան չեն ստացել:
«Մենք հրամայել ենք դադարեցնել արտադրամասի շահագործումը, մինչև
«Գեոպրոմայնինգը» չներկայացնի փորձաքննության արդյունքները»,- www.hra.am-ին
հայտնեց ՀՀ Բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Աստղիկ Մկրտչյանը:
--
Բոլոր նորություններին միանգամից ծանոթանալու համար
կարող եք այցելել ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍ Խմբի կայքը՝
http://groups.google.com/group/verjin-huis
Բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է ուղարկել դատարկ նամակ
verjin...@gmail.com հասցեին եւ գրանցվել՝ հետագա նորություններին
էլեկտրոնային փոստի միջոցով ծանոթանալու համար:
Խնդրում ենք այս նամակը փոխանցել նրանց, ովքեր
լրատվության կարիք ունեն:
Շնորհակալություն Ձեր ցուցաբերած ակտիվության համար: