Ձև և գազար “Փոխառություն
Լոշտ Վահանից”
Բոլոր մրգերն առհասարակ,
Ունեն ձևեր շատ հասարակ,
Միայն դու ես, իմ լավ գազար,
Որ ունես ձև կոնաձև:
………….
Մի օր կխոսեն.
“Այս բանաստեղծի բախտը չի բերել”:
Բայց չէ, այդպես չէ,
Ես թղթախաղում հաջողակ չէի
Եվ խնդումի էլ պոչը տեսա լոկ:
Բայց ինձ վիճակվեց լինել մարդկանց մեջ,
Շինծույությունն ուր` շանորդություն էր,
Ուր թթվասերը, ապուրն ու շիլան
Խփշտում էին հենց նույն գդալով
Եվ օղի խմում հաճախ “գավաթով” հեռագրասյան:
Իսկ ծերուկ Վասյան
սիրում էր “օծվել” բույրաջրերով…
……….
Առավոտ է:
Ձյունը ոտքերիդ տակ
Խրթխրթում է ձիու գարի ուտելու պես:
Մարդիկ ցանկապատին հենած
Սառցամարդ գտան…
23 մետր փայտ պետք եղավ
Գերեզմանափոսդ փորելու համար,
Կորնեյ Վասիլիչ:
………
Աշունը Ռեպիովոյում
Գեղեցկությու~ն, գույնե~ր քշել ես, քամի.
Մերկացած` գորշ անտառ, գորշ երկինք:
Վառվող կեչու բույրն է փռված գյուղի վրա:
Գծանկար ծառեր:
Խոհերի պես գետից մառախուղն է ելնում:
Կաչաղակներ` վհուկ, ու ագռավներ ցնորք:
Թաղի~ծ, թախի~ծ, թախի~ծ…
Ու’ր են, օ~, ռուս կանայք
Ձեր շատ կատուները:
………….
Ագռավային էքսպրոնտ
Վասն քաղաքավարության մենք չենք աղմկում:
Ագռավների համար Բուրմակինո գյուղի
Այդ վարքը խորթ է.
Ցայգալույսին, նրանց կռավոցներից
Վեր են թռչում գյուղի մեռելները
Եվ անիծում իրենց մեռած օրը:
Այսքան շատ ագռավ, Տեր իմ Աստված…
Դժոքը ինչ որ մոտերքում է:
…..
Սերը մեզ տարավ….
Երեք ներկնակի հաստություն ուներ
Խաշամն անտառում,
Եվ մեկ վերմակի` մոծակի պարսը…
……..
Ես ու սատանան, մի օր,
Լավ օրերի վրա զառ գցեցինք:
Վարպետորեն` տարավ:
……..
Պսակներ հյուսող կյանք,
Իմ այգում դափնիներ չաճեցին:
Փշերից պսակներ հյուսող, կյանք…
…….
Ահավոր ես, հոգս.
Տանձենին թաքուն է հրդեհվում:
Երեկ գնացել էինք տորֆահող փռելու:
Մեր տնօրենի մենատան դիմաց,
/Որ կանայք գոտինեն ունենան/,
Առվակն իր արծաթն էր բերել:
Երկնքով վիթխարի մի երազ տանում էր արևը:
-Հավասար չեք փռել:
Աստված իմ, քաղաքի հին մրից
Գնդվում էր մի մութ թուք…
Բայց լեռան փեշն ի վեր,
Ծառերի հեթանոս կրակն էր մատուցվում
Արայի դիակին…
1983 Երևան
…..
Չափ ու ձև է պետք,
Չափ ու ձև-
Խոսելու, ուտելու, խմելու մեջ նույնիսկ:
Բանաստեղծության մասին.
Այնտեղ ուր կարմիր դաշտն էր փողփողում,
Այժմ ղողանջում են խաշխաշները.
Օ~, կարճ կյանք կակաչների…
Առանց չափ ու ձևի բանաստեղծությունն էլ մի բան չէ:
1981 Նովոսիբիրսկ
…..
Գերեզմանոցը /էքսպրոմտ/
Միհարկանի տներով այս ավանում,
հոգսրի վրա, ապրումների,
հավատարմության վրա,
տգեղության ու տգիտության,
հրաշքների վրա, երազների,
օրենքների վրա.
Ծիծաղում են դավադրաբար:
1981 Ուվալ
…..
Քամիների ժամանակը
Աշխարհն էր դարձել խելագարանոց.
Տասը լիաօր հողմեր փչեցին,
և թվաց նույնիսկ, թե քամու ողբը
սկիզբ է առնում մեր ուղեղներից:
Ինչ որ չար վհուկ
Տասը լիաօր իլիկ բզզացրեց:
Ապա բամբակյա լռություն իջավ,
ու կյանքը պայթեց.
արևը ժպտաց, առուն խոխոջեց, բացվեց բողբոջը,
և Ամուր գետը
սառույցների ձիգ քարավանն առած
դեպի ծով գնաց:
Զավեշտական մաս.
հարյուր կեչիներ էլ չբարձրացան,
հարյուր սոճիներ ձմեռներ գտան գարնան գրկի մեջ,
իսկ, ծեր դարբինը
երեք ժամ փնտրեց իր խոտի դեզը:
Դեզը` գարուն էր, իսկ օղու շի’շը…
1981 քաղաք Ուվալ
…..
Թեյի արարողությունը
Երբ դուք հինգ հոգով շենք եք կառուցում,
Եվ մարմինները ձեր ահեղ ցրտից,
Գտնվում են հեռու-հեռու մի տեղում,
Ձեզանից մեկը, որը վարպետ է թեյ պատրաստելու,
Պետք է տախտակից տաշեղներ ձևի,
Ապա տոպրակից, որը կրում է թալիսմանի պես.
Վզից կախ արած,
Դուրս բերի թեյը
Եվ երբ այն կեփվի,
Դուք կնստոտեք բոլորակաձև,
Եվ ձեր սրտերը տաք կբաբախեն թաքուն հանցանքից:
………..
Դեմքդ մի շրջիր.
Մինչ հանդիպելը սև մեքենային,
Սա սև կատու էր:
Այս քաղաքակիրթ դարում ի’նչ կատու
Կամ, լավ նշան չէր սև կատվի հատած փողոցով անցնել,
Գուցե ալարե’ց վարորդը սեղմել արգելակիչը,
Եվ հանդիպեցին կատու –մեքենա:
Մենամարտ չէր դա. Օդում` կիսատ ճիչ:
Դե իսկ մեքենան խփեց ու անցավ:
Դու էլ համբառնիր,
Օ~, Աստծո Որդու անարգված սրբիչ….
……………
Ինչպես կին` աշուն, զուգվեցիր:
Հետո մերկացար կնոջ պես:
Առանց զարդ ու պչրանք, օ~, աշուն-
Այժմ կին ես լքված:
1978 Բլագովեշենսկ
……………
Ձմեռային ձկնորսությունը
Ցրտից զնգզնգացող աստղեր,
Մերկ, մրսող մահիկ:
Հսկա սառցաշերտով պատված գետը
Դամբան է ձկների:
Հեքիաթները չեն մեռնում.
Մարդիկ շաղափել են սառույցը
Եվ սպասում են ոսկե ձկնիկին`
Մի –մի բաժակ օղու ակնկալիքով:
…………..
Հերդեհի խնջույք կազմակերպող Ներոն,
Քեզանից հետո, շա~տ հետո
Աշխարհի բոլոր ճանապարհները
Տարան Հռոմ:
………….
Անհավանական երևույթ էր դա.
Ուր արևելքն է քառասուն հազար
Ցուլեր մորթվեցին,
Եվ մութ երկնքում երեք կոր շերտեր
Դարձան ալ-կարմիր:
Ծերերն ասում են. “Քառասունմեկին դա կռիվ բերեց”:
Լավ պրպտեք ձեր հիշողությունը, օ~, կռվի մարդիկ.
Ձեր սխալները շատ կարևոր է:
1981 Նովոսիբիրկ
………….
Կուզիկը
Մարդուկն այդ թիկունքին կուզ ուներ,
աչքերում` խորամանկ մի ժպիտ.
“Ես գիտեմ գաղտնիքներ,
Որոնք ձեզ անհայտ են”:
Նա միլիոն հատ բարալիկ ճյուղերից
հյուսում էր ցանկապատ.
/Կյանքովս եմ երդվում` խոսելով նրանց հետ/.
-Ճագարը, եղբայրս, կաղամբ շատ է սիրում,
Իսկ մեղուն` կթռչի, կանցնի:
Աստված իմ,
Մազարմատ հիշեցնող նրա այդ ծիծաղը…
1981 Նովոսիբիրկ` գյուղ Ռեպիովո
………….
Խաշը
Այդ տղները հավակնոտ չէին.
Փիլոսափայենք.
Ուրեմն ոսկին գերադասվում է բյուրեղապակուց,
Բայց մենք գավերից բյուրեղապակյա
Ըմպում ենք հյութեր,
Սակայն չենք խորշում և հաղճապակուց:
Որ չդառնա սա “Պապն ու շաղգամը”.
Վերցնենք տաշտակը.
Եվ հենց այստեղ էր, որ հանրահայտվեց
Տղաների ողջ իմաստությունը.
Ջնջելով սահման ու սահմանագիծ,
Նրանք կոնքի մեջ, որտեղ հատակի լաթն էր լվացվում,
Խաշ էին դրել…
Իսկ ախորժակը համեմատական աստիճան չունի,
Եթե յոթն օր լոկ սոյա ես կերել…
1977 Բլագովեշչենսկ
…………
Սրճարանում –տաղավարի մեջ ծխի,
Նստած են ջահելները` տղաներ և աղջիկներ
Եվ աշխարհն են ապասարում:
Վաճառասեղան –անթացուփին կրծքերը հենած
Վաճառողուհին, այդ մեծ ավերի առաջին զոհն է.
“Այսօր շաբաթ է. Տեր իմ Աստված,
Ինչ~ու մարդ չկա”:
…………..
Երկու ներբող Նելլին
Հին է այս աշխարը, զրույցներով հարուստ,
և ես կպատմեմ ձեզ մի հեքիաթ.
ապրում էր մի աղջիկ – իրար վրա կործած
զույգ սափոր մարմնով
ես փափուկ վարսերով, ինչպես մթնշաղը:
նա ճիշտ ոտքեր ուներ, բարձրացող ծուխ հասակ,
իսկ աչքերը նրա` ներիր ինձ, Տիրամայր:
Հետո ուներ ծիծաղ առվակներից ընծա
և… Բավ է ինձ խաբեմ, հերիք տանջեմ մարդկանց
այս քորեյ –յամբ թամբով:
Դու հեռացար, Նելլի, և հոգին իմ հագավ
վանականի սքեմ:
Խավարու~մ է, Նելլի.
Իմ մեջ լույս ու երազ մեկիկ – մեկիկ հանգան:
Իսկ աշխարհում` ծիծա~ղ, իսկ աշխարհում լույսե~ր…
Իսկ աշխարհում, Նելլի, կար մի Արշակ արքա,
որն, ասում են, սիրուց` դիմեց լևիրատի:
Նա հզոր էր, Նելլի,
և ես ասեմ միայն, որ աշխարհում լոկ կա
մի ահռելի կարոտ ու կեղեքող թախիծ:
Վերդարձիր, սեր իմ,
Ժխտիր ինձ համոզող երկրորդ եսիս թեզը.
“Սերը եղանակ է”:
Վերադարձիր ու բեր սիրո հավերժ գարուն…
…………
Առանց քեզ չկա խնդություն,
Լսու~մ ես, Նելլի.
Շերլոկ Հոմսը հնարովի բան է.
Նրա մեթոդները չոգնեցին
Բռնելու մեր միջև անցած սև կատվին:
Թափանցի~կ տառապանք:
Խաղաղվի~ր, այս հոքքուն քեզ համար չէ, գեյշա.
Կա քարե մի երկիր,
Ուր քարե սրտերով աղջիկներ են կենում…
“Հե~յ, սեր իմ բյուրեղյա,
Զառնվեցիր քար սրտի…
Աշխարհը մորմոք է, փուշ”:
Այս հոքքուն քեզ համար չէր, գեյշա:
Եվ սակայն ամեն օր
միջօրեն ստվերն իր շինում է կոշկատակ,
որպեսզի իջնելիս ոտքերն իր չարյունի:
Ես, սեր իմ, քեզ համար,հեքիաթից կբերեմ ոսկյա մաշիկներ…
…..
Բաց նամակ Օ-ին
Բարև, սիրելիս.
Երբ արեգակը իր նոր շապիկով
Վերստին շրջի գարնան երկնքով,
Ես կարմիր մի վարդ կհամեմատեմ քո շուրթերի հետ:
Բայց հարյուր տարվա համար է կարծես
այս անձեռնակերտ մուշտակը ձմռան,
ու մինչև գարուն համադրության համար սպասել…
Տանեմ տանելին ու անտանելին.
բայց անհնարը /արդարացվում է, երբ այն
հանցանքով/` ուշ հանդիպեցինք.
ինքնաթիռներին դարձնում է թռչյուն
զարկված, թևաթափ:
Ու իմ այցը քեզ անուրջների մեջ`
ջուր է երազում` խմիր` տոչորվիր:
Ասա, ի~նչ անել.
Քո աչքերում ինձ կենալու համար,
Կրկի~ն վեր կենաալ ու ջրով լցնել
Այս կապույտ ափսեն:
…………..
Փոքրիկ, փոքրիկ տարողությամբ
Այդ բները ես կավերեմ
ու կդիտեմ սուրբ երկյուղը “տատրակներիդ”:
Մենք կվառենք ողջ մոմերը հեքիաթների
Ու կսուրանք դեպի եդեմ:
Մեզ կայցելեն գիշերային վեհ սարսուռներ,
զանգեր կիջնեն մեր տան քիվին,
կապավինենք հրաշքներին-
գինով կոծենք թասերը մեր….
…………
Պետք է սավառնել.
դրա համար մեզ թևեր են տրված
իսկ ով կարծում է, թե թևեր չունի,
նրա երկինքն է չափազանց ցածր:
Մեր երազները ունեն
Հինգ հազար տանող հրթիռներ:
………….
Երբ ջրվեժն է ծալ-ծալ իջնում մարմարներին…
Եվ երբ, ոչ ջուրն է ջուր, ոչ մարմարը` մարմար,
Այլ վարսերն են ծածկում մարմարափայլ ուսեր:
Երբ աղջկա դեմքը կտրվածք է ձվի,
Ու շուրթերին նրա արևներ են նստած,
Երբ երկնքից բերված զույգ աստղիկներ պայծառ
Աչիկներ են դարձել,
ու երկու նուրբ փետուր տատրակների` հոնքեր,
երբ ճակատը` մի շերտ դալկաճերմակ լուսնից,
և գլուխը խոհուն, և այտերը թավշյա
պարանոցն է պահում զարմանալի բարձր,
և եթե նա ունի պտտահողմ կրծքեր
ձյունը լանջի վրա,
ձեռքեր` հեզաճկուն,
բևեռախույս իրան,
ոտքեր` սյուներ լույսե.
ես ասում եմ` օ~, կա, կա համբարձման երկինք,
ուր համբյուրն է հունցում կախարդանք ու մշուշ,
և յոթ ձայնանիշի յոթ ձայներն են երգում:
………….
Վերջին մոհիկանը
Արտաշատ տանող խճուղու վրա, ճամպեզրին,
Ինչ-որ հիմնարկի կողմից մոռացված
Բետոնյա բարձիկին առջևի ոտքերը դրած,
Կանգնած է մի բրդոտ, տխուր իշուկ:
Պոչ արած մեքենաներին, մարդկանցից խռոված,
Նա զռում է միայն արեգակի համար:
Իսկ ես մարդկանցից չեմ խռովել
Եվ, եղուկ ինձ, միայնակ կլացեմ.
Երեսուղամի ճամփան
Լոկ իշուկն այդ գիտեր…..
…………….
Մի սպանանիր
Արևմուտքը դեռ լույս է պահպանում,
երեկոն ծխի կապտություն ունի,
և ամենամեծ ամպն է երկնքում ճերմակ աղավնին`
Հայկական Պարի հարթաքանդակին:
Մի սպանանիր պար ու աղավնի:
Եվ թող նկատենք, որ ծիրանենին
մինչ կանաչելն է ծաղիկներ տալիս,
իսկ սալորենին` կանաչելու հետ…
……..
Մեր խոկումների քուրայի առջև
Թզուկն է կանգնած կրակխառնիչով.
“Ողջ տիեզերքն է արդեն պտտվում”:
Սա միտք չի’ ծնում
Որ աղոթում է և մեր Աստվածը:
Գուցե աստեղն ու լուսատիտիկը
մարելիս միևնույն ապրումնե’րն ունեն,
և մրջնառյուծի ծագար –ծուղակը
երկնագմբեթի մյուս կեսը չէ’:
Ա~հ, ի’նչ իմանաս,
ինչ որ էակներ չե’ն սնվում արդյոք
մեր այս խոհերով…
……..
Դուք, որ ինձ խխղունջ եք կարծում,
ես քամու կաշվից մաշիկներ ունեմ.
Եկեք վիճարկենք առաջնությունը մեկ դարյա վարձքի:
Այո, իմ բախտի աստղը ասուպ չէ.
Դեռ անցյալ տարի,
Արվեստի բաժնի աշխատող մի կին,
Ինձ տհաս կոչեց,
և ես, հենց հիմա, մի տող կգրեմ
ըստ այդ զարգացած կնոջ ճաշակի.
“Գարուն է-ծաղկած ծառերի հանդես…”.
Ի’նչ է, ուզում եք, կենդանի հոգուս հոգեհա’ցը տալ…
1987 Երևան
…………….
Դա այնքան էլ հեշտ չէր`
բռնել եղջյուրներից ու տապալել գետին…
Բազուկներդ, օ~, մահ, հզոր էին սակայն,
և ցուլը նախ ծնկեց:
Այդ ընթացքում արդեն աչքերն էին պղտոր:
Ապա շրջվեց կողքի:
Մի արածվող արոտ ու երինջներ թավշյա,
Սահու~ն-սահու~ն անցան: Ու սկսեց մթնել:
“Ցուլ էր դարձել, այո, իր չորսամյա որդին…”:
……………..
Պոեզիա
Գերանփոփ` որպես տարեմուտի բանկ
և շռայլ, որպես գարնան ներխուժում,
դու պետք է լինես:
Կի’ն ես –ախորժիր լոկ ճոխ ընթրիքներ`
չբեր ես հարկավ:
Եկ հիշենք և այս.
Լացը ծիծաղի երեցն է կարգված.
խինդ չես վաճառի,
թե տառապանքով այն չի վաստակվել:
Իսկ այն, որ ծառը
մերթ շատրվան է և մերթ վառվող ջահ`
պչրանք է խաղում եղանակները:
Սակայն այդ թողնենք բանաստեղծներին.
Տես, հողանգունդը ես կոչում եմ ձու,
Կճպենք-մարդիկ` նավթ, ես թեզ որոնեմ,
որ մեռելները պահանջներ չունեն
գոնե վրեժի:
…………………..
Դա այնքան էլ հեշտ չէր`
բռնել եղջյուրներից ու տապալել գետին…
Բազուկներդ, օ~ մահ, հզոր էին սակայն,
և ցուլը նախ ծնկեց:
Այդ ընթացքում արդեն աչքերն էին պղտոր:
Ապա շրջվեց կողքի:
Մի արածվող հովիտ ու երինջներ թավշյա
սահու~ն- սահու~ն անցան, ու սկսեց մթնել:
Հիշողության հեռվում առկայծում էր մի լույս.
ցուլ էր դարձել, այո, իր չորսամյա որդին…
…………..
Չի գրվում.
չկա տողերիս առաջկտրուկը,
և պոետ լինելու իմ հավատի վրա,
մեկը տան անկյունից ծիծաղում է:
Հանկարծ` հարյուերրորդ շրջադարձից,
/պատից - պատ եմ խփվում/,
արջն է ելնում դեմս,
գազանանոցի սպիտակ արջը.
Նույն շավիղն ենք շինում ես ու նա:
Չէ’, իսկապես, ինչու’ արջ չեմ կոչվում.
ես էլ իմ վանդակն ունեմ ահա:
Սառույցների կապույտ երազների մեջ, քեզ, արջ,
արգելեցին ծնել:
Շուտով կինս գործից տուն կմտնի “լափով”…
-Հանգիստ թող մեզ, -կասեմ,
-դե գրողը տանի, ինձ ու արջին:
Կշտացել ենք, այո, ամեն տեսակ լափից:
……………
Լքված գյուղը
Խաչված դռներ, փեղկերին` խաչ լուսամուտներ…
Ճիշտ ժանտախտի տխուր պատկեր:
Նրա դեմքին, ով ժանտախտը այս սերմանեց,
երկու տատիկ` նստած շեմի նստարանին,
դդմի սերմ են չրթում –թքում:
Իսկ ծիսական –տոն օրերին,
նրանց երգը մեռելներին է լոկ ի լուր:
Ողջ Ռուսիայում մեռավ`
“կտցարն իր ճահիճն էմիայն գովում” ասացվածքը,
քանզի ճահճում էլ ծանծաղուտ փնտրող չկա:
Դե ինչ, բարի իմ տատիկներ.
“Հիսուսն հառնեց” ասելու հետ,
համբյուրեցեք դնչերը ձեր կատուների…
05.08.1977 Ուվալ
………….
Հակում դեպի սուտը
Ես քավարանից հենց նոր եմ գալիս.
հնարել էի, թե ամնաորը հույսի նոր օր է,
ծնոտը պայտ է,
ուստի բերանն է հավիտյան պայտած:
Մեղանչել էի և բնության դեմ.
թե անապատում` հուշերի վրա մեր ոսկորների
ցիներ են կիտվում:
Իսկ դուք կարո’ղ եք մի բան մոգոնել-չմղանչելով.
ասենք` պնակը լիզում են այսօր:
………
Մի քիչ բնության կողմից
Մեզ հոբեր պետք չեն,
առ կորուստը` քար:
Պիծակի համար ժամանակ գտած կովը
կճղակով ականջն է քորում:
Այդ ցավից զորեղ ցավ չէ’
շուկայում դաղձի վաճառքը:
Եվ այս իդիլան.
արևն ամեն օր
ուռկան է գցում Գեղարդի վրա,
որ այն դուրս բերի սուր գիշահոտից:
Իսկ բորոտները, կարծեմ, շրջել են չխչխկիկներով:
Մենք որ առողջ ենք –
մեզ զանգուլակներ կպատշաճեին:
…………..
Օրը պետք է լինի կիրակի:
Դու պետք է նախ սափրվես,
/ծորակի ջուրը ահագին հաճելիություն է մատուցում/,
Ապա մաքուր, կոկիկ,
Ինքդ քեզ դուր գալու հաճելի զգացողությամբ,
Կանգնես հայելու առջև և հարդարվես:
Այդ ընթացքում, դու քթիդ տակ ամպայման պետք է մրթմրթաս մի երգ:
Դիցուկ օր կիրակի է,
և դու հայելու առջև կանգնած հարդարվում ես:
Եվ…
Օ~, երկնային Տեր.
Նկատում ես, հոնքերդ խճճվել են
Մացառուտի հանգույն:
Հոնքերդ, որ գիտեին այնպես գեղեցիկ
Տողանի կանգնել, անզոր ընկել են ցած:
Եվ հանկարծ, մի ակնթարթում, ըմբռնում ես,
որ երեսունյոթ տարիներդ,
այլևս չես հիշելու պատանեկորեն,
և վահագնագեղձի հետ
ինչ-որ վատ բան է կատարվում…
…………
Ես ձեզ հետ եմ սողնակների վրա բնակվող մարդիկ,
որ սարողներ եք նաև կոչվում,
բնությունը գորգերին ի պահ տվող քույրեր,
քույրեր այգիներում մրգերի հետ հասունացող,
քարտաշներ հանճարեղ ու հեթանոս,
ածխահատներ խափշիկ, դալուկ բանտարկյալներ,
ջրերի ու աստղերի նավազներ,
անշունչ, շնչավոր տիեզերք,
ես ձեզ հետ եմ:
Նայեք այս փոքրիկին ցեխի հետ է խաղում…
………………
Էքսպրոմտ
Ավտոբուսների սանդ –կանգառներում,
Մարդիկ կրունկներով իրենց համբերության
ոսկորներն են սղկում:
Չվերթ կազմողներ,
ձեր կանանց, արդյոք, դիմափոշի պետք չէ’…
……
Վիշտ չէ բարդու ապրածը,
և օրորվում է սակայն գաղթի նման մորմոքով:
Ա’հ, հովը, ի’նչ իմանաս,
այնտեղերից չի’ գալիս,
որտեղ ցավն է անթառամ:
Ցավ, ի~նչ զորեղ անվանում:
Ահա, մեզ թութքն է զգետնել:
Իսկ դուք ցցի հանվեցիք, կոտորածի ընտրյալներ,
որ ըմբռնեմ հիմա ձեզ,
որ ձեզանով հիանամ…
Երևան 1986
……
Աշնան երգը
Կինոյում տոմսեր վերավաճառող տղաների պես,
ծառերը նույնպես բիզնես արեցին.
ստվեր անելու երդում-խոստումով,
գարունքից գնված տերևներն իրենց,
փոխանակեցին աշնան պաղության ու մշուշի հետ
և սնանկացան մինչև մերկություն:
Եվ որովհետև վաղուց էր արդեն մերկ երևալը համարվում ամոթ,
նրանք լաց չեղան, այլ հեկեկացին, որ մարդ չլսի:
Իսկ սատանորդին բանսարկու քամին,
եկավ, փաթաթվեց նրանց բներին`
իբրև հագուստ եմ,
հետո քրքջաց և լուրն այդ տարավ մինչև ծովերը:
Ծառերը լլկված կույսերի նման անզոր լաց եղան:
Անձրև է գալիս,
թշվառ ծառերի պաղ մերկությունը ծածկող
կաթնագույն ու շատ պաղ անձրև:
…..
Ես, որ սենտիմենտալություններ չեմ հավակնում,
ասօր լուսամուտիս գոգին կեչու մի ճյուղ տեսա
ու խղճացի նրան:
Կանչ տերևներով կեչու փոքրիկ ճյուղ էր:
Դրսում` արև, դրսում` թռչունների համերգ.
չքնաղ հարճի նման կեչու մի ճյուղ այստեղ:
Այս աշխարհից արձակ, ժամանակից հավերժ,
իր բաժինը եղավ սենյակը այս անօդ,
և մայիսից` հատված:
Ճյուղ քույրիկներն այնտեղ նստած քամու բաշին:
Ռուս տղաներ եկան, խտտած օղու շշեր:
Երբ աշխարհն արդեն կարուսել էր ու ճոճք,
կեչու ճյուղը դարձավ նախ հովհար,
և ապա` ծածկոց փսխուկների…
1980 Նովոսիբիրսկ
……………
Կիրակի
Ուսանողներին գայթակղելով,
սրճարանները նորից փակեցին ԲՈՒՀ-երի մուտքը:
Կինոհերթերում` օդում կանգնած ասեղի հրաշք:
Եվ զբոսայգում աղջիկ մակդիրն է շնորհվում ծառին:
Ա’հ, ի’նչ իմանաս,
նարդու դավադիր այս շրխկոցը,
չի’ պարունակում խորովածի մաս:
և բժշկություն չհավակնող այս ցայտաղբյուրները…
Առողջության մի երաշխիք ևս.
ցլի պես պարարտ
մի երիտասարդ է թղվածք վաճառում:
Իսկ մենք, ընկեր իմ, մեր երեք ռուբլին,
չթրջե’նք գինու լակմուս –լուծույթում.
թող որ այն ներկվի բաց քամու գույնով:
……
Տարամիտներ -շարքից
Ազնվությունը
Ինձ որոնեցեք մանկան նկարած կավճե տնակում
և խաղիկներում:
Ճիշտ Աբելի հետ ես երկիր իջա,
որ մարդկությունը ինքս բարուրեմ:
Իսկ այն,որ ոգու սովի օրերին գզրոց եմ նետվում,
մեծ վիշտ չէ բնավ. կրկին կհառնեմ,
որովհետև ես արժեքն եմ լույսի:
Ո’չ, մենք չենք ասի, թող մեղուները թմբուկներ խփեն.
պուրակ հիմնելը շատ ավելի չէ’ ծափեր հավաքում,
Իսկ ծեղը, հապա, երեց փրկիչը ջրահեղձների:
Ինձ փռշտոցի մեջ որոնեցեք…
………
Ստորությունը
Քեզ փառք է պետք, այո’:
Ունեցվածք չե’ս տենչում:
Դե, ուրեմն, թքիր ողջ սրբերի վրա:
Հզորին չեն դատում:
Առա~ջ, առա~ջ, առա~ջ,
թող ետևում մնան թշվառների կույտեր,
ընտանիքներ անայր, մանուկների կական…
Քեզ տալիս եմ, օ~ մարդ, զորեղ օգնականներ`
զպարտություն ու դավ, եղկություն ու մարմանջ,
քծուություն ու կեղծիք…
Քեզ տալիս եմ նաև անափ դաժանություն:
Օգտագործիր դրանք առ նպատակ:
Հետո…
Խեղված հոգիների հեծեծանքներն հետո
քո ունկին չեն հասնի,
զի կլինես բարձրում- բարձրագնա~, ամպո~տ:
Իսկ այնտեղից հետո թողություններ բաշխիր
նրանց, ում դու մի օր մոլորեցրել էիր:
Այդպես են սուրբ դառնում:
……
Հիվանդությունը
Կարողանում եմ բույն դնել.
սիրտ, երիկամ, հետ…., ամոթ էլ է ասել,
տառապյալներն են իմ,
մտնեմ, տեղավորվեմ ու սկսեմ քանդել,
դանդա~ղ, մանրամաս~ն:
Արվեստներ եմ սիրում, երբ պարում են մարդիկ,
/անշուշտ վայրի ցավից/:
Մեն մի հատիչ ու մուրճ, մեն մի հատիչ ու մուրճ,
և պատրաստ է, խնդրեմ, գունատության անդրին:
Արվեստներ եմ սիրում, իսկ բարբարոս մարդիկ,
հազար խոտ ու դեղով, դյութանքներով հազար
հալածում են խեղճիս:
Ա~խ, կտրվի անոգ, թշվառ այրու օրը.
թե մի ժանտախտ որդիս աքսորից տուն դառնար…
……
Առողջությունը
Կարմրաթշության, գեղեցիկ մարմնի,
առողջ թոքերի ու սրտի համար,
ես խոսք եմ տվել հավերժ ծառայել:
Ուստի ինձ լսեք.
շարժումն է կանխում ծովին ճահճանալ,
և ծովի երգը փոշու հյուլե իսկ իր մեջ չի կրում:
Օ~, մարդկային ծով, որ քո ընդերքն է նույնիսկ խաղացկուն,
ինքզինքդ մաքրիր:
Այս շարժիչային ու ահեղ դարը`
ձեռնածուի պես, մեքենան տալիս, վերցնում է ոտքեր,
առուծախում է երազ ու հաշիշ, օղի ու երգեր:
Արդ զգուշացեք.
առանց ոտքերի կսողաս միայն,
առանց երազի մեռած է հոգին,
ու երբ երգ չկա –մեռած է մարդը:
Եվ դա Սոդոմի սպիտակ ջարդն է:
…………
Կարիքը
Կի’րքն է վանում ի բաց փողոցային կանանց.
թյուր և սխալ կարծիք.
ոսկեդիպակ մահճում փնտրեք կիրք ու վավաշ:
Ձկնամարմին կույսեր, հոգիներում դեռ ձյունն
անկող կղզիների, բայց և արդեն տրտունջ`
“ինչպե’ս` մարմին լինի ու չլինի’ հագուստ”:
Եվ համբյուրն է քորվում լապտերների ներքո:
Ո’չ, գորգերի խավով իր ոտքերը մաքրող
գայիսոնը թողնենք.
ցուպ: Շատ հոգնած մի մարդ:
Ոտքերին ցեխ թքող ձիգ ճանապարհ
և երգ կռունկների մասին…
Էությունը փնտրենք.
իր օդուղու վրա սփռելով վատ հոտեր,
ի’նչ տարահեռ ափեր տարավ ինքնաթիռը
այդ հոգնատանջ մարդուն…
….
Սովը
Կոչեք միավանկ, բայց` միաբջիջ,
/որովհետև ես համաձուլվածքն եմ
ցրտի, երաշտի, արհավիրքների/,
կնեղանամ և այցիս հետ ոսկու զնգոցով լեցուն
բյուր հազար բերան կդառնան թափուր,
և բյուր մերկ լնդեր ցավով կծամեն
ոսկի –պաքսիմատ թշվառ գործարքը:
Եկե~ք, մորեխներ, հարավ սև քամին ձեզ օդապարիկ,
թռեք և մղվեք դաշտերի վրա դեղին ու բերրի,
որ երբ հեռանաք. “այստեղ շրշում էր ծովը” խոսքերը,
թվան զառանցանք:
Դու եկ, պատերազմ, որ բարկ արգանդդ
շիջեն բյուրավոր թիկնեղ ռազմիկներ,
և նրանց կանայք, առանց խանդելու,
/հանուն այրերի մեջքի պնդության/,
լուռ հրաժարվեն անձնապահիկից:
Դեռ քեզ չեմ կանչում, գարնան տաք գրկում մոլորված ձմեռ.
ուզու’մ ես լսել ծոցվոր ծառերի դառը մորմոքը`
երանի ամլոց:
Քե’զ կանչեմ, երաշտ, տեղատարափ` քե’զ:
Բոլորիդ կանչեմ –ավերակածս ու’մ թագավորեմ…
……..
Առատությունը
Այս եղջյուրը մոգական չէ, մարդիկ,
դուք եք ամբարել նրա մեջ խինդ, բարիք ու բերք,
ուստի` հարգաներիս հավաստիքը, համեցեք:
Քո աշխատանքի դիմաց, օ~, սուրբ հողագործ,
քո հարսի համար, ահա, ընտրիր այս զգեստը ձյունե
ու կոշիկներն այս բարձրանիստ և նույնպես սպիտակ:
Խնդրեմ` և նշանի մատանին:
Ուսաշալն այս նախշուն ընծայիր զոքանչիդ, փեսա,
որ լինի ձվածեղը անեղծ:
Հացը կա, գինին կա` շրխկան հարսանիք.
մի բարձի ծերանաք:
Օ~, մրի, աղմուկի և արհեստների մարդիկ.
ձեր անխոնջ աշխատանքի դիմաց,
ահավասիք, այս զամբյուղները
առլեցուն բերքով ու ծիծաղով,
մատուցեք դրանք ձեր տիկնանց,
ծաղիկներն այս նույնպես:
Ամենափոքրերին ձեր տվեք ճիպոտներ`
գորգածածք հատակը ձեր տան` ձեզ ասպարեզ:
Վերջապես և ձեզ, օ~, գիտության մշակներ.
ընդունեք ջահերն այս լուսասփյուռ
և տարեք ամբոխին` ձեզ ի պահ,
դեպի լույս խորհուրդը արևի.
“խավարում են հյուսվում ոճիրներ”:
Ցույց տվեք ամբոխին այգերի հրաշքը:
………
Բարությունը
Ինձ ուղղաթիռիվ բարձրացրեք մինչ քամիները
և արձակեցեք.
թուխ բեդվին անապատի,
այս զովությունը ուղարկված է քեզ
ձյունե լեռներից:
Ծանր փականքները դռների,դռները ճռնչացող,
վանդակները գազանանոցների, /որպիսի~ բարբարոսություն/,
խորտակված են այլևս:
Ես, ահա, սահմանեցի ազատություն,
որ չլինեն ձեռքերի կարկառված դիրքեր,
ով գերյալներ քաղցի և առնահաճ մարդկանց:
Օ~, մայրեր, մայրեր մեղունների` ծաղիկների,
և ուղղակի մայրեր.
միտվելով լույս աշխարհ,
մեր փոկրիկներն անշուշտ զարմանքից են ճչում.
“Որքա~ն գեղեցիկ է”:
Այդ զարմանքը նրանց հավերժ ուսուցանեք:
Եվ` արևի վարքը.
Տալ –չակնարկել մուրհակ:
….
Չարությունը
Ես ծեր եմ,
Գալիս եմ աշխարհի արարման ծեգերից:
ծառը ջահ հիշեցնող, կամ` օրիորդ և այլն,
կարող է նաև չոր լինել:
Ես որ կենում եմ քո սրտում, իմ ընտրյալ,
կոչում եմ քեզ մարտի.
դիմադիր կանգնիր ծաղկումին-
հարևան, հարազատ թող միայն շոշափեն զրկանքներ:
Խաթարե~լ.
ըմբռնիր այս բառի հմայքը.
գիտցիր` չթողնել` ունենալ:
Կամ` ինձ, կամ` ոչ-ոքի,
ահա քո տենչերի ոլորտը:
Օ~, եթե իշխեի արևին.
Ցու~րտ, խավա~ր, մահացու~մ…
Իշխեի արևին…
Բայց ոչինչ, մենք դեռ մեզ ցույց կտանք:
Ի’նչ, Հուդան կախվել է’, հա~, հա~, հա~…
……..
Երկերեսանություն
Եվ ինչու’ մերժել…
Մանևրիր, տղաս:
Կյանքն է մեծ տարերք, արարքդ է նավ,
ղեկակալն ես դու:
Եվ այդ ամենը մարդկային ծովում:
Ունեցիր նաև չվհատվելու ներունակություն:
Այս ամենը` հեչ.
մարդ էր` դիմեց քեզ.
մեղրազոծ սխտոր-դեմքիդ-ժպիտը,
դու առաջարկիր փեթակի խոստում:
Հետո, էգեին տարի չէր, կասես:
Մեծ չափագծով.
միայն նպատակ:
Արդարացվում է, քանզի միջոցը արդյունք կերտելիս-
այլախոհության մեծ կախարդ եղիր:
Միս ես դառնալու, ոչ` շիշ, ոչ քյաբաբ:
Ջուր, որի վրա փլավ չի գցվում:
……
Բարոյականությունը
Երբ սպանում ենք մարդու մեջ օձին,
մարդուն` մարդ կոչենք,
որ մեր արարքը հանկարծ չբուրի առաքելությամբ:
Եկա ասելու.
լավություն անել –երեսով տալը,
հազար անգամ այն չանելուց վատ է:
Պետություններ են հաճախ կանոնից այս
ցածր կանգնած:
Եկա ասելու հարության մասին.
բժիշկն է պատմում.
երեքով էին` ինքը, հիվանդը, հիվանդությունը:
Հիվանդությունը ե’րբ մենակ մնաց:
Եկա խոսելու ընտանիքից.
մարդիկ, օ, մարդիկ.
օտարացումը կործանվելու ճիշտ նախանշանն է:
Տեսեք վհուկը ոնց է քրքջում
այն աշտարակի ավերակներից:
…
Անբարոյականությունը
Գրողի ծոցը ամեն չափանիշ, լսու’մ ես, տղաս,
ամեն մի պատնեշ բռնաբարող է:
Եղիր սանձարձակ.
“թքեմ, խիղճ, վրադ” նշանաբանով:
Ասենք գշտեցրիր երկու ազգերի.
սրանից-նրան, նրանից-սրան,
նրա ու սրա` ցավոտ տեղերին:
Հետո, հառաչի խարույկի կողքին ձեռքերդ շփիր.
-արյունը, տիարք, վտակներ կազմեց
և երբ գետ դարձավ –գետը ելման էր:
Այսքանից հետո անճարակ մեկին մոլորեցնելը`
թյու`, մտքի վատնում:
Լավ հիշիր, տղաս,
տեսակդ անսաստ որպեսզի մնա`
Ոչ մի նահանջ քայլ:
Տեսե’լ ես օձի հետ-հետ սողալը…
……….
Շվայտությունը
Քեֆդ քաշիր, եղբայր, մեկ անգամ ենք ծնվում:
Ո’ր հզորին մնաց այս լպրծուն գունդը:
Հե~յ, մատուցող, է` գինի:
Կար շատ ժլատ մի մարդ,
որի համար ոսկին
և ծնող էր և կին.
բարդ էակ է մարդը:
Ու նա մի օր մեռավ,
ուրբաթ օր էր` ճաշին,
և իր ոսկին դառավ
շան ու գելի բաժին:
Թող սա ձեզ դաս դառնա,
ով ոսկուն է ծարավ:
Իսկ մենք կերգենք այսօր`
տրա-լա-լա-լա, հա-հա:
………
Ժուշկալությունը
Առողջ զարկերակի ռիթմով ապրիր, տղաս,
ու դու կապահովես վաղվա օրդ:
Դարձիր գինու գերին, քեֆը դարձրու սերդ
ու դու սրճաղացով կյանքդ կաղաս:
Ցոփությունը անշուշտ կործանեց Հռոմը,
և Սոդոմը այրվեց կրքի բոցով…
Մինչ դեռ մարդկությունը երբեք չի թոռոմի`
ջրված վաղորդյանի սթափ թացով:
Տե’ս, հույժ կարևոր է իմ ապսպրածը-
խելքդ գոյիդ հաճախ է ենթարկվում
և տեսիլի առկախ շինում քո տեսածը
ամփորձությանդ է ենթադրվում:
Հին է այս աստվորը և բարքերն են շատ հին,
բյուր-բազում կյանքով են մարդիկ ապրում,
սակայն նրանց հետ է փառքը, ովքեր մահին
ընդերդում են տուրքի մեծ թափորում:
Արդ խնայող եղիր ջղերիդ, քեզ, տոհմիդ,
օրինակ ծառայիր քո սերնդին,
ընտիր շաղախ եղիր կառուցվելիք որմիդ-
կորնկան ես թե փուշ` կա գերանդին…
05.10.1998
………
Համայնապատկեր
Այստեղ ահա, ուր բարդիները սերնդե-սերունդ,
ժառանգել են ճոխ պարը արևի,
ուր ամեն խաչքար, ինչպես մի խորհուրդ,
երթն են ուղեկցում ճամփորդ դարերի,
ուր ինչպես սյուներ երկնակամարի
երկինքն են պահում երկու սեգ լեռներ,
ուր ներկայի հետ լեզվով տաղերի,
անցյալն է երգում գողթան ջինջ երգեր,
ուր որոշվել է նստակյաց կյանքը
լավաշի բույրով, պատերով ծխոտ,
ուր եռացել է միշտ աշխատանքը
հորովելի տակ մեր ծեր ու թախծոտ,
ուր խինդն ու վիշտը միշտ էլ եղել են
երկվորյակ քույրեր դիտվա~ծ, հաստատվա~ծ,
ուր ամենից շատ մարդիկ սիրել են
մատյան ու տաճար, հող ու Աստված,
ուր “հրաշք” բառը կդառնա մի օր
“կառապան” բառին հար նման ու հին,
ուր բայց չի լռի ոչ օրորը մոր,
և ոչ էլ որդու երգը մոր մասին.
այստեղ ահա, մայրս ինձանով ժառանգեց ընթացք,
և ընթանում ենք…
04.07.1978
…….
Որպիսի մեծ ոճիր` կառավարել ուժով,
և ինչպիսի պատիժ` ուժով կառավարվել:
Թալկանում է հոգիս:
Ո’վ է տեսել, մարդիկ, ոճրագործը պատժի:
Ես այն բանակից եմ, որտեղ ակնարկվում է
ջարդել դարպասները լճակների,
որտեղ աճեցվում են ձկներ:
Ես այն բանակից եմ, որի ճիչն է սակայն
օծված ձկնայուղով:
Ձկնայուղ չեմ սիրում, ձկնայուղ չեմ սիրում:
………
Ներբող ընթացքի
Ներբողն այս քեզ համար է, հայրենիք,
և եթե այն լինի չոր, ինչպես բնութագիրը` ներիր:
Թողնենք ծաղիկներդ գեղեցկորեն վառ ու ավելի վառ
կիրակիներին և զարկենք մամլիչ մուրճի թմբուկը`
ընթացքիդ կոչնակ:
Մենք` արյան ծովեր,
և հիմա մարդիկ ծովեր են անցնում,
որպեսզի տեսնեն ոչ թե քեոփսյան լքվածությունդ,
այլ հոծ առօրյադ:
Ուրեմն, փառք քեզ,
գրիչ ու բրիչ բանեցնողներիդ,
որ ստեղծում են նորօրյա սփյուռք` երգի ու երկի:
Ըմբռնողներիդ.
“այս արագ դարում` մի պահ հապաղում-
կապրես նախնադար”:
Այո, մեզ պետք է նորաձևություն.
սուրբը` հագուստով թե` մերկ- սուրբ է նա:
Մենք պետք է ապրենք կյանքը նորովի
և ապրենք հինը:
Հին ես, հայրենիք,
հանց արև -երկիր հանդիպման պահը:
Բայց ի սփոփանք անցավորներիս,
բոլոր այգերի կուրծքը կտեսնես:
Իմ մայր հայրենիք,
ներիր, որ մի քիչ կոպիտ վարվեցի ծաղիկներիդ հետ:
Ինձ երգն է դյութում քար ու երկաթի,
որ ծաղիկներդ հավերժ կույս մնան:
Նայիր, բարձրացող այն շենքի հիմքը լցնելու համար,
մեքենաները բետոն են կրում…
…….
Նաիրյան աշխարհում գարուն է.
երկնքի կապույտ կտավին`
միոտնյա մի թռչուն,
կափ-կափյա խրթին տառերով
“ողջույն քեզ, գարուն” է գրում:
Փողոցում ես տեսա մի կնոջ`
լանացած կոնքերով.
նա ծնկեց` ապրելու համար` ճիչ:
Գարուն էր:
Եվ հետո աշխարհն այս ու’մ մնաց:
Ասում եմ աշխարհն այս ու’մ մնաց:
Լսեցեք աշխարհն այս ում մնաց:
-Ինձ, -ասաց մի մանչուկ ցեխոտ երեսով:
Լսեցեք, նինվեներ.
Նաիրյան աշխարհում գարուն է:
Աշխատանք, շռինդ ու շառաչ.
հոգնում ես:
Կիրակին դաշտերը լցրել է մարդկանցով:
Մի տխրիր, սիրելիս, խնդրում եմ,
բայց ես իսկապես չեմ կարող
քեզ համար սպանել ծաղիկներ.
Նաիրյան աշխարհում գարուն է…
07.04. 1978
………
Նամակ-հրաժարական բարությանը
Հարգարժան պարոն,
քո` ինձ նվիրած հագուստ-կապուստը թղթից են եղել
և անձրևներից նրանք հալվեցին:
Եվ ըստ առակի, որտեղ ասվում է.
“ավելի լավ է գեշ լինել, քան` էշ”,
Ես խոստանում եմ.
եթե չնդունեն ինձ ընկերության մեջ քինոտների,
տկլոր ման կգամ,
Խելագարի պես` խիզախորեն մերկ,
որը քեն չունի, բայց ունի զայրույթ:
Ես բաժանվում եմ քեզանից վշտով:
Եվ, եթե մի օր դու մենակ մնաս,
մերկացիր նույնպես:
Ժամանակն է, որ քեզանից սարսեմ:
…..
Եղերերգ
Պատկերացրեք մեզ առանց շորերի, առանց մսերի:
Կմախքների ձիգ այս շարասյունը,
նահատակվելու առհավետ վճռով,
հանգիստ գնում է իր նոր Գողգոթան:
Ու թեև եղավ մանանեխի մեր հավատը կծու,
նորից ենք ասում.
Ահա մեր մյուս երեսը նույնպես,
որպեսզի, եթե գազան չլինեք,
/պարտված գազանը իր քներակն է պարզում հաղթողին
և արդ նվաճում անձեռնահասություն/,
մենք կենտ ծաղիկներ կսկսենք տանել,
որպես զարհուրանք:
Օ~, սարսափեցեք ծաղկի ցասումից
և ոհ~, մանավանդ զանգակածաղկի:
Լսու’մ եք, ահա,
այն մ,եզ կանչում է տաք պատարագի…
16 – 17. 04.86
….
Ներբող
Խոհերի հունձքն այս դժվարավաստակ,
ընդունիր, մարդկություն,
և այն բերք համարիր:
Մեզանից վաղ արթնացող արևելք,
մատուցիր լվացած արեգակ,
որպեսզի այգերը զարդարեն
Ցողերը` գնդաձև ծիածան:
Մատուցիր հրահեր արշալույս,
որ նրա խարքերում նախիրը մոգ, դարձնի խոտը` կաթ,
և հանի թմբուկն իր ծառաբույն փայտփորիկը` թակ-թակ:
Արևմուտք.
լավերդ թող թերթեն ծաղկումի ակոսներ,
որ քաղցը սպառվի,
Ճառագող վերջաբան ունենա տառապանմքը կնոջ:
Դու’, հարավ, մի կորի մորեխներ:
Բևեռիդ թող գրվի` քոչվոր չեմ, ցուրտ հյուսիս:
Օ~, հայրեր, դյութենք մեր փոքրերին.
արեգակը գնդակ է անշուշտ,
և մենք ենք վեր նետել այն, ճի’շտ է…
…
Մակեդոնացու կտակը
-Ահա մեռնում եմ սոսկալի տենդից,
բայց այս խոսքերը
դուք չհամարեք հոգու զառանցանք:
Ես հզոր էի և ես ցանկացա տիրհել աշխարհին:
Բայց լսեցեք ինձ, գալիքի ահեղ ու բիրթ արքաներ,
ոչ արյան ծովեր
և ոչ կանացի սպիտակ կրծքեր,
չեն մոլորեցնի ազգերի ոգին:
Իմ այս մութ դարից կհոսեն դարեր,
և տիեզերքը կլողա շռայլ ծովում դպրության,
հանելուկները կլուծվեն դյուրին…
Եվ ես` հեռատես Մակեդոնացիս,
ոչնչացրեցի Գորդյան հանգույցը…
…..
Ո’չ, արքաների անհայտացումը
վախճան չբերեց ծաղրածուներին,
քանզի ծիծաղն ու օդն են համարժեք:
Օ~, խոժոռ Դանթե,
դու չէր կարող մեզ հավերժ դյութել,
չէ’ որ ապրում են և հնդկահավեր
/կատաղի ցասկոտ/,
և չունեիք դուք ծիծաղի տներ:
Սակայն խնդությամբ կյանքը ապրելն է
դժվարին արվեստ,
քանզի այն չունի զոհերի ակնարկ:
Ուստի ծիծաղենք:
Ծիծաղենք գարնան ջրերի ժանրով:
Օ~, ազգեր, ձուլենք ծիծաղի անդրին:
…..
Ոչ մի ավելորդ գիծ, ոչ մի անհարկի ելուստ:
թեթև խոյանքով երկնքի մեջ միտված
Լեռներն այդ ես տեսա ինքնաթիռից:
Ձևի մեջ` զուսպ ու պարզ,
Նրանք հառնում են որպես եկեղիցիներ:
Այո’, քեզ պետք չէր ցնորքը եգիպտական
և պարսկական ջեռ ճոխությունը,
օ~, հայ կառուցող…