Բնապահպանների խոսքերով`պահանջարկ վայելող խեցգետնանմանները ծովի աղտոտման
զոհ են դարձել
Իդրակ Աբբասով, Փիրալլահի
Ծովափին կայանած նավակներում նստած ձկնորսները հետեւում էին, թե ինչպես էր
Ֆայիք Բալաեւը ծովը նետում ուռկանը եւ հետ քաշում այն դեպի ափ: Ձկնորսներն ի
զուր էին եկել, որովհետեւ այս անգամ եւս նրան չհաջողվեց ոչ մի մանր
ծովախեցգետին բռնել:
«Ուռկանը կրկին դատարկ էր: Երեք ժամ ջրում կանգնած եմ անցկացնել, բայց
նույնիսկ 200 գրամ ծովախեցգետին էլ չեմ բռնել»,- ափ վերադառնալով` ասաց նա:
«Մանր ծովախեցգետինները երկու տարի առաջ են վերացել Կասպից ծովի Ափշերոն
թերակղզու ափամերձ ջրերից: Վերջին մի քանի օրվա ընթացքում համարյա
դատարկաձեռն եմ տուն գալիս: Ցանցի մեջ եղած ավարը հազիվ 200-250 գրամ լինի,
բայց ոչ ոք դա չի գնում, այդ պատճառով էլ տալիս եմ այն ընկերներիս` որպես
խայծ օգտագործելու»:
Բաքվից 40 կիլոմետր արեւելք տեղակայված Ափշերոնի թերակղզու մոտ եղած
Փիրալլահի կղզին գտնվում է Կասպից ծովում. նրա ափից մեկ կիլոմետր
հեռավորության վրա երեւում են նավթային պլատֆորմները: Ըստ
բնապահպանների`այստեղ եղած մանր ծովախեցգետինների պոպուլյացիայի անկման
պատճառը նավթային աղտոտումն է:
«Ոչ միայն մանր ծովախեցգետինները, այլեւ Կասպից ծովի մյուս բարիքներն են
չքանում նավթի եւ գազի արդյունաբերության հետեւանքով»,- ասում է
Բնապահպանության ոլորտում փորձագետ Թելման Զեյնալովը, որ գլխավորում է
«Բնապահպանական կանխատեսումների ազգային կենտրոն» ՀԿ-ն:
Փորձագետը նշում է, որ մանր ծովախեցգետինները սնվում են ջրային մանր
բույսերով եւ օրգանիզմներով, սակայն վերջերս ծովի հատակը խիստ աղտոտվել է
նավթով, հետեւաբար` միկրոօրգանիզմները պարզապես ոչնչացել են:
«Խնդիրն այն է, որ վերջին 2 տարիների ընթացքում ծովը սկսել են մաքրել այնտեղ
սուզված նավերից եւ այլ մետաղյա իրերից, ինչի արդյունքում`տարիներով
կուտակված նավթային արտանետումները կրկին խառնվեցին ջրին` ոչնչացնելով ծովի
ափամերձ շրջանի բուսական եւ կենդանական աշխարհը»,- ասում է Զեյնալովը:
Խորհրդային Միության փլուզումից ի վեր, ադրբեջանցի մեծահարուստներից շատերն
Ափշերոն թերակղզու ափին առանձնատներ էին կառուցել, եւ ըստ Զեյնալովի` սա եւս
բացասաբար է անդրադարձել Կասպից ծովի ջրի որակի վրա:
«Ափշերոնի ծովափին ոչ մի ազատ տեղ չի մնացել: Ափը լի է մեծահարուստների
առանձնատներով եւ մասնավոր ծովափներով: Այս կառույցները մեծ վնաս են տալիս
բնությանը»,- ասում է փորձագետը,- Պետք նշել, սակայն, որ Ափշերոնում վերջերս
դադարել են չմաքրված կեղտաջրերը լցնել Կասպից ծովը: Սա դրական երեւույթ է,
սակայն եթե ծովի կենդանական եւ բուսական աշխարհը շարունակում է ոչնչանալ,
ուրեմն դեռեւս բազում չլուծված խնդիրներ կան»:
Զեյնալովը նշում է, որ նավթային պլատֆորմներում վառվող գազն ավելի է
բարդացնում խնդիրը, քանի որ այրման ընթացքում արտազատվող ֆտորիդի
միացությունները թափվում են ծովի մակերեսին եւ ափին` շարունակելով աղտոտումը:
«Ծովափին եղած բաց կարմիր եւ նարնջագույն նստվածքը ֆտորիդի միացությունների
արդյունքում է գոյացել: Դրանք նաեւ կենդանիների մահվան պատճառ են
հանդիսանում»,- ասում է փորձագետը:
Պետական նավթային «ՍՈՔԱՐ» ընկերության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը`
Ագասադիք Գասիմովը, նշում է որ ընկերությունը ջանք չի խնայում` նոր
տեխնոլոգիաներին տիրապետելու եւ աղտոտումը նվազեցնելու համար, ինչպես նաեւ
փորձում էր վերացնել արդեն իսկ եղած աղտոտումը: Նա անգամ հերքեց այն, որ մանր
ծովախեցգետինները վերանում էին:
«Այս եզրակացությունները որեւէ կերպ չեն հաստատվել պաշտոնական տեղեկատվության
կամ գիտական հետազոտության միջոցով: Ամեն դեպքում, Փիրալլահիում նավթի եւ
գազի արդյունահանում չի կատարվում, հետեւաբար խոսք անգամ չի կարող լինել այս
տարածքի աղտոտման մասին»,- վստահեցնում է Գասիմովը:
«Մոտ 20 տարի առաջ այստեղ գարեջրի հետ ընկույզ էին ուտում, եւ շատերն անգամ
չգիտեին, թե մանր ծովախեցգետինն ինչ է: Իսկ հիմա գարեջրի հետ դա էլ են
վաճառում. նույնիսկ ձկնորսներն են մանր ծովախեցգետինները որպես խայծ
օգտագործում` չնայած 20 տարի առաջ այդ նպատակով որդերն էին օգտագործում: Եթե
այժմ մանր ծովախեցգետինների պակաս է զգացվում, նշանակում է` դրանց պահանջարկը
չափազանց մեծ է»:
Ակնհայտ է, որ Բաքվում գարեջրի սիրահարները ստիպված են եղել անցնել այլ
նախուտեստների, քանի որ մանր ծովախեցգետինների գինն այնքան է բարձրացել, որ
երեկոյան տանից դուրս սնվելը չափազանց թանկ է նստում:
«Շուկայում մանր ծովախեցգետինների 150 գրամն արժե 5-6 մանաթ (6-7.5 դոլար),
իսկ պահածոների տեսքով ներկրված այս մթերքն ավելի թանկ է»,- ասում է բաքվեցի
Ռաֆիք Ռուսթամովը:
Կասպիական ձկնորսական ընկերությունը, որը զբաղվում է ձկնամթերքի
արտադրությամբ եւ մշակմամբ, հաստատում է, որ վիճակն աղետալի է: «Մանր
ծովախեցգետիններն այստեղ չափազանց փոքր են, այդ պատճառով էլ նախընտրում ենք
դրանք արտասահմանից ներկրել»,- ասում է ընկերության մամլո խոսնակը: Այս
իրադրությունը, սակայն, ոչ բոլորին է տխրեցնում:
«Համարյա 5 ժամ այստեղ նստած եմ եղել եւ չկարողացա անգամ մեկ ձկնիկ բռնել:
Բայց երբ որպես խայծ մանր ծովախեցգետիններ եմ օգտագործում, նույնիսկ թառափի
պես մեծ ձկներն են կարթը կուլ տալիս»,- ժպիտով պատմում է փիրալլահեցի ձկնորս
Քամիլ Շիրինովը, ով հենց նոր թանկարժեք խայծից էր ստացել իր ընկեր Ֆայիք
Բալաեւից:
Իդրակ Աբբասովը «Այնա» թերթի թղթակիցն է:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի
«Կովկասյան լրատու» պարբերականից:
© «A1Plus.am».
--
Բոլոր նորություններին միանգամից ծանոթանալու համար
կարող եք այցելել ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍ Խմբի կայքը՝
http://groups.google.com/group/verjin-huis
Բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է ուղարկել դատարկ նամակ
verjin.hu...@gmail.com հասցեին եւ գրանցվել՝ հետագա նորություններին
էլեկտրոնային փոստի միջոցով ծանոթանալու համար:
Խնդրում ենք այս նամակը փոխանցել նրանց, ովքեր
լրատվության կարիք ունեն:
Շնորհակալություն Ձեր ցուցաբերած ակտիվության համար: