Բաց նամակ
մոսկվաբնակ մի խումբ հայ հավատացյալներից, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի թեմական խորհդի անդամներին՝ Կարապետյան Ս., Չիլինգարով Ա., Ավագումյան Կ., Ագանբեկյան Ր., Ադիբեկյան Գ., Հայրապենյան Լ., Հակոբյան Ս., Համբարձումյան Ս., Արամյան Է., Արծրունի Վ., Բաղդասարով Կ., Վարտանով Վ., Վարդանյան Ր., Վարժապետյան Ա., Գևորքյան
Գ., Գրիգորյան Գ., Գրիգորյան Ր., Գրիգորյանց Վ., Զաքարյան Գ., Լալայան Օ., Մաղաքելյան Ա., Մանուկյան Կ., Մեղրաբյան Գ., Սագիրյան Ի., Սարգսյան Է., Տեր-Ավանեսով Ա., Տեր -Կազարյանց Գ., Խաչատրյանց Ա., Խաչատրյան Ա., Խաչատուրով Դ., Շահազիզյան Ա. Մոսկվայի հավատացյալ ժողովրդին ցնցեց համացանցում տեղադրված Վեհափառ Հայրապետի կողմից հռչակված հրամանը, որտեղ ասվում է՝ Ռուսաստանի և Նոր
Նախիջևանի հայոց թեմի թեմական խորհդի խնդրանքին ընդառաջ կարգալույծ է հռչակվում տեր Մարտիրոս քահանան, եկեղեցականին անհարիր ընթացքի համար: Մենք՝ հավատացյալներս, ուզում ենք ձեզ, թեմական խորհդի անդամներիդ ներկայացնել տեր Մարտիրոս քահանայի հոգևոր անմնացորդ և անշահախնդիր ծառայության մասին: Քաջ գիտակցելով, որ ձեր այդ խնդրանքը ուղղված Վեհափառ հայրապետին ոչ ճիշտ տեղեկացված լինելու արդյունք է: Տեր Մարտիրոս քահանան երկար տարիներ բացառիկ նվիրումով
ծառայում է
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն: Իր քահանայության տարիների ընթացքին նա հարյուրավոր հայորդիների բերել է դեպի Աստծուն: Նրա խոնարհության և սիրո օրինակը, որ տածում է ժողովրդի և եկեղեցու նկատմամբ բոցավառել է շատ-շատերի հոգիները: Իր ծառայության ընթացքում չի եղել մի դեպք, երբ ժողովուրդը իրենց հուզող հարցերով դիմեն քահանային և անպատասխան մնան: Տեր Մարտիրոս քահանային դուք կտեսնեք թե գիշեր և թե ցերեկ հիվանդանոցում հիվանդի կողքին աղոթք անելիս; սգավորի
կողքին
մխիթարելիս; թերահավատի և անհավատի կողքին հավատք քարոզելիս; ընտանիքներում, որտեղ խաթարված է Աստվածային սերն ու միությունը խաղաղություն քարոզելիս; չքավորների և անդամալույծների կողքին օգնության ձեռք մեկնելիս: Առաքինությունները որոնցով օժտված է տեր Մարտիրոս քահանան կենդանի օրինակ է հավատացյալներիս համար: Նա կարողացավ Մոսկվայի սուրբ Գևորգ եկեղեցում ստեղծել քրիստոնեական համայնք: Եվ ժողովուրդը տեսնելով համայնքում տիրող սերն ու միությունը օրեցօր ավելացնում են համայնքի անդամների թիվը: Ամեն կիրակի առավոտ կանուխ սուրբ Գևորգ
եկեղեցում կատարվում էր գիշերային և առավոտյան ժամերգությունները: Երկար տարիներ ժողովուրդը չգիտեր ժամերգությունների մասին, չկար ժամագրքեր, աղոթագրքեր, շարակնոցներ: Եվ այսօր ամբողջ ժողովուրդը քահանաների հետ միասին կարողանում է երգել շարականներ, սաղմոսները , հոգևոր երգերը: Եվ այսօրինակ քահանային կարգալույծ անել եկեղեցականին անհարիր ընթացքի համար՝ դեմ է Աստծուն և Սուրբ Հոգուն: Ինչպես մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս ասաց. Պտուղից կճանաչվի ծառը: Մենք՝
հավատացյալ ժողովուրդս ուզում ենք իմանալ, ինչը ստիպեց ձեզ, հարգարժան թեմական խորհրդի անդամներ, նման խնդրագիր ուղարկել Վեհափառ հայրապետին, որը ընդառաջ գնալով ձեր խնդրանքին այդ որոշումը կայացրեց: Մենք ուզում ենք հիչեցնել թեմական խորհրդի անդամներին, որ դուք ներկայացնում եք հավատացյալ ժողովրդի շահերը: Իսկ հավատացյալ ժողովուրդը չի ցանկանում տեսնել իր շատ սիրելի քահանային կարգալույծի վիճակում, ինչի մասին վկայում է, մոտ 350 հավատացյալների ստորագրություններով լիազորված դիմումը, ուղղված Սրբազան հորը, որում մենք խնդրում էինք մեկ
այլ որոշում գտնել: Մենք՝ հավատացյալ ժողովուրդս այս բաց նամակի միջոցով մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում այդ որոշման դեմ և ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ այդ որոշումը սխալ է և այն չի համապատասխանում իրականությանը: Այդ որոշումը չի բխում Հայ Առաքելական եկեղեցու շահերից: Տեր Մարտիրոս քահանան եկեղեցականին արժանավայել ծառայությամբ և անմնացորդ նվիրումով պատիվ է բերում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմին: Հ. Գ. Բաց նամակով դիմելը
մեծարգո խորհրդին պայմանավորված է նրանով, որ բոլոր ջանքերը կապ գտնել խորհրդի հետ՝ ապարդյուն էին: |