Նմուշ` Սիմեոնին ընտրեմ-
Երբ վրաս իջնի հայտնություն.
Այցիդ` օրհնանք կխնդրեմ
Եվ ոչ թե մեղքի թողություն:
Դ
Դու կա’ս, անմա’հ ես, մե’ծ ես,
Որոտի Աստված և ծաղկի.
Ինձ ասիր` բավ է հեծես,
Ինձ ասիր` թող ճամփադ ծաղկի:
Ինձ ասիր`. <<դու ինձ հե’տ ես,
Հետևիր ինձ, ի’մն ես, արի’.
Դրախտ է տանում հետքս.
Ե’ս եմ` սաստո’ղը չարի>>:
Ե
Իմ կարո’ղ Աստված, Ինձ գթա,
Հոգով` հեզ, տկար եմ մարմնով:
Քո գութը Քո գրկում գտա,
Հիացա խոսքիդ դարմանով:
Քո սերն է համապարփակ,
Քո հոգսը ողջ տիեզերքն է.
Գթա հանդակիդ պապակ-
Անձրև տուր- դեմը խոտհարկն է:
ԺԵ
Հազար են, բյուր հազար են
Մահտեսներդ, Երուսաղեմ:
Գալիս են, որ հեզարեն
Հոգիներն իրենց սուրբ հողում:
Տաճարիդ համար մայրու
Ծառեր են նրանք չորս ծեգից.
Էլ չես նմանվի այրու-
Կունենաս բյուր-բյուր կարեկից:
ԻԵ
Քրիստոս, անու’շ անուն-
Կգան-կգնան աղանդներ,
Իսկ Դու հավատի սինուն
Կմնաս որպես աղանդեր:
Հանց բարակ քիմքի անու’րջ
Անունդ կըմբոշխնի մարդը.
Մարդու և Աստծո կամուրջ-
Տար ինձ մշակեմ մեր որթը:
ԼԶ
Իմ կարող Աստված կանխիր-
Նոր մեղքով չգամ ես քո տուն.
Ոսկե գինդ լեռդ կախիր
Իմ ունկից-չսեպվեմ կռատուն:
Անառակ որդիդ հարկավ
Դեսպանն էր բոլոր դարերի-
Նու’յնն ենք` Դու Տեր ես, ես` կավ.
Թրծիր այս անոթը թերի:
Սաղմոս սոնետներ
Տե’ր, մարտիկիդ օգնիր ձեռնոց նետելու.
Թող սուրբ խա’չը ձեռքիս- կոչվեմ ախոյան:
Ողջ աշխարհիկ միտքն է մարտը դիտելու.
Կանխիր-չքրքջան Դափնին ու Քլոյան:
Ասպետների հետ եմ մենամարտելու`
Տասսո’, Ռոնսա’ր, Սիդնի’- Բույլն Էվոլիան:
Ժուժկալ Բուալոն է դատը դատելու,
Թող ինձ ոգևորի իմ <<ալելուիան>>:
Իմ այս սաղմոս – նետը ջրդեղիր հանգով,
Որ այն իր զորությամբ զրահ չմբռնի,
Եվ հիանա նույնիսկ Ամուրն ինգնագով:
Թող այն` հաղթած կշռին, կրքին, մտքին վեստ,
Ընդեմ դափնու` <<փառք>>-ով մտնի երգարվեստ
Եվ սրտերում պատշաճ իր տեղը բռնի:
Տեր, կշիռ ունի իմ այս աղոթքը.
Այնպես արա, որ մահը ինձ հուզի.
Արեգակի պես պաղ է իմ ներսը,
Ինձ ջերմացրու, որ արյունս վազի:
Կյանքիս օրերի այլակերպ դասը,
Որ մեջքիս նստեց ճիշտ նման կուզի,
Փեթակ կարծեցին Ժժմունքն ու պարսը
Վշտի, տրտումի, խառնակ երազի:
Եվ զարզանդ բերող գիշերն է իմ մեջ,
Եվ կլանում է այդ սպունգ մութը
Հոգուս ճիչն առ քեզ-պարզիր Քո գութը:
Ահա` ոտքիս տակ մազե կամու’րջը-
Ես քեզ եմ ուղղում իմ այս մրմունջը.
Այստեղ չի լինում, Տեր իմ, ելևեջ…
Մարդկանց ըստ նրանց արարքի դատող.
Ինձ` մեղանչողիս, նոր կշռով չափիր-
Ապաշխարանքս զվարակ սեպիր,
Ամպետք ճյուղերի անաչառ հոտող:
Հոգու փրկության ինքնաառաքիչ,
Ներսս իստակիր` տաճարդ գործի,
Որ սատանան ինձ ապառաժ կարծի-
Մաքրիր ինձ մեղքի հույլքից վարակիչ:
Ում մոտ որ մեղքը արդեն հանցանք է-
Տիրոջ անունը նրան պարծանք է:
Տեր, լուսաբաց է, աստղերն են մարում,
Մութն է վտարում այգ –առավոտը:
Ես այս աղոթքն եմ Քո ոտքը բերում.
Օրհնիր Քո հոտը, նրա արոտը:
Այո’, Դու ունես Աստծո համարում.
Մատնիր հոլովի մեր մարն ու կոտը:
Ահա թե ինչ է գրված համարում-
Դու ես հոգում մեր կարիք-կարոտը:
Արդ մեզ փետակի հևք, տենդ կամեցիր`
Մեր աշխատանքով գտնենք մեր հացը:
Մեր գոհությա’ն մեջ, Տե’ր, մեզ համեցիր:
Խռովքին մերժիր մեր նիստն ու կացը,
Ծածկիր մեր բացը, կանխիր մեր լացը,
Քո դատը նաև այստե’ղ իմացիր:
Օ~, տիեզերքի մեծ համակարգող.
Հյուլեդ է խոսում` եղիր ունկնդիր,
Այս ժողովրդին հու’յս, լույս ավանդիր-
Այն մեկ Տեր ունի-հազար անարգող:
Կնոջ կուրծքը, Տե’ր, մոր կուրծք դարձրու-
Ազգի արգանդում էլ հոլով չկա:
Ստուգիր` վե’մը այստեղ չի տոկա:
Մի կեսը պաղ է մեր տան բարձերի…
Ավազակները վանքեր են շինում.
Քեզ են խաբում, Տեր, ու’ր ես ուշանում.
Չէ –վաղը այնտեղ մոմեր կփարեն:
Կղերի հոգին` Սուրբ Հոգուց` թափուր,
Կղերը` ոստրե, տաճարը` խեփյուր…
Հիսու’ս, ու’ր է Քո Հովնան մարգարեն…
Միայն հոգիս չէ, Տեր, և մարմինս
Թող մաքուր լինի, որ ահեղ այցիդ
Կշեռքով չանցնեմ- չլացե’մ` <<Բայց …>>-իդ,
Որ քավարանու’մ ինձ չդարմանես:
Քո անդամն եմ, չէ’, Պողոսն է ասում,
Նաև հիվանդ եմ ու անկարեկից:
Բուժիր ինձ, Հիսուս, հիվանդն է ասում.
Խնդրում եմ, կանչում Քո դռան տակից:
Թեև անուժ եմ-հույսն ինձ չի լքում
Ու թե անկամ եմ-Դու Աստված ես, Տեր.
Ողջ տիեզերքի ցավն ես ամոքում:
<<Հոգին հոժար է- մարմինը տկար>>.
Գիշերվա չորսն է-հոգնած ու տկար
Աղոթք-սաղմոս եմ առաքում եթեր…
Սաղմոս-150
Անաչառության ակնկալիքով,
Ես Քեզ եմ հանձնում իմ ահեղ դատը,
Սուրբ Երրորդություն. Ախտով, պժգանքով,
Ստով եմ լցված և չափն է կոտը
Բազում մեղքերիս: Կայենի, Քամի,
Եղկ Բալթասարի կոոպտացիան եմ ես.
Եվ իմ ցանածն ու հնձածն է քամի:
Որպես նորօրյա մի Նիկոդեմոս,
/Նա` վախից, իսկ ես հպարտությունից/.
Թաքուն եմ կրում Քո էությունը:
Արդ` նա մասն ունի Քո օրհնությունից-
Քանանի ինչքն է իմ լիությունը:
Կատարյալ Աստված, կանխիր` չդառնամ
Կատարյալ խենեշ: Օգնիր սաղմոսել
Վասն Քո փառքի: Օգնիր` չոռնամ
Չարյաց համույթում: Թույլ տուր <<Տեր>> ասել:
Սաղմոս-146
Մանուկների բաց նամակ-սաղմոսը Հիսուսին
Մեր սիրելի Հիսուս, ողջույն, բարև,
Մենք Քեզ շատ ենք սիրում` ամպի չափ:
Տուր մեզ կապույտ երկինք, կարմիր արև,
Կարուսել և մեկ էլ ջերմաչափ:
Մենք մեր ջերմությունն ենք ուզում չափել.
Երբ Դու մեր մեջ ես-այն կարգին է.
Կարելի է փողոցը չափչփել,
Դե –պաղպաղակը հո անգին է:
Դու մեզ հետ ես, այո’, խոստովանիր.
Չէ’ որ <<Հայր մերը>> անգիր գիտենք
Եվ` սա. <<Տեր Հիսուս, մեզ պահպանիր>>:
Այնպես որ մենք նույնպես Քեզ հետ ենք:
Ահա, վերջացնում ենք այս նամակը.
Միշտ բարի եղիր, առողջ, տոկուն…
Ներիր, խլեցինք Քո ժամանակը,
Ողջյունիր Հայր Աստծուն, Սուրբ Հոգուն:
Սաղմոս-137
Մեղքը հոգուս մեջ ու ախտը` մարմնիս,
Ես քեզ եմ դիմում, ներող ու բժիշկ
Մաքրագործ Հիսուս, որ ինձ դարմանես-
Նվաստ ասունիս նետես ուժ ու ուշք:
Դեզի մեջ կորած ասեղիս գտիր-
Թեև` անառակ, սակայն որդիդ եմ,
Ամուլ թզենուս բնից մի հատիր-
Ատեն տուր վաղ` եղկ օրերս ատեմ:
Սիրուդ, ներումիդ մեջ է Քո փառքը.
Ժանտաթզենուց գաճաճիս ցած բեր,
Որ նոր հարկի մեջ հարգեմ իմ վարկը.
Սողոսը քարբ էր- Պողոսը սուրբ էր:
Ինչպես խխունջն է առանց խեփյուրի
Երկյուղած խինդով քայլ առ քայլ շարժվում,
Խեղճ խեղս առանց անթացուփերի.
<<Վերկաց գնա>>-իդ նոր նոր է վարժվում:
Արդ` ես Քեզ` փառք-Դու` Ես ընդ քեզ ասենք.
Մտքի` հավատի կերպափոխում է.
Հզոր խորհրդի դասին սա դասենք.
Մարմինդ կեր է, արյունդ խում է:
Սաղմոս հավատի-127
<<Երանի~ հոգով աղքատներին>>:
Սա կոչ չէ հոգու աղքատության.
Խոսքն այս ուղղված է տաճարներին`
Մարդկանց, որ ձգտեն արքայության:
Ինչու’ է մեկի հոգին` դրախտ,
Մյուսի հոգին դժողք ընկնում`
Աղբանոցինն է ամեն մի ախտ,
Իսկ լույսը նստվածք չի ըմբռնում:
Կա և սա- դիցուկ Դու բարի ես
Ու հարուստ` հոգու արդարությամբ,
Բայց երբ հավատի մեջ թերի ես-
Աստծուն չես պատվում այդ զորությամբ:
Նա’, ով հավատով Տիրոջ հետ է-
Այստեղ կյանք չունի նրա հոգին,
Իսկ հավատը մեծ փորձագետ է-
Այն գիտի զտել դիրտից կոգին:
Սաղմոս-129
Սթափ թագավոր, արդար դատավոր,
Եղիրի հղիչ, հավերժի հղկիչ,
Խոսքի թևավոր, պատժի նետավոր,
Մեղքերի պուղիչ –եղիր մեզ փրկիչ:
Մենք մութ ենք- Դու` գութ, մենք նյութ ենք-Դու` դյութ,
Մենք բույս ենք- Դու` լույս, մենք հույզ ենք- Դու` հույս,
Պատվի պարեգոտ, խղճի առատ հյութ,
Հոգու հետախույզ, Տուր մեզ խրախույս:
Մեզ բարիք մաղթիր, չար ուժը հաղթիր,
Հավատի հարոս –հոգուն տուր ակոս,
Ցուրտ խոհը ժխտիր, մեզ շախ տալ ուխտիր,
<<Սուրբ հերետիկոս>>-Հիսուս Քրիստոս: