Աշնանացանի նորածիլ արտում,
Մեր Տիրոջ անմեղ գառնուկների պես,
Արտույտի տարմն էր ծիլ, շյուղ փնտրտում`
Դետք քարին նստած բազեին ի տես:
Բազեն քաղցած էր արդեն երկու օր:
<<Ոմանք կարծում են` ճանկերը սրած
Դահիճ է ինքը: Մինչդեռ հացափոր
Բանող մշակ է, հովիվ, տարմարած:
Ինքն իր ողջ կյանքում չի հիշում մի դեպք,
Որ իր զոհերը` սարյակ, արտույտ, լոր,
Իրենց ցեղերի համար լինեն պետք.
Դրանք վարակ են կրել, ցավ ու չոռ:
Մեկը եղել է տկար ու թերաճ,
Թռչնահարբուխ է մյուսը տարել,
Մեկի ձախ աչքը չկա, մեկի` աջ,
Ոջիլն է մեկին փետրաթափ արել:
Ա’յ- տարմի ծայրի այն կծկվածը,
/Ուժեղից թույլն է ծվարը բացվում/,
Միմիայն մահվան դատապարտվածը
Այդ պահվածքն ունի- խմբին չի կցվում>>:
Վերջ` վճռված էր: Բազեն պրկվեց,
Պատրաստվեց բացել Իր թևերը գոց,
Սիրտը թունդ ելավ, հայացքը սրվեց,
Եվ … Հանկարծ լսվեց երկու կրակոց:
Բազեն օդ նետվեց դիվոտածի պես,
Մի ակնթարթում սուզվեց երկնքում:
Նայեց վար- արտում, աշխարհին ի տես,
Իր սփռած մահն էր մարդը հավաքում:
Հետո այդ մարդն ու <<ջիպ>>-ը հեռացան,
Տանելով տարմի մեռած ճիշտ կեսին:
Քիչ հեռվում պայթեց ուրիշ հրացան…
Եվ բազեն ծրտեց երկրի երեսին:
ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՇՈՒՆԸ
Այլևս կույր, խուլ կուրցհարը գնաց
Դաշտում մեռնելու: Տա~ք, մե~ղմ աշուն էր:
Դա ճերմակ մորթուն պիստակներ ցանած,
Ծեր, պիսակավոր մի որսաշուն էր:
Պառկեց խոտերում. <<Երկա~ր ապրեցի>>:
Դառնորեն հիշեց, թե ինչպես տերն իր
Մի օր տուն բերեց իր մի ցեղակցի:
Եվ դա իր վերջին հաչոցի օրն էր:
Ասենք դա հաչ չէր- լաց էր ու ոռնոց.
Տերն այդ նոր Ռեքսի հետ գնաց որսի:
Եվ ինքը զգաց ուժեղ սրտխառնոց.
Պարզ էր –նոր շուն կար տան ներսի, դրսի:
Եվ այդ օրվանից` ո’չ նիստ, ո’չ էլ կաց:
Ամեն մի օրը- օր էր տանջանքի.
Պատվելիք հացը դարձավ նետված հաց.
Համհարզի կյանքը փոխվեց շան կյանքի:
Եվ ահա ինքը որոշեց մեռնել,
Մեռնել ծարավից, քաղցից` գաղտնորեն:
-Տեր, մոռացել ես իմ հոգին առնել:
Ու եթե ոմանց թվամ անօրեն`
Գործս բեղուն էր, քրտինքս արդար,
Չար հաչեր չեղան հաչոցներիս մեջ,
Թեև ապրեցի մեկ տասներորդ դար`
Թե շոգ ամռանը, թե աշնանը գեջ:
Ուրեմն, լսի’ր պառավիդ անտեր-
Վերջին ոռնոցս է մեծիդ առաքվում…
Բայց ոռնալ պետք չէր- մահը շատ մոտ էր.
Ագռավներն էին ծառին հավաքվում…
ՎԱՐԴԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ
Բարձրունք գրավածն է այդ բարձրունքից խոսում:
Եվ դա է ռազմական ուսմունքի ողջ աղը:
Սեղանից բույր սփռող վարդափունջն էր լսում
Մոմե վարդափնջի զրույցն ու ծիծաղը:
Եվ սա պահարանի իր բարձրունքից ձայնեց.
-Է~յ, դու, մեղքի համար կենաց ծառից քշված,
Մի տասն օր ես այստեղ և մահաբեր թույնից
Մեռնողի ես նման- թոշնած ես ու մաշված:
Մինչդեռ սենյակ մտար մե~ծ թագուհու շուքով-
Փարթամորեն շքեղ, տեսքդ ուրա~խ, զվա~րթ:
Այժմ` մարմնով մեռած ու ապրում ես հոգով.
Դե ինչ` շնչավոր ես- անցավոր ես` մարդ, վարդ:
Այդ շաքարաջուրդ կյանքի ջուր չէր բնավ.
Եվս մի կարճ միջոց և շիկիդ շուք կիջնի:
Բայց մի տրտմիր- մահդ կսգան ողջ տնով-
Ջուրն իր արցունք կանի սկահակը տակիդ:
-Այո’, քաղցր արցունք, -պայթեց սկահակը,-
Անուշ բույրի, թույրի, հիշողության արցունք:
Եվ թող լեզուն շաղ տա քեզ պես ստահակը,
Ով ծաղիկ է տեսքով, բայց էությամբ, ցցունք:
Այդ դու’ պետք է կյանքից խոսես, անթաղ դիակ:
Դու, ում ճանճը միայն ծրտելիս է հիշում:
Այո’ –տանն այս պետք է նոր ճաշակի դայակ.
Թե չէ ինչ որ խորշանք սրբերից է խորշում:
Սկահակին թեր էր ժամացույցը պատի:
Սրա միջից ելավ շատ բարկացկոտ կկուն.
-Կու’-կու’, -վարդատյացը և սոխակին կատի.
Հաղթեց –տերն է երկրիս գուժկան քոռ բու- պկուն:
ՊԼՈՒՏԱՐՔՈՍՆ ՈՒ ԲՈՐԵՆԻՆ
<<Փղերին չի կարելի մոտենալ սպիտակ զգեստով, և ցուլերին`
կարմիրով, քանզի նշված գույներից այդ կենդանիները ընկնում
են ամենասաստիկ մոլեգնության մեջ>>:
Պլուտարքոս. “Խրատ ամուսիններին”:
Երբ նենգամիտն է գժտության
Հարթեցումին մատուծում ճար-
Սուրբ դրոշները հաշտության
Դառնում են մեծ կռվի պատճառ:
Ասում են թե մի երկար օր,
Շատ կճղակի ու սմբակի
Աֆրիկայում –մինչ այդ անդօրր,
Կոչնազանգն էր մեծ թմբուկի:
Իսկ պատճառն էր հյութեղ խոտը:
Եվ պե’տք էր իրար գային ռաստ
Գոռ փղերի ահեղ հոտը
Եվ ցուլերի նախիրը հեստ:
Չմբռնելով պատնեշ ու խոչ,
Փղի հոտն էր շարժվում առաջ,
Եվ օ~ զարմանք` ահեղագոչ
Ցուլը նետեց մարտի բառաչ:
Եվ փղերը նախ զարմացան,
Ապա մեկեն շարք կազմեցին:
Պրկվեցին ու քարացան
Եվ գրոհի պատրաստվեցին:
Դե իսկ նախրի ցուլերը շատ
Միտք չունեին տեղի տալու.
Ճակատներով կազմեցին պատ-
Հարյուրմեկ ցուլ էր կռվելու:
Բայց սավաննան արքա ուներ,
Որի ասաց խոսքն էր օրենք.
Եվ առյուծը, -Իմ տան սյուներ,
Եկեք հարկն այս չխարխլենք:
Ուշքի եկեք, նախրի տան ցուլ,
Եվ դու, հաղթ փիղ ահեղ հոտի.
Ես չեմ թողնի, որ ելնեք ծուլ-
Արյունեք հողն այս արոտի:
Վե’րջ, այլևս իմ սուրբ հարկում`
Կռվի ոչ մի բառաչ, մնչյուն:
Ահա, ձեզ մոտ եմ ուղարկում
Խաղաղության մի-մի թռչուն:
Այստեղ` իսկ և իսկ չար ոգի,
Քրքիջի մեջ հազար մեռել,
/Գեշն է կերն իր` իր կորնյակի/
Պիղծ բորենին զորեց ճառել:
-Թույլ տուր, արքա, որ ես զատեմ
Թռչուններին ըստ գույների.
Չորս մատի պես վարքը գիտեմ
Եվ փղերի և ցուլերի:
Թող կարապը ձյունի հանգույն
Խեռ ցուլերին դառնա դրոշ,
Իսկ ֆլամինգոն վարդագույն
Փղերին դառնա ապարոշ:
Օ~, թե դավեր չնյութվեին-
Դրախտը չէր ապականվի.
Նախամայրը սատանային
Չէր անսա –մահը չէր ծնվի:
Առյուծ արքան լսեց նեռին.
Ձյուն կարապը, թևերը բաց,
Նստեց ցուլի եղջուրներին
Եվ իսկական դրոշ թվաց:
Դե, իսկ անչար փիղն անվարան
Կնճիթը վեր պարզեց, պրկեց:
Ֆլամինգոն փռվեց վրան
Եվ վարդի պես ալ ճառագեց:
Ու ընդառաջ եկան միմյանց,
Խաղաղության կոչին հլու:
Իսկ թե ինչ ջարդ եղավ քիչ անց`
Ջունգլին երկար է պատմելու:
Երբ որ նրանց միջև մնաց
Վիթի ցատկի չափ մի տարածք,
Կողմերը կանգ առան շշմած,
Եվ է’լ կռվին տրվեց ընթացք:
Քանզի ցուլերը, երբ տեսան
Փղի պարզած դրոշը ալ,
Խոլ ցասումով, ապերասան
Սկսեցին փնչալ, փքալ:
Նույնը եղավ փղերի հետ.
Ցնցված ճերմակ խույրից ցլի,
Գոռ ճոճ տալով առաջ ու ետ,
Մոլեգնեցին ցասումնալի:
Ու այլևս, ոչ մի արքա,
Թեկուզ առյուծ սեգ, դափնեբաշ,
Չէր կասեցնի բախումն առկա-
Ակնկալող հոշոտում, նաշ:
Զի շեփորեց փիղը` հառաջ,
Իսկ ցուլն` ի մարտ, բառաչեց խուլ:
Փնչոց, մռունչ մահվան թառանչ…
Հինգ փիղ ընկավ` քսանհինգ ցուլ:
Իսկ բորենին իր գարշ հույլով,
Արբած թափվող արյան հոտից,
Արդեն իրար հրմշտելով
Բուսնում էին մացառուտից…
ԱԶՆՎԱՇՈՒՔ ՄՈԽՐԱՄԱՆԸ
Ճաշի սպասքի հարևանությամբ
Ապրում էր ինքը` մեծ մոխրամանը:
Նա` լուսավորյալ, չեխ էր ազգությամբ.
Ազգ, որտեղ պան է մինչևիսկ Պանը:
Եվ պարզ է, որ նա պետք է հոխորտար.
-Է~յ, դուք` կավ հունցող բրուտի ճտեր-
Թողած ձեր լեզուն խոտոր ու խաթար,
Բարձրյալը պետք է Սոդո’մը ատեր:
Երդվում եմ իմ սուրբ օջախի մոխրով,
Որ ձեր փքահունջ “Ք” ու “Փ”-երից,
Գլխիս մեջ կարծես խուրալն է խռով
Փորձում Եվրոպան գրավել նորից:
Էլ չեմ խոսում ձեր ճարպոտ մռութից,
Լվացվելիս` ձեր չխկոցներից խուլ:
Օ~, բրածոներ –եկած հին մութից.
Բյուրեղյաս պետք է կավի’ն գնալ կուլ:
Մեծ Դունայ, փրկիր զավակիդ որբուկ
Այս “Ղ”-ով կոկորդ ողողող կուժից:
Հարվածն ուժգին էր ու կարծես` դիպուկ,
Եվ խոսեց ափսեն –բերված Լիմոժից:
-Խոսիր, երիտասարդ –սրտիցս ես խոսում,
Ինձ էլ է խորթ այս գոռուն – գոչյունը:
Ձայնիր և Ռեյնին –մեզ մոտ է հոսում.
Մենք էլ ենք ատում այդ “Ղ” հնչյունը:
Բայց պատմեմ ինձնից. Էյֆելի դիմաց,
Լսել ես – դա մի աշտարակ է մեծ,
Մի մեծ խանութ կար. Տերդ բանիմաց,
Ինձ ու քույրերիս արկղի մեջ դրեց:
Ու ճամփա ընկանք –Գերմանիան անցանք,
Մտանք Տռշևիչ, հետո` Պռշերով,
/Ձեր քաղաքներն են/: Եվ եղավ հանցանք`
Որ դու գրվեիր` մտանք Պռեշով –
Կարոտիդ երկրի վերջին քաղաքը:
Ու հասանք այստեղ: Եվ ասեմ, պարման-
Տեղին կլիներ քո այս բողոքը,
Եթե դարձվեիր այստեղ խնկաման…
ՎԱՆԴԱԿՎԱԾ ԱՐՔԱՆԵՐԸ
Գազանանոցի ակնառու մասում
Թախծում էր առյուծ վանդակված արքան:
Քիչ այն կողմ –ցանցկեն վանդակի ներսում,
Արծիվն էր քթվում իր ոջլոտ ներկան:
Գազանանոցը փակվում էր արդեն.
Վերջին ավարա ձանձրացնող խումբը
Կապիկին կապկեց ու խափանվեց դեն:
Եվ ահա –լսվեց առյուծի բամբը:
-Ողջույն, կանդ արքա: -Է~, եղբայր, թարգ տուր.
<<Ողորմին>> է քեզ ու ինձ պատշաճում:
Քո բանը բուրդ է, իսկ իմը` փետուր.
Ճանկ էլ չես սրի էս անտեր պաճում:
Կուճուրվել ենք էս քոսոտ բներում-
Չենք կարողանում մեջք ու թև շտկել.
Բայց դա` հեչ –սա է սիրտս քրքրում.
Արքա կոչվել և չմեռնել` սատկել:
Թողած սավաննան, երկինքը նրա,
Ես` քամի վիթը, դու` ցուլ այցքաղը,
Վռվռում ենք մի սատկած շան վրա:
Չորս փիղ չեն տանի իմ հոգու դաղը:
Խոսիր, ձայն հանիր, կես ցատկի արքա,
Բերանդ ջուր ես առել ու լռել:
Պատմիր աշխարից, մեր կյանքից առկա.
Թե’ բկիդ ցիռի ոսկորն է առել:
Առյուծը լուռ էր. <<Ի’նչ ավելացներ-
Իր խոհերն էին արծվի վանդակում:
Ինքն այս համայնքի արքան էր, մեծն էր,
Մեծ էր –մեծ դոդոշ` նստած խանդակում>>:
Եվ արքան խոցված իր իսկ գնդակից,
Թափ տվեց բաշը, ահեղ մռնչաց:
Այդ գոռ մռունչը լսվեց վանդակի’ց.
Եվ գարշ բորենին բարձր քրքջաց:
ԽՈԶԸ, ԿՈԿՈՐԴԻԼՈՍՆ ՈՒ ՊԱՏՄԻՉ ՆԵՂՈՍԸ
<<Ջրից ափ քշված գերանի նման,
կոկորդիլոսն էր ընկած ավազին:
Եվ պատկերավ այն ճոխ կերաման
Բոլուկից զատված ջահել վարազին:
Սա փտած կոճղեր շատ էր փորփրել.
Դրանց մեջ տռուզ թրթուռն է կենում:
Մոտեցավ: <<Փայտ չի: Թակարդ չե’ն լարել.
Մարդու հետ փիղն էլ գլուխ չի դնում:
Չէ’, իր գտածոն մի ուրիշ բան է.
Ինչե~ր չեն քշվում- գալիս այս գետով:
Գուցե տարերկրիկ մի անասու’ն է-
Մողեսի տեսքով, մողեսի հոտով>>:
Մեջքը հոտոտեց, մոտեցավ դնչին,
Նայեց աչքերին անկիրք ու սառաց:
Վիզը տնտղեց, ունկ դրեեց շնչին`
Կոկորդիլոսի և շունչն էր մեռած:
Մեծ ծնոտներն ու երախը բացած,
Այն այդ դիրքով էլ որդնում էր, փտում,
Եվ նրա վերին ծնոտից կախված,
Մի թռչնակ արդեն սնունդ էր փնտրում:
Խոզը զգույշ էր- զոռ տվեց խելքին.
Գեշը` մեռած ու մեռած չէր թվում.
Թարմ երանություն կար նրա դեմքին:
Կոկորդիլոսը վանում էր, թովում:
Բայց այդ թռչնակը… Տես` ո’նց է փրթու~մ:
Ախր կերա’վ ողջ թրթուռն ու որդը…
Վե’րջ: Նետվեց առաջ: Նույն ակնթարթում
Թռչնակը թռավ- փակվեց թակարդը:
-Հետո’: Ի’նչ հետո, -ասաց Նեղոսը,-
Երբ խեղճ երիտասարդ վարազին լափեց,
Հետո շատ զղջաց կոկորդիլոսը
Եվ կես ժամ աղի արտասուք թափեց…
ԹՌՉՆԱՀԱՆԴԵՍԸ
Տեսքով չքնաղ, բայց փուչ մեկը թող ինձ ների.
Հին աշխարհի միռքն է տվել նրա գինը:
Իսկ ես պատմեմ այն, ինչ պատմեց ծեր ցինը:
-Գեղեցկության մեծ մրցույթ էր թռչունների:
Հավաքվեցինք թռչուններս մի բացատ տեղ,
Ուր կար նաև բեմ –սալաքար:
Բեմ է ելնում, բեմից իջնում ամեն մի ցեղ:
Զգեստների ցուցադրում, երգ կար ու պար:
Ժյուրին խիստ էր ու անաչառ.
Ուստի նույնիսկ արծիվը սեգ,
Կաչաղակն ու ծիտը լաչառ,
Հավն ու բադը ստացան մեկ:
Իսկ գիշանգղը ճաղատ, խոժոռ` իսկը ցուցանք,
Երբ ցույց տվեց –ոնց է վարվում գեշերի հետ,
Ոնց է լափում սիրտ, փորոտիք –թվաց եղանք
Մեռելների անդրաշխարհում ու եկանք ետ:
Աչքերին սև ակնոց դրած
Բվեճն ու բուն եկան հանդես:
Մենք առաջին անգամ նրանց
Արթուն տեսանք, իսկ նրանք` մեզ:
Կոլիբրին թրթռոցով
Փութկոտ հյուսեց պարի դիպակ:
Շշմել էինք փոքր ու մեծով:
Բայց պետք եղավ հեռադիտակ:
Իսկ եռաձայն պատարագը
Լոր- արտույտ- կաքավ եռյակի,
Երգ չէր, այլ` լույս, և տատրակը
Արցունքն էր սրբում սարյակի:
Բեմ ելավ մի անթև էակ-
Ոնց որ գլուխ կպցնես ձվին:
-Վերանաս դու, -ասաց մի սագ:
Ախր շատ էր կիվի կիվին:
Ով ինչ շնորհք ուներ, թափեց:
Հաշտ զուգերգեց հոպոպ- կկու
Զույգը շատ հին: Ժյուրին հաշվեց.
Հիսուն “պու-պու”, նույնքան “կու-կու”:
Եվ ամեն մեկն ըստ վաստակի
Վարձատրվեց, գնահատվեց:
Բիսն էր վարձը մեղմ սոխակի:
Ագռավի երգը ընդհատվեց:
Եվ բեմ ելավ սիրամա~րգը… ու շլացած
Թռչունները թևն ի կտուց պապանձվեցին:
Ծիածանն էր թռչուն դարձել ու իջել ցած:
Իսկ երբ փքվեց- ա~խ քաշեցին:
Պարեց արձակ: Պտտվում էր բոլորաձև-
Էգին դյութող վարուժանի հնարքներով:
Կախարդիչ էր պոչը նրա հովհարաձև:
Նույնիսկ կռունկն էր հմայված նրա պարով:
Ապա եկավ երգի պահը: Սիրամարգը
Խո~ր շունչ քաշեց… Եվ օ~, նզովք.
Աղվեսի պես որ չվխտած –խինդի հարկը
Սուգի փոխվեց: Զարհուր ընկավ, մեռան ծափ, գովք:
Ժյուրին խիստ էր ու անաչառ. նրա կոչով
Բեմ նետվեցին չորս կամավոր խլահավեր,
Սիրամարգին ցած նետեցին և` գոչգոչով.
-Չքվի’ր, աղվես- հայտդ կեղծ է և անվավեր…
ՎԵՃԻ ՆՅՈՒԹ ԳԵՇԸ
<<Խուփը գլորվեր- դիպավ պուտուկին>>:
Այս ասացվածքը տանենք թռչնաշխարհ.
Ագռավը մի խոր փոսի հատակին
Գեշ գտավ, կռռաց ու շտապեց վար:
Բայց սուր աչք ուներ ու լսող ականջ
Տանձենուն նստած գող կաչաղակը:
<<Ինչի’ համար էր,- խորհեց մտատանջ,-
Ծերուկ ագռավի այս աղաղակը>>:
Եվ` թիռ –հայտնվեց փոսի պռնկին:
-Բարի աջողում, թանկագին քավոր.
Աստված մի դար էլ դարսի քո կյանքին:
Լսե’լ ես` տաս` կաս, խոսք կա թևավոր:
-Չէ’, դա չեմ լսել, -ասաց ագռավը,-
Սակայն այս խոսքը գիտեմ դարավոր.
<<Ոսկորն աչքերով կրծեց պառավը>>:
Իսկ մոգոնածդ սուտ է պոչավոր:
Բայց կաչաղակի բանը ձեռաց է.
-Գրված է նաև, /Սուրբ գիրքը բացիր/.
<<Խնդրես` կտրվի>>: Իսկ սա` առած է.
<<Լավություն արա ու ջուրը գցիր>>:
-Ես կռապաշտ եմ, -ասաց ագռավը-
Գալով` առակիդ. խնդրեմ, համեցիր,
Երբ դաշտին կիջնի աշնան ղռավը:
Հիմա ամառ է- մրգով լիացիր:
Հիշիր ճանկածդ ճագարի մորթին.
Ձայնդ գլուխդ այնպես գցեցիր,
/Երբ խլում էի/, ոնց որ մարդ մորթեն:
Ճայի աչքը լույս` ջուրը նետեցիր:
Ու առան իրար. <<Կա’չ-կա’չ-կա’չ, ղա~ռ-ղա~ռ>>:
Մեկը` գողի ցեղ, մեկը` բոթի տուն:
Սա նրան` լաչառ, նա սրան` քավթառ…
Աղմուկի վրա հայտնվեց կկուն:
-Էս ի’նչ աղմուկի թոզ ու դուման է.
Իրար եք խառնել հին ու նոր տոմար:
Չէ’, ձեր արածը բանի նմա’ն է.
Կոկորդ եք պատռում բկներիդ համար:
Դուռ դռան վրա հի~ն դրկիցներ եք,
Նույն փեշակն ունեք, նույն նիստն ու կացը:
Կաթ ու կորեկի նման հաշտ եղեք.
Քան դուք- ո’վ կուտի ձեր աղն ու հացը:
Ձեր մեջ մեռոն կա- ու’ր է նամուսը,
Մեկդ քավոր է, մեկդ` սանահեր…
Եկեք հաշտեցնեմ. Ագռավ, դու` միսը,
Իսկ դու, կաչաղակ, որդ- ժժմունքը կեր…
ԳՈՐՏԵՐԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ
Մոտիկ արևի հուլիսի կեսին,
/Երկիրը փույտ չէ/, լճակում մի տաք,
Մինչ մթնշաղը կբերեր լուսին-
Տեղի ունեցավ գորտերի հավաք:
Շատ էին նրանք ու խիստ բազմագույն.
Մեկը կանաչ էր, մեկը` զոլավոր:
Մեկը դեղին էր իր ձուղբի հանգույն…
Եվ բոլորն էին անշուշտ ձայնավոր:
Օրակարգում մի սուր հարց էր դրված.
Ինչպես ազատվել գորտակուլ օձից:
Ճահճի համայնք էր հատկապես վառված
Դժողքից ճամփած այդ պարող բոցից:
Ճիմբին բարձրացավ մի ուսյալ արու.
-Պետք է վերջ տանք այդ սողուն-սողունին:
Նա նույնիսկ օձ չէ- դև է չար ուրու.
Վա~յ մեր արմատին, բնին, ցողունին:
Եվ որովհետև շատ էր գրգռված,
Սկսեց մեծ-մեծ փուչիկներ սարքել:
Օդեղենի գիժ չորս կին հմայված
Մոտեցան նրան, փորձեցին գրկել:
Բայց զեղումների ժամանակը չէր.
Պետք է հնչեցվեր ցեղի օրհներգը:
Կտրելով գետեր, ճահիճներ, լճեր,
Եվրոպայից էր եկել այդ բարքը.
<<Կռռանք մեր ռունին,
բռնենք զեռունին,
կեռ ակռան կոտրենք,
կառափը ջարդենք,
փռենք մամուռին
այդ որդ- կառանին,
մամուռը վառենք,
մեր մուռը հանենք,
կռկռանք, պարենք>>…
Լիճը եռում էր կաթսայի նման.
Այդքան գորտ մեկտեղ այն էլ չէր տեսնի:
Կատակ չէր. օձի մասին էր թեման.
Ասեղն ընկներ ջրին չէր հասնի:
Եվ ցասման ժամից մինչև ուշ գիշեր,
Ամեն կարևոր գորտ մի խոսք գտավ:
Վստահ, որ օձը այլևս նաշ էր-
Դադրած համայնքը խաղաղ քուն մտավ:
Եվ սակայն օձը օձ չէր իսկապես,
Նա երկգլխանի վիշապ էր, Քիմեռ:
Նստած դարանում` սառը, իրատես,
Ոճիր էր գնդում որպես եկած նեռ:
Գլխին` թագ, դեմքին` օձային ժպիտ,
Նա երկճյուղ լեզվով նախճիր էր լիզում:
<<Դե ինչ, խուժ, դու ինձ կոչեցիր հտպիտ.
Եվ դրամա ես տեսնել երազում>>…
Եվ եղավ այսպես. ադամամութին,
Վիշապն իր հույլքով մոտեցավ լճին…
Վարժ գորտալողը փրկեց բոմոնտին.
Վեց հազար տարի` վա~յ ու վա~յ խեղճին…
ԽՈԶԵՐԻ ԴՔՍՈՒԹՅՈՒՆԸ
Առածն է ասում. <<Մոլլան հոգս չուներ-
Թլպատվեց ու այն դարձրեց իրեն հոգս>>:
Հենքը կա. խոզը գտավ եվրոներ,
Ոմանց կաշառեց ու կարգվեց դուքս:
Դե դուքս ես- պետք է կենցաղդ փոխես.
Վե’րջ լափին սովոր նախկին կյանքին շան:
Պետք է կրծքիցդ նշաններ կախես-
Ե’վ շքնշան, և’ զինանշան:
Եվ հետո ի’նչ դուքս առանց դքսուհու,
Առանց հարճերի ու վարձակների.
Պետք է նմանվեն` կինդ մաքրուհու,
Տարփուհիներդ` դիցուհիների:
Դղյակ- պալատ է անշուշտ հարկավոր,
Պալատականնե~ր- մի ամբողջ բանակ:
Մեծ պարասրահ, որ սանիկ, քավոր
Պարեն, տրճիկ տան- խաղ լինի, հանաք:
Ասածն արած էր- ամբողջը եղավ:
Մնում է սոսկ սա ասել մեզանից.
Խոզերը պալատ մտան ողջ ցեղով.
Դե, իսկ պալատը կոչվեց խոզանոց:
Եվ` սա. Խոզերը գիտեն փորփրել-
Քթի վարժանք է- գեներն են խոսում:
Եվ հիմա շենն այդ այնպես են բրել,
Որ ճղճղոց է դժոխքը լսում:
ԲՆԴԻՌՆ ՈՒ ՀԱՐՑՈՒԿԸ
Բնդիռը կոյի գունդը դեմն արած
Շտապում էր տուն: Լեռն իր թիկունքում
Դեռ կես ժամվա լույս ուներ պահառած,
Եվ խեղճ միջատը տքնում էր, տնքում:
Դա ծանր գործ է ի սկզբանե.
Սուզվիր կոյի մեջ, այն քանդիր, գնդիր
Ու հրի~ր, հրիի~ր… Իսկ եթե , բան է-
Օձին հանդիպես- <<ձուդ նրա մեջ դիր>>:
Այո’, բյուրանուն բզեզաշխարհում,
Իր տոհմն է միայն զարկվում ու զարկում.
Այլ մեկը վարդի ծոծում է նիրհում,
Մեկն էլ ծառերն է տերևազրկում:
Ահա հանդիպեց մի ելվեր թմբի,
Իսկ ոտքերի մեջ ուժ չի մնացել:
-Տե’ր, կորով հղիր ծնկի ու բումբի,
Չէ’- դատումն այս մեզ Դու ես կամեցել:
-Լսի’ր, սու’րբ բզեզ, Ռա աստծուդ նեղիր,-
Ձայնեց առվույտին թառած հարցուկը,-
Եվ իմ աղոթքից Աստծուս մի շեղիր-
Խաղ չէ իմ` հոգու մասին հարցմունքը:
Չէ որ քիչ առաջ արուիս կերա`
/Երբ շնանում եմ- խիստ եմ գրգռվում/,
Եվ աղոթում եմ, որ հոգին նրա
Հանկարծ չխարկվի դժոխքի բովում:
Կուզե’ս ինձ օգնել- դա հեշտ է արվում.
Երկու ոտքերդ շփում ես իրար
Եվ աղոթքին ես ողջ հոգով տրվում:
Իզուր չե’ն կոչում ինձ աղոթարար:
-Ու’ֆ-ու’ֆ, հաղթեցինք թմբին, գոհ եմ, Տեր,
Վայրեջքը խաղ է- մնում է վազես…
Հիմա ձագերիս և’ քունջ կա, և’ կեր:
Սա’ է- մե’ր կյանքն է- ուզես թե չուզես…
-Լսի’ր, այդպե’ս չեն աղոթում, բզեզ…
ԹՈՒՆԱՎՈՐ ԱՐՔԱՆ
Ցեղին միշտ պետք է եղել առաջնորդ.
/Հարցմունք է արված զուլուին, ինկին/…
Սնկերն էլ ահա խորհրդով միջնորդ,
Արքա ընտրեցին կեղծ կոճղասնկին:
Դա մի հիվանդոտ ու վտիտ սունկ էր-
Ճիշտ նման վերջին փարավոններին:
Մաղձոտ էր, չուներ բարեկամ, ընկեր
Եվ ոխակալ էր, ինչպես անարին:
Եվ ահա ինքը մե’ծ է, թագավո’ր…
-Հե’յ, ո’վ կա այդտեղ, իմ ոտքը բերեք
Սպիտակ սնկին: <<Հիշում է. մի օր
Ագարիկոնը իրեն մեծ “Մեծ պարեկ-
Մատնոցագլուխ քայլացուպ” կոչեց:
Իսկ կաղամախու այդ քոց թնջու’կը.
- Գնա իմ կոխքից,- դշխոն ամաչեց:
Գնաց: Եկել է ձեր “Լղրճուկը”>>:
-Գրի’ր, ժանտասունկ, սույն հրամանը.
Մորխը գլուխն է գործադիր մարմնի:
Իսկ պուտպուտուրիկ ճանչասպանը
Թող օրենքների բեղմնիկներ ցանի:
<<Օ~, ես կդարձնեմ այս անդաստանը
Մանրէական մի հզոր տիրություն:
Դե իսկ փտած կոճղ իմ այս ոստանը
Կկոչեմ Ծառասնկակոճղաթույն>>:
-Գրի’ր, ես թույնս, /ընտրասերում է/,
Անթույն սնկեր, ձեր հյութին եմ խառնում:
Սունկ ես, թե թնջուկ- վատ համարում է,
Երբ քեզ ուտում ու ձեռաց չեն մեռնում:
Իսկ նա, ով դեմ է այս դրույթներին,
Թեկուզ և լերկ ենք, բուրդ է իր բանը:
<<Ում թույնը թունդ է- նա է անթերին>>.
Ահա մեր անշեղ նշանաբանը:
Վերջ: Հե’յ, ճանճասպան, եկ այս դեկրետը
Կնքեմ քո նախշած գլուխ- կնիքով,
Որ վավերանա ամեն մի կետը,
Որ և սպա’նդը լինի օրենքով:
Ու ծայր առավ մի անլուր հալածանք.
Գետնի տակ լաց էր, գետնի վրա` կոծ:
Օրենքը ողբ էր քամում, հեծեծանք,
Իսկ գործադիրը սփռում չոռ ու խոց…
ՑԱՍԿՈՏ ՀՆԴԿԱՀԱՎԸ, ԶԱՐՄԱՑԱԾ ՇՆԻԿՆ
ՈՒ <<ՀԻԱՑԱԾ>> ԿԱՏՈՒՆ
Շնիկը հաչեց: Եվ հնդկահավի
Դեմքը ցասումից արյունով լցվեց
Ու նա ղլղլաց: Եվ` հանիրավի.
Փոքրիկը վախից բուն մտավ- կծկվեց:
Շնիկը անմեղ- մեղավորի պես,
Կեռիկ հոնքերն էր վերուվար անում
Եվ իր մեղրագույն աչիքներով հեզ,
Այդ շատ բարկացկոտ քեռուն էր զննում:
Դա շատ հուզիչ էր, և սրտաշարժվեց
Նույնիսկ շների թշնամի կատուն:
Ու հնդկահավի կողմը նա շրջվեց.
Դեմքին նենգ ժպիտ, ինքն էլ` մե~ծ գիտուն:
-Ասա’, բարեկամ, ձեր ջունգլիներում
Օ’ձն է քեզ տվել մոգության դասեր:
Գլուխս եմ քո առջև խոնարհում.
Այդքա’ն հնդկահավ և այդքա~ն ծեսեր…
Ինչպե’ս ես անում, որ բարկանալիս
Ալ ուլունքներ ես մերկ վզիդ խռնում:
Եվ ասա, ո’նց ես դառնում փքվելիս
Փետրավոր փուչիկ ու չես համբառնում:
Ա~խ, ո~նց կուզեի ես էլ քեզ նման,
Մի օր շամփրվել, դրվել մանղալին
Ու տաք թշթշալ… Բայց կատվի լուման
Սոսկ մլավոցն է- հողը մեր հալին:
<<Ռեփ-փոփ>> հոպոպը
Հոպոպը նստեց քարին: -Պու-պու.
Լսեք, դրկիցներ, լոր, արռույտ, բու,
Ձեր մեջ ես թիվ մեկ հմայիչն եմ,
Նորաձևության վերջին ճիչն եմ:
Նայեք հագուստիս դաջերին թանկ,
Հիացեք գլխիս սանրվածքով <<պանկ>>:
Հապա թռիչքիս վերն ու վարը
Ուղղորդող իմ պոչ -սև հովհա’րը,
Իսկ երգս…զուր չեմ կոչվում հոպոպ.
Հանրահայտ աստղ- երգիչ եմ <<փոփ>>:
Բայց միշտ չի <<ղառ>>-ը բերում սև գույժ,
Այն ունի նաև խրատի ուժ.
Եվ մայր ագռավը.- իմ լոթի ճիժ,
Այո’, դու <<պանկ>> ես, <<փոփ-ռեպ>>-ի գիժ:
Եվ սակայն տոհմը ձեր փառավոր,
Միայն երգով չի նշանավոր.
Հիշում եմ. պապս մեկ դար առաջ
/Դեռ օրիորդ էի տեսքո~վ, սևա~չ/,
Ագռավաժողով հրավիրեց
Եվ մեծ ու փոքրիս խիստ պատվիրեց.
-Այդ հոպոպներից հեռու կացեք,
Աչքներդ դրանց վրա` գոցեք:
Ի’մ զարմ, թոռ ու ծոռ, դրանց բնում
Սատանան ի’նքն է հոտեր հանում:
Արդ` կուզես բաց թող ֆալցետի սի,
Ճախրի մեջ դարձիր թռչող ափսե,
Սակայն քո բնից, ըստ իմ պապի,
Շան հո’տ չի փչի- այն` հոպոպի: