ԱՐՏԱԿԵՆՏՐՈՆԱԿ ԿՈՒՏԱԿՈՒՄՆԵՐ /Պոեմ/

3 views
Skip to first unread message

ferdinand100

unread,
Nov 12, 2014, 7:11:50 AM11/12/14
to Rut...@googlegroups.com

 

1921 թվականի սկզբին Ամենայն Հայոց կաթողիկոսի կոնդակով ամերիկահայ գաղութների առաջնորդ նշանակված Տիրայր սրբազանը Էջմիածնից իր պաշտոնավայր ուղևորվելիս կանգ է առնում Փարիզում և հյուրընկալվում Պողոս Նուբարի մոտ: Վերջինս նրա պատվին ճաշկերույթ է տալիս, որին ներկա է լինում նաև Անդրանիկ Օզանյանը: Նա  սրբազանին հարցուփորձ է անում Հայաստանում տեղի ունեցած ողբերգական անցքերի մասին, կապված թուրք-հայկական պատերազմի հետևանքների հետ:

Ահա նրանց զրույցից մի հատված.

ՙ– Սրբազան, Կարսի աղետեն առաջ հայկական բանակը որքա’ն զինվոր ուներ:

– 47000:

– Քանի’ զորավար և սպա ունեիք:

– Տասի մոտ զորավարներ և հազարի չափ ալ այլ և այլ աստիճանի սպաներ:

– Կարսի բերդերը  քանի’ թնդանոթ ունեին:

– 300 հատ:

– Որչա’փ արագահարուած (գնդացիր:- Հ.Ս.):

– Մոտավորապես 200 հատ: Կարսի բերդերեն երկու թնդանոթ միայն տասը վարկեանին չափ խոսեցան և յետոյ լռեցան, թուրքերը եկան և 11000 հայ զինվորներ վերցուցին:

– Թրքական ուժերը որչա’փ էին: Լսած եմ, թե ութ հազար հոգի եղած են, իրա’վ է:

– 7800 հոգի եղած է ամբողջը և այն ալ ոչ կանոնավոր զինուոր՚:1

1 Հրաչիկ Ռուբենի Սիմոնյան. թուրք-հայկական հարաբերությունների պատմությունից: Էջ 402. Արսեն Ժամկոչյան. Զորավար Անդրանիկը կը պատասխանե իր հակառակորդներուն, Փարիզ. 1945, էջ 76.

                                                Ա

                ՍԱՂՄՈՍ ԴԺՎԱՐԻՆ

 

Արևի բաշխիչ` գթությա’ն, դասի.

Եղիրիդ զա’նգն է ըղձատոչորիս

Թախանձը ժրում. ինձ լավատեսի

Խո’փ, ծի’ր կտակիր: Հավատավորիս

Ձոնիր ղեյրա’թ, ճի’գ` մատուցանելու

Յուրատիպ նուբար` շարոց ոգումի

Չարկամությունը պատուհասելու:

Ջոկիր, Ռահվիրա, սադրանքին վարմի

Տևական րոպե: Ցնորացուցիչ

Ուղղախոսության փայատիրություն

Քաջաշնորհիր, օրինակարգիչ`

Ֆալախկան` ֆալչուն: Ամեն:

Ամեն. անսա այս աղոթք-աղերսին.

Բարություն բաշխիր, բարենորոգիչ,

Գամելով գեշին-գոսին գորովիր,

Դատելով դավը, դու դիմավորիչ

Երրորդությունդ երգողի°դ եղիր:

Զոռելով զեխին-զուրկին զիջիր, զի

Էշխով էրանելն է էությունդ:

Ընտրիր ընկածին, ընկճիր` ընդվզի

Թէ թարս թարթառը: Թույլին թևակցիր:

Ժպիրհին` ժախուկ, ժանիքին` ժանգառ

Ի ցիվ: Իմաստը իմաստավորիր.

Լոթրիկին` լափռ, լպիրշին` լանգառ:

Խնկաբաշխ, խինից խաս  խնկիդ-խարով

Ծխերիդ ծոմող ծոցը ծանրացրու,

Կարգեր կատարիր կերոն-կնդրուկով,

Հոգու հարյավը, Հայր, հրամցրու:

Ձեռնադրելով ձայնարկողներիդ`

Ղռփիր ղալբերի ղունղունոցները,

Ճրագավորիր ճշմարիտներիդ`

Մաղթանքով մեղմիր մղկտոցները:

Յոթնիցս յոթ յուրք յուղաբերվելով

Ներհունությունով- նվիրաբերվենք

Շարականներիդ` շարականներով.

– Ողորմեա~, Որդի~, ողորմ ողորմենք:

Չարին` չարխափան ՙչիքով՚ չարմեխիր,

Պուղիր պճռակը, պտղիր պատարագ,

Ջոլիրիդ ջամբիր ջամբով ջնարակ:

Ռոշնական, ռահմը ռոկեղից ռութիր:

Սոսկացրու սիրենք սոսկականորեն,

Վասն վատնումի վարքը վտարիր,

Տռփանքի տեսքը տիրականորեն

Րոպեաբար րոդենում ՙր՚-իր:

Ցելել-ցանելով ցավ, ցնորք, ցորյան,

Ուղփ ուղարկիր` ուժ ու ունկնդրություն.

– Փայիկի փութով փերթեցեք փարվան,

Քավում քեզ` քո’շ, քեզ` քո’շ, քենթիկություն:

Օրհնիր, Օդակյաց, օգնիր օտարվել

Ֆսսոց-, ֆշշոցից ֆալչիից-ֆալից:

Ամեն:

                                Բ

Առավոտ է: Սա այն պահն է օրվա,

Երբ ՙՓոքր արջ՚ վզնոցը1

Նույնիկ խոհերում տեղ չունի,

և հոգսը` գործով տղացկան,

(քմահաճ է հղին) ասում է.

ՙՄի’  նայիր բուրգերի նախատիպ Մասիսին՚-

(Դժվար թե սֆինքսը նման չլիներ Նոյյան տապանին):

Արեգա’կ, որ բարձրացար ահա,

Ինչե~ր գիտես ու չես պարզում:

Օրինակ-որքա’ն պետք է կարևոր մարդ լիներ

այս  աստվածաբանը, որ անվաներ իրեն

ինչ-որ Ա. Չ-ով Շրի Շրամադ

Բհակտիվեդանտա Սվամի Պրաբհուպադա:

Ողորմելի’ Ռութ:

Չէ’. ինչո’ւ– Ցան Շուան ինձ մի դեղձ նվիրեց:

Պատշաճությունը, տե’ս, արևելուհու նման,

բերանը ծածկեց գլխաշորի ճոթով-

(չինական պայմանավորվածություն).

ՙամենաէրոտիկ միրգն է դեղձը՚:

Ու թեև նոյոն էր Ցան Շուա-

պասիվ արվամոլ այդ չինացին,

հոգու մաքրությունը իմ մեջ կրթել էր այս.

ՙՔաղցի կուլմինացիան ապրած մարդը

ազնվացեղ է դառնում՚:

Իսկ գուցե խնդիրը սա’ է, Կատյա,

ես ո’չ թե արդեն- այլ դեռ հիսուն տարեկան եմ3

և դեռ ապրում եմ ֆրեյդյան լիբիդոն:4

Ավերված ուշ սերը թշնամիս չտեսնի:

Շա’տ  ցավոտ հուշեր են, որ հիմա չխմեմ:

Մի’ անիր այդ, Կատյա,

թաց խռիվի ծուխը հեռացրու իմ քթից:

Ո’չ- անտանելի է այստեղ և դժոխքում`

ապրել դժոխքում:

                                Գ

Երգիր, Մըրյան Քերի, տար ինձ դրախտ,

Թող այնտեղ հանդիպենք ես ու մեղմ ձայնդ:

Երգիր- թող չմնա իմ մեջ և ոչ մի ախտ

Սիրո- կավերեմ, սեր, իմ սիրտ- բույնդ:

Օ~, իմ սրտում լույս կար ՙԿույսին՚1 հասնող,

Հույս կար-յոթ վերստ հեռվում տաքացողի համար.

Սերն ինձ դարձրել էր, Քերի, տեսնող

Նույնիսկ թթուներում կյանք, խինդ անմար:

Եվ պե’տք է արդյոք սա եզրահանգվի,

Սա, ինչի համար սիրտս դարձավ վեմ.

ՙԱյրվեմ, վերջանա~մ, բայց այնպես այրվեմ,

Որ մարմնիս բոցը սիրուն ժառանգվի՚:

Նրան սիրեցի Սուրբ գրքի վրա

Աջը դնողի երկյուղածությամբ,

վարդաստանի ողջ երազը տարա

Սիրուն, որ այն ինձ օժտեր հայտնությա~մբ.

ՙԵս քեզ սիրում եմ, ինչպես սիրում են

Շները լիզել իրենց վերքերը:՚:

Օ~, ինչ սեւ բոթ էր. ՙՆայիր, բերում են

սիրուդ ասքի դին, սիրուդ հերքերը:՚:

Ու սպառվեցի զերդ Ժողովողի ունայնությունը:

                                Դ

Բակի քառասունամյա բարդենուն

կոչենք հոբելյար,

Քանզի մայի’սն է` նաև ցայտաղբյո’ւր

արևի համար`

ՙԱնկախ Հայաստան՚ անկախությունից

հրաշքով փրկվա’ծ,

այն հիացնո’ւմ է այժմ իր սյուքով:

Դուք կռահեցի’ք- ես արժեքների’ց

կխոսեմ հիմա.

ուշ ձևավորված ազգերի’ համար.

դուք հիմնահատակ եք անում հինը,

որ պատմությունը հանուր մարդկության

դառնա այսօրվա.

հասկանո’ւմ եք սա.

արքան զատվում է իր պատմուճանով:

ՙԹող խավա’ր լինի,

ուր միաձո’ւյլ են աղբը և ոսկին՚:

Բայց արեգա’կն է ծագումնաբանը,

և ձեր գեները դեռ շա~տ օրեր են

ՙփամպերս՚ կրելու:

Ա’հ, ինչո’ւ եմ զուր ուղեղս տանջում,

ինչո’ւ եմ խառնվում Աստծո գործերին:

Բայց Սուրբ գրքիդ մեջ

հիշատակվող ողջ տեղանքից, մե’ր Տեր,

ՙՓթիրի դարպա’սը՚6 լոկ հասավ մեզ:

Մեկ տարի հետո տապանը նստեց “Այղրդաղ” սարին7

ՙԱյղրդա~ղ: Հա~, հա~՚,-

Նոյը ողջ կյանքում

այսքան լիաթոք դեռ չէր ծիծաղել:

Ա’հ, այս խոհերը ցերեկվա  բան չեն:

 

                Ե

Ինչո’ւ է այդպես.

ծիծեռնակները ահա նստած են հաղորդալարի’ն,

բայց` լարախաղաց ծիծեռնակներից

պատկեր չի’ շինվում:

Մենք էլ կշինենք. ՙծիծեռնակները

վարսավիրներ են՚ շատ լավ պատկերը:

Ով թևեր չունի,

նա է վտանգված ազատ անկումից,

և դյութ` GH-ից եկող ճիչերը գետնամածնի են:

Մարդն էր խնդիրը կողպեքի գյուտի,

և գյուտն այդ կլլեց թևեր շինելու երազը մարդու.

Արդ երիցս է մարդը գետնամած-

հոգով, մարմնով և իր էությամբ:

Սպիտակ ագռա~վ:

Ժպտացիր, սֆինքս, հավերժի համար:

Ջակոնդան ժպտաց թլիփիդ վրա:

Եվ` Արարա’տը`

մի քիչ ավելի մուգ օդից կերտված:

ՙՀազար-հազար կարաս նետաձիգ,

հազար-հազար ծառ` ձիավոր՚,-

Երգում էր բախշին:3

                Զ

Եվ դո’ւ, Հայաստա’ն-

ազդրակապերով շրջող ամբոխում,

դու փողկապ էիր երազում, պարո’ն,

և քո փողկապը դարձավ փողիդ կա’պ:

Ո’չ, մեր տոտեմը գայլը չի եղել.

Փռե’ք թևերը, գլուխը` բարձր,

ոտքերն` ա’յ, այդպե’ս.

և մի’թե խաչը մեր այս կռունկի

մեռած ձևը չէ:

Եվ այսպես, դարեր

սպասում էինք ինչ-որ խաբրիկի.

իսկ գարունները բերում էին հեն:

Եվ բա’վ է խաղանք մենք կրոնախաղ.

Օլիմպիոսում աստվածները շա’տ էին տխուր

և ծաղրածուի կարի’ք զգացվեց.

է~, թողե’ք, մարդի’կ,

մեր դի’ցն է նույնիսկ  խեղկատակ եղել2

և մեր տրտունջը երկինք էր հասնում

մեր այծ-աստծո եղջրափողով

ու կորզում ծիծաղ:

Հետո Հիսուսը

խաչ-կռունկո’վ ու այս կարգախոսով

մեռե’ք` որ ապրե’ք:

Եվ մենք սեղմվեցի’նք

կրկեսը խուցի վերածվելու չափ

և այս պատկերի:

                Է

Հարյուր պարկ աղ կշիռն իրենց,

քաշող եզներ և դեռ լո~ւծ, սա~յլ:

Սփոփանքը եզների` լո’կ

եղերերգն է խեղճ մարեի.

ՙԴումա’ն եկավ ու ձյո’ւն եկավ մեր արևուն.

Լացե’ք, հարսնե’ր`

Սա’յլն է դարձել ձեզ օրորոց,

ձեր ծծերուն, ձեր ծամե’րն են դարձել ծածկոց.

Ողի~կ-ողի~կ լացեք, հարսնե’ր:

Թո’ն է, լա~ո թո’ն է ու թա’ց.

մուժն է, լա~ո, երկինքն առել,

քոչվորի պես մերկ ու սոված,

էս ո’ւր կերթանք: Լսի’ր, Աստվա’ծ,

հայոց ա’զգն է քոչվոր դառել

ու անոթի~ ու անպատա~նք՚:

                Ը

Ո’չ, չե’մ նվնվա մեր անզորության

 ծնկներին նստած.

Դո’ւ, հարեմ մերժող:

գավաթի պատին հավերժացյա’լդ,1

Դու սկիզբ չէիր.

մեր արաների այրիությանը ծարավ

շամիրամնե’ր ենք դեռ պատսպարել,2

և Հաբե’թն էր ըստ Աստվածաշնչի

խիստ հեզաբարո:3

Բայց ինչպե’ս եղավ,

որ խլահավը դարձավ դյուրին որս.

դու քո դավերում տեսար, որսագո’ղ,

որ խլահավը խուլ է երգելի’ս.

Հայոց դաշտերում,

հունդը օծվում էր հորովելի մեջ

ու տրվում հողին:

Ինչ արդարացո~ւմ.

լսո’ւմ եք սեպո’ւհ-բդե’շխ-իշխաննե’ր,

դո’ւք, նախարարներ քինոտ ու քսու,

և դո’ւք, արքանե’ր անկար ու անկամ.

Նզովյա’լ լինեք, որ մեզ դարձրեցիք

համայն աշխարհի խեցեղենին` հումք:

Մինչդեռ, դո’ւք, պետեր ու վաշխառուներ,

բոզերի վրա ձեր ծախսած ոսկու

բյուրերո~դ բռից,

կարող էր ճայթել հազար հրացան:

Եվ դեռ այսօր էլ

մենք մեր խեղճությամբ հպարտանում ենք:

 

Թ

Եվ դո`ւ, գալիքի լուսե երեխա,

որ չսնվես սուտ տեսիլ-պատրանքով,

այս խոսքս լսիր.

որ մատուցվեր մեր կացութաձևը-

եղեգան փողից ելանեցին ծուխ

ու խարտյաշ բոցեր:

Բայց պետք էր զատել խարտյաշը բոցից,

և հիպերբոլը մեր չէ°ր ունենա

քնարական հունչ

և կկանգնեիք պատմության առջև

կատարյալ լմա°ն:

Լսիր նաև այս.

երկաթյա խաչը դիտվում է նույնպե’ս.

իսկ մենք ծախեցինք մեր Մեծամոր-մոր

հրաշք արգանդը,

որ նա ասորի քաջ լաճեր ծներ:

Եվ եթե այսօր տիկին  Սոֆիան1 է

ՙթմբուկն՚ իր խփում, վասն քո փառքի, սիրելի Տրդատ,

ապա չունեցանք ոչ  մի թնդանոթ

մեր աստղանիշով,

որ կոչնակ դառնար

գոնե ծնունդին արքայազններիս:

Մենք հար ծնվել ենք աշխարհից թաքուն-

համայնքի ներսում

ու` կրթվել` սնվել նրա անձուկով:

Եվ եթե փառքի ասպետներ ունենք,

դա լոկ. հանճարի (կաղապար վանող)

դրսևորումն է:

Մենք էգ ու արու- երկու քարերը

ամուսնացնելով, երկանք ստացանք

և ո’չ մի լրտես չերկնեցինք սակայն:

Լացս գալիս է.

Ճիշտ քառասուն դար- և ոչ մի լրտես,

ոչ մի հետախույզ

և ոչ էլ ճկուն մի դիվանագետ:

Եթե եղել են` ուրիշի համար, ուրիշի հողում,

իսկ մենք` միամիտ

հպարտացել ենք նրանց ծագումով:

Սա քեզ ասում եմ, գալիքի մանչուկ,

մեր սարսուռների յոթերորդ հարկից,

որ դու լավ խորհես քո կառուցելիք

նոր շենքի հիմքի ամրության համար

և ըմբռնես այս.

հարգանքը առ քեզ պետք է նվաճել

մուրացկանի մեջ ոչ ոք չի փնտրել

գեղեցիկ հոգի:

 

Ժ

Չէ, մի գավաթ սուրճի իսկը ժամանակն է:

Շրջապատված եմ պառավներով-

այս սալօջախը, բակի հոդախախտ, պառավ  թթենին.

/Ծաղկած եղրևանին վարդի ճիչ չի սփռում/:

Արևը բարձրացել է ահա ու շինել միջօրե-

օրվա միակ պահը, երբ արև-վահանով,

մեր և Աստծո միջև կապը խափանված է:

ՙԱթեիզմը վկայում է խելքի ուժի մասին,

սակայն չափազանց սահմանափակ ուժի՚:

Լարոշֆուկո:

Արևը զենիթում է, հիշե’ք:

Սա Սուրբ գրքի զարդն է.

երկու այտիդ վրա նույն վաստակը` կապտուկ:

Օ~, խեղճ կղեր, ահա մագաղաթ եմ տեսնում

քո նուրբ մաշկից լմված

և ձևված նեղ շեղբով թաթարական աչքի:

Քո արյունով գրված,

ՙԹե աջ այտիդ խփեն` ձախդ պարզիր նույնպես՚:

Հիմա’, քաղաքակիրթ այս դարում է նույնիսկ

միտքն այդ ցնորական:

Եվ մենք շտապել ենք մարդկության ողջ կյանքի

գոյության ճիշտ չափով:

Ո’րն է ճիշտը սակայն.

գեղեցկության առջև քանի դեռ չեն  ծնրել,

այն պահպաանիր սրով և սփռիր այն սրով,

որ չկանգնես վաղը ժանտափշի դաշտում:

Իսկ մենք կանգնեցինք և մերկ կանգնեցինք-

ու արդյունքն ապա` մի թզաչափ երկիր:

Պատմությունը ժահրող այն ո’ր ազգն է կանգնել

ՙխոտորնակի՚ առջեւ

նախճիրներից հետո ընտրելով մի տասին.

– Ահա’ նոխազները,- այդ ազգերն են ասում2

և դառնում են իրենք արդեն պիղատոսներ:3

Իսկ թող մարեն երգի.

ՙՋուխտ մատս կտրել է աղենի լարը,

դարդերս չցրեց անվերի սարը,

կիտուռն եկավ, լա’ո, սրբեց բե~րք, կռո~ւթ,

ա~խ, ո’ւմ գլխին խփեմ իմ սիրտ` սև քարը՚:

Սա ասում եմ քեզ, ապագայի մանչուկ,

որ դու ձայնես մի օր Ագռավաքարն ի վեր.

– Լսի~ր, գարին ի’նքդ ընկույզաչափ դարձրու:

 

                ԺԱ

Բնությունն ինչ բան է:

խեղճ էսկիմոսներ:

Այո’, դուք տեսել եք երկու կետի սերը

կենդանի առագաստ` երրորդ կետի վրա:

Բայց դուք ծիրանենի երբեք չեք տեսնի-

ապրիլի սկզբին նրա տաք-սպիտակ

ու անթաքույց ճիչն է.

– Ես հենց հիմա հարս եմ, հիմա’, այս վայրկյանիս:

Եվ ահա` խաղաղ է-

լցված մայր դառնալու ներհուն հպարտությամբ

իր պտուղն է գնդում:

Թավշյա զգեստով է, իրեն տաք է պահում:

Դե’, իսկ նոյեմբերին անպայման կընկնի,

ոսկու արժեքը:

Տե’ս, տանձենին դժգոհ մի երկու ճյուղ շարժեց:

Սակայն ինչպե’ս, ախր քամի չկա:

Շնորհակալ եմ, կաչաղակ.

Այո’, իմ տանձենի, նաև` պղնձի:

Ծառե~ր, ձեր կենացը, ծառեր,

ներառյալ նաև ՙառկախ՚ այգու:

 

                ԺԲ

Եվ պատմությունը եղծելու համար,

այն ո’ր ազգին են վերջնագիր նետել:

Մի գիշերում է հնդեղեգն աճում,

իսկ. արմավենի տնկողը-բարը

չի տեսնում նրա:

Ազգե’րն են այդպես.

Ե’րբ ենք ընտրելու.

ՙՈւժեղն է արդար- արդա’րն է ուժեղ՚

այս բառախաղի ոսկե վերջինը:

Եվ ո’վ ինձ կտա չարենցյան հավատ,

որ ես գլխատված արևը տեսնեմ

շեկ աքաղաղի նարոտի տեսքով:

Ո’չ, ես չեմ կարող գոբելեն հյուսել,

երբ տասից ինը մատներս են հոտված:1

Արդ փրկված մատս թող հելուն դառնա

ՙակն ընդ ական՚-ի ահեղ պահանջի:2

Մեհյա’ն եմ տեսնում,

մորթվող ցուլերի արյան գոլորշի

և սո’ւր եմ տեսնում`

դրված համբույրի տա~ք բարձի վրա:

Սա ասում է քեզ, գալիքի մանչուկ,

Հայսմավուրքի հետ եղեռնապուրծս.

ՙՄեկտե’ղ են սա և հոգու կիրակին՚:

 

                ԺԳ

Թող վերջնատանջը մի քիչ տանջի մեզ.

ՙՄոլորված ոչխար եմ- կորցրի գառս,

Թևերս ծառեր են- բար չի տա բաղս,

ընկել եմ սարեսար ու արյուն կուլամ.

Սևասիրտ, ի’նչ արիր- սև կապեց զառս:

Էլ կալը չես տանի օրանի սելը

ու էլ քեզ չի վառի շանորդու դելը.

Կոսպանդդ էր կանաչ- սևոտվեց, լաո,

Սիրտդ` կակաչ` թոշնեց-ցողունն էր թելը:

Ամպել է- մութ է, ա~խ, ամպել է-մութ է,

Ավեր դառնաս, աշխարհ, սիրտս կապուտ է.

Տատրակ հավքը բնում արյունով խեղդվեց,

Ամպերի խարն եկավ-դումա’ն է, մո’ւթ է՚:

Ի’նչն է այստեղ ճիշտ,

այս զարհուրելի եղերերգի մեջ:

Ա’յն, որ կորցրեցինք

և որ ունեցանք բութ կառավարներ:

Այն, որ ծեծեցինք ուրիշի կալը

կապված բերանով

և անդրանիկյան ոգու խենթ ճիչին

չեղանք ունկնդիր:

Անիծիր, մարե’, ծոմի եզներիս:

Անիծիր նաև մեր եղջյուրները` հավատի սափոր:

Անիծիր սրա’նց-հայ շինականի

բախտի այրերին,

որ իրենց քթից հեռու չտեսան,

բայց երկու ծովը այնքան լավ տեսան,

որ երրորդ ծովը չնկատեցին-

մեր արյան ծովը:

Եվ դո’ւ, շռինդի վիթխարի պոետ,

Չէ’- քո քրտինքից ծնված Պողոսը

շտապեց ուղիղ դեպի արևը,

երբ երկրի վրա գայլերին սաստող

լապտերն էր անտեր:

Բայց ի’նչն էր ճիշտ, որ ճիշտ էր կոչվելու.

Սա` ցախավելի ճյուղեր դառնալուց

չխուսափեինք-

հայ ոգու տունը իստակ կմնար:

Բռո’ւնցք եմ տեսնում, ինչ որ քարտեզի

կերպափոխություն:

 

ԺԴ

Ի’նչն է այսօր ճիշտ.

Սա Հայաստա’նն է:

Ես ձեզ հարցնում եմ- սա Հայաստա’նն է.

Սովյալ մանուկներ,

Դուք ո’ր դժոխքին մեզ կարժանացնեք:

Երեսունամյա հայ կինը այսօր

փակ բերանով է ծիծաղում միայն-

ատամներ չունի.

Իսկ պրոթեզի փողը հացինն է:

Քառասունամյա հայ կինը այսօր,

ում առագաստը պետք է հուր ժայթքեր

ի հիացք սիրո,

անթաքույց ծեր է:

Ումի’ց պահանջենք ձեր, ավա~ղ, չապրած ապրելիք կյանքի

Մեծ ժամանակը, հայ չքնաղ կանայք:

Մարազմ` և միայն:

Ծաղկած բալենին էլ հարս չի թվում-

մակդիրն է մեռել,

քանզի հայ միտքը շուկաներում է:

– Դպրությո’ւն- հա~, հա~- մենք` ՙնոր հայերս՚

և սելջուկ թուրքը,

ինչ որ լսել են այդ բանի մասին:

Եվ վաճառվեցին դպրատո~ւն, դպիր:

Ումի’ց  պահանջենք քո ոսկեղենիկ

տառերի ջարդից` ոթված մելանը-

սուրբդ շուռ եկած քո շիրիմի մեջ.

ՙՌաքելն էր լալիս և չէր սփոփվում-

քանզի չկային:՚:

Ումի’ց պահանջենք սպիտակ ջարդի

սև արյան գինը:

–Գn~ւյժ, գո~ւյժ,- ագռավն է,- տեղահանությո~ւն:

Ումի’ց պահանջենք արաբ աշխարհի

բոզանոցների հայ աղջիկների

տառապանքների փոխտառապանքը:

Դուք սուրբ ծնվեցիք, պղծվեցիք սակայն,

իմ շողակաթներ:

Ներեցեք-տեսեք- ես լաց եմ լինում:

Ռուսիան, Եվրոպան ահա լցված են սևուտիչներով.

և դրանք` մենք ենք:

Ումի’ց պահանջենք տիվ ու գիշերվա

ձեր բարկ մրմուռի անթրոցի հումքը,

Օ~, հայ պանդուխտներ:

Եվ դագաղներ են Հայաստան բերում

ինքնաթիռները, որը` մեկ հատ,

(Փա’ռք, փառք Քեզ, Տեր Աստված),

որն էլ` վեց, յոթ, ութ:

Աղբանոցներ են խլվել շներից.

Ամեն մի մատը` մի ոսկի հայը,

ոսկյա մատներով աղբ է քչփորում,

 որ` մեջը պղինձ, մի կտոր մալուխ

գտնի տիկ հանի:

Ումի’ց պահանջենք` երբեմնի տան սյուն

այս ՙբարբարոսի՚

անեծքի փոխված նախկին օրհնանքը:

Ումի’ց պահանջենք նրբավարության

վրայի թքի շերտի մաքրումը.

Չէ’, գռեհկացավ մի ողջ ժողովուրդ.

վասնզի այսօր

հարստությունն ու աղքատությունը

հակամետներ են-

տաղանդը խուժ է և խուժը տաղանդ:

Ումի’ց պահանջենք մեր վերելք ապրած

ու անկած ոգու ջարդված թևերը:

Նեռն է մոլեգնում,

գութն է սև աղվես,

նաև խնջույքն է բորենիների:

Հեքիաթի ջինը մի գիշերվա մեջ

երկրին ՙնվիրեց՚ հազար քաջ Նազար.

բոլորը ստոր, բոլորը լպիրշ

ոչինչ չտված, որոնք ուզում են:

Երկրի ինչքի, բարիքի ու բախտի

փայատերերն են մի խումբ տականքներ,

որոնք թքել են մեր վաղվա վրա:

Կաշա~ռք, գողությո~ւն, ավազակություն,

չգործող օրենք, անճիշտ լրագիր,

մեղսոտ ոստիկան, գջլող պաշտոնյա,

հափռող հարկադիր, քսու նախարար,

անխիղճ դատարան, հանցապարտ ատյան,

Յանուս նախագահ: Պետական ոչ մի մտածողություն`

ուրագի որակ:

Ումի’ց պահանջենք մեր ռախիտացվող

ոգու գեների ապաքինումը:

Հրեշածին է ձեր մաֆիան նույնիսկ:

Մռա’յլ պոետ եմ եմ,

Ի’նչ-չունեմ արդի մտածելակե’րպ.

բայց Երեմիայի ողբը կարդացեք

ու Նարեկացու

և եթե դրանք զերթ կիսված խնձոր

նման չլինեն իմ ողբած ողբին,

ես ստահակ եմ:

Այնինչ, լսո’ւմ եք,

Դարը կոչվում է ՔՍԱՆՄԵԿԵՐՈՐԴ:

                ԺԵ

Օ~, Տեր, սիրտս լի է տարտամ տրտումով`

Երեկ զարկվա’ծ  էինք այսօր`  զրկվա’ծ ենք:

Մանուկներն են շրջում առնված ատամով`

Մեծերն ազոխ կերան` ու մոլորված ենք:1

 

Արժեքների ջարդ է, սպիտակ ջարդ է

Մուրալը մեռնել չի այլևս սեպվում:

Աղանդերի հուշն է սեղանի զարդը,

Թեստեր անցած աղբն է աղբանոց թափվում:

 

Քաղցի հետ պատվաստված մեր աղոթքների

Բարը դառը ողբն է ու աղու ախն է:

Շուկայում է ոգին հայկյան քանքարի,

Ցեղի սիրտը խուժի ծաղրի թիրախն է:

 

Տե~ր, Տե~ր, ամբարիշտը փառքի գագաթից

Բավական է ծաղրի քեզ ընտրածներին.

Թող և այս կյանքում Քո ցասումից, գութից

Ըստ վարքի` բաժին գա հեզին, պիղծերին:2

 

                ԺԶ

Խոհական- սակայն օգտակար շեղում.

Կյանքը` քարավան և մենք ուղտեր ենք,

իսկ ժամանակը` քարավանապետ,

որ մեզ է բարձում մեր ապրած տարին

ու` մահ, գալիս ենք:

Րոպեն ժամի մեջ, սա` օրվա, օրը…

մատրոշկաները:

Դեռ Սիմոնն ուզեց գնել արծաթով,

չխորհելով, որ լույս ու խավարի

մուլատ զավակներ աստղերը նույնիսկ

չգիտեն կոդը հավերժի փակի:

Խե~ղճ փարավոններ,

ձեր այդ շոգ երկրում, չեք էլ կռահել,

ու մամոնտը ձեզ վաղուց էր կանխել:

Իսկ Ապոլոնի շիրիմի վրա,

իր ողբն է ասում ծղրիդ Սիբիլլան2

– Հառնի’ր, որ մեռնեմ:

Տապանաքարե~ր, տապանաքարե~ր-

ամեն վայրկյանը` մի տապանաքար:

Չէ’, պահեստային շարժիչ կունենա

այս տիեզերքը, թե չէ խայտառակ

լիտոտա կապրի:

Իսկ կաթնծիրի ինկուբատորը

խոհն  այս չի’ խառնի իր ճուտիկներին-

կյա’նք-շարժուն համրիչ հավերժի ձեռքում,

որն իր խոհերում սերունդներիդ է

հատ-հատ գլորում:

 

                ԺԷ

Ինչո’ւ համար էր շեղումն այս, մարդի’կ.

Որ, ահ, մատուցենք-

կյանքի խնդիրը հասու է նաև

փոքր ազգերին:

Բայց նրանց` կյանքն այդ նախ պետք է ապրել.

չէ’ որ հրաշքով մեծ Նարեկացին

չդարձավ մեռած լեզվի բանաստեղծ:

Ձագն իր մորից` կյանք-

մայրը իր ձագից գութ է ստանում:

Արդ մայրեր եղեք, օ~, հզոր ազգեր,

կաթնատու մայրեր և ոչ` կաթնաառու.

Պետք չէ մինչևիսկ նրբակիրթ լինել

ըմբռնելու այն,

ինչը կովին է նույնիսկ մատչելի:

Հարաբերակցման մեջ է տեսակը

ինքնություն դառնում,

և կշեռքի մեջ հա’կն է կարևոր,

թե’ կշռաքարը- դժվար է ասել:

Ազգերի մասին.

Թո’ւյլն է հզորին չափի մեջ պահում

և հողագնդի հոլովն` այդ չափը:

Ինչո’ւ համար էր շեղումն այդ, մարդիկ:

Եվ տեսեք, թե ձեզ ի’նչ կասեմ` ահա.

Մենք եղբայրներ ենք, մինչդեռ` մորթ է,

Ո’վ է խրախուսում այս Սոդոմը,

Ախր չէ’ որ մի մոտիկ պորտ է,

Ձգվում մեզանից դեպի Ադամը:

 

                ԺԸ

Տարվեցինք խոհերով և դրսում ահա

Ժամը երեքի արեգակն է:

Վերջ- Քրիստոսը հասցվեց Գողգոթա:

Գիտե’ք, ինձ նաև Սիմոնն է հուզում-

բանող տեսակի, հաղթանդամ

մարդ էր գուցե նա`

որտեղ` գործ-այնտեղ` Սիմոնն ո’ւր է:

Եվ արտն էլ թերևս իրենը չի եղել:

Ահա, նա` Փրկչի հետևից գայթելով

բարձրացավ սարը, խաչն իջեցրեց ուսից,

փոսը փորեց, խաչը տնկեց,

հողը տփտփացրեց ծանր ոտքերով:

Բայց ահա- գամեր նա չէր խփի-

չարություն է պետք դրա համար,

կամ անասնական ապուշություն,

որը համոզիչ չի թվում-

նա Աղեքսանդրոսի եւ Ռուփոսի հայրն էր:

Եվ ըստ իս, նրան կարելի է ողորմի տալ-

Երկու ավազակը` իրենք են կրել

իրենց խաչերը:

Իսկ ահա- ամբոխը հռհռում էր:

 

                ԺԹ

Այ դա իրոք խաղ էր.

հինգ գեր, հաստ քեռիներ

բռնեցին աղջկան,

վեցերորդը խաղաղ, (որոճալու նման խաղաղ)

բռնաբարեց,

և բեմ շպրտվեցին նույնիսկ ծաղկեփնջեր:

 

                Ի

Ի’նչ է կուլտուրան,

և կուլտուրական ո’ր ազգն է կոչվում,

Այն, որ պեղում է անդրենածինի,

(անդրենածինից թափուր)

երկրի դամբարանները,

որ ստվարացնի գինեսի գի’րքը:

Թյուր միջոցառում.

ՙՔանդեք տաճարն այս,

և երեք օրում այն կկառուցեմ’:1

Իսկ մինչ այդ քեզ մի առասպել պատմեմ,

գալիքի մանչուկ:

Սրբորեն խոնարհ մի ազգ էր կենում

քաղցած բորենու հարևանությամբ:

Եվ էլի` հինգ ազգ`

աշխարհի բախտի խաղասեղանի

շուրջը բոլորած:

Ու ահա- սրանք

աշխարհը ծախել- առնելուց հետո,

սրբորեն խոնարհ այդ ազգի շուրջը

վեճի մեջ մտան- լեզու չգտան

և պիղծ ՙխմբովին՚ դրվեց սեղանին.

Եվ ֆրանսիական բոզանոցներում

կնոջ պակաս կար,

և անգլիական նավերի վրա

էլ քամի ծամող նավաստի չկար,

և ամերիկյան  մուստանգը

պետք է լկամներ կրեր,

և Ռուսիան պետք է իր մի թիզ

հողը դարձներ թիզ ու կես

(ավերակ էր պետք վհուկ Յագային),

և Գերմանիան էր իր սրտի մաղձից

քամակն իր խայթում,

որպես կրակի օղակում` կարիճ

և սրտի մաղձից` վճռեց իր հողում

ՙմեկ հայի համար՚ թանգարան հիմնել:

Ո’չ, ինձ չի դյութում շիրազյան ողբը

վառվող վանքերի մակաղից լսվող:

Ջարդեք դռները,

և թող ես կոչվեմ անակուլտուրական:

Ջարդեք դռները, եւ մի լավ նայեք

վեղարներին` խաչ- <<հոգեսեռամոլ>>,

այդ մեծ ազգերին:

Եվ չասեք նրանց` շնորհակալ ենք.

այդ ոչ թե` նրանք,

այլ մեր ոգին է այնտեղ մեզ պահել:

Սա քեզ ասում է, գալիքի մանչուկ,

հազար լեգենդի փրկիչ-պատմիչը,

որ դու  Իկարի ոգին չլքես.

Իկարը կգա, այս անգամ արդեն

կոփված թևերով2

և քեզ կտանի զուգավորելու

արեգակի հետ,

որ շեկ Վահագնը կրկին աշխարհ գա:

Արև եմ տեսնում- սայլանիվ արև:

 

                ԻԱ

Թող քո մոտ այն տպավորությունը

չստեղծվի, սիրելի ընթերցող-

իբրև ես ողջ օրը նստած

մտագարություն եմ խաղում:

Ո’չ, ես նախ այգում եմ եղել,

ուր մրջնառյուծն ու սարդը կռվում էին,

երբ մեղվի առաջին թռիչքի հետ չվերթն էր:

Չգիտեմ Իթաքիաում ինչպես,

բայց մեզ մոտ, մայիսի տասնհինգին,

(այսօր ծննդյանս օրն է).

ծիրանի ազոխը ճիշտ կաչաղակի ձվի չափ է:

Խանութից գնել եմ ծխախոտ,

(ծերունի  Ղամեքը հանդիպեց).

Հա’, հայրդ լավ մարդ էր:

Է~, ապրում ենք, գառ ջան՚:

– Սուրենի: Սուրենի տղան եմ:

– Հա’, հայրդ լավ մարդ էր:

Եվ թվաց- հեռացա ինձ նայող քարափից:

Խմել եմ հինգ թե վեց գավաթ սուրճ,

(ի հեճուկս Քեթրին Մենսֆիլդի),

համարյա` մեկ երկրորդ- շիշ ՙՆաիրի՚:

Լսել եմ Քերի և Արմստրոնգ,

(Ջեքսոնը ծավալ չի մատուցում) :

Թերթեր չեմ կարդում,

քաղաքականությանը չեմ հետևում,

հեռացույց համարյա չեմ դիտում.

(խորագետները համակարգիչներ են,

կաճառները- վազքուղի հանված սևուտիճներ:

Բայց սա անտարբերություն չէ.

ուղղակի, տարիների մի քանի

փամփուշտ է մնացել

և ավելի հաճախ գերեզմանատան

շիրմաքարերին եմ բաժակս խփում,

չնայած երեկ, բակի աղջնակների հետ

պարան եմ խաղացել:

Ինչո’ւ է այդպես- մարդը գիտի` մեռավ

և իր համար ողջը վերջացած է:

Փայց փառքի է ձգտում:

Եվ եթե` ըստ թափառական հրեայի.

ՙԱնմահությունը անեծք է՚3

չենթադրվի’, որ մենք մեզ հետևում ենք

մահվան երկրից:

Երեկոյացավ:

 

                ԻԲ

Ոսպնյակ է. Աստված արքայությունդ

Եվ նրա մեջ է ողջը փնջվում.

Եվ կայծոռիկի լույսի բողբոջը

Եվ լավաները` աստղի հրանյութ:

Մեծ ըմբռնման մեջ Քո գալակտիկան

Կոնկրետանում է` վասնզի գունդ է:

Ուստի ոստայնը Քո գահապատկան

Նրա միջուկն է, այն սնող հունդ է:

 

Եվ արևային հիսուն համակարգ,

Հիսուն կաթնածիր պատկանում են Քեզ,

Բդեշխ աստղերիդ թե Քեզ մոտ կանչես-

Կենթադրվի միլիարդ տարվա վարգ:

 

Եվ ժամանակի վարգաձիերը,

Որ այն քառաթույր չորսից վատթար են,1

Քո արքայական այգու մարգերը

Երբեք չեն մտնում, որ չտրորեն:

 

Քանզի, Դու, Տեր իմ, չես ապրում, այլ կաս,

Մեր մտքից դուրս ես, մեր հավատի մեջ:

Կարճամիտն ունի հավատի պակաս`

Սուրբ իրքը ունի հազար-հազար էջ:

 

ԻԳ

Երկինքը վառեց իր ճրագները,

և ծղրիդները պուտ առ պուտ

յուղ են լցնում նրանց մեջ,

որ գիշերն իրենց ըմպեն ցմրուր:

Ի~նչ տառապանք էր`

Ի~նչ տառապանքով ես ու մի հաբեշ

փոխանակեցինք մեր բախտ-աստղերը:

Հիսո~ւս Քրիստոս.

ոսկյա գիսերով մի ասուպ-աղջիկ

անդունդը նետվեց:

Ալլո, լսո’ւմ ես,

Կատյա, քո աստղը չես փոխանակել:

Այո, ես խենթ եմ, խելագար, Կատյա`

Ռումբի գյուտի պես.

հիսուն տարին` ոչ, տասնվեց տարի չէ:

Ինֆֆուզորիայի հոդերը մերսող

ինձ տարեկից շատ այրերի` այսօր

փառքն է մանկլավիկ:

Գրողի ծոցը- սև տարիներին

շան առջև նետած հացի պես ծանր

հոգեվիճակն այս.

սիրտ իմ, հպարտիս դարձիր աղանդեր:

Թեյի բաժակը տեր դարձավ-լքեց

սորուն կոնյակին:

Շուրջպարի սյուիտ:

Կինն իր ձեռքերը կանթեց կոնքերին

ու դարձավ սափոր:

Հիսո~ւս Քրիստոս` կենդանի ձիեր:

Մեծ քաղաքի տակ

կոյուղիների ուարույն աշխարհն է:

Ոչ մի բեկված խոտ, տրորված` ծաղիկ-

տեսեք գիշերն ինչ հուշիկ էր նստել:

Իսկ  սրունքներդ

ասեղների տեսք ունեն, սիրելի~ս:

Ա’հ, սուրճս թափվեց, գրողը տանի:

Չէ- ես ձեզանից ո’ւմ եմ պարտական.

վարքի ու կարգի համար կարող եք

դիմել ուրիշի:

Թյուրիմացաբա’ր եք դուք Ռութ գնել-

մի օր կհատնի

գլանաթուղթը ձեր զուգարանի:

Բայց թանկ է իմ ու ձեր թոռ ու ծոռի

մտերմությունը.

 

ԻԴ

Զի լսել գիտեմ- լսում եմ նույնիսկ

աքաղաղ նյութող ձվի ծուղրուղուն.

դուք կմնաք սոսկ

պլանկտոնների ցեղ հեղգ ու բեղուն-

ժամանակ կետի որովայնին` խար,

եթե չզուգվեք արդի սերթուկով`

մարդակերության դեմ զենքով այդ նոր:

Բրածոյացած ազգերն ապագան

տեսան Ֆիդիասի մարդկանց աչքերով,1

իսկ նա, ով գրեց տուրբինի ֆուգան,

աճուրդ կմտնի լուսնաքարերով:2

Միայն հուշերով սնուցվող ցեղը

ազգ չի դառնա, ոչ- վերցրած լոկ սագա,

բիլինա, կամ` ասք` ահա իմ դեղը-

չես կարող մտնել ազգերի լիգա:

Սիրո վրա կեղծ արգելքներ դնող

ազգը կգնա ինքնակործանման.

ճիշտ չէ, երբ ՙՇատլը՚ տիեզերք տանող,

իր կողի վրա չունի Ջորջ Արման:

Երբ հողդ վարմն է մտքերիդ կանդի-

փրչոտ մղձավանջն այնտեղ կքորվի,

և վհուկ-ջադուն ավելի, սանդի,

ձյունանույշի լույս տոհմից կսերվի:

Բերում են` խինդը` խինդ, և վիշտը` վիշտ,

բայց իրենց ձի, այծ, հավ պուպրիկներով,

երկա~ր կխաղան ամպերը զավեշտ

հավերժի համար: Մնացեք բարով:

 

 

                ԻԵ

Բարի գիշեր, Տեր իմ, ուշ է արդեն:

Փրկիր այս  ազգին հար տառապած,

Նրան խաղաղ նիրհ տուր, Ժիր այգաբաց-

Թող տեր կանգնեն իրենց տանն ու արտին:

 

Տուր անխռով դատում, քաղցր խոնջենք`

Նոյան օրհնանքներով քայլեն, երթեն.

Հեզ Հաբեթիդ տունը չուտի տանջանք,

Կրկին չզարնվենք ջարդին, մորթին:

 

Ապա տուր այս ազգին խորահուրդ ծինի,

Կոչիր կանանց սերվել ու առաքել,

Կանխիր` սակայն մայրը նորածինի

Չդառնա հին ողբի մի նոր Ռաքել:1

 

Շնորհակալ եմ, Տեր, ինձ լսեցիր,

Քո արյունը թող մեզ անի իստակ,2

Շնորհակալ եմ, և որ անսացիր

Եվ հայ տարմը առար անուրիդ տակ:3

 

                ԲԱՌԱՑԱՆԿ

գոս- հյուծված

ժպիր- լկտի

ժախուկ- ծովաբողկ

ժանգառ- ժանգակերված

իցիվ- օ եթե, գոնե

լանգառ- հավասարակշռիչ

թառթառ- պտտասյուն

լոթռիկ- որկրամոլ

խար- կեր

խին- յուղ

ղրփել- հատել

յոթնիցս- 7x7

ղեյրաթ- ջանք

յուրք- մերոնք

ներհուն- խորաթափանց

պճռակել- բանսարկել

պուղել- վանել

պտղի- տուրք

ջամբ- կերակուր

ջնարակ- անուշահոտ խեժ

ջոլար- ամբոխ

ռահմ- խիղճ

ռոշնական- մաքուր

ռոկեղ- քարաքոս, որքին

ռութ- մերկ, դատարկ

րոդեն- սանդ

ՙր-՚- 5000

ուղփ- արև

փայիկ- բանբեր

փարվան- մատաղ

փերթել-կտրատել

քենթիկ- հղփոտ

քոշ- այծ

քոշ- կոշիկ, մաշիկ

ֆալ- մոգություն

ֆալախկա- պատժակոճղ

 

                ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ

                Բ

1. ՙՓոքր Արջ՚ վզնոցը- ՙՓոքր Արջի՚ համաստեղությունը:

2.  Շրի Շրիմադ Աբգաց Չարան դը Բհակտիվեդանտա Սվամի Պրաբհուպադա- Հնդկացի աստվածաբան. ՙИсточник Вечного наслаждениия ՚:

3. Ես ոչ թե արդեն- այլ դեռ հիսուն տարեկան եմ- Գևորգ Բրուտյան. ՙԻմաստասիրական երկխոսություններ՚, երկխոսություն երրորդ: Արդենը և դեռը- հոռետեսի և լավատեսի աշխարհընկալումներն են:

4. Եվ դեռ ապրում եմ Ֆրեյդյան լիբիդոն- ՙԼիբիդոն- գիտության ոլորտից դարձվածք է հուզականության մասին: Մենք այդպես ենք անվանում էներգիան այն սկզբնական ցանկությունների, կանչերի, կարոտների, որոնք գործ ունեն այն բոլորի հետ, ինչը կարելի է ընդհանրացնել սիրո հասկացության հետ՚:

                                Զիգմունդ ֆրեյդ թարգմանությունը հեղինակի

 

2. Ու սպառվեցի զերդ ժողովողի ունայնությունը- Աստվածաշունչ ժողովող. ՙԿյանքն անիմաստ է՚:

Դ

1. ՙՓթիրի դարպասը՚ լոկ հասավ մեզ- Նէեմիի գիրքը. ՙԵս դուրս եկայ Հեղեղատի դռնով, անցայ թզենու հողամասի եզրով և գնացի մինչև Աղբանոցի դարպասը՚: Էլիոթի ՙվեմը՚-ում, այն ՙՓթիրի դարպաս՚ է թարգմանված:

2. Այղրդաղ- Արարատի թուրքական անվանումը:

3. ՙՀազար-հազար կարաս նետաձիգ,

հազար- հազար ծառ ձիավոր՚:

Երգում էր բախշին.

ՙՀին ժամանակներում մարդիկ կարգին հաշվել անգամ չեն իմացել: Պատմում են, որ մի թագավոր, ցանկանալով իմանալ իր հետիոտն զորքի քանակը, զորքն անց է կացրել խումերի` մեծ կարասներին կողքով: Ամեն մի զինվոր կարասի մեջ մի դրամ է նետել: Կարասները մեկը մյուսի հետևից լցվել են, և այդ եղանակով միայն թագավորն իմացել է, որ ինքն այսքան-այսքան կարաս հետիոտն զորք ունի:

Հեծելազորի հաշվարկը կատարվում էր ծառերի օգնությամբ: Բերդի դարպասի մոտ ծառ էին նետում: Ձիերը ոտնակոխ էին անում ծառը, տրորում: Մի ծառը փոխարինվում էր մյուսով, և այնքան ժամանակ, մինչև որոաշում էին հեծելազորի թիվը՚:

                Կայում Թանգրիկուլիև ՙԴութարը երգում է՚:

Զ

1. Ո’չ` մեր տոտեմ գայլը չի եղել- ՙԵվ մեր տոտեմը եղել է գայլ՚:

                                Չարենց. ՙՊատմության քառուղիներով՚

                2. Մեր դիցն է նույնիսկ խեղկատակ եղել- Այծեղջյուր. հայոց դիցարանի աստված, որն իր ծամածռություններով զվարճացրել է Օլիմպիոսի աստվածներին:

                Ը

                1. Դո’ւ, հարեմ մերժող-

                Գավաթի պատին հավերժացիալդ- նկատի է առնված սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը, որը գերևարեց պարսից շահի հարեմը և ասպետաբար այն ետ վերադարձրեց. և շահը գավաթի պատին դրվագելով ասպետի պատկերը, այդ գավաթով էր խմում:

2. Շամիրամներ ենք դեռ պատսպարել- ՙԵրբ պատերազմը սաստկացավ, Շամիրամը փախուստ տվեց Զրադաշտից և դիմեց Հայաստան՚:

                                Մ. Խորենացի. Հայոց պատմություն

3. Եվ Հաբեթն էր ըստ Աստվածաշնչի խիստ հեզաբարո- Հաբեթ-Գամեր-Թիրաս-Թորգոմ-Հայկ:

Խորենացի- “Հայոց պատմություն”, գլխ. Ե.         

                Թ.

1. Եվ եթե այսօր տիկին Սոֆիան է թմբուկն իր խփում վասն քո փառքի, սիրելի Տրդատ- ճարտարապետ Տրդատը վերակառուցեց Սոֆիայի տաճարի փլուզված թմբուկն ու գմբեթը:

                Ժ

1. ՙԹե աջ այտիդ խփեն` ձախդ պարզիր նույնպես. ՙՈւսուցում վրեժի շուրջ՚. Մատթ. 5:38-42, Ղուկ. 6:29-30: Բայց ես ձեզի կսեմ. ՙՉարին հակառակ մի կենար, հապա եթե մեկը ապտակ մը զարնե աջ ծնոտիդ, դարձուր անոր միւուսն ալ՚:

2. Ղևտական 16:7-10

3. Եվ դառնում են իրենք արդեան Պիղատոսներ- Յիսուս մահուան կը դատապարտվի. Մատթ. 27:24-25. Պիղատոս տեսնելով որ օգուտ մը չունի, հապա ա’լ ավելի խռովութիւն կըլլայ, ջուր առավ, ձեռքերը լուաց ժողովուրդին  առջև ու ըսավ. ՙԵս այդ արդարին արիւնեն անպարտ եմ. Դո’ւք մտածեցեք՚:

                ԺԱ

1. Ներառյալ նաև ՙԱռկախ այգու՚ Աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը` Շամիրամի ՙԱռկախ այգին՚:

ԺԲ

1. Երբ տասից ինը մատներս են հոտված- Հայկական հողերի 9|10-ը  խլված է:

                2. ՙԱկն ընդ ականի՚ ահեղ պահանջի- Ելք 20:24- ՙԱկն ընդ ական, ատամն ընդ ատաման՚:

                                ԺԵ

                1. Մեծերն ազոխ կերան ու մոլորված ենք-  Եզիկել լխ. 18:1

                2. Ըստ վարքի բաժին գա հեզին, պիղծերին- ՙՃշմարիտ երանությունը- Մատթ. 5:3-12, Ղուկ. 6:20-23

                ՙԵրանի հոգիով աղքատներուն, վասն զի երկնքի թագաւորությունը անոցն է: ևլն:

                ԺԶ

1. Դեռ Սիմոնն ուզեց գնել արծաթով:- Երբ տեսավ Սիմոն թե առաքեալներուն անոնց վրայ ձեռք դնելովը Սուրբ Հոգին կտրուի, անոնց ստակ տուավ ու ըսավ. ՙԻնծի ալ իշխանություն տուեք, որպեսզի որու վրա ձեռք դնեմ, անիկա Սուրբ Հոգին առնէ՚:

                                                Գործք Առաքելոց- 8:18-19

                2. Իր ողբն է ասում ծղրիդ Սիբիլլան- Ըստ լեգենդի կումեյան Սիբիլլան Ապոլոնից խնդրում է այնքան տարվա կյանք իրեն պարգևել, որքան փոշեհատիկ կտեղավորվի իր բռան մեջ, ընդսմին մոռանալով խնդրել հավիտենական երիտասարդություն: ՙՎասն զի մի անգամ իմ սեփական աչքերով կումիեում ես Սիբիլլային տեսա վանդակում կախված, և երբ տղաները նրան հարցրեցին. ՙՍիբիլլա, ի’նչ ես ուզում՚, պատասխանեց նա. ՙՈւզում եմ մեռնել՚:

                                                Պետրոնիոս Իրավարար

                                                ՙՍատիրիկոն՚

                                Ի

                1. Քանդեք տաճարն այս և երեք օրում այն կկառուցեմ- Յիսուս տաճար կ,երթայ. Ժովհ. 2:18-20- Այն ատեն հրեաները եկան ու ըսին անոր. ՙԻ’նչ նշան կցուցանես մեզի` որ այդ բաները ընելու իրավունք ունիս՚: Պատասխան տվավ Հիսուս ու ըսավ. ՙՔակեցեք այս տաճարը ու երեք օրուան մեջ զանիկա պիտի կանգնեցնեմ՚:

                2. Իկարը կգա` այս անգամ արդեն կոփված թևերով:

                                ԻԱ

                1. Չգիտեմ Իթաքայում ինչպես- Վ. Սարոյան. ՙՄարդկային կատակերգություն՚: ՙԱյնտեղ, ափի մեջ, կար մի փոքրիկ, կանաչ, լորի ձվի մեծության ծիրան՚:

                2. Ի հեճուկս Քեթրին Մենսֆիլդի- Քեթրին Մենսֆիլդ. ՙՄի գավաթ թեյ՚ պատմվածաշարի հեղինակը:

                3. Եվ եթե ըստ թափառական հրեայի. ՙԱնմահությունը անեծք է՚- ՙԱյն բանի համար, որ դուինձ մերժեցիր այդ բանում, քեզ ավելի սարսափելի պատիժ է սպասում, քան իմն է. դու երբեք չես մեռնի: Հավիտեանս հավիտենից դու կթափառես այս աշխարհում և երբեք հանգիստ չես գտնի՚:

                                                Պեր Լագերկվիստ

                                                ՙՍիբիլլա՚ (գուշակուհին)

                Այս խոսքերով Քրիստոսը անիծեց թափառական հրեային, երբ սա, Գողգոթա տարվող Փրկչին չթողեց մի պահ հանգստանալու համար գլուխը հենել իր տան պատին:

                                Ծանոթ. հեղինակի

                                ԻԲ

                1. Որ այն քառաթույր չորսից վատթար են- Հայտնություն Յովհաննու. ՙԿնիքները՚. 6:1-9

                2. Յովհ. ՙԿեանքի բանը՚. 1:1-5- ՙՍկզբեն էր բանը ու բանը  Աստծոյ քով էր և Բանը Աստուած էր՚:

                                ԻԴ

                1. Տեսան Ֆիդիասի մարդկանց աչքերով- Ֆիդիաս` անտիկ հույն քանդակագործ:

                2. Հայկաքարեր` ասենք` լուսնաքարեր:

                                ԻԵ

                1. Չդառնա հին ողբի մի նոր Ռաքել- ՙՄանուկների ջարդը՚. Մատթ. 2:16-18. ՙԱյն ատեն կատարուեցավ Երեմիա Մարգարեին միջոցով ըսածը, որ կ,ըսէ. ՙՌամայի մեջ ձայն մը լսվեցավ, ողբ, լաց ու կոծ. Ռաքել կու լար իր տղոցը համար ու չէր ուզեր մխիթարուիլ, վասն զի չկային՚:

                2. Հայտնություն  Յովհաննու. ՙՄեծ բազմություն՚. 7:13-17- Ըսավ ինծի. ՙԱսոնք են մեծ նեղությունեն եկողները, որոնք  իրենց հանդերձները լուացին ու զանոնք գառանուկին արիվնովը ճերմըկցուցին՚:

                3. Մատթ. 11:25-30. ՙԵկէք ինծի և հանգչեցեք՚. ՙՎասն զի իմ լուծս քաղցր է և իմ բեռս թեթև՚:

 

Reply all
Reply to author
Forward
0 new messages