Օ~, ահեղ հերցոգ, բարեգութ սենյոր,
Ծաղիկների զարդ արքունյաց տնից,
Վիյոնն է ձեռքը ձեզ պարզում այսօր,
Այլևս` անուժ սովածությունից:
Սույն գրով Ձերդ շռայլությունից,
Նա փող է խնդրում` խոստումով` հետո
Այն վերադարձնել, տոկոսն էլ հետը:
Նրա խոստումը երդում համարեք,
Եվ նա երդվում է խոստումով հատու-
Սոսկ սպասման մեջ վնաս կկրեք:
Ոչ մի սենյորից նա մինչև օրս
Փող պարտք չի վերցրել, վկա Աստված,
Եվ միայն Ձեզ մոտ մնաց սևերես-
Հետ չտվեց վեց էքյուն ձեր տված:
Եվ երբ նոր պարտք տաք, նա Ձեզնից վերցրած
Երկու գումարն էլ կվերադարձնի,
Հենց որ Պադեում կաղնուն մերկացնի
Տերևաթափը: Իսկ թե համբերեք
Մինչև ջորին իր մտրուկին ծնի-
Սոսկ սպասման մեջ վնաս կկրեք:
Կարիքը նրան այնպես է գետնել,
Որ նա, որպես իր թշվառ անձի սակ,
Պատրաստ է իր կաշին գրավ դնել
Վաշխառուի մոտ` շան շատ վատ տեսակ:
Թե չէ շրջում է գրպանները ծակ:
Կյանքում ամեն ոք իր խաչն է կրում,
Այն չեն վաճառում, չեն շրջանառում.
Բայց նա և խաչն իր կտա, որ կրեք-
Պարտքն իր չմարի եթե չորս օրում.
Որ սպասման մեջ վնաս չկրեք:
Հասկացեք նրան, արքայազն վես
Ումից չար բախտն է հար թեքել երես:
Նրա թախանձին եթե ունկընդրեք-
Նա Ձեզ կմաղթի նույնատիպ տարոս
Որ սպասման մեջ վնաս չկրեք:
Հետգրություն
Թռիր ուղերձ թևերն առած,
Հա նաև ոտքեր ծիծաղի,
Ու պատմիր-որքան է մեռած
Վիյոնի կյանքն առանց փողի: