Պոեմներ և Բալլադներ
Բանաստեղծությունների լիակատար ժողովածու
Հին օրերի անմահ ձյունը
Նա` դեռ երիտասարդ ձյուն –հալվեց իր բոլոր երեք <<ես>> -երի
իրար հետ անհաշտ կրակներից, հասցնելով սակայն կանխել
հետագա բոլոր դարերում հումորի նրբանալու նպաստավորությունը:
Ռութ
Վիյոնի մասին հավաստի տեղեկությունները շատ սուղ են. Նա ծնվել է 1431 թ. ապրիլից ոչ շուտ և 1432թ. ապրիլից ոչ ուշ: Նրա << Գովք Փարիզի դատարանին>> բալլադը շատ թե քիչ ճշգրտությամբ թվագրվում է 1463թ. հունվարի 6-ին, քանզի սույն դատարանը դրանից երեք օր առաջ Վիյոնի մահվան դատավճիռը փոխելով, նրան դատապարտեց աքսորի: Երեք օր էր նրան տրվել նախապատրաստվելու համար: Դա Վիյոնի կյանքի վերջին թվագրումն է, թեև մեծ վերապահությամբ կարելի է հայտարարել, որ պոետին հենց Փարիզի ցանկապատի մոտ են վերացրել: Որքա’ն է նա դեռ ապրել, որտե’ղ, ինչ որ բան գրե’լ է դրանից հետո –մնում է ենթադրել:
Եթե աշխարհում կան հրաշալի լեգենդներ, ապա դրանցից մեկը հենց Վիյոնին է վերաբերում. <<Խիզախ Պանտագրուէլի հերոսական արարքների և ասույթների չորրորդ գիրքը>> ստեղծագործության 13 –րդ գլխում, որպես գրական հերոս հայտնվում է Վիյոնը. <<Իր կյանքի մայրամուտին մետր Վրանսուա Վիյոնը մեկուսանում է պուատևինյան Սեն–Մաքսեն մենաստանում և ապրում նրա գերապատիվ վանահոր հովանու ներքո>>: Եվ մեկնաբաններն են առանց տարակուսանքի Վիյոնի մահվան տարեթիվը նշում` <<1484թ.>>: Համարյա տարակույս չկա, որ Ռաբլեի պուատինական խոսվածքով ստեղծագործության ողջ պատմությունը լրիվ մտածածին է: Սակայն այնպիսի մանրուքը, որ կարելի է որպես հերոս հանդես գալ Ռաբլեի գրքի գեթ մի գլխում –արդեն անմահություն է: Բարեբախտաբար Ֆրանսուա Վիյոնը, ինչպես հանճարեղ պոետին է վայել, իր անմահության մասին ինքն է հոգացել:
Մենք Վիյոնի իսկական անունը չգիտենք նույնիսկ: Կամ նրա ազգանունը Դելոժ է եղել, կամ /որն ավելի հավանական է` Մոնկորբյե/: Անմիջապես ստիպված ենք մատնանշել, որ Վիյոնի կենսագրության համարյա բոլոր տվյալները կամ իր իսկ ստեղծագործություններից են վերցված, կամ, որը կարելի է համարել շատ մեծ հաջողություն` նրա հեստ բնավորությանը վերաբերող դատական փաստաթղթերից: Դատական ատյանները թքած ունեին աշխարհում եղած բոլոր բանաստեղծությունների վրա, հատկապես` անհաջողված հանցագործի, բայց Կառլ 7-րդի /1422-1461/ օրոք, /որը 1453 թ. խիստ շահագրգրված էր 1440 թ. անգլիացիներին Ֆրանսիայի սահմաններից համարյա արտաքսած Ժաննա դը Արկի արդարացմամբ/, քաղաքացիական և քրեական օրենսդրությունը բյուրոկրատական պատշաճ մակարդակում էր, իսկ Լյուդովիկոս 11-րդի /1461-1480/ օրոք, որը ոչ թե Վիյոնին էր սիրում, այլ ձևականությունը և ինչ սրան է ուղեկցում, ստեղծագործ վարպետներին մագաղաթ տրվեց և նույնիսկ` թուղթ, սագի փետուրները գրագիրների մոտ, առաքիչների, նույնիսկ առաջին տպագրիչների ավելի ու ավելի էին շատանում:
Բայց Ֆրանսուա Մոնկորբյեն, կամ Դելոժը ամպայմանորեն ծնվել են Փարիզում: Ութ տարեկան հասակում կորցնում է իր հորը և որդեգրվում հոգևորական Գիյոմ դե Վիյոնի կողմից, որն այն ժամանակ Սուրբ Բենեդիկտ վանքի ավագերեցի պարտականությունն էր կատարում: 1443թ. պատանին ընդունվում է Փարիզի համալսարանի <<Արվեստների ֆակուկտետ>> կոչվող նախապատրաստական մասնաչյուղը` թեև ժամանակակից համեմատություններ դրա հետ դժվար թե գտնվեն. Փարիզն այդ տարիներին ժամանակակից քաղաք չէր, ինչպիսին այսօր է համարվում, և 15-րդ դարի մարդն էր այսօրվա հետ անհամատեղելի կրթություն ստանում: Պատանին, իհարկե, անգիր էր արել լատիներենը /ամբողջ միջնադարը, դեռ չենք ասում անտիկը ախտոտված էր լատիներենով/, բայց դա հազիվ թե Հորացիոսի լատիներենը լիներ, այլապես Վիյոնի մեզ թողածը կլիներ լատիներեն լեզվով. Վիյոնից երեք քառորդ դար անց. <<Գիրք համբյուրների մասին>> իր երկը Յան Էվերարտսը /1511-1536/, առավել հայտնի <<Հովհան Սեկունդ>> անունով, գրել է լատիներեն լեզվով, ինչու’ հեռու գնալ –նույնիսկ Արթյուր Ռեմբոն է 19-րդ դարի կեսերին իր առաջին բանաստեղծությունները գրել լատիներենով:
<<-… Ձեզ ծանո’թ է պոետ Ֆրանսու Վիյոնի անունը:
-Այո’, գիտեմ, -ոչ առանց զարմանքի ասաց Լենուարը, - բայց ախր նա ինչ որ անհեթեթություններ է շարադրել. Ֆրանսերենով է շարադրել, ոչ թե լատիներենով>>:
Ուրսուլա Լե Գուինի <<Ապրիլը Փարիզում>> հանրահայտ պատմվածքի վերոհիշյալ մեջբերումում` 1482թ. հմա վանականը 1961թ-ից դևի փոխարեն շփոթմամբ կանչված ամերիկյան պրոֆեսորին, որն իր ողջ կյանքում Վիյոնի ուսումնասիրությամբ էր զբաղված, միայն այսքանը կարող էր ասել նրա մասին: <<Ապրիլը Փարիզում>> պատմավածքի գերազանց կրթություն ստացած ստեղծագործողը այնքան էլ չի կեղծում. Վիյոնի բանաստեղծությունների առաջին հրատարակությունը /տպագրագա~ն/ լույս է տեսել 1489 թ-ին, երբ հեղինակը, նույնիսկ <<Գարգանտյուա և Պանտագրույէլ>> -ի մեկնաբանների հաշվարկներով, արդեն կենդանի չէր: Այդ ոչ լիակատար, անճշտություններով լեցուն հրատարակությունը Պյեռ Լևեի կողմից, քառասուն տարում կրկնվել /ուրեմն վաճառվել է/ քսա~ն անգամ: Լատիներենը` լատիներեն, իսկ ֆրանսիացիները իրենց մայրենի լեզվով էին ցանկանում բանաստեղծություն կարդալ:
Այդպիսի հաջողություն միօրականներին չի տրվում –ոչ մի Պլեյադա, ոչ ոքի կողմից չկասկածվող Ռոսարի և Դյու Բենիի հանճարեղությունը Վիյոնի հանդեպ սիրուն չէին կարող փոխարինել, և ֆրանսիական Վերածննդի հասունությունը դեռ հեռու ապագայում էր: Հիանալի բանաստեղծ Կլեմեն Մարոն /1497-1544/ Վիյոնի նոր հրատարակությունը ստանձնեց, բարեբախտաբար իր նախորդի ձեռագրերը նրա ձեռքում էին, ավելացնենք, և այն, որ նրա բանաստեղծական գործունեությունը Մարգարիտա Նավարուհին էր հովանավորում, իսկ հետագայում Ֆրանցիսկ առաջին թագավորն ինքը նրան համարում է իր պալատական բանաստեղծը:
Նախացուցում
1
Հիսունվեց թիվն է փակում գիրկ.
Ես` Վիյոնս, աշկերտս խակ,
Վճռեցի` կա թե Աստծուց ձիրք,
Բանիր հանց եզ, տքնիր անհագ
Վեգեցիյի ասածի պես,
Թե չէ այրուկը դառնատաք
Զուր հույզերի կտանջի քեզ:
Վեգեցիյ, Փլավիոս Ռենատ –մ.թ. լատինական գրող, <<Զինվորական գործի համառոտ շարադրանք>> -ի հեղինակը –այսպես է ֆրանսերն թարգմանել <<Ռոման վարդի մասին>> երկի հեղինակներից մեկը` Ժան Մելը /մ.թ. 1240-մտ.1305թթ,/:
2
Սուրբ Ծննդին այս, երբ սոված
Գայլը հողմով է կշտանում,
Ծածկափեղկերն են պինդ գոցված,
Եվ չորս դին մահն է դարանում,
Աչքս` օջախի անհունում,
Ցասկոտ վճռեցի անհապաղ
Քանդել սիրո բանտն, ուր հնում
Ինձ տանջեց կնոջ սիրտը պաղ:
3
Սա վճռեցի այն պատճատով,
Որ թեև մեր միջով կատու
Չէր անցել, սակայն նա խռով,
Առ ինձ լցված ոխով հատու,
Մահս է փնտրում, ինչպես ջադու,
Չար վհուկը մղձավանջի:
Թող մեր Տերը խրատատու
Կես սաստով էլ նրան տանջի:
4
Իսկ ինձ հանց պարգև թվացին
Նրա ժպիտը, հայացքը:
Բոցն էր հուրհրում սիրածին,
Օ~, ինչ քացր է իմ հիացքը:
Եվ սակայն այդ սեգ սլացքը-
Ճերմակ ձիունն էր շքերթի:
Ո’չ- փոխեմ կյանքիս ընթացքը.
Թող սիրտս այլ ուղի հարթի:
5
Նա, ում հայացքն էր ինձ գերում,
Այսօր անգութ է իմ հանդեպ`
Նա իր հետ իմ մահն է բերում,
Ու մեղավոր չեմ ես ի դեպ:
Ելքը փախչելն է և` հապճեպ,
Քանզի փոխանակ կյանք տալու,
Կյանքիս թելն է կտրում անդեպ`
Խնդրանքիս առանց անսալու:
6
Փախչեմ դավերից քո նյութած,
Կյանքս աչքիցդ դուրս լոսեմ.
Անժուր եմ մեկնում, բարով կաց,
Եվ քանզի չէս ուզում կիսեմ
Քեզ հետ այս կյանքն իմ արդ նսեմ.
Պանդխտելու եմ մեկնում, դե’հ,
Սիրողների մեջ ես` վսեմ,
Սիրվածների` թափառ նժդեհ:
7
Որքան էլ տանջվեմ աստ- անդում,
Ես պետք է փախչեմ մեկնդմիշտ,
Թող գտնի նրա մոտ խնդում
Այլ ոք, որ և նա գտնի վիշտ:
Այսպիսի ծարավ անբարիշտ
Հարինգը դեռ չէր պատճառել,
Այսքան դառը փորձանք ու վիշտ.
Տեր, Դու կարող ես խաթարել:
8
Եվ քանզի պետք է հեռանամ,
Իսկ հետ գալ արդյոք կստացվի’,
Պողպատ չեմ- տոկամ, դիմանամ,
Ի’նչ գիտեմ ինձ ինչ կսպասվի-
/Աքսորը ի’նչ չի հարուցում/:
Եվ որ չտաք ինձ պարսավի-
Ձեզ թողնում եմ նախացուցում:
9
Հանուն Տեր Աստծո և Որդվո,
Եվ Սրբո, որի շնորհիվ
Ապրում եմ, շնչում, դեռ կամ, ո’հ,
Չեմ անցել մահվան սրահով-
Վատ համբավս եմ մերժում սիրով
Գիյոմ Վիյոնին ալևոր,
Եվ վրանս տոհմագրով,
Զինանշաներս բոլոր:
Գիյոմ Վիյոն /1398-1468թթ./ -հոգևորական, պոետի հոգեհայրը:
10
Նա, ում մասին որ խոսք գնաց,
Ով ինձ քշում է գերության,
Վշտիս անզգա ով մնաց,
Ինչպես հանճարը չարության,
Սիրտս եմ մեկնում պահպանության.
Թող այն մեռած նա պահպանի,
Իսկ իրեն` օրը քավության
Տերը ների կամ այպանի:
11
Իսկ ահա, Իտյե Մարշանին,
Ում հետ կապված եմ ողջ հոգով,
Կամ Ժան լե Կորն բղավանին
Սուրս եմ նվիրում հաճույքով,
/Գրավ է դրված այն մի ոսկով/,
Թող այն պահառելու դիմաց
Մուծվեն` մի լիվր, մի խոսքով
Ու հետ խլեն ընծաս զավթված:
Իտյե Մարշան /մտ. 1430-1474թթ./ -Վիյոնի հասակակիցն ու թերևս խումընկերը, Փարիզի դատարանի խորհրդականի որդին: Անհայտ պարագաններում մեռել է բանտում:
Ժան լե Կոռնյու -/? -1476թ/ -խոշոր ֆինանսիստի որդի, երիտասարդ հասակում հարկահավաք: Անհայտ է թե ինչ պատճառներով է գժտվել Վիյոնը նրա հետ /ինչպես և Մարշանի և նմանատիպ այլ անձանց/:
12
Իսկ Սենտ Ամոնին տամ /հուշ է/,
Ես <<Սպիտակ ձին>> ու <<Ջորին>>:
Թանկ <<Շողակն է>>, <<Պիսակ էշը>>
Խստիվ մերժում եմ Բլարին:
Կանոնիկներին, ում ջրին
Չոքեց Կարմելիտների բուլլան,
Ցանկանում եմ խերն ու բարին.
Թող կրկին գա դեկրետարիան:
Պյեռ դե Սենտ Ամանը թագավորական գանձատանը բարձր պաշտոն է զբաղեցրել /1447թ./. բնականաբար և նրա հանդեպ Վիյոնը առնձնակի սեր չի տածել:
Ժան դե Բլեր –Փարիզյան ոսկերիչ:
<<Սպիտակ ձի>>, <<Ջորի>>, <<Պիսակ էշ>> -Փարիզյան պանդոկներ:
<<Կարմելիտական բուլլան>> -հրատարակված է1449թ. Նիկոլայ հինգերրորդի կողմից, ֆրանցիսականների, օգոստոսականների և կարմելիտների պնդմամբ, բոլոր միաբանությունների անդամներին խոստովանանքի ընդունման իօրավունք է տրվել, որը հասարակ կյուրեների եկամուտը խիստ կրճատել է: Իմիջայլոց բուլլան շուտով Կալիկստ իներրորդ պապի կողմից հանվեց:
13
Պառլամենտում օրենք-հոդված
Բստրող բութ Վալե Ռոբերին
Պատգամում եմ ուղուց շեղված
Իմ փոխանը թող դուրս բերի
Խիստ տնից Տրյումիլյերի
Եվ այն ձեռքն առած որպես թագ,
Առանց խանդի թագադրի
Ժաննա դե Միլյերին իր հոգյակ:
Ռոբեր Վալեն 1449թ. լիցենսիստի աստիճան է ստացել, դատարանում գրագիր է եղել, պատկանել է ունևոր ընտանիքի:
<<Տրյումիլյեր>> -Փարիզյան պանդոկ, բառացի` զանգապան:
Ժաննա դե Միլյեր –Վալյեի սիրուհին, կենակցին կրունկի տակ է պահել:
14
Իրեն մաղթեմ, /նա ընդ որում
Պատկանում է ընտրյալ դասին,
Բայց Ա-ն Բ-ից չի տարբերում/,
Պայծառ միթք` օգնող տհասին:
Երկար խորհեցի այդ մասին-
Գտա` զի նա բութ է անհույս
Թող նրան հղի Մալպանսեն
<<Հիշողության արվեստ>> -ը լույս:
Մալպանսե – բառացի` <<թուլամտություն>>:
<<Հիշողության արվեստը>> -14-րդ դարի դիտակտիկ շարադրանք, մնեմոնիկայի /հուշամարզության/ ինքնատիպ դասագիրք:
15
Որ Ռրբերի կյանքին վտանգ
Չսպառնա, թող նա շուտ կրի
Օղազրահը, /վրան` ժանգ/
Հորս –սա կողմ է թանկ գնի:
Փրկելով կյանքն այդ անբանի,
Պատգամում եմ –թող նա դնի
Կրպակ տարածքում Սեն – Ժակի`
Շռայլությամբ իր շատ հայտնի:
Սեն – ժակ –Սուրբ Ժակի /Հակոբի/ եկեղեցի/:
16
Կարդոն Ժակին թող տան թափս
Ձեռնոցներս, թիկնոցս թանկ,
Զուտ ուռենու փայտից ցուպս:
Կրելով նման հանդերձանք,
Թող նա վարի երջանիկ կյանք.
Նկուղն իր միշտ գինի վոթի,
Օրն ուտի մի լցոնված սագ
Եվ հարյուր հոգս, որ չպայթի:
Ժակ Կարդոն -/1423-?/, -ժառանգական մահուդագործ -վաճառական:
17
Որպես դրանիկի` Ռենեին
Երեք թազի եմ կտակում
Եվ հարյուր ֆրանկ` Ռագյեին
/Իր մահից հետ/, բայց կա միտում,
/Ու դրան շատ եմ հավատում/,
Որ իմ ձեռքն ընկնելիք փողը
Այդ հաշվում չէ ու չեմ դատում,
Որ ինձ կոգնի իմ ծնողը:
Ռենե դե Մոնտինի -/մտ. 1429-1457թթ./ -թագավորական հացթուխի որդին, կապվել է գողերի հետ և կախաղան բարձրացվել:
Ժան Ռագյե –Փարիզյան պրեմոյի գերագույն դատավորի տասներկու թիկնապահներից մեկը:
18
Դե Գրինին եմ կտակում
Պահակությունը Նիժոնի
Եվ շատ թազի, քան կտակում
Իմ դե Մոնիտինն է արժանի:
Եվ Բիստերը թող պահպանի:
Դե, իսկ Մուտոնին եմ հղում
Քոս, լախտ և նինջ երանելի`
Կրունկները` ոտնակոճղում:
Դե Գրին –երևի դե Գրինի տոհմանվան համար շարունակ դատարանում պահանջ ներկայացնող Ֆիլիպ Բրյունելը /?-1504թ./:
Նիժոն -/այժմ քաղաքի սահմանի մեջ ներառված/ ագարակ փարիզի արվարձանում: Սովորաբար այդպիսի ագարակների պահակությունը հանձնարարվում էր բլբլված հալևորներին:
Բիսետր –Վիյոնի ժամանակներում այդ ագարակն արդեն փլատակների էր վերածվել:
Մուտոն- նրա, ինչպես և Կատուլյան <<Ռավիդի>> /տես. Ներած./, վճռականապես ոչինչ հայտնի չէ;
19
Պապենի ջրարբն եմ տալիս
Ռագյեին –այնտեղ կեր է, խում
Եվ միշտ շատ ջուր է պետք գալիս:
Անձամբ նրան, ես բարեխում
<<Սոճու կոնն>> եմ էժան ծախում:
Երբ ցուրտ ձմեռ է, ձյուն անանց,
Թող նա պառկի այդ քամբախում-
Ոտքն իր թիկնոցի չափ պարզած:
Պապենի ջրարբը 15-րդ դարում Սենի աջ ափին է եղել:
Ժան Ժակ Ռագյե –թագավորի խոհարարի տղան –կնամոլ ու հարբեցող:
20
Մոտյեն Բասանյե սենյորից
/Որը լցված է պոռթկումով
Ազատվել բոլոր գողերից,
Ջանքի համար գտնի գորով:
Դե իսկ Ֆուրնեյին դատախազ
Տալիս եմ սանդալներ, հովհար.
Շուտով ցրտերն են վերահաս-
Խեղճը չլինի ցրտահար:
Ժան Մոտյեն –փարիզյան քննիչ. 1457թ. քննեց Նավարական քոլեջի թալանման գործը, որոմ մասնակցություն ուներ և Վիյոնը /տես ներած./:
Պյեռ Բասանյե /1430-մտ. 1467թթ./ -փարիզյան պրեվոյին կից քննիչ: Սենյոր Բասանյեն` ինքը գլխավոր դատավորը, այսինքն Ռոբեր դ` Էստուտվինն է, որին է նվիրված Վիյոնի վաղ բալլադը ներառված <<Մեծ կտակում>>:
Պյեռ Ֆուրնյե –Սուրբ Բենեդիկտ թեմի քննիչը:
21
Տես մսագործ ճետ Ժան Տրյուվեն.
Նրան խոյ տամ, մտրակ ոխի-
Թող ճանճերին նա քշի դեն
<<Ցլից>> մինչև այն կծախի:
<<Կով>>-ը, ըստ իս, հանուն շախի,
Վիլլան տարավ շալակն առած:
Պետք է բռնել այդ ազոխի
Վզից` օղակ գցել ձեռաց:
Շեվելյե դյու Գե –այսինքն Փարիզի քաղաքային պահակազորի հրամանատարը. 1455թ-ից այդ պաշտոնը զբաղեցնում էր Ժան դյու Առլեն, որի ազնվականության պատկանելիությունը /այդ պաշտոնի համար անհրաժեշտ/, մեծ կասկած էր հարուցում:
Ժան Տրյուվե –մսագործի օգնականը, շատ կռիվների ու սկանդալների մասնակից, որոնց պատճառով նրա անունը շատ դատական գործերում է հոլովված:
<<Ցուլ>>, <<Կով>> -գարեջրատների ցուցատախտակները:
/…Վիլլանը տարավ/ -պանդոկների և գարեջրատների ցուցատախտակները գողացող աշակերտների ավանդական չարաճճիությունը:
22
Շեվելյե դյու Գեին` ի սպաս,
<<Սաղավարտս>> եմ առաջարկում:
Իր ջոկատին, որ հանապանզ
Գող է որսում ու բանտարկում,
Մատնող լապտեր եմ կտակում
Մութ նրբանցքում` Պիեռ Օ Լե:
Ինձ <<Երեք շուշանն>> է գերում,
Եթե Շատլում լինեմ էլի:
<<Սաղավարտ>> -Փարիզում շատ հայտնի գինետուն:
<<Երեք շուշան>> -Շատլի ամրոցում շինություն, որտեղ տեղադրված էին և դատարանը և բանտը: Հնարավոր է, որ խոսքը գնում է ուղղակի երեք մահճակալանոց բանտախցի մասին, բայց այդ հատվածի ճիշտ նշանակությունը գաղտնազերցման չի տրվում:
23
Թռչող ապրանքի տեր Պերե
Մարշան` պարետ դյու Բարային,
Ըստ իս ընծաս շատ հարմար է-
Մի դեզ ծղոտ տամ ստորին:
Թող այն փռի, /քծնի չարին/
Մեղաց տակ Սոդոմ-Գոմորի.
Թե չէ` վայս նրա օրին.
Ձեռքը պարզաց հաց կմուրի:
Պերե Մարշան պարետ դյու Բար /?-մտ. 1493թ./ -Շատլի ամրոցի պահակ, թեթև վարքի տեր աղջիկների հսկիչ, կավատ և այլասերված:
24
Լուն, Շոլեն, որ լավ են լսում
Որտեղ ինչ կանչեց, կչկչաց,
Ընծաս եմ նրանց մեջ կիսում`
Բադը յուղով տապակ արած:
Իսկ որ մարդ չտեսնի- նրանց
Թիկնոց կտամ մենակյացի,
Կպչան, ոլոռ ու ճարպ հալած
Եվ ամեն մեկին մի քացի:
Կոէէն Շոլե –տակառագործ, հետագայում քաղաքային պահակ –հսկիչ, ընտանի թռչուններ գողանալու գործում Ժան լէ Լուի գործընկերը, իր կռվարարությամբ հայտնի, որի պատճառով և բանտ է ընկնում.
Ժան լէ Լու – փարիզյան ջրկիր և գող, ընտանի թռչունների գողության մասնագետ:
25
Որդերի պես անոգնական,
Ապրուստի միջոցից զրկված,
Մատնված տանջանքի իսկական-
Ստորև մատնանշած
Բոկոտն, մերկ երեք մանկանց
Ավանդում եմ, որ կարեկցեն,
Որ ձագուկներն այդ որբացած
Ձմեռը մի կերպ անցկացնեն:
26
Իմ որբուկներ մերկ ու նոթի`
Գոսսէն, Մարսո, իմ խեղճ Լորան,
Որ զգեստն է ձեր ցնցոտի,
Եվ սև օրն է ձեզ ծածկ, վրան.
Թող ձեր վիշտը Տերն ամոքի,
Ըմբոշխնեք գինի, պարմազան,
Երբ մարմինս հոգիս լքի:
Ժերար Գոսսուէն /? -1467թ./ -փարիզյան հարուստ վաշխառու:
Ժեան Մարսո /? -1468թ./ -Փարիզի ամենահարուստ վաշխառուններից մեկը, բազմիցս օրենքի կողմից հետապնդված:
Կոլեն Լորան /? -1478թ./ -նույնպես հարուստ վաշխառու:
27
Ես ցավում եմ մեր վանական
Սաների համար դալկադեմ
Եվ արդ համալսարանական
Կոչումս նրանց կտակեմ,
Որ հույլ կյանքից նրանց փրկեմ.
Զու’ր էին դպրոցում տառ շեղբում:
Երբ տեսնում եմ նրանց` կարկամ,
Բնությունն է ինձ հետ ողբում:
28
Գիոմ Կոտենը, Տիբո Վիտրին.
Այդ լուռ ու մունջ, խեղճ ու անճար
Լատինագետ զույգ սաներին,
Երգելու մեջ` ձայնի հանճար,
Կտակում եմ գործն այս անչար.
Տունն ու վեճը <<Գիյոմ –Գելդրի>>:
Կստանան պարտքը և տեսար-
Ֆինանսիստներ դարձան հայտնի:
Գիյոմ Կոտեն, Տիբո Վիտրի-Փարիզի Աստվածամոր տաճարի հարուստ կանոնիկոսներ, պետական պառլամենտի խորհրդական, տնատերեր:
Տունն ու վեճը <<Գիյոմ –Գիլդրի>> -1423թ-ին ոմն Գիյոմ դե լա Մարշ մսագործ Լորանին է վարձով հանձնում իր տունը, բայց սա հրաժարվում է վարձը մուծել: Այնպես որ <<Գիյոմ-Գիլդրիի տունը>> արտահայտությունը էֆեմիզմ է դառնում այն փողերի համար, որոնք անհնար է ստանալ պարտապանից:
29
Եպիսկոպոսի ցուպի հետ,
Նրանց եմ նվիրում նաև <<Ցուպը>>
Անտուան նրբանցքի և այդուհետ
Ամեն օր Սենի ընտիր ռուփը:
Նրանց, ում վրա է բանտի խուփը,
Հայելի եմ նվիրում. Առանց ահի
Թող և իրենց դիտեն, և մռութը
Բանտապանուհու պչրուհի:
<<Ցուպ>> -պանդոկի ևս մեկ անվանում: Ընդ որում այստեղ նկատի է առնված նաև եպիսկոպոսական ցուպը –աստիճանի խորհրդանիշը, որին փապագում են Գիյոմ Կոտենը և Տիբո Վիտրին:
30
Հիվանդանոցներին և մարդկանց
Սաքուների տակ բնակվող,
/Աչքատակերը միշտ կապտած/,
Փեղկեր եմ նվիրում մթնաքող:
Թող թշվառներն այդ տառապող
Մթնում տնքան ու սվսվան
Եվ թող նրանց աղաղակող
Ցնցոտիները չերևան:
31
Ես որպես մարդկության բարերար,
Վերջին մազափունջն եմ կտակում
Սափրիչին: Մաշակարին անկար
Մաշիկներ: Եվ հենց նույն ընթացքում-
Քուրջ հավաքողին` քուրջեր: Չեմ ծածկում.
Բարձր չեն դրանց գները
Ինչպես հին օրերում: Կա միտում,
Որ փոխվել են ժամանակները:
32
Ես տալիս եմ եղբայրներին սովող`
Բեգինկներին, դուստրերին Տիրոջ,
Կրպակ –պանդոկներում գտնվող
Քաղցրավենինները ամբողջ:
Եվ թող նրանք լինեն ողջ-առողջ,
Որ նախանշանները տասնհինգ
Անկյուններում կանգնած ծախեն անխոնջ,
Թաղծոտ հայացքներն իրենց հառած երկինք:
Եղբայրներին սովող –այսինքն մուրացիկ վանականների /դոմինիկյանների, օգոստոսականների, ֆրանցիսկյանների, կարմելիտների/ միաբանություններին, որոնք պարտավոր էին ապրել միայն ողորմություններով:
Դուստրերին Տիրոջ –այսինքն Փարիզին կից Սեն-Լենի աբբայությունում ապրող տնանկ կանանց:
Վանականների միաբանությունների թվարկումը ստեղծագործություններում, նման Վիյոնի <<Կտակներին>> շատ բնորոշ է ուշ միջնադարի պոեզիայի ինչպես լատինական, այնպես էլ նորեվրոպական լեզունների համար: Համեմատեք համարյա Վիյոնի հասակակից ֆլամանդական պոետ Անտոնիս դե Ռովերի /1430-1482թթ./ <<Աղացների տոների մասին>> ստեղծագործության հետ:
33
Կլորերես Գարդ նպարավաճառը.
Նրան եմ ընծայում <<Ոսկե սանդը>>,
Որ նա մանանեխ ծեծի: Իս Սուրբ Մավրը`
Ցուպ ծուրտիկ, ինչպես վարսանդը:
Ով ինձ տարավ, խցկեց խոնավ բանտը,
Թող սուրբ Անտոնիսն իր սուրբ կրակով
Նրան այրի: Եվ իմ վերջին ավանդը.
Թող նա այդ անի որակով:
Ժան դե լա Գարդ –հարուստ նպարավաճառ, որոշ ժամանակ թագավորական քարտուղարի պարտականությունն է կատարել:
<<Ոսկե սանդ>> -փարզյան պանդոկ, բայց <<վարսանդ>> տարածված էֆեմիզմը իր մեջ ակնարկում է այն, որ դե լա Գարդը եղջերավոր է եղել:
Սուրբ Մավր –հոդացավով տառապողների հովանավորը:
<<Սուրբ Անտոնիոսի կրակ>> -արյան վարակում:
34
Մերբյոֆի մոտ և դե Լավոյի
Նիկոլայ ընծաս` ինքն է ճեպում
Զնգում փող, բայց անցած հավայի.
Խցկված հավկիթի կճեպում:
Դե իսկ Գավյոի դարատափում
Պահակող կոնսերժ Պիեռին
Կաղնու –էքյու եմ առաքում`
Պատշաճ արքայազն ցանցառին:
Պյեռ Մերբյոֆ /?-1475թ./ -փարիզյան մեծահարուստ մահուդավաճառ:
Նիկոլա դե Լյուվյե /?-1483թ./ -նույնպես մահուդագործ, 1454-ից 1461թթ. Հարկահավաք է եղել: Ինչպես և Մարբյոֆը –ջանում էր ապացուցել իր ազնվականական ծագումը:
Գուվյո –Շանտիին կից տեղանք, որտեղ ջրամբարների և ճանապարհների տեսուչն էր համարվում Պյեռ դե Ռուսսեվիլը, որի աղքատությունը համարյա ասածվածք էր դարձել:
Կաղնու – էքյու -<<Հիմարների արքայազներ>>, ընտրված միջնադարյան ժողովրդական տոնախմբություններում, որոնք իսկական փողի փոխարեն կաղնու փայտից կլորակներ էին շպրտում մարդկանց վրա:
35
Մինչ ես գրկում երանության
Իմ այս կտակն էի կազմում,
Երեկոյան ժամերգության
Զանգը խփեց մեր ցուրտ մարզում:
Այն մեզ փրկվել էր համոզում`
Թե Անջելյուսն է խուց մտել,
Եվ ես մեջս իղձեր բազում,
Վճռեցի փութով աղոթել:
Անջելյուս –երեկոյան աղոթք:
36
Հանկարծ ինչ որ բան կատարվեց հետս,
Գիտակցությունս մեկեն մթագնեց.
Ոչ, դա գինին չէր` ինձ եկավ ի տես
Կին –հուշը, նա նախ ամբողջը խառնեց,
Ապա դրանցով թարմ դարսվածք բռնեց
Նոր լրակազմով պիտու տարրերի,
Որ զանազանեմ լավն անսպեռնից`
Էություններից ըմբռնումների:
37
Կազմավորման պայմանները,
Գնահատու նշանակությունները,
Փոխնախագոյացումները,
Նույնացումներն ու համեմատությունները:
Այս ողջ խառնաշփոթությունները
Մարդուն կդարձնեն լուսնոտ,
Կամ կշաղեն մտքերը:
Ես Արիստոտելի մոտ
Կարդացի այս տողերը:
38
Բայց զգայնությունս արթնացավ,
Երևակայությունս բռնկվեց,
Կյանքը մարմնիս վերադարձավ
Եվ մոռացման մեջ ինչը սսկվեց,
Վերստին խոպպած, գրգռվեց
Ու ձգտումը ամբողջական
Զգացմունքների հառնեց,
Որ դրանք ակնարև հանդես գան:
39
Երբ գիտակցությունս պարզվեց,
Ուժերս ետ եկան դարձյալ,
Դարձա գործիս և պարզվեց,
Թանաքը սառույց է դարձել,
Մոմն հանգել, ակութն է սառչել:
Եվ ես տան չուլն ու փալասը
Ստիպվեցի վրաս առնել
Եվ ցուրտ մթնում խզբզել սա.
40
Որի տակ և ձեռք եմ քաշում`
Մետր Վիյոն, Աստծո հեզ գառ,
Տեսքը ցախավել է միտում,
Չի տեսել թուզ ու թզի ծառ,
Չունի վրան ու տոհմի վառ,
Ընկերներին է կտակում
Մի ողջ բիլլոն -/վրան հաստ փառ/,
Թե այն չհալչի իր բռում:
Բիլլոն –պղնձե մանրադրամ;
Կտակ
1
Կյանքիս երեսունամյակին
Պախարակումն իջավ վրաս,
Թեև չեմ մատնել ոչ մեկին,
Ոչ հանճար եմ, ոչ էլ տհաս,
Սակայն ձեռքից ամենահաս
<<սուրբ>> Տիբո դե Օսսինյոի
Վրաս իջավ ահեղ օրհաս
Եվ քիչ մնաց վերջանայի:
2
Նա ինձ կանոնիկոս, սինյոր չէ,
Եվ ես նրա ստրուկը չեմ
Ու չեմ հասկանում թե ինչու’
Նրա հանդեպ հարգանք տածեմ:
Ինչու’ պետք է բանտում հեծեմ
Նրա-սնունդս` ջուր, չոր հաց.
Թող` ինչպես որ ես եմ կոծում
Նա էլ ողբա աչքերը` թաց:
3
Կարելի է, որ մեկն ասի,
Թե ես անեծք եմ ժայթքում:
Պատասխանեմ- թող սա լսի.
Նրան անեծք չեմ առաքում,
Այլ փոխադարձ ոխի հերքում.
Թող դրախտի Տերը մեր սուրբ,
/Ինչ որ սա է գլխիս սարքում/,
Նրա հետ վարվիր նույնքան նուրբ...
4
Եպիսկոպոսը իմ հանդեպ,
Չեմ ուռճացնում, եղավ դաժան,
Եվ չէր լինի նույն խաղն անդեպ,
Եթե և նա չառներ բաժին:
Անսալով հավատի ուժին-
Ներիր թշնամուդ- ես` անտեր,
Սպասում եմ Տիրոջ տույժին.
Դու եղիրը մեզ դատողը, Տեր:
5
Ես եպիսկոպոսի համար
Լցված եմ եռքով Կոտարի
Եվ սակայն գտնում եմ հարմար
Աղոթել առանց գրքերի,
Ինչպես ուստրերը Պիկարի:
Իսկ եթե կուզի իմանալ-
Ոնց է դա արվում- այս տարի
Կարող է Դուէ, Լիլ գնալ:
5 <<Եռքով Կոտարի>> -Ժան Կոտար /?-1461թ./ -Սենտ Պյեռ և Սենտ Էտյեն եկեղիցիների կանոնիկոս, 1455թ. համարվում էր եկեղեցական դատարանի դառախազ: Մի ինչ որ մեղադրանքի համար Վիյոնի վրա տուգանք է դրվում: Ընդ որում Կոտարը հայտնի էր իր հարբեցողությամբ: Մահացել է <<Կտակը>> գրելուց մեկ տարի առաջ, որին <<Բալադ-աղոթք>>-ն է նվիրված: Այն ներառված է պոեմի տեքստի մեջ:
Աղոթել առանց գրքերի –ներքևում հիշատակված Պիկարի ուստրերը հերետիկ աղանդ էին ներկայացնում, որոնք ընդհանրապես ժխտում էին որևէ աղոթք, այնպես որ, տվյալ տեքստում` աղոթել առանց գրքերի արտահայտությունը նշանակում է չաղոթել ընդհանրապես: Պիկարների աղանդը լայնորեն տարածված էր Դուէում և Լիլլում, որտեղ և Վիյոնը ուղարկում է եպիսկոպոսին, այսինքն Տիբո դե Օսսինյիին, որը նրան բանտարկել է հերձվողականության և հարբեցողության մեջ թաթախվելու համար:
6
Իսկ եթե գիտնալ ցանկանա
Ինչի մասին եմ աղոթում,
Թող սաղմոսագիրքը բանա.
Գոհություն եմ նրան մաղթում:
Երբ որ ես Սուրբ գիրքն եմ թերթում,
/Ոչ թե սեկե, այլ պարզ, անդեմ/,
Յոթերորդ սաղմոսն եմ կարդում
Ուր սա է`<<Deus laudem>>:
7
Եվ իմ Փրկչի մոտ են գնում
Աղերսանքներս կենդանի,
Եվ Նա դրանց տեր է կանգնում-
Ցավիս դնում սպեղանի:
Արդ փառք Քեզ, Տեր, խորհուրդ Բանի,
Քեզ, Տիրամայր- մայր Մեսիաի:
Եվ քո փառքը թող շատ լինի
Բարի արքա Ֆրանսիայի:
8
Արժանիքներն է Հակոբի
Փրկիչը քո անձին բեռնել,
Մտքով սուր ես, խելքով րաբբի-
Սողոմոնն է քո մեջ հառնել,
Եվ փառքն ես նրա պինդ բռնել:
Պերճաշուք է քո կերպարը,
Մախթեմ քեզ նաև փոխառել
Մաթուսաղայի մեծ դարը:
9
Թող տասներկու անզուգական
Արքայազներ ազնվացեղ
Մայր թագուհու ծոցից դուրս գան:
Եվ թող լինեն նրանք կարշնեղ
Կառլի նման: Լինեն զորեղ
Մարցիալի պես: Լինեն անպարտ:
Իսկ դու, արքա, մեր փառահեղ,
Սուրբ դրախտում գտիր ավարտ:
9 Մարցիալ –տվյալ դեպքում Լիմոժի եպիսկոպոսը /3-րդ դար/, նշանավոր իր քաջությամբ:
10
Ահավոր թույլ եմ ինձ զգում,
Ոտքերս հետս չեն գալիս,
Բայց քանի դեռ միտքս է զգոն,
Խելքս տեղից փախս չի տալիս-
Կտակ կազմեմ, որ <<գնալիս>>
Պարզ լինի` ում ինչ է հասել,
Որ ինչքս, գույքս ցրելիս
Պարզվի` մեկին չե’մ անտեսել:
11
Վաթսունմեկ թիվն է: Գրում եմ:
Արքայի կողմից ազատված
Բանտից, ահա շտապում եմ
Օգտվել կյանքից ինձ շնորհված:
Հոգով, մարմնով վերածնված,
Պարտքս գրչով պետք է փակեմ.
Խոր զգացվածությունից դրդված,
Թագավորիս փառքը երգեմ:
12
Պարզ է, որ այդքան վշտերից,
Հոգոց- արցունք- բողոք- ցնցում-
Հոգս /էրից/ հետո, ցավերից,
Որ քաշեցի բանտախցում-
Միտքս կարեկցանք է հայցում:
Պարզ խոսքե’ր եք ուզում լսել
Սակայն մեկնիչից կա ցուցում`
Արիստոտելն էլ է ասել:
12 Սակայն մեկնիչից կա ցուցում- -տվյալ դեպքում նկատի է առնվում Ավերոէս անվամբ հայտնի արաբ գիտնական Իբն –Ռուշդիի /1126-1196թթ./` ապրած Անդալուզում/, Արիստոտելին ուղղված մեկնաբանությունը:
13
Թեև մեղքերի մեջ կորած
Խարխափեցի մթնում խավար,
Բայց ինձ գթաց Տերը զորաց,
Ինչպես Էմմաուսում շվար
Այն երկուսին. <<Ես քեզ համար
Ռահ եմ, -ասաց, -եկ, կանչում է
Հայրս կյանքի չավարտվող, հար.
Երբ եկվորը մեղանչում է>>:
14
Ես մեղավոր եմ, դա գիտեմ,
Բայց տերն ինձ մահ չի ցանկանում,
Նա ուզում է, որ ես գտնեմ
Մինչ մահս մեղքերիս հատնում:
Չէ’, երբ մեղավորն է մեռնում,
Մեր բարեգութ Տերն այդ հեգին
Ահեղ զղջումի է մատնում,
Որ մաքրվի մեղսոտ հոգին:
15
<< Ռոման վարդի մասին>> երգը
Բարոյախոսում է. ջահել,
Պատանեական սրտի մեղքը
Ակամա- ամպայման ներել:
Այլապես դժվար է հասնել
Խոր ծերության: Բարի մաղթանք:
Բայց իմ ոսոխները անել,
Ինձ դժվար մաղթեն երկար կյանք:
15 <<Ռոման վարդի մասին>> -Գիյոմ դե Լորրիսի և Ժան դե Մենոնի /13- րդ դար./ միջնադարյան ամենանշանակալից վեպն է գրված չափածոյով:
16
Եթե մարդկանց` ինձնից խռով
Ես իմ մահով օգուտ տայի,
Հավատացեք –իմ ձեռքերով
Կյանքիս թելը կկտրեի:
Բայց մանկութ մինչ օրն այս “ո~հ”-ի
Ոչ մեկին չեմ վատաբանել,
Եվ կյանքը խեղճ Ֆրանսուայի
Չի կարող հիմքեր սասանել:
17
Մեծ Ալեքսանդրի օրերին,
Մի անգամ, մի ոմն Դիոմեդ
Բռնվեց` դարձավ նրա գերին
Եվ քշվեց- բերվեց նրա մոտ:
Շղթայված էին ձեռ ու ոտ:
Եվ սա պետք է պատասխան տար
Մինչև մահը իր մոտալուտ.
Հնում հենին ներոմ չկար:
18
-Ինչու’ ես դարձել ծովահեն,-
Հարցրեց նրան զորավարը:
-Իսկ ինչու~ ինձ “հեն” հայհոյել,-
Պատասխանեց նավավարը:
-Զի չնչի’ն է իմ ավարը.
Թե ձեռքիս տակ ունենայի
Զորք ու զենքի քո պաշարը-
Քեզ պես արքա կդառնայի:
19
Դե ինչ –իմ բախտն է այդպիսին,
Բախտի դեմ ո’վ է ծառացել:
Այն փոփոխական է,ն ենգ է, սին,
Նրան չես կարող շրջանցել:
Ո’վ է աղքատին կարեկցել`
Չապրելով մարդկանց մեջ սոված.
Հին առածը չի ծերացել.
Մուրացիկը’ չի նվիրված:
20
Լուռ լսելով ասացողին,
Մակեդոնացին խոստացավ.
-Ես կփոխեմ կյանքիդ ուղին:
Եվ նրա խոսքը գործ դարձավ:
Այո’, նա այր էր մեծ վարձով.
Չէր սիրում իզուր ջուր ծեծել:
Իսկ սա իր ողջ անցուդարձով
Վալերին է մեզ փոխանցել:
17-20 Ալեքսանդր Մակեդոնացու և ծովահեն Դիոմեդի մասին պատմությունը Վիյոնը ըստ խոստովանության փոխառել է Վալերի Մաքսիմից /3-րդ դար/, որն էլ իր հերթին այն դուրս է հանել Ցիցերոնի <<Հանրապետություն>>-ից:
21
Ա~խ, թե Տերը դատեր- մի այլ
Ալեքսանդրի հետ ինձ հանդիպել,
Որ սա լսեր թե ինչ անփայլ
Ռահն է ինձ հեն դառնալ ստիպել,
Ինքս կարող էի ինձ սրբել
Ու մեռնել ամոթ –աբուռից.
Հոգսն է դրդում չարով արբել
Եվ` գայլին դուրս գալ անտառից:
22
Ափսոս, որ ջահել հասակս
Աննկատ եկավ ու անցավ,
Թեև ապրեցի ոչ պակաս,
Քան ոմանք, բայց ի~նչ` վերջացավ-
Ջահել Վիյոնը ծերացավ:
Այն չվարգեց ու չը սուրաց-
Թռչնի պես ճախրեց,վերացավ,
Թողնելով ինձ հույժ շվարած:
23
Այն անցավ, իսկ ես մնացի
Հոգս ու ցավերի մեջ պես-պես,
Խելքից, մտքից բաժանվեցի
Պտղաթափվող մոշենու պես:
Կարիքների մեջ հանապազ,
Համարվում եմ և վտարակ-
Հարազատիս վերքին ի սպաս
Ճար չգտնող, այլ լոկ` վարակ:
24
Բայց մեղադրանքից չեմ փախչում-
Իբրև թե ցոփ կյանք եմ վարել,
Քեֆերի համար, չեմ փչում,
Իրոք ես շատ չեմ վճարել,
Ուստի տներ չեմ ավերել:
Եվ այստեղից` հետևություն.
Եթե դու մեղք չես կատարել-
Պետք չէ և մեղքի թողություն:
25
Այո’, դա ճիշտ է սիրում եմ
Եվ կրկին կսիրեմ անշուշտ,
Բայց երբ մարել է սերը իմ
Եվ փորս կիսով չափ է կուշտ,
Ինչպե`ս սիրո հետ լինեմ հաշտ:
Այնժամ կայրվես սիրո հրից,
Երբ պանդոկ կա ու գինու տաշտ.
Չե’ -պարը կախված է փորից:
26
Օ~, Տեր, թե ջահել օրերիս
Կրթվեի վարքին ու բարքին,
Այսօր ծածկի տակ օրրանիս
Կպառկեի փափուկ բարձին:
Բայց հեզ աշակերտի դափնին
Այնժամ գրավիչ չթված,
Արդ արժանի եմ ես լափին,
Եվ արմունկներս են կարկատված:
27
Ժողովողի խրատը արդ.
<<Մանկությունումդ, պատանի,
Ուրախացիր>>: Ինձ խրատն այդ
Քեֆերում եղավ պիտանի:
Բայց կյանքը դասեր շատ ունի.
Եվ ես գտա նոր մեկնություն.
Որ և կյանքի վաղ ատենի
Մանկությունն է ունայնություն:
28
Ողբամ հանց Հոբը. <<Օրերս
Մագոգից էլ շուտ են վազում
Ու վերջանում են հույսերս>>:
Երբ ջուլհակը բուրդ է գզում,
Թել է մանում, կարպետ հյուսում,
Տորքից հանում իր այդ չուլը,
Նայում եմ ու ահով սպասում-
Երբ կկտրվի կյանքիս թելը:
29
Ու’ր են տածուները մոլի,
Որոն գիտեի ես հնում.
Մեկը երգում է տարփալի,
Մեկը պոչով սուտ հորինում
Պարի մեջ, հանգստարանում:
Նրանց` ովքեր պատան հագան-
Անխռով նինջ եմ ցանկանում,
Ողջերին` Աստված պահապան:
30
Մեկը բարձր դիրք է գտել-
Դարձել սինյոր, պարոն` կեցցե,
Մեկն աչքերով գիտի ուտել
Ցուցափեղկում դրված հացը:
Սա –սուզակ է, ցանցում` խեցի,
Այլոց թովեց Ցելեստինը,
Կամ Կարտեզիանը կից խցի:
Ամեն մեկն իր ապրուստին է:
30 Ցելեստին –ապագա Պապ Ցելեստին 5 –րդը
31
Եթե Տիրոջ կամքն է ապրել
Սինյորներին խիստ չափի մեջ,
Իմ ի’նչ գործն է նրանց կպրել
Կամ ունենալ նրանց հետ վեճ:
Արդ տալիս եմ աղքատին խեղճ
Համբերություն դար ու դարեր,
Ոչ այս, ոչ այն դասին մի շեղջ
Հաց, մուրաբա ու թթուներ:
32
Եվ թող տակառներ շաղափեն,
Սոուս սարքեն սրանց համար,
Կրեմ ծփեն, ձվեր խաշեն
Պինդ, թերխաշ` ում` ոնց է հարմար.
Քարտաշներ չեն սրանք համառ
Դատապարտված խուլ տանջանքի,
Բայց չեն խորշում դառնալ խումար
Նաև առանց մատռվակի:
33
Ես պետք է ի լուր հռչակեմ.
Սին են իմ այս զեղումները,
Մեղքերը ե’ս պիտի քավեմ,
Կամ ե’ս ներեմ հանցանքները.
Հիսուսին են ողջ փառքերը:
Ականջ չեմ փնտրում, քավ լիցի
Դա չեն իմ այս դատումները:
Ինչ գրեցի` այն գրեցի:
34
Թողնենք մենաստանն իր հեռվում
Եվ խոսենք բաներից սրտամոտ.
Ամեն սքեմ չի պատկառվում,
Չի հարգվում ամեն պարեգոտ:
Կղերի այդ մասին չարագութ
Ամբոխը, եթե չի գզում,
Չեմ գտնում, որ այն մտքում գեթ
Այդ մասին չի երազում:
35
Ինչպես մերկ եկա լույս աշխարհ,
Այդպես մերկ եմ մինչև օրս:
Հայրս ինձանից էր թշվառ,
Եվ նրանից` պապս Օրես:
Մեծաց որսից չունեին մաս,
Շիրմաքարերն են անհամբյուր-
Աչք շոյող ոչ մի մանրամաս`
Ոչ գայիսոն և ոչ էլ խույր:
36
Երբ սկսում եմ <<ախեր>> դուրս պեղել,
Սիրտս է դիմում ինձ այս տեսակ.
<<Հե~յ, Վիյոն, քեզ ի’նչ է եղել,
Դու Կյորը չես` չունես քսակ
Եվ նոթն է, տես, դեմքիդ` պիսակ:
Բայց էլ լավ է քղամիդ կրես,
Քան լինես սինյոր` հողի տակ,
Թեկուզ անդրին զարդարի քեզ>>:
36 Ժակ Կյոր /?-1461թթ./ -հարուստ վաճառական և բանկիր, սակայն 1451 թ-ին զրկվում է կարողությունից և Ֆրանսիայից արտաքսվում:
37
Սինյորի դեմ ո’վ կգնա,
Բայց` ինչ և նա է մահանում
Եվ իր գուբը չի իմանա,
Ըստ Դավթի, ում է ընդունում:
Միտքս բեռի տակ է ընկնում`
Դատն այս մեղսոտին չի տրված,
Այն աստվածաբանն է քննում,
Կամ մարգարեն` թելադրված:
38
Աստծո ուժը հորս հոգին
Երկինք տարավ –հողը մնաց:
Մայրս է սպասում իր կարգին:
Մեկ էլ տեսաք որդին գնաց,
Որը տեսքով լույսից հինաց
Հեզ հրեշտակ չեր արդարև,
Եվ պսակից իր սևամած
Չեն ճառագի լույս ու արև:
39
Ես գիտեմ. Նեռն ու քահանան,
Մեծատունն ու ծայր աղքատը,
Ազնվաբարոն, խաբեբան,
Ցոփը, ժուժկալը, ժլատը,
Ձիգ բարձրն ու հաստ կոլոտը,
Կանայք պերճաշուք ու ընտիր,
Ում կակնածեր առավոտը,
Մահկանացու են անխտիր:
40
Եվ ով էլ մեռնի –Պարիսը,
Հեղինեն –մահը տանջանք է,
Մաղձն է պատում նրա ներսը,
Իսկ դուրսը մահվան քրտինքը,
Ու շնչատվում է մարդն` ինքը.
Եվ չկա կարող մի հոգի,
Որ մահամերձի մորմոքը
Հասկանա և նրան օգնի:
41
Մահ վրադ դող է գցում,
Տերը քեզ` թեր: Երակ ու հոտ
Ծռմռվում են, դուրս են ցցվում,
Քիթդ իջնում է մինչ ծնոտ,
Օ~, կնոջ մարմին պիրկ, ջերմոտ
Եվ սլացիկ և փառավոր.
Ինչպե~ս կրես այդչափ ամոթ:
Այո’, բոլորն են երկրավոր:
Բալլադ հին օրերի կանանց մասին
Հուշե’ք, ո’ր ափերում Ֆլորաին գտնեմ:
Տաիսին` Հռոմը շլացնող իր շուքով,
Ում քույր Ալկվիադան հրաշք էր անհատնում:
Հապա ու’ր է Էքոն, ում ձայնը քնքշանքով
Ծաղկունքին էր փարվում և լցված բուրմունքով
Հպվում դուժ ժայռերին, մտնում գետահուներ
Եվ ջրի հետ իջնում խինդով ու մորմոքով.
Ասացե’ք, որտե’ղ եք, հին օրերի ձյուներ:
Ու’ր է Էլոիզան` ձիրքի այդ տիպարը,
Որը սակայն դարձավ առիթ անպատվության-
Ում պատճառով մալվեց Պյեռ Աբելյարը
Ու սև կնգուղ հագած տրվեց միանձնության:
Ու’ր է դշխոն` ոխի ու սև գործի ատյան,
Սենը նետած պարկում ում Ժան Բուրիդանն էր
Իջնում ջրի հատակ ողջ-ողջ հագած պատան:
Ասացեք, որտե’ղ եք հին օրերի ձյուներ:
Որտե’ղ է Բլանշը շուշաններից ճերմակ,
Իսկ Բերտա’ն, որն ուներ մակդիրն այս`<<Մեծաոտ>>:
Ու’ր են Արեմբուրը, Ալիսան հուր- կրակ,
Կույսը` Ժաննան ու’ր է- բրետները մաղձոտ
Ում խարույկ հանեցին Ռուանում արյունոտ,
Եվ նրա ոտքի մոտ ժողովրդի ծովն էր:
Սուրբ Աստվածածին, ու’ր են, ու’ր եք, ու’մ մոտ.
Ասացեք, որտե’ղ եք հին օրերի ձյուներ:
Պետք չէ, արքայազն,տանջվել նրանց համար.
Չորացած ծառերը չեն տալիս պտուղներ
Եվ թող քեզ չհուզի այս հարցմունքը համառ.
Ասացեք, որտեղ եք, հին օրերի ձյուներ:
41-րդ բանաստեղծությունից հետո Վիյոնը /տես. Ներածականը/ սկսում է <<Կտակ>> -ի տեքստին ամրացնել բալլադներն ու այլ ստեղծագործությունները, որոնք թերևս նա ստեղծել է անցած տարիներին: Այս բալլադը, ըստ երևույթին նրա ամենահռչակավոր ստեղծագործությունն է:
Ֆլորա –Հռոմեական դիցաբանության մեջ ծաղկի և ջահելության աստվածուհին. Միջին դարերում այդ անունը սկսեց գործառվել կուրտիզանուհու հոմանիշ որպես:
Տաիս –հայտնի է որպես <<Տաիս Աթենուհի>> -կուրտիզանուհի, որն Ալեքսանդր Մակեդոնացուն ուղեկցել է նրա արշավանքների ընթացքում:
Ալկվիադա -/Վիյոնի մոտ` <<Արքիպիադա>>/, այս անունը կյանքի է կոչված պատմաբաների սխալի հետևանքով. Իմաստասեր Բոէցին /5-րդ դար/ Ալկվիադային որպես գեղեցկության տիպար էր անվանում, բայց միջնադարյան մեկնիչները սխալվել և այն շփոթել են կնոջ հետ, միաժամանակ աղավաղելով անունը:
Էքո –հավերժահարս /տես. Օվիդեի <<Կերպափոխությունները>>/, որը Հերայի ցասումն է առաջացրել: Նույն պատմությունը վերապատմվում է նաև <<Վարդի մասին ռոման>> -ում:
Էլոիզա /1101-1162թթ./ -Իմաստասեր Պյեռ Աբելյարի /1079-1142թթ./, սիրեցյալը, որի պատճատով իր ազգականները տարահանել են Պյեռ Աբելյարին, որպեսզի նրանց ամուսնությունը ի չիք դառնա:
Ու’ր է դշխոն ոխի… -սա ըստ երևույթին միջնադարյան լեգենդ է, քանզի իմաստասեր Ժան Բուրիդանին /մոտ. 1300-1358թթ./, որպես տիրացուի շատ բարձրաշխարհիկ կանանց հետ են կապեր վերագրում, սակայն նա դժվար թե Լյուդովիկոս 10-րդի կնոջ` Մարգարիտա Բուրգունդացու կամ Ֆիլլիպ 4-ի կնոջ` Ժաննա Նավարացու սիրեկանը լիներ, թեև լեգենդը այդ երկու կնոջն էլ սանձարձակ վարք է վերագրում: Բուրդանը այդ երկուսից էլ անհամեմատ երիտասարդ է եղել:
Բլանշ –Հավանական է` Բլանկա Կաստիլիացին /1188-1252թթ./, Լյուդովիկոս 8-րդի կինը, Սուրբ Լյուդովիկոսի 9-րդի մայրը:
Բերտա –Պիպին Կոտակի կինը, Կառլ Մեծի մայրը:
Ալիսա /իսկ Վիյոնի մոտ նաև` Բիտրիսա/ -Ֆրանսիական վեպերի սովորական կանանց անուններ –Վիյոնը Ու’մ նկատի ուներ, երևի ճշգրտել արդեն անհնար է:
Արեմբուր /?-1220թ./, -կոմսուհի Մենացին:
Ժաննա –Ժաննա դը Արկ /1412-1431թթ./ -նրա հրկիզման փաստը Ռուանում, միայն 20-րդ դարում դրվեց տարակուսանքի տակ:
Բալլադ հին օրերի սենյորների մասին
Մահն ու’մ կյանքը չի խաթարում.
Կալիպսը, որը Երրորդ կոչվեց,
Իր պապության չորրորդ տարում
Գահը թողեց, ինքը “կանչվեց”:
Ալֆոնսն Արագոնից “չվեց”:
-Արթուր,- սգաց Բրետանը:
Կառլ յոթերորդն էլ “արշավեց”,
Չկա նաև Շառլեմանը:
Չարքի կնիքը երեսին,
Շոտլանդիայի արքան “քնքուշ”
Իր հոգին տվեց նույն այսին:
Եվ Կիպրոսի արքան է հուշ:
Թող անունը մնա անհուշ-
Իսպանիո թագի պաշտպանը
Նույնպես կորսվեց, և ասեմ` վու~շ.
Չկա նաև Շառլեմանը:
Ուզես-չուզես. թե ծնվել ես,
Դու այդ մահով ես պարուրված:
Պետք է մահիդ հերթին սպասես.
Բախտն առ այսօր չի շրջանցված-
Բոլորս ենք դատապարտված:
Ու’ր է Լանսելոտ պարմանը`
Եղուկ իրեն` ջահել առնված:
Չկա նաև Շառլեմանը:
Որտե’ղ են Կլակեն Բրետոնը,
Եվ վազքի մեջ իր նմանը
Չունեցող կոմս Ալանսոնը:
Չկա նաև Շառլեմանը:
Այս բալլադը ըստ, երևույթին, որպես նախորդ բալլադի “զույգընկերն է” մտահղացված Վիյոնի կողմից, որը սակայն առավել քիչ է քրիստոմատիական, մասամբ այն պատճառով, որ այնտեղ թվարկված են առավելապես իրական մարդիկ` ապրած և մեռած Վիյոնի ապրած ժամանակից ոչ այնքան վաղ:
Կալիստ 3-րդ –Հռոմի պապ` Ալֆոնսո Բորջա աշխարհիկ անունով:
/Քանզի թարգմանությունը ռուսերենից է, բնականաբար հետևելով ռուս թարգմանիչ Յու. Կոժևնիկովին, ես բաց եմ թողել Կառլոս 1-ին` Բուլբոնի հերցոգին /1401-1456թթ./:
Արթուր –Արթուր 3-րդ, Բուրգոնի հերցոգ, Ֆրանսիայի Կոնստաբլլ /1396-1458/:
Կառլ 7-րդ –Ֆրանսիայի թագավոր /1403-1461թթ./:
Շառլեման –Կառլոս Մեծը:
Շոտլանդիայի թագավորը –Հակոբ 2-րդ /1437-1461թթ./:
Կիպրոսի արքա –Հովհան 2-րդ կաստիլիացին /1405-1457թթ./ -Հունգարիայի, Լեհաստանի և Բոհեմայի արքան, մտադրված էր Կառլոս 7-րդի աղջկա` Մադլենա Ֆրանսիացու ձեռքը խնդրել, բայց կյանքի 17-րդ տարում վախճանվում է:
Կառլ Բրետոն –Բորտրան Դյուգենկլեն մագդիրով /1320-1380թթ./, հարյուրամյա պատերազմի ժամանակ ֆրանսիական զինվորական հրամանատար:
Կոմս Օվերնի –Բերո Օվերնացին /?-1426թթ/:
Ալանսոն –ըստ երևույթին հերցոգ Ալանացուն նկատի ունի, որը զոհվել է Ավենկուրում, ճակատամարտի ընթացքում /1415թ/:
Բալլադ հին ֆրանսերեն լեզվով
Որ չվառվեն ձեռքերը նուրբ-
Փորուրարի կուրծքը բռնած
Եպիսկոպոսները մեր սուրբ
Մինչ ի Տեառն` ժամաշապկանց,
Իսկ կոչումքում` դիվահալած-
Կանցնեն –կյանքը իմասը չունի.
Իր մոլուցքում դիմահալած
Խորշակը ողջը կտանի:
Կուզես եղիր Բյուզանդիայի
Ոսկեկռուփ տիրակալը,
Կամ արքաներից Գաղիայի
Երեց սրբացող Օծյալը,
Եվ տիրոջը քո փառք տալը
Տաճարներ հիմնելը լինի.
Զուր են քո խորհել-խոկալը-
Ողջը խորշակը կտանի:
Եվ դաֆինը Գրենոբլի,
Եվ Դոլեի ու Դիժոնի
Իշխաները գահակալի
Շուրջը լինելու արժանի,
Ուզածդ մարդը անվանի-
Լինի հերոլդ, ազատանի.
Առանց դատ ու դատաստանի
Ողջը խորշակը կտանի:
Արքայազներն էլ այս կյանքում
Շինականի նման, հենի
Նույն մահկանացուն են կնքում.
Ողջը խորշակը կտանի:
Բյուզանդիայի տիրակալը –բնագրում հիշատակվում է <<Կոստանդնուպոլսի տիրակալը>>. Վիյոնի <<Կտակ>> -ը ստեղծել է Հռոմեական արևելյան տիրապետության անկումից /1453թ./ անմիջապես հետո, իսկ 1461 թ-ին ընկավ քրիստոնեության վերջին հենարանը Փոքր Ասիայում` Տրապիզոնը:
Կամ արքաներից Գաղիայի
Երեց սրբացվող Օծյալը – Սուրբ Լյուդովիկոս 9-րդ թագավորը /1215-1270թթ./, գահակալել է 1226 թ-ից:
Դաֆին –թագաժառանգ /ֆր./:
Դաֆինը Գրենոբլի –Ֆրանսիայի ապագա թագավոր Լյուդովիկոս 11-րդը, հոր մահից հետո Դաֆինի կառավարիչը:
Դիժոն –Հերցոգ Բուրգունդացու` Կառլոս Անվախի /1433-1477թթ./ մայրաքաղաքը:
42
Բոլոր պապ ու արքաները,
Մոր գոգ ձգած նրանց մանկտիք-
Գահ ու թեմի այդ տերերը
Քարը կանեն իրենց կնիք.
Ցանքս և ապա հունձքի գալիք;
Ու ինձ` Ռեյնից փերեզակիս,
Եվ մի պտղունց խինդն է հերիք-
Որ չընթանա` ճախրի հոգիս:
42 Ու ինձ` Ռեյնից փերեզակիս -<<Կտակ>>-ում միակ տեղը, որտեղ Վիյոնը Փարիզից իր փախուստից հետո, հիշատակում է իր զբաղմունքներից գոնե մեկը:
43
Այո’, հավերժ չէ այս կյանքը,
/Ինչպես կեղեքիչն է կարծում/,
Եղած-չեղածը պատրանք է-
Անդրաշխարհից չկա պրծում.
Շփա ժամանակի ցանցում:
Տես, այս մարդուն` հնում ուրախ,
Նա դև էր ծաղրելու գործում.
Այսօր ինքն է ծաղրին թիրախ:
44
Նա մուրում է ձեռքը մեկնած
/Կարիքն ինչե’ր չի հարուցում/
Եվ հաճախ քաղցից մոլեգնած,
Այնպես է աշխարհն անիծում,
Որ մոռանում է իր Աստծուն:
Փրկիչ կոչելով իր մահին,
Տիրոջ օրենքներն է եղծում-
Հոգին ուղարկելով գեհեն:
45
Հիշում եմ, ջահել էր, ճարպիկ,
Շատ սրամիտ ու սրախոս,
Բայց ծերացավ-դարձավ կապիկ
Եվ նողկալի և զազրախոս:
Երբ լուռ է` ոչինչ, բայց ափսոս
Հեչ չի լռում, իսկ խոսելիս,
Էլ չի հարցնում ոչ դար, ոչ փոս,
Բարբաջանքներ է դուրս տալիս:
46
Իսկ այդ դժբախտ, աստուճ կանայք.
Նույնիսկ հաց չեն կարող գնել,
Քանզի նրանց տաք, թարմ, լուսայգ
Աղջիկներն են փոխարինել:
Տերն ինչու’ է ապսպրել,
Որ նրանք վաղ ծնվեն այդպես:
Տերը չի ուզում կողմ բռնել,
Իսկ դու վիճես-կպարտվես:
Իր ջահել օրերի համար ափսոսացող
պառավի` Չքնաղ Կորդակագործուհու մորմոքը
XLVll
Լսեք տրտունջն, ով կոչվում էր
Կորդակագործուհի Չքնաղ:
Ա~խ, նա նախկին տեսքն ընդուներ…
-Օ~, ծերություն, օ~, բախտի խաղ,
Որ բերեցիր վրաս ծիծաղ:
Եվ ինչու’ ջահել ատենիս
Չհանձնեցիր ինձ հողին պաղ,
Որ արցունքով ողողվեր դիս:
XLVlll
Զրկվեցի ինձ վերուստ տրված
Հմայքներից գերեվարող,
Երբ ինձանով էին տարված
Ավատ, կավատ, սուրբ, հերձվածով.
Մարդիկ, ում համար փողն էր հող,
Շաղ էին տալիս ոտքիս տակ
Ընծաներ թաքուն, անսքող:
XLlX
Բայց մի ջահելի պատճառով
Մերժում էի ես շատերին
Եվ հիմա փոշման եմ,խռով,
Որ տրվեցի խիստ բարքերին:
Բայց սիրում էի այդ բոռին:
Ու թեև նա ինձ չէր քծնում,
Զոռ էր տալիս բռունցքներին
Եվ փողերիս էր ակնածում,
L
Սակայն չարության իր բեռով
Չէր կարող ճնշել իր սերը-
Ինձ մահիճ էր քաշում զոռով,
Համբուրում էր իմ կրծքերը.
Շիկանում էին կրքերը:
Ծմրում էի ես հաճույքից,
Խաղ էին դառնում վեճերը:
Է~, ի’նչ մնաց այդ վայելքից:
Ll
Երեսուն ամ է` նա չկա,
Իսկ ես` ծերս ճերմակահերք
Պատկերացնում եմ հեռակա
Այդ օրերի մարմինս մերկ,
Երբ կյանքն էր եռք, ու սերը երգ:
Ահա, ինձ եմ նայում կողքից.
Իսկը` ջադուկ- լնդերով լերկ
Ու գժվում եմ խղճմտանքից:
Lll
Ու~ր են ոսկե խոպոպներս,
Ճակատս բարձր ու հստակ,
Սադափ խեփյուր ականջներս
Եվ աչքերիս հուրը սուտակ,
Շրթունքներս` բուստե մանյակ,
Քիթս` սիսեռի նուրբ պատիճ,
Ձվաձև դեմքս` ձյուն ճերմակ,
Իսկ ծնոտիս պու’ճը դյութիչ…
Llll
Կրծքերս ոչ մեծ, սակայն պիրկ,
Ձեռքերս ճկուն, գեղեցիկ-
Խոստացող դրախտի տաք գիրկ,
Փորս թավշյա և առաձիգ,
Եվ կոնքերս` կրքի հրձիգ:
Իսկ երբ մեջքիս էի դառնում,
Դյութիչ այգու մուտքն էր գողտրիկ
Ձիգ ազդրերիս միջից հառնում:
LlV
Հերքս` թաղճուկ, ես` կնճռադեմ-
Ծիծղուն հայացքս է մարել,
Հայացք, որի կրակի դեմ
Տոկալ ոչ մի այր չէր զորել:
Քիթս ցած է կորվել, կեռվել,
Ունկերիս մեջ` մազափնջեր,
Այտերս են կախվել, փլվել,
Շուրթերս են դարձել քուրջեր:
LV
Չկան` շուքս օրիօրդական,
Եվ կաթն ու վարդը այտերիս,
Ուսերիս կորը դյութական,
Հետքն իսկ չկա պիրկ կրծքերիս,
Համրանք չկա կնճիռներիս
Այգու մուտքը չկա բացող,
Նայիր` հնում սիմ ոտքերիս`
Սարսատ երշիկի մի-մի ձող:
Չքնաղ կորդակագործուհու ուսուցողական բալլադը ուրախ աղջիկներին
Ձեռնոցագործուհի իմ վարժ,
Վարպետ ես դարձել քո գործում,
Իսկ դու` մաշակալուհի Բլանշ,
Առաջինն ես իմ դպրոցում:
Ժիր եղեք և սիրո հարցում:
Ամռան արևի’ց չեն վառվում:
Ո’վ է վրաս էլ աչք գցում.
Հին փողը չի շրջանառվում:
Երշիկագործուհիս, պտույտը
Պարիդ շատերին է գերել,
Ժանյակ հյուսող Գիոմետտա,
Դու էլ քիչ չես սրտեր կերել:
Բայց երբ տեսնեք, որ մի օր էլ
Ձեր ապրանքը չի վաճառվում-
Դեմքերիդ կտեսնեք ծալեր.
Հին փողը չի շրջանառվում:
Ժաննա-Գլխակագործուհի,
Քաջ եղիր, որ մարդու գնաս:
Կատրին-Թխվածքագործուհի,
Զգույշ միայնակ չմնաս
Ու անտեսման արժանանաս
Քո ծերության կնճռոտ հեռվում-
/Կնճիռը սիրուց չունի մաս/.
Հին փողը չի շրջանառվում:
Իմ աղջիկներ, ինձ նայեցեք.
<<Չքնաղ>> էի ես մեծարվում:
Ինձ նայեցեք-ձեզ խղճացեք.
Հին փողը չի շրջանառվում:
47
Այս ավանդը մեզ է թողել
Պառավը, որ գործել է կորդ:
Նա շատ չքնաղ կին է եղել:
Իսկ սրան ինձ դարձրեց հաղորդ
Ֆրեմեն դպիրս` ստին խորթ:
Եվ թե ստեր է մեզ պատվում-
Թող անիծվի նա պորտեպորտ`
Տերն ըստ ծառայի է դատվում:
47 Ֆրեմեն դպիրս –հնարավոր է պատմական անձ է, իսկ հնարավոր է, որ մտածածին է, բայց աղքատ Վիյոնին անձնական “դպիր” դժվար թե լիներ. Ըստ երևույթին մեր առջև հեղինակի հերթական հնարքներից մեկն է:
48
Թե ինչ վտանգներ է թաքցնում
Իր մեջ սիրո կիրքը-գիտեմ:
Ես պարսավներն եմ ընդունում
Հետագայի, բայց գրոտեմ.
Որոշ մարդիկ ունեն միտում
Զզվանք տածել սիրո հանդեպ,
Նրանք իրարից չեն զատում
Սերը, կիրքը, տարփը ի դեպ:
49
Երբ վասն փողի են մեզ սիրում,
Դիցուք, հոգ չէ, ում հետ, ապա,
Միժամյա սերն է մեզ տիրում-
Կանայք` հի~-հի~, փողը` հո’պա.
Փրթվել գիտի մարդուս կապը:
Բայց ասպե’տը-Տերը փրկի-
Դեպ ամրոցն է նրա ճեպը,
Ոչ թե պանդոկը բարկ կրքի:
50
Կանխավ գիտեմ-մեկը կասի,
Որ չեմ համոզել ես նրան:
Ես կարծիքն իր չեմ անտեսի,
Եթե նա փաստի անվարան,
Պատշաճ վայրում պետք է մարել,
Եվ բյուր կանայք թե սարսռան,
Որ մահճում չեն այդ բանն արել:
51
Բոլորն են սկզբից մաքուր,
Ոչ ոք նրանց չի ցավացնի,
Բայց դառնում ենք կրքերին կուր.
Ո’վ որսը չէ սիրո ցանցի:
Թերևս մեկին խելացի
Չդիպչի տարփանքի քոսը,
Որի քորից, ըստ զրույցի,
Տանջվել է Սուրբ Անտոնիոսը;
51 Սուրբ Անտոնիոս -/մոտ. 250-356թթ/ մենակյաց, քրիստոնեական առաջին վանականներից մեկը: Ըստ ավանդության Սուրբ Անտոնիոսի <<տանջանքներ>> էին կոչվում անմարելի սիրո կրքերն ու մի շարք ախտերը` արյան վարակ, կարմի քամու բորբոքում և այլն:
52
Այ, դեկրետին հաղորդները
Հույժ գաղտնի էին պահում
Իրենց սիրային կապերը.
Ջոկ-ջոկ էին մահիճ սահում:
Այդ կապերը հետագայում
Կտրվեցին. կույսը կրկին
Սավան փռեց հենց սրահում,
Տրվելով սրբոց բաց կրքին:
52 Դեկրետ –այս անվանվան տակ հայտնի է Սուրբ տեքստերի բանաքաղությունը, որն իրենից ներկայացնում է կանոնիկական օրենքի առաջին ժողովածուն: <<Դեկրետ>>-ը կազմել է իտալական եկեղեցական գրող-վանական Գրացիան /մոտ. 1141-1204թթ./: Վիյոնը գրքի այն հատվածը նկատի ունի, որտեղ Գրացիան հաստատում է, որ թաքնված մեղքը ավելի է ներելի, քան անթաքույցը, քանզի վերջինս կարող է վարակիչ դառնալ:
53
Ի’նչն է նրանց ձգտում-ըստ իս
/Կանանց չեն դիպչում, քավ լիցի/,
Կնոջ բնույթ-բարքն է այդպես.
Տարփին տրվել բազում ծոցի:
Եվ ինչ Ռեյնում ես արեցի
Եվ այստեղ կանեմ մեծ շուքով.
Երեքով դուք այն չեք գործի,
Ինչ մենք գործեցինք մենք վեց հոգով:
54
Թշվառ են այրերը, անօգ,
Իսկ կանանցից սուտն է հորդում.
<<Քոննն եմ –ի’մն ես>>: <<Այո>>: Անհոգ
Խափում են ու աչք չեն թարթում:
Խարխուլ են առագա~ստ, երդու’մ:
Իսկ նա, ում սիրո սահմանը
Հեստ շներն ու սուրն են հսկում,
Պատրաստ է նաև զնդանը:
Կրկնակի Բալլադ
Թող կառավալը եռք քամի,
Պարից քրտնեն քիթ ու մռութ,
Բայց տե’ս, պահն է հագեցումի.
Չիք տարփի ու կրքի հուռութ:
Կիրքն է հանճարին դարձնում է բութ.
Այն ավարեց Սողոմոնին,
Սամսոնին պատվեց հավերժ մութ.
Փառք կրքերով չգերվողին:
Սրնգահար Օրփեոսը
Իջավ Աիդ. չորս գլխանի
Շունն էր հսկում ում դարբասը,
Որ կիրքը կուպրի մոտ լինի:
Ահա նարգիզը պարմանի.
Ինքն իր հանդեպ սիրո դաղից
Ջրում փնտրեց սպեղանի:
Փառք կրքերով չգերվողին:
Սարդանապալը որ նույնիսկ
Կրետեն կցեծ իր գահին,
Կրքի մեջ կին էր իսկ և իսկ-
Այր ես սիրում- ռաստ գար մահին;
Դավիթ արքան պարի պահին
Այնպես տրվեց երգ ու խաղին,
Որ մոռացավ Եհովային:
Փառք կրքերով չտարվողին:
Իսկ իր քրոջը` Թամարին
Պիղծ Աննոնը բռնաբարեց,
Դրա համար, կամոք վերին,
Սատակների դասին հարեց:
Երբ դստեր պարն իրեն գերեց,
Հերովդեսն այդ կաքավողին
Սրբի գլուխը նվիրեց:
Փառք կրքերով չգերվողին:
Կնոջ հանդեպ կրքիս համար
Եվ ես մի լավ քոտակ կերա:
Կատրին Վասսել կինը համառ
Պատասխանը կտա դրա:
Նոելն հասավ դեպքի վրա:
Սա պատրաստ է պահ տալ հողին
Արցունքի իր ողջ ծվարը:
Փառք կրքերով չգերվողին:
Միթե’ պարմանն իր ընտրյալից
Մերժվելով պետք է վայի;
Ոչ’, ընթերցող իմ հարգալից.
Թող նրան, որպես հմայի,
Այրեն, փույթ չէ, զի հալվայի
Բույրն է կպած կնոջ ցեղին,
Եվ ողջ տարփերը երկրային;
Փառք կրքերով չգերվողին;
Այս ձևը Վիյոնը միայն մի անգամ է օգտագործել. Վեց ութ տողանի բանաստեղծությունները միևնույն կրկնատողով, ընդ որում` վերջում առանց ուղերձի;
Չորս գլխանի շուն –Վիյոնը կատակի համար երեք գլխանի Կերպերոսին և չորրորդ գլուխն է ավելացնում:
Կատրին Վասսել –ըստ հենց իր` Վիյոնի խոսքերից է միայն հայտնի /ըստ լեգենդի –նույն ինքն է, որի պատճառով 1455 թ-ին Վիյոնը սպանում է իր վրա հարձակված կղերական Սարմուազին/: Պիկարդիական խոսվածքում “վասսել” նշանակում էր կնոջ մարմնի “փոքր ձորակ”, հնարավոր է, որ այդ անունը մակդիր է:
Նոյել Ժոյի –ըստ երևույթին, Վիյոնի մրցակիցը. Բառախաղերով Վիյոնը ցանկանում էր նրան <<երջանիկ կախված լինել>>:
55
Երբ նա, որին ծառայեցի
Այնպես անկեղծ, անմտածում,
Ում պատճառով ես կրեցի
Այնքան զրկանք, տանջանք, ցնցում
Եվ դառնություն և հիացում,
Գլխանց ասեր, թե իր համար
Ինչն է թանկը –սիրո ցանցում
Չէր մնա, որպես հիմար:
56
Բայց ինչ էլ որ ես ասեի,
Պատրաստ էր ողջը լսելու,
Ինչ ցանկանալ որ ուզեի,
Կանսար առանց առարկելու;
Հարցը լեզվիս ծայրին-հլու`
Նա պատասխան կտար շիտակ,
Էլ ի’նչ պատճառ կասկածելու,
Որ ողջը խաղ է, չար կատակ:
57
Նա համարելով ինձ համբակ,
Ներշնչում էր անխոնջ, անդուլ,
Որ մոխիրն ալյուր է գերմակ,
Մոմի այրուքը` ոսկու ձույլ,
Սև կնկուղը` թագ շողփայլ,
“Ագռավն` ագուռ”: Եվ նա ինձ մոտ
Երկնքից էր իջել օրհնյալ,
Եվ ոտքերն էին իր ամպոտ:
58
Իսկ երկինքը թավա էր սոսկ,
Ամպերը գորշ գայլի մորթի,
Ցորնահասկը` որոմի հասկ,
Սև մուժ էր լույսն առավոտի,
Կատապուլկան` զեփյուռ արտի,
Քացախ էր գինու ամեն կուժ,
Գեր-ինչպես թե տարվեր մորթի,
Սագաքայլով աբբան ճիժ-պաժ:
59
Ինձ մատնել են դաժանորեն,
Հաճախ եմ պագել տան փակը,
Կուտ են տվել կրկին, նորեն,
Եվ հազիվ թե ուրիշ մեկը
Շալվարը գցել իր հագը
Հենց վազքի մեջ, ինձ հետ մրցեր:
Ա~խ, -սիրահար վտարակը
Լոկ կտաներ այդչափ փորձեր:
60
Ողջը այրվեց, դարձավ հրո ճարակ,
Թունդ անեծքով ես սերն անիծեցի:
Դատաստանի օրն ինձ կանեն խարակ
Սիրո պատճառով և իմ արածի:
Վիյոլս սաքուի տակ խծկեցի,
Այն ձեռքս չեմ վերցնի հավիտյան-հար,
Քանզի խաչերդումով երդվեցի-
Այլևս չլինել խենթ սիրահար:
61
Ես սերս քամուն տվեցի,
/Հույս ունեցողին թող կպչի/
Եվ այս կոչումիս փակչեցի,
/Հուսով եմ, որ չեմ ամաչի/:
Իսկ եթե մեկը թառանչի,
Թե սերն ինչու եմ բացասում,
Ես նրան կասեմ. <<Հերթդ չի-
Մահամերձն է անկեղծ խոսում>>:
62
Ճերմակ փրփուրը բերանիս
Ես ահով մահին եմ սպասում:
Թու-թու-թու-աբբան է գալիս.
Մեռելոց մեծ փոսն է դրսում:
Ժանետն ինձ հետ լուրջ է խոսում.
Ըստ նրա-հաշմ, ծեր զինվոր եմ,
Մինջդեռ մտքերս են սոսկ հասուն,
Իսկ այնպես` դեռ ճետ-աքլոր եմ:
63
Կեցցե’, ասեմ Տակ Տիբոյին,
Որն ինձ այս թաց գուբը գցեց,
/Նամն օգնում է արագ մահին/,
Շղթան ոտքիս պինդ ագուցեց
Եվ ինձ միշտ տանձեր մատուցեց:
Ի’նչ ցանկանամ նրան հարմար-
Իմ քաշածը և քոսի ցեց
Իր… et ceturա-ի համար:
64
Ես ծառայող-ծառաներին
Տիբոի չեմ մեղադրում:
Հարգում եմ նրանց բոլորին,
Դատել-պատշաճ չեմ համարում;
Տե’ս, Ռոբերը, նա իր օրում
Չի տրորի նույնիսկ զեռուն:
Ես նրան այնքան եմ սիրում,
Որքան Տիրոջը վաշխառուն:
65
Ես փորձանքից ազատվեցի,
Հիշում եմ, մինչ վտարվելս,
Հիսունվեց թվին գրեցի
Որոշ նախացուցումներս,
Որոնց Կայեն մի սևերես
Տարածել էր որպես կտակ.
Թաքուն գործը ո’նց խաթարես.
Գիրս դրված էր բարձիս տակ:
66
Ես չեմ մտածում
Նախացուցումներս նախկին,
Պատրաստ եմ մինչև իսկ ծախել
Հանուն դրանց տունն իմ, այգին:
Բարր, իմ` քեզ ընծայած հարդին
Ներքնակ եմ տալիս վրադիր.
Կանգնած վայել չէ քո հարգին-
Շնանալիս վրան պառկիր:
66 Բարրը համարվում էր /տես. <<Նախացուցում>>-ի 23-րդ բանաստեղծությունը/ անօրինածին Պեռնե Մարշանի հայրը:
67
Ում բաժինը որ քիչ լինի,
Ի կատարումն իմ ցանկության
Ժառանգորդներին թող դիմի
Իմ այսօրվա ողջ ճոխության,
Նաև թախտիս` մեծ խենթության:
-Տվեք, -այդպես էլ թող բուժի,
Այդ քառյակին իմ ընտրության.
Մարո, Պրովեն, Ռոբեն Տրյուժի:
67 Մարո –տապակած մսի վաճառող, Ժան Պրովեն –թղվածքագործ, Ռոբեր Տրյուժի -<<Սոչու կոն>> պանդոկի տերը: Դրանց երեքին էլ Վիյոնը ահագին փող էր պարտք, որոնց և իր պարտքերի ժառանգորդներ է նշանակում:
68
Արդյունքում պետք է հավելել.
Քանզի ցուցմունքս Ֆրեմեն
Դպիրիս է տրված գրառել,
Իսկ նա ընդունակ է ամեն
Մի խոսք թանկ պահել, ամմեն.
Արդ կտակս հար չի քակվի.
Թող շեներիս /Շատլից –Արդեն/
Շնորհագիրը հռչակվի:
69
Սիրտս հազիվ է տրոփում,
Էլ ուժ չկա բլբլալու,
Ֆրեմեն, ի’նչ ես մրափում,
Թուղթ ու թանաք են պետք գալու:
Մոտ նստիր, բան կա գրելու:
Պատերն ականջ ունեն, զգույշ:
Գրիր ում ինչ է բաշխելու
Շիրմափոսը իմ որպես հուշ:
70
Հանուն Հոր և Որդվո, որը
Ծնվեց Սուրբ Կույս Տիրամորից
Եվ Սուրբ հոգու հետ այս օրը
Իր գահին է նստած նորից,
Մարդուն հանած մահվան հորից,
Որը հավատին չի դառնում,
Քանզի և օրենքն ունի գիր.
Ամեն մեռնող սուրբ է դառնում:
71
Մենք մեռնում ենք անիծելով,
Հոգով ու մարմնով ենք մեռնում,
Առաջինը` կրակվելով,
Իսկ մարմինը հող է դառնում:
Եվ սոսկ այլ ուղի են բռնում
Հայրապետն ու մարգարեն հար.
Ըստ իս, հուրը չի սպառնում
Քամակներին նրանց արդար:
72
Թե մեկն հարցնի. <<Դա ի’նչ միտք է,
Հերձվածող ես>>, -մեկը ասի,-
Այանն է զավթել հոգուդ մուտքը>>:
Խոսքերը կասեմ Հիսուսի.
Հարուստին` դժոխքի փոսի,
Իսկ աղքատին վերերկրային
Հուրն է այրում: Թող մահն ասի
Թե երանի տանք ում <<վայ>>-ին:
73
Բայց հարուստը եթե տեսներ
Ոնց է հոտում բորոտ մատը,
Իսկույն տզզոցը կկտրեր,
Ծարավից տանջվելն էլ հետը:
Այստեղ հարբեցող անհատը,
Քամուն տված փողն ու ինչքը,
Այնտեղ սուրբ ու անարատ է,
Թանկ է օրհնված խմիչքը:
74
Հանուն կույսի պայծառերես,
Որ այրից դուրս եկավ անմեռ,
Ավարտեի այս գործը ես:
Հիվանդ, վտիտ, իսկը քիմեռ,
Ճիշտ է, դողերոցք չունեմ դեռ,
Բայց ստվերիս պես բարակ եմ:
Ոտքի կելնեմ –կույսն է ինձ թեր.
Դե ինչ, գիրս շարունակեմ:
75
Նախ Սուրբ Երրորդությանն եմ ես
Տանջված հոգիս ի դատ բերում,
Եվ տիրուհուն եմ բարետես
Բախտս վերահանձնարարում:
Ինն դասից հրեշտակած
Բարեհաճություն եմ մուրում.
Թող այն որպես ինձ համարում
Նրանք նետեն երկնքից ցած:
76
Մայր Հողին եմ հանձնարարում
Մարմինս դեռ ջահել` ահել,
Նրա մեջ ճարպը` ոնց մոխրում,
Ախր երկար եմ ծոմ պահել:
Հողը գիտի պատգամ պահել.
Թևիր, ճախրիր եթերներում-
Մեկնակետ ես վերադառնում:
77
Ապա Գիյոմ դե Վիյոնին,
Որն ինձ հորից լավ է եղել,
Ով ինձ նման կորած հենին
Չի փնովել ու չի նեղել,
Ով որ երբեկ չի հապաղել
Օգնելու ինձ ամեն հարցում,
Ինձ համար իր կյանքն է խեղել
Չակնարկելով ներողություն,
78
Նրան եմ թողնում գրքերս,
Պատմվածքս <<Չարքի թստիկ>>,
Որն արտագրեց ընկերս`
Գի Տամարին, մեկ-մեկ` սաստիկ,
Բայց անաչառ: Գուցե պստիկ
Գործն այդ թվա ձեզ անարվեստ,
Բայց նրա մեջ կա ասելիք.
Ձիրքն է տգեղին դարձնում վեստ:
79
Մայրս վաղուց է մոռացել
Իմ պատճառով և խինդ և հույս,
Նրան եմ ուզում փոխանցել
Աղոթքն այս առ մեր Սրբին Կույս,
Նա է եղել մեզ սատար, լույս,
Եղել է բերդ –ամառանոց:
Նա է մեզ տվել խրախույս:
Բալլադ –աղոթք Աստվածածնին
Երկրի, երկնքի գթած Տիրուհի,
Նաև` դժոխքի թաքնված ճահճի տակ,
Տեղ տուր ճոթում ձեր երկնային գահի
Քրիստոնեհուս` խաղաղ հպատակ:
Ու թեև չունեմ սրբվելու վաստակ,
Բայց եթե ծանր են իմ հանցանքները,
Է’լ իստակող են Քո օրհնանքները:
Առանց դրանց ո’նց հոգով համբառնեմ.
Ցույց տուր դեպի քեզ ճանապարհները-
Օրհնիր հավատով ապրեմ ու մեռնեմ:
Ասա Որդուդ, որ իր հետ եմ հոգով,
Թող հանկարծ փրծնած մեղքերս ների,
Չէ’ Թեոֆիլը Սուրբ կարգվեց հարգով-
Ով հոգին դևին վաճառեց գերի:
Եվ եգիպտուհին անառակ կարի
Մեխքերից սրբվեց խնդրանքիդ խաթեր:
Ինձ այդպես ընկնել մի արասցե, Տեր:
Որ ես ներումի գաղտնիքը բռնեմ-
Այսուհետև էլ խոնհարություն տուր.
Օրհնիր հավատով ապրեմ ու մեռնեմ:
Ինձ պես հասարակ, պարզ կնոջ համար,
Ով գրքի ոչ մի տառ չի ճանաչում,
Տաճարի պատին, նկարում անմար
Կրակների մեջ դժոխքն է ճչում:
Իսկ մյուս պատից դրախտն է կանչում
Երգով, նվագով սրնգի, վինի.
Մեկում անեծք է, մեկում` երանի:
Սուրբ կույս, աղոթքի ուժ մեկնի առնեմ,
Օգնիր մեծ հավատ հավատս լինի.
Օրհնիր հավատով ապրեմ ու մեռնեմ:
Ծնված օրից քո կողմից փայփայված,
Չէր նվաստանա Որդիդ` մեր Աստված:
Եվ մեր մեղքերից միայն մորմոքված
Խաչվեց, որ ես էլ մաքրված հառնեմ-
Այդպես եմ կարծում. Մեր Տերը գոված
Ամենազոր է: Եվ դու` ընտրված,
Օրհնիր հավատով ապրեմ ու մեռնեմ:
Սորբ Թեոֆիլ –լեգենդի համաձայն հոգին վաճառում է դևին, բայց Աստվածամոր զորակցությամբ փրկվում է և հետագայում իր աստվածահաճո գործերի շնորհիվ սրբացվում:
Անառակ եգիպտուհին –Մարիամ Եգիպտուհին /մ.թ. 3-րդ դար/, Աստվածամորը խնդրում է թողություն տալ իր մեղքերին, առանձնանում է անապատում, որտեղ կենում է 47 տարի, որից հետո սրբացվում է:
80
Իմ սեր, գեղեցկուհի Ռոզա,
Քեզ չեմ նվիրում սիրտ ու թոք,
Քո փոքրիկ ձեռքին կսազի
Զնգուն փողի քսակը լոկ.
Գիտես հագնվել և ճոխ և կոկ:
Իմ կորսված հոգին է վկա,
Թող վզիս շղթան դառնա թոկ.
Քոռ գռոշն` ինչ է, քեզ չեն տա:
81
Ինչ էլ որ ցանկանամ նրան,
Նա ունի, իսկ ես` փանաքի.
Եվ սիրո հու’րը հուրհրան
Պաղ ներսս դժվար կրակի:
Թող Միշոն այդ գործ կոկի-
<<Քոնթի>> մականունն է կրում,
/Ժառանգորդն է իմ կտակի/-
Քարի տակ է` Սեն-Սատիրում:
82
Փակել է պետք հաշիվներս
Սիրո հետ, բայց` ոչ քրմուհու,
Տարին անցավ, ու հույսերս
Հանդիպման տրվեցին մահու;
Նմանվե’լ է նա վագրուհու
Իր մարմինը պաշտպանելիս.
Պատվով եմ երդվում Տիրուհու-
Մարդու փռթկոցն է գալիս;
83
Ես նրան բալլադ եմ ձոնում
Տողերի “ռ” վերջույթներով:
Փոխանցել Բարրին եմ հանձնում:
Երբ նրանք հանդիպեն բարով,
/Թրև են գալիս խմբերով/,
Քթնեղ Բարրն էլ` քայլող առակ:
Հա’, հենց ռաստ գան, կասի.- Բարև,
Այդ որեղի’ց, լիրբ-անառակ;
Բալլադ ընկերուհուս
Կեղծող գեղեցկուհու` վեճ ու կռվում ճարտար,
Անունը ես կտամ վերջին “ա~խ”-ում իմ խոր:
Արտաքինից է նա հեզ ու կամակատար,
Սակայն մի պահ դիպչիր –կունենաս յոթ սև օր:
Գութը նրա փորում լոկ տիկնիկ է լղպոր,
Ցուրտ հայացքում մահվան ողջ ձևերն են վատթար:
Իսկ ի’նչ, եթե թողնի նա վարքն իր կամակոր
Եվ չկշտամբելով խեղճիս կանգնի սատար:
Ինձ վեճով նրա’ մոտ պետք չէ փնտրել պատվար,
Այլ` այլոց մոտ –մի տեղ կգտնվի ծակուռ:
Փախչել նրա մոտից, փախչել թեկուզ անտառ.
Բայց ո’չ –սիրո շղթան և պինդ և ամրակուռ
Ինձ չի թողնում մտնել հոգի մաքրող մատուռ:
Եվ խարույկն է ուխտում ինձ դատաստան արդար:
Բայց ու’ր է քո գութը, որ դեն նետած վեճ, մուռ`
Առանց կշտամբանքի խեղճիս կանգնես սատար:
Ավա~ղ, ժամանակը ողջը դարձնում է խար,
Եվ դու կեղևի պես կհավաքես կնճիռ:
Անցյալն հետ չես բերի –փուչ են տարի ու դար,
Եվ գալիքից խինդի հույսով քեզ մի տանջիր:
Ես կդառնամ պաղ ծեր, դու` պառավ խուլ, ձանձիր:
Փորձիր ջահել կյանքի տված ամեն պատառ:
Ջահել հոգուն անսազ բարկությունդ սանձիր.
Առանց կշտամբանքի և ի’նձ կանգնիր սատար:
Արքունիքի պարծանք արքայազն բարի,
Խնդրում եմ ի’մ հանդեպ նաև եղիր արդար.
Չէ որ գթությունը սուրբ մասն է Արարի.
Առանց կշտամբանքի խեղճիս կանգնիր սատար:
84
Հերթը Իտյե Մարշանին տանք.
Նա որ ինձնից դաշյուն ունի,
Թող վերցնի և այս ընծաս թանկ`
Ռոնդո` ճիշտ տասը տողանի:
Թող նա նվագի տակ վինի
<<De profundis>> ի հանգի տակ
Իր <<ծտերի>> գովքը անի:
Անուները սրանց չտանք…
Ռոնդո
Ասա ինձ, մահ, ինչու’ տարար
Իմ սիրածին: Ինչու’ ես չար:
Օ~ մահ, ագահ ու անարդար,
Ինչու’ այդքան անգութ եղար:
Դու և ինձ դարձրիր տանջահար,
Երբ իջեցրիր նրան խավար
Գերեզման:
Մեզ մի սիրտ էր ծառայել հար,
Մի սիրտ զույգիս, և կյանքն էր զառ:
Բայց նա մեռավ և, տես, արար
Աշխարհն իր հետ տարավ ի վար`
Գերեզման:
85
Իկ հաջորդն է Ժան լե Կորնյուն,
Եվ ես նրա հին կտակի
Վրա կցողեմ թարմ արյուն:
Որպես իմ հանդեպ շիտակի,
Թող վերցնի բերի կարգի
Նաև այգին Բուրինոյի:
Տունն ու դուռը թող նորոգի.
Հատու’կ դռան փակին նայի:
86
Թե չէ գողը կթռցնի
Բրիչը` կոթով քլունգի,
Եվ աչք թարթել չես հասցնի:
Ես այդ տան պատին մի քանի
Կեռ եմ խփել. թող անվանի
Ինձ ու իրեն հարգող մի գող
Նրանցով ներս ու դուրս անի
Ինձ կրկնելով ու գտնի փող:
87
Սենտ –Ամանի կինը, որի
Ամեն ինչն է Տերը ներում,
Ով մեղք է հայցում օր-օրի,
Բայց ինձ է ուզվոր համարում,
Իմ զամբիկն եմ նրան բերում,
Թող այն <<Կուրտ ձիու>> հետ քշի,
Կամ լծակից դարձնի <<Ջորուն>>,
Ոնց իր մարդ-լծակցին <<Շեկ էշ>>-ի:
88
Դե իսկ քեզ, սիր Էսսլեն Դենի,
Փարիզում դարձած դատավոր,
Հղում եմ հինգ տակառ օլնի,
Որը տարա խիստ փետրավոր
Տյուրժիից: Մութ էր ահավոր:
Խմիր: Որ խելքդ չփախչի-
Քիչ ջուր խառնել է հարկավոր.
Հարբեցողի ծուխը ծուխ չի:
89
Գիյոմ Շարլյո փաստաբանիս,
Վասն առ իս իր հարգանքի,
Բարձիս տակի սուրն եմ տալիս.
Մարշանն էլ է տերն այդ զենքի:
Ի հավելումն այդ մասունքի
Եվ մի ռեալ եմ նվիրում
Այն մարել եմ Տամպլի կողքի
Չեմ հիշում որ սակարանում:
90
Իմ դատախազը` Ֆուրնյեն վես
Պետք է պատշաճ վարձատրվի.
Հաստատ իմ տան մի խորշում կես,
Կամ մի լուիդոր կճարվի:
Ահեղ օրը թող սա գրվի.
Նա իմ հանդեպ գութ է տածել;
Որ բարության հիմքը դրվի-
Այն նույնով պետք է հատուցել:
91
Իսկ Ժակ Ռագյեն <<Մեծ գավաթ>>-ին
Գրեվյան մեյդանին թող տիրի:
Բայց հորդորեմ այդ կավատին-
Ինձ չորս կլորակ վճարի.
Թեկուզ վարտիքը վաճառի;
Հենց դառնա դրա պատրոնը-
Սոլերն էլ գործի մեջ խրի-
Գնի նաև <<Սոճու կոնը>>:
92
Մերեբյոֆ ու Լուվյեր զույգին,
Որ գիտեն ինչ ասել է բույր,
Պետք չեն ցուլ, կով էժանագին,
Այլ` թռշնամիս նուրբ, վարդաթույր:
Հաճախ են գալիս սրանց հյուր,
/Ըստ իս` դրդված խոր հարգանքից/,
Կաքավ ու լոր-խեղճ մորաքույր
Մոշեկուի խոհանոցից:
93
Երբ Տյուրժին ինձ հաղթած գետնի,
Կասեմ. –վերցրու փողդ, արունք:
Բայց որպեսզի որջս գտնի-
Պետք է կախարդ լինի խորունք:
Ես կարող եմ և իրավունք
Քաղխորհրդում դասախոսել
Եվ հայտնի կանանց համեմունք
Պուատինական լեզվով լոսել:
94
Այդ պճնված կանայք ապրող,
Նեմոժ դ ՕլգովՊլատիտում,
Պուատն ու Բրետոնը ներառող
Տարածքի կենտրոնում, ճոթում,
Մատնիչներին շատ են ատում:
Եվ ես խելքս դեռ չեմ թռցրել,
Որ ով ինձ փայում է,գթում,
Նրա տունը շներ բերել:
95
Հասաս Ռագյեին –ողջ գիշեր
Ով մեծ ձայնով փայտ է թակում
Ցանկանում եմ անսպառ կեր`
Կեչու շիլա իր այս կյանքում:
Իսկ Բարրի ավելցուկում
Թող իր ծակ աչքը կշտանա:
Հա’, ես և գետ եմ կտակում-
Թե չէ լափն այդ կուլ չի գնա:
96
Ողջույնելով հիմարների
Դոֆինին, իր շքախմբին,
Ուզում եմ որ նրանց լրի
Միշո դյու Ֆյուր` նույնքան դմբոն:
Զոռ տալով իր զորեղ բամբին,
Թող նրանց սրտերը շահի
Մամռամորուք այս երգով հին.
<<Օ~, իմ սրտի գեղեցկուհի>>:
97
Հանձինս գործում անթերի
Դենի Ռոշի և Վալյետտի,
Հարյուր քսան սերժանտների
Հետևակին, առանց “վուշ”-ի,
Թոկեր եմ կտակում վուշի.
Թող կախվեն` ում` ոնց է հարմար:
Հեծայալ գունդն ինքը թող հուշի-
Թե ինչ մահ ընտրեմ իր համար:
98
Իր հորը իսկը արժանի
Պերրոնեյին, ցավի տարած,
Բարրի որդուն ապորենի,
Ի լրումն իմ նվիրած
Խաղաթղթերի նշմարված,
Հավելում եմ և մի զույգ զառ:
Թող մոլուցքից խաղի տարված
Քամիներին փորի տա զոռ:
99
Չեմ ուզում որ տակառագործ
Մետր Շոլյեն և այսուհե’տ
Ուրագի հետ ունենա գործ.
Թող այն փոխի սուսերի հետ
Եվ պատշաճ իր <<կռվարար ճետ>>
Մականվանը, զինվոր դառնա
Եվ սփռելով մահ ու աղետ
Փառք ու պատվի արժանանա:
100
Ձկնավաճատ Ժան Լուիին,
Ով շատ է սիրում թռչնամիս,
Թիկնոցիս հետ, ոչ այնքան հին,
Շնիկիս եմ նաև տալիս:
Երբ սա փողոց է դուրս գալիս,
Ոչ մի թռչնի չի շրջանցում:
Բռնեց բադ, հավ, տուն տանելիս
Թիկնոցը վրան ես գցում:
101
Դահճի համբավով ոսկերիչ
Մաէին, որպես սատակում,
Տաքկոճի հետ խիստ գրգռիչ
Հարյուր մեխակ եմ կտակում
Եվ նրբերշիկ, որ տարփանքում
Դրանք հետույքը իր խոթի.
Եվ այնքան խոր, որ բարկ կրքում
Պտուկներից կաթ կաթկաթի:
102
Ժան Ռուիի գոռ հրաբուխ
Հրաձիգների ջոկատին
Հղում եմ գայլի վեց գլուխ.
Կեր` պատշաչ կտրիճ-իգիթին,
Եվ` ո’չ խոզարածին հետին:
Այդ խորտիկը` հնուց բժիժ,
Թող գինու մեջ եփեն, ուտեն
Եվ դառնան ճիշտ կապելու գիժ:
103
Իսկ տապակած վիճակում այն-
Պաշարման մեջ, վրանի տակ,
Խիստ ցրտին է պիտու միայն:
Դե իսկ գայլի մորթին էլ տաք,
/Սա ասում եմ որպես բուժակ/,
Եթե շները չեն գզել,
Առ վրադ և չոռ, ցավ իստակ
…
104
Իսկ Ռոբինե Տրասկային,
Որն իր գործերը կոկելիս
Նստած ձիուն իր ցեղային
Ասպազինված ման է գալիս,
Իմ քափքաշն եմ ահա տալիս:
Ախր նրա հանդերձանքում,
/Հիանում եմ այն տեսնելիս/,
Լոկ քափքաշը չի հերիքում;
104 Ռոբինե Տրասկայ –հարկահավաք, շատ հարուստ ու շատ ժլատ: Ֆրանսիական մեկնաբանները համարում են, որ նրա անունը կարելի է թարգմանել նաև որպես <<կանանց որսորդ>>, որը բանաստեղծության տանը տալիս է երկրորդ միտքը:
105
Բուր –լա –Ռենից Պյեռո Ժիրար
Վարսավիրին, ով ինձ յոթն օր,
Վեց ամ առաջ, կանգնեց սատար,
/Վկան` Պուրրասից պատվավոր
Աբբաուհին/, թող իմ նոփ-նոր
Երկու լագանը ժառանգի:
Թող դրանց մազ բարձի շուրջ օր:
105 Պյեռո Ժիրար –Վարսավիր և հեքիմ, որի մոտ հավանաբար թաքնվել է Վիյոնը Նավարական քոլեջի կողոպուտից հետո:
Պուրրասից աբբաուհին –Յուգետտա դյու Ամել, իր սանձարձակությամբ լայնորեն հայտնի աբբաուհի, ընդ որում ոչ մի ապացույց չկա, որ նրա և Վիյոնի միջև ո’չ միայն կապ, այլ գոնե ծանոթություն է եղել:
106
Օ~ ուրալու մեջ միաբան
Տյուռլյուպինուհի –տյոռլյուպներ,
Բեգինկներ` ուսն ի վար հապան,
Հեզ դոմինիկ քարոզիչներ,
Երբ մեկտեղեմ ձեզ` բլիթներ,
Տաք արգանակ կտամ, պանիր
Եվ ամպայման մահճակալներ.
Պառկիր ու լուռ մտքեր մանիր:
106 Տյուռլյուպինուհի –տյոռլյուպներ –14-րդ դարում Ֆրանսիայում գոյություն ունեցող աղանդի անդամներ, որոնք մերժում էին ամուսնության խորհրդավորությունը. բնականաբար <<հակառակորդներ>-ը նրանց մեղադրում էին աղանդին կուտակային “սիրո” մեղքի համար:
Բեգինկներ, դոմինիկներ. տես <<Նախացուցում>>-ի 32-րդ երկտունը:
107
Ճիշտ է. ծախսերն այդ կհոգան
Ժիր Բայստրյուչների մայրերը,
Սրանք ուխտի մեջ են` ինչ տան-
Փոխհատուցում կտա Տերը:
Թող կյանք քաշեն սուրբ հայրերը,
Հատկապես մեզ մոտ` Փարիզում.
Ո’վ ասաց, որ խառը սերը
Մեր քաղաքին լավ չի սազում:
108
Կար ժամանակ-Ժան դե Պուլյեն
Պատրաստվում էր սրանց դատել,
Բայց բեմից` ի համոթ իրեն,
Սկսեց ինք զինք դատափետել:
Մաթեոլուսն էլ է ձաղկել,
Ժան դե Մենը նույնպես սրանց.
Բայց ինչ պապը գիտի հարգել,
Եվ մենք չպետք է անենք զանց:
108 Ժան դե Պուլյե –քարոզիչ, Փարիզի համալսարանի աստվածաբանության դոկտոր, իր քարոզներով ելույթ էր ունենում ընդդեմ այդ միաբանության. Արդյունքում Հովհան 22-րդ պապը 1321 թ-ին ստիպեց նրան հրապարակայնորեն ապաշխարհել:
Մաթեոլուս -<<Մաթեոլուսի զղջման գիրքը>> լատինական երկի հեղինակը, որի ֆրանսերեն թարգմանությունը հայտնվեց 1372 թ-ին: Նա ևս մուրացիկ միաբանության մերկացնողն էր;
Ժան դե Բեն -<<Վարդի մասին վեպ>>-ի համահեղինակներից մեկը, որը նույնպես առանց համակրանքի է գրում մուրացիկ միաբանների մասին:
109
Ահա ինչու թե խոսքերով,
Թե գործերով խոնարհ ծառաս,
Խաղաղեցրաց խռովք, կորով,
Կողմ եմ` մեջքդ պետք է ծռես.
Որ հայրերի դեմ ծառանաս,
Նախ պետք է խելքդ թռցնես.
Դաժան պատժի կարժանանաս,
Թե ոչխարից հեզ չլինես;
110
Թեև կարմելիտ է Բատը.
Թող ժառանգի իմ մարտական
Գեղարդը, խոր սաղավարտը
Ու խիստ հսկի, որ իսկական
Ավազակ ժանդարմ Դետուսկան
Իր հարճերին չփախցնի:
Բատ բիձու կիրքը խոլական
Եվ Վոյվորի դևը չունի:
110 Բատ-Փարիզում Նոտր-Դամ -դյու –Կարմ մենաստանից` կարմելիտների միաբանության կուսակրոն:
Դետուսկա –քաղաքային պահակախմբի լեյտենանտ Ժան Տյուրկանի մականունը:
Վոյվորի դևը –միջին դարերում երկար էր շրջում լեգենդն այն մասին, որ Վոյվորի փլատակված դղյակում մարդու գլխով և վիշապի մարմնով հրեշն է կենում; Այդ հրեշը համարվում էր տարփի, մեղսանքի մարմնացում:
111
Իսկ պահապանը կնիքի,
Որ իրեն շատ չչարչարի-
Մոմի վրա թող գունդ թքի
Ու նոր միայն այն տրորի:
Եթե ծեսն այդ ճիշտ կատարի-
Խաղ ու պարի նման կանի
Նա գործերն իր քարտուղարի;
Իսկ մեզ Տերը թող պահպանի:
111 Կնիքի պահապան –եպոսկոպոսական քարտուղար Ռիշար դե –լա-Պալյուն: Մոմն, իհարկե, այդպիսի պաշտոնի համար անհրաժեշտ էր. Վիյոնը գտնում է, որ <<Կնիքի պահապան>>-ը հենց այդպիսի նվերի էլ արժանի է;
112
Հաշվիչ պալատի տղերքին
Տաք ախոռ եմ տալիս նվեր,
Եվ որ հիշոց չտան թութքին-
Տալիս եմ և բազկաթոռներ:
Դե իսկ Մասսեն անձնանվեր,
Ով քսակս ու գոտիս տարավ,
Թող հետույքն իր խոթի մոմեր.
Ա;յ, դրանք չեմ դրել գրավ:
112 Եվ որ հիշոց չտան թութքին –Վիյոնը ոչ թե հաշվիչ պալատում նստածների մասնագիտությանը բնորոշ թութքն է ակնարկում, այլ համասեռամոլական ակտի առաջացրած ցավը:
113
Մետր Ֆրանսուա դե լա Վակրի.
Սա որ վիզն իր չքերծի, թող
Շոտլանդական օձիք կրի:
Դիվահարն այդ հերձվածածող
Երբ էլ արվել է ոտնակոխ-
Որ մաքրվի ասպետ դառնա-
Իր դևին է կանչել` օգնող,
Փոխանակ` Տեր, հասի’ր, ոռնա:
113 Ֆրանսուա դե լա Վակրի –եկեղեցական դատարանի քննիչ: Գի Տաբարիի հարցաքննության մասնակից; Հարցաքննության ժամանակ ցուցաբերած դաժանությունների համար դե լա Վակրին հաճախ է դնգստոց կերել մութ նրբանցքներում:
Շոտլանդական օձիք –զրահի` ասպետի վիզը փակող մանրամաս. Փողոցային խոսվածքում` դահճի օղակ:
114
Կարմրած աչքերով Լորանին,
/Թունդ խմող են ծնողները/,
Վուշից պարկն եմ տալիս իմ հին.
Թող սրբի իր արցունքները.
Եթե լիներ, /դեմ է Տերը/,
Եպիսկոպոսը նա Բուրգի,
Խաս կլիներ իմ նվերը,
Սակայն շանը բույնն է հարգի:
114 Ժան Լորան –եկեղեցական դատարանի քննիչ, մասնակցել է Գի Տամարիի հարցաքննությանը: Երևում է նա է հավաստիացրել Նավարական քոլեջի կողոպուտի մեջ Վիյոնի մասնակցության մասին:
Բուրգ -/Բուրժ/ -քաղաք Բերրիի կոմսությունում:
115
Եկեղեցական ատյանում,
Դատախազ մետր Կոտարը
Ինձ տուգանեց և մատյանում
Չորս գռոշ դրեց ինձ վրա:
Ես փետուրն այս ձեռքս առա
Եվ բողոքի հայց կազմեցի:
Կոտարը մեռավ, թող նրա
Հոգին հայցն այդ թող ընթերցի:
Բալլադ-աղոթք
Հայր Նոյ- խաղողի, գինու ազդարար,
Եվ դու, արդար Ղովտ, որ դուստրերիդ կույս
Հարբած լլկելով մեղքի մեջ կորար,
Դու’, սեղանապետ, որ մեծ խրախույս
Տվեցիր գինուն, երբ Տերը մեր լույս
Ջուրը վերածեց գինենեկտարի,
Ձեր երեքին եմ ես դիմում անհյուս.
Ընդունեք գինով հոգին Կոտարի:
Նա հետևորդն էր ձեր նույն մեծ գործի
Եվ սթափ մի’ ժամ կարող էր տոկալ.
Դեմն առեք` հանկարծ-հանկարծ չփորձի
Ասեղի անցքի միջով ձեզ մոտ գալ:
Վարպետ նետաձիգ, ատյանի համկալ-
Նա ձույլ ընկերն էր գինու սափորի:
Բարի սինյորներ, եղեք կանխակալ.
Ընդունեք գինով հոգին Կոտարի:
Հաճախ եմ տեսել թե ցանկապատը
Բռնած նա ոնց է տան ճամփան հաղթում,
Իսկ մի օր կոնով զուգեց ճակատը,
Երբ փիս սոտ տվեց մսի խանութում:
Ով երկրի կարմիր ապրանքն է հոգում-
Այդ տեսակ խմող լոկ նա կճարի.
Դե’, ուրեմն Ձեր երկնային այգում
Ընդունեք գինով հոգին Կոտարի:
Արքայազն, նա հաճախ էր գոռում.
- Հասե~ք, վառվու~մ եմ, օ~ մարդիկ բարի:
Զուր հույս, երբ մեջդ գինին է եռում:
Արդ համբառնեց լուլ հոգին Կոտարի:
116
Ժերմեն դե Մեռլ պատանյակը
Թող գանձատունս ձեռքն առնի,
Ես իմ ազատ ժամանակը
Զի-զի-պիզիով չեմ բեռնի:
Թող էքյուս իր փողին խառնի,
Ինձ տալով լոկ երեք ռեալ,
Վեց սուս էլ մի ոսկով առնի.
Կեցցեն գործարքները ռեալ:
117
Գալով Փարիզ, իմացա որ
Ձագուկներս ծաղկման մեջ են:
Չէ’, ուղեղներն այդ փառավոր
Տղաների ոչխարի չեն,
Թեև իրենց գործում ղոչ են:
Եվ դժվար թե նրանք կյանքում
Մոտինելի հետ առնչվեն:
Ափսո’ս ուսման մեջ են լենքում:
118
Հարկ է նրանք ուսում շահեն,
Կա մետր Ռոշյեն և սակայն
<<Տալիս եմ>>-ը ո’նց խոնհարեն
Ըստ խիստ Դոնատի քերական:
Այ, <<Ave ոսկի>>-ն գովական
Երգ է, ոնց որ սաղմոս երգես.
Երգիր և ապրիր բավական,
Ոչ թե ժուժկալ ճգնողի պես:
119
Ինչ-ինչ բայց երգն այս լավ գիտեն.
Սակայն կանխավ ասում եմ, որ
Ըմբռնելու համար բութ են
Credo-ի խորհուրդը խոր:
Եվ ես, որպես ջերմ ուխտավոր,
/Որ ռեխերը կալեմ դրանց/,
Պլաշչս կանեմ երկու կտոր,
Ինչպես սուրբը այն աննախանձ:
120
Որքան պատիժը խիստ լինի,
Այնքան կրթված մարդ կդառնաս.
Տե’ս, գլխարկին փետուր ունի,
Հագն ու կապը ընտիր է, խաս:
Խոնարհվում է. <<Պարդո’ն: Այո’ս>>:
<<Ի~նչ պահվածք, -խալխն է փսփսում,-
Հաստատ պարոն է բարձրադաս.
Ինչից ինչ չի միայն բուսնում>>:
121
Մեղմոցի տակ գեղգեղացող
Երկու երգչիս գեղեցկատես,
Իրենց ձայնով գերո’ղ, դյութող,
Դրախտի մուտք ո’նց չմաղթես:
Ոսկու փայլը խուփ բռումս,
/Սա է պարտքիս մարման ձևը/,
Որոշեցի այն մարել ես,
Երբ գումարն այդ ինձ տա դևը:
122
Նրանք կաքավում են, երգում
Խինդ լցնելով սրտիս` գինի,
Բայց` կես դարից նրանց կյանքում
Ամեն ինչ այլ տեսք կնդունի-
Ոնց որ Տերը կսահմանի:
Իսկ ով կուզի նրանց ձաղկել,
Թող փաստարկն իր մեջտեղ դնի-
Թե երեխան այր է դարձել;
123
Նրանց կդարձնեմ բուրսակներ
Քոլեջի <<Տասնութ վանական>>:
Այնտեղ` կուզես մի խմիր, կեր,
Քնիր քնով արջամկան
Եվ ողջ կյանքդ պատանեկան
Այդ ձանձրույթի մեջ սպառիր,
Եվ երբ մահ գա բնական,
Ջահել` ահել կյանքով մեռիր:
124
Մինչ պաշտոնների բաշխման պահը գա,
Այս խնդրագիրն եմ առաքում-
Թող նրանց մասին հոգացուն հոգա,
Կամ ականջներն էր ով նրանց քաշում.
Թե նրանց մասին ինչու եմ հոգու’մ`
Ոչ ոք չէր տրվի հիմար հարցերին-
Իմանալով, որ խինդ եմ ճառագում
Էլ չայցելելով նրանց մայրերին:
125
Միշո Կոլդին, Տարանին Ժան
Հարյուր սու եմ թողնում: Ուրկի’ց.
Պատվիրել եմ –թող մանանան
Իր հետ բերի այն երկնքից:
Կոշիկներս եմ, կարված սեկից,
Նաև թողնում. դրանք հագած
Թող թրև գան –հանեն խելքից
Իր խմբի հետ Ժաննային քած:
126
Դե իսկ դե Գրինին սինյոր,
Որը Բիստերին է տիրում,
Աշտարակն եմ շատ հին քիչ նոր
Դե Բայի նաև նվիրում:
Սա բորբոս ու ժանգ է բուրում;
Իսկ փողն ուրկից է նա ճարում-
Թող ինձ նայի –իրեն խղճա:
127
Տիբո, իհարկե, դե լա Գարդին,
Տիբո’, օ ո’չ` Ժան, սխալվեցի,
Ի’նչ տալ –չդիմելով լոմբարդին:
Մի տարի նրան պարտք վճարեցի,
Իսկ նա` լուլ: Երբ աչքերը բացի,
Նրան կնվիրեմ <<Տակառիկ>>-ը,
Պայմանով, որ նրան ընկերակցի
Իր ընկեր Ժենեվուա ծերուկը:
128
Դադընթացների մեծ գիտակ
Կրքոտ մետր Բասանյեին
Հղում եմ մի զամբյուղ մեխակ.
Թող բաժին տա և Ռոզնէլին,
Ժան Մոտենին և Ռյուզէլին;
Թող խմեն դրա թուրմը չոռ
Ու ծառայեն խանդոտ, մոլի-
Տան ծառային Քրիստափոր…
129
Անձամբ նրան, երբ Սամյուրի
Ասպետական մրցույթում նա
Տրոիլի և Հեկտորի
Փառքը հագավ, երբ ամենա-
Հաղթը դարձավ. Երկնագնա
Ամուրը մեր սիրո աստված
Բալլադ տվեց, օ~ ամենա-
Չքնաղ կնոջը նվիրված:
Բալլադ Ռոբեր դ’ էստուտվիլի համար
Արշալույս է: Հովի փափուկ բարձին հեծած,
Մեղուշ ճռվողյունով արտուտիկն է բերկրում:
Բազեն իր շատ բարձրից աչքը նրան գցած,
Րոպեն ճիշտ ընտրելով իրեն ցած է բերում
Եվ մարտական ճիչով թռչնակին իր գերում:
Ամուր դիցն է միայն, դիպուկությամբ անշեղ,
Զույգին իր նախընտրած այդպես նետահարում:
Արդ մեզ վիճակված է ընթանալու մեկտեղ:
Դու իմ հոգում եղած բոլոր կարոտների,
Երազների կանչն ես և ակ-աղբյուրն ես կույս:
Լավազգի դափնին թող մեր կյանքը զարդարի,
Օրհնության ձիթենին թող տա մեզ խրախույս-
Րախճական օր ապրենք և տարի …
Եվ քանզի ես գիտեմ պահպանել հանց անթեղ
Զրույցները նախնյաց, ասում եմ լիահույս.
Արդ մեզ վիճակված է ընթանալու մեկտեղ:
Իսկ եթե բախտը մեր ընթացքը խաթարի,
Բարդելով ինձ վրա դեգերում ու զրկանք,
Ես գիտեմ, որ քամին անպատճառ կցրի
Եվ վիշտ և դառնություն և կսկիծ և տանջանք:
Եվ մեր պտուղը, ում մենք տալու ենք շունչ, կյանք,
Ով մեզ համար պետք է դառնա հուսո կանթեղ,
Չեմ մոռանա երբեք –կփշրեմ փակ, կալանք.
Չէ’, մեզ վիճակված է ընթանալու մեկտեղ:
Թագադուստր, նորից ես կուզեի կրկնել.
Մեր սրտերը մեկ են, զատես` փայտ են, թիթեղ:
Ինձ հետ և դու անշուշտ դա կարող ես կրկնել.
Չէ’, մեզ վիճակված է ընթանալու մեկտեղ:
132
Բալլադս <<Վեճ Գոթյեի հետ>>
Անդրե Կուրոին եմ հղում,
Իսկ բռնակալին չարաղետ
Վեճ ծնող հարցեր չեմ ուղղում.
Քանզի կա մի շատ հին հղում.
Սուրբ է ամեն ճշմարտություն:
Երբ ապրում ես ծայրի հյուղում-
Ծուղակներից կա փրկություն:
133
Գոթյեից ես չեմ վախենում-
Ինձ պես չլութ նա` հեչ, իսկ ես
Փողի համար ախ եմ անում:
Չեմ հասկանում` մա’րդ է, թե` եզ:
Ա’յ, ասում է. <<Պետք է բավվես
Քեզ տվածով` Աստծուց տված>>:
Ո’վ է ճիշտը -թող պարզի մեզ
Այս բալլադն իմ ձեռքով գրված:
Բալլադ
/Տարաձայնություն Ֆրանկ Գոթյեի հետ/
Ընդարձակ սենյակում` խսիրներով պատած,
Ցմփոր երեցն է ու մի սիդոնուհի կրակ,
Սեր է զեղում ու տարփ սիրո մահճում պառկած:
Մերկ են, մորեմերկ են. կնոջ մեջքն է բարակ:
Սեղանին գավեր կան, գինի ու օշարակ:
Խմում են, միրգ կտցում, երգում` խուտուտ, քրքիջ:
Իրար գիրկ են նետվում, իրար գրկում մարում…
Դռան ճեղքից նայում ու խորհում եմ աննինջ.
Ա’յո, կյանքը քաղցր է, երբ ճոխ կյանք ես վարում:
Եթե Ֆրանկ Գոթյեն, և Ելենան` կինն իր
Օգտվեին Աստծո այս ճոխ բարիքներից,
Չէին համարի սև հացը ուտեստ ընտիր,
Այն էլ` սխտորի հետ, որի հոտը բույրից
Գարշությամբ է զատվում և պուտուկի փորից
Վռիկ չէին կռճի –լցնի իրենց փորը:
Նրանք գոհանում են, որ իրենց սև օրը
Վարդենու տակ վարդի վառ գույնով են լրում:
Դե ինչ. մեկինը` խամ, խաս է մեկի շորը:
Եվ` ես. Կյանքը քաղցր է, երբ ճոխ կյանք ես վարում:
Մինչ մահ` միայն չոր հաց ու վարսակի շիլլա:
Ըմպելիքն էլ նրանց ջուրն է` արտուն-լուսուն:
Եվ եթե ինձ հանկարծ` այդպես գնալ յոլա,
Մահով սպառնային, որպես էակ ասուն,
Ես կընտրեի մահը –ճշմարիտ եմ ասում:
Սակայն, եթե Գոթյեն և իր կինը չքնաղ,
Մասրենու շուքում են խաղում սիրային խաղ,
Նրանց արարքները ես խաղք չեմ համարում.
Հերկ են անում մարդիկ –բարով անեն և քաղ:
Իսկ` ե’ս. Կյանքը քաղցր է, երբ ճոխ կյանք ես վարում:
Արքայազն, պետք է, առոք-փառոք ապրել,
Ես այդպես եմ դատում,
Ինձ մանկութ են այդպես ապրել ապսպրել.
Եվ` ե’ս. Կյանքը քաղցր է, երբ ճոխ կյանք ես վարում:
134
Քանզի Կատրին Բրյուերը
Աստվածաշնչին շատ է մոտ,
Ինքը և իր քույր կույսերը
Աղոթքներով իրենց ջերմոտ
Թող ամոթ խնդրեն անամոթ
Դուստրերի համար շուկայի,
Որոնք կաժ են ծախում ու ճոթ:
Որ լիրբ են –թող սա վկայի:
134 Կատրին Բրյուեր –հարուստ և աստվածավախ այրի, իր կյանքը նվիրաբերել է <<Մոլորյալ աղջիկներին>> ճիշտ ուղու վրա բերելուն: Դա նրա տան մոտ էր դրված <<Սատանայի թստիկ>> սահմանաքարը, որի պատճառով էլ Վիյոնի հետ դատական առաջին անախորժություններն են սկսվում:
Բալլադ ձոնված փարիզուհիներին
Պերճախոս էին, խելացի
Բաքոսուհինները հնում:
Այսօր կանայք վենետիկցի
Օձ են լեզվով բնից հանում:
Խոսքաշատ են և Միլանում,
Եվ մեծ Հռոմն է դարեդար
Բլբլացող դուստրեր ծնում:
Բայց Փարիզն է լեզվից ճարտար:
Սոխակի պես են դայլալում
Նեոպոլիտուհինները.
Բայց պակաս փայլով չեն փայլում
Չքնաղ էլլադուհինները,
Եվ լոմբարդուհինները:
Եվ հունգարուհիներն են լեզվագար,
Եվ սեգ իսպանուհիները:
Բայց Փարիզն է լեզվից ճարտար:
Ծանրախոս է բրետոնուհին,
Եվ անգլուհին խոսքառատ չի,
Նույնն է նաև շվեյցարուհին:
Ու թե մրցույթ գնա վեճի-
Պտի-Պոնի կանայք չարչի
Այս բոլորին կհանեն ծառ.
Թառիր այնտեղ, մինչ չես կանչի,
Որ Փարիզն է լեզվից ճարտար:
Արքայազն, փարիզուհին
Սրամիտ է, լինենք արդար:
Ճիշտ է –ծլվլան է իտալուհին,
Բայց Փարիզն է լեզվից ճարտար:
135
Նայի’ր, նստած զույգ-զույգ, երեք-երեք
Կուսանոցից դուրս` վանքի մոտ,
Փեշերի ծալքերն են շտկում մեկ-մեկ
Եվ քուչի լեզվով` ինձ լավ ծանոթ,
Ասում-խոսում են այնպես տենդոտ,
Որ եթե Մակրոբեն կենդանանար,
Նրանց փոխարեն կզգար ամոթ,
Եթե, իհարկե, չհիանար:
135 Մակրոբեյ –հինգերորդ դարի լատինական գրող Թեոդոս Մակրոբեյ, <<Սատուռնականներ>> և <<Սցիպոնի երազը>> բարոյա-խրատական երկերի հեղինակը:
136
Մոնմատրը սուրբ լեռ է գրեթե, և ես,
Որպես բարոյապաշտ մարդ, կտակում եմ նրան
Կողքի բլուրն իր կուսանոցով հեզ.
Երկուսն էլ կոչվում են <<Վալերիան>>:
Եվ իմ արտոնագիրն եմ հավելում վրան`
/Հռոմից ինձ տրված` կես տարվա համար/,
Որ տղերքը մտնեն խոստովարան
Ու ազատվեն մեղքերից անհամար:
136 Մոնմարտրը –սուրբ սար է գրեթե… -15-րդ դարում Մոնմարտրի վրա աղքատ կանանցի մենաստանն էր գտնվում, որը փարիզեցիները, երևի, ոչ այնքան բարեհամբավ են համարել:
Երկուսն էլ կոչվում են <<Վալերիան>> -հնչյունախաղ է Valenin /Վալերիան/ և valent rien /ոչինչ չարժե/ -սուրբ Վալերիանը գտնվում էր Փարիզի արևմտյան կողմի բլրի վրա, բարձրունքում մատուռն էր գտնվում: Այդպիսով –միանձնուհինները` Մոնմարտրից <<ոչինչ չարժեին>>:
Եվ իմ արտոնագիրն եմ հավելում
/Հռոմից ինձ տրված/… –Հռոմ ժամանած ուխտագնացը մեղքերի թողության գրավոր արտոնագիր էր ստանում: Վիյոնը հազիվ թե եղած լիներ Հռոմում…
137
Հարուստ տների աղախիները,
Ու ծառաները թող գան խնջույքիս:
Չեն հայտնաբերվի մեղավորները-
Թղվածքներ թռցրեք ու հորթի նուրբ միս
Եվ ընտիր գինի` հաճելի խումիս:
Թող ձեր տերերը մրափեն խաղաղ,
Իսկ դուք կարող եք տիրանալ գոմիս
Եվ արու ու էգ իշուկներ խաղալ:
138
Ես աղջնակներին բարձրախավ.
Որոնք և հայր և մայր ունեն,
Տալիք չունեմ, քանզի կանխավ
Եղած-չեղածը իմ ամեն
Բաշխեցի, որ տուն-տեղ դնեն
Աղախինները նրանց որբ:
Բավ է նրանք չոր հաց ծամեն
Յակոբինների տանը սուրբ.
138 Յակոբիններ –այդպես էին անվանում դոմինիկներին, Սուրբ Դոմինիկի միաբաններին. Այդ միաբանության նստավայրը գտնվում էր Փարիզի Սեն-Ժակ /Սուրբ Հակոբ/ փողոցում:
139
Թեև ցելեստինների կյանքը,
Եվ կարտեզիանների խիստ է հույժ,
Բայց նրանց կրած զրկանքը
Տալիս է մեծ հավատի ուժ.
Եվ երբ մարդիկ` հարուստ կամ խուժ,
<<Պաստեղներ>> են նրանց կոչում,
Նրանց կյանքն այնքան է անհուշ,
Որ մակդիրն այդ մեղմ է հնչում:
139 Ցելեստիններ –տես, <<Կտակ>> -ի 30-րդ տան մեկնաբանությունում:
Կարտեզիաններ –1084 թ. Հիմնադրված կաթոլիկ վանականների միաբանություն:
140
Նա իր Մարգոյին իմ հաստլիկ-
Ինչ գեղեցիկ է նկարում:
Կյանքում` ոնց տիկնիկ –խաղալիք.
Նա ինձ ծով խինդ է նվիրում:
Փնտրեք –չեք գտնի աշխարհում
Մեկ այլ չքնաղ կին այդպիսի:
Իսկ թե նրան ոնց եմ սիրում-
Իմ այս բալլադը ձեզ կասի:
140 <<Հաստլիկ Մարգո>> -չափազանց անաստվածահաճո պանդոկի անվանումը, որում, որոշ ժամանակ ապրել է Վիյոնը /այդպես է, երևի, կարծել և Կլեմենտ Մարոն –տես նախաբանը/:
Բալլադ ձոնված Հաստլիկ Մարգոյին
Ձեզ թվում է ես հտպի’տ եմ տխմար,
Երբ ում սիրում եմ –ծառան եմ նրա:
Ես վահան եմ ու սուր նրա համար.
Նրա հմայքից կհալվի քարը:
Կախ տվեք դռնից գինու սափորը,
Եվ ես ձեզ գինի կբերեմ ձեռաց:
Սեղանին` պանիր, երշիկ կա ու` հաց.
-Հը’, տղերք, -կասեմ, -ո’նց է սեղանը:
Իսկ տարփամոլին կծախենք և քած-
Առք ու վաճառքի այս հեշտատանը:
Երբ տրվում է ինձ իմ Մարգոն բարի,
Ես մինչև հոգուս հատակը խոցված-
Որ այդ բանը նա անում է ձրի,
Հագից խալաթն եմ պոկում, գցում ցած,
Ու` գնա~ց` պառկած, կանգնած, կռացած…
Նա գոռում է` նեռ –երդվում Հիսուսով-
Այսուհետ ապրել պատվով, նամուսով
Ու չշնանալ: Ես` բռունցքս փակ,
Որ օրենքի ուժ ուխտն իր ստանա,
Կնիքս եմ դնում նրա աչքի տակ
Առք ու վաճառքի այս հեշտատանը:
Ապա հաշտվում ենք, պառկում անկողնում;
Չար քամիներ բաց թողնելով, Մարգոն
Ձեռքով դրանք իմ վրա է ուղղում
Ու արտասվելով քրքիջից. <<Պարդոն>>:
Հետո քնում ենք` հաշտված արդեն:
Արթնացանք` նոր, թարմ կրքից մոլեգնած,
Մարգոն նստում է վրաս ու` գնա~ց…
Բաներ է անում, որ իմ պատանը
Բերել եմ, թողել ամեն ինչ տեսած
Առք ու վաճառքի այս հեշտատանը:
Անձրևին, ցրտին այս դուռն եմ ծեծում.
Որտեղ` տածուհին –այնտեղ էլ` տածուն:
Եվ որտեղ գեշն է –այնտեղ է ցինը,
Որտեղ որ մուկն է –այնտեղ է կատուն:
Տականքն է հասնում հատակի մարդուն
Առք ու վաճառքի այս հեշտատանը:
141
141 Իդոլա, Բրետոնուհի Ժաննա –թեթև վարքի տեր աղջիկներ. Վիյոնը պարզորոշ կերպով նրանց խորհուրդ է տալիս բացել այնպիսի դպրոց, որտեղ ուսուցանվում է նրանց <<զբաղմունքը>>:
142
Ես կտակում եմ Ժոլիին. Թող
Վարդաստանից իմ տանջանքների,
/Սրանք նա հայցում էր անսքող/.
Առքվի մի մեծ գիրկ վարդերի:
Ուսումը պտուղն է ջանքերի.
Արդ կտակիս կցեմ և պատգամ.
Թող Ժոլիին հատ-հատ բերի
Վարդերն այդ Անրին հարյուր անգամ:
142 Նոել Ժոլիի –տես <<Կրկկնակի Բալլադ>>-ի մեկնաբանությունը: Նրա մասին այլ տեղեկություն չկա:
Անրի Կուզեն –փարիզյան դահիճ:
143
Ես չգիտեմ ինչ կտակել
Դյո հոտելին, մարդկանց նրա:
Այս հարցում պետք չէ կատակել.
Չխնդանք հաշմ մարդկանց վրա:
Օգնիր նրան` ով կմուրա,
Ով հիվանդ է ու անոթի:
Ահա, հենց նոր մի սագ կերա.
Ոսկորները դեն չեմ նետի:
143 <<Դյո>> հոտել -<<Աստծո տուն>>, հիվանդանոց Սիտե կղզում:
144
Բժշկարանին կից ապրող
Կոլեն Գալյարն վարսավիրին
Կտակում եմ. Մարնիայից թող
Սառույց բերի, դնի փորին
Ու թախտին պառկի ողջ տարին:
Թող ձմռանը սառույց կտրի,
Բայց դե ամռան ամիսներին
Շոգ չի զգա, զով չի փնտրի:
144 Վարսավիր Կոլեն Գալյարն –Վիյոնը օգտագործելով վարսավիրի /գալյարն –հույսիս-արևմտյան ցուրտ քամի/ -գետ, սառույց, ձմռան պատկերն է նկարագրում:
145
Ես բճերին չեմ օգնելու,
Այլ տղերքին մոլորված-
Իդոլային այցելու
Եվ գողությանը հակված:
Եվ քանզի փող չունեմ դիզված-
Թե խորհրդիս ունկ դնենք,
Կհամարվի հարցը փակված.
Միայն դրանք ընդունեք:
145 Բճեր –այսինքն մանկատներում ապրող անապաստան որբեր:
Բալլադ խորհուրդ անառակ տղաներին
146
Դուք, տղերք, նախ խելք ժողղովեք,
Որ մտնելով գողական կյանք,
Գլխարկի վարդից կզրկվեք-
Կոնին դրած ձեր կյանքը թանկ:
Ձեզ վարժ ձեռք կա, ժանդարմին` ճանկ:
Տեսե’ք, թեև օրենսգիրքը
Կայյոն գիտեր ցանկ առ ցանկ,
Բայց թոկը ջարդեց շլինքը:
147
Այս խաղում գռոշներ չեն դրվում,
Տարվողը թող հասկանա-
Հոգին է մարմնի հետ տարվում`
Կախաղան կբարձրանա:
Իսկ տանողն էլ չի տիրանա
Կարթագենի թագուհուն.
Նախ ամեն ոք թող գիտենա
Ու’ր է մտնում մահվան հուն:
148
Կա նաև մի ճշմարտություն,
Որ չպետք է անարգեք.
Տակառներ կան գինով լեցուն-
Մինչ հատակը այն լակեք:
Ոսկու վրա էլ աչք փակեք.
/Ձեզ պետք չեն գինդ ու քորոց/,
Թե չէ ոտքերդ երբ ձգեք,
Այն կդառնա գելերոց:
146 Կալեն Կայյո –գող, Նավարայի քոլեջի կողուպուտի մասնակիցներից մեկը: Կախաղան է բարձրացվել 1460 թվականին:
Ուսուցողական բալլադ
Երբ խաղամոլ ես դու, խարդախ, զեղծարար
Երբ սուրբ բուլլաներ ես առնում –վաճառում,
Երբ դառնում ես կեղծ ոսկու մատակարար,
Զանց առած, որ քեզ եռման ջուրն է սպառնում,
Երբ դու օրենքները հաշվի չես առնում
Ու կորցրել ես իստակ պատկառանք, ամոթ,
Դեպի ու’ր ես դու ճանապարհդ բռնում.
Դեպի գինետուն -հեշտասեր կանանց մոտ:
Ցիմբալա, վին, ֆարս, մորալիտե, ճիչ.
Կարծես ծաղրածուն դրանք դուրս է բերում
Երկգույն զոլերով իր թևքերի միջից
Ու շշմած ամբոխի առջև փռում:
Մի այլ տեղ` թուղթ, ճան, զառ -մոլախաղն է ֆռռում.
Ճարպիկ տղերքը միամիտ. Սրտամոտ
Մարդկանց փողերն արդեն իրենց բռերում`
Հայդե գինետուն –հեշտասեր կանանց մոտ:
Ստի, խարդախության հետ չառնչվելով,
Երբ հող ես մշակում, կապում խոտի դեզ,
Զբաղված ես ձի, ջորի խնամելով
Եվ քանզի, խեղճ ռանչպար, իստակ անուս ես
Եվ ըստ այդմ էլ հիմա դու ստիպված ես
Կանեփաթելից պարան հյուսել տենդոտ,
Պարզ չէ’, որ փողը պետք է լքեր քեզ
Ու` պուկ` գինետուն –հեշտասեր կանանց մոտ:
Այո’, մենք տանում ենք, երբ աչք են թերթում`
Նոր բաճկոն, հին վարտիք, ծակ պլաշչ, թոկ, Ճոթ,
Տանում ենք այնտեղ, ուր խալխն էլ մեզ է կթում-
Դեպի գինետուն –հեշտասեր կանաց մոտ:
Երբ դառնում ես կեղծ ոսկու մատակարար,
Զանց արած որ քեզ եռման ջուրն է սպառնում –Վիյոնի ապրած ժամանակներում կեղծ ոսկու առևտրով զբաղվողներին եռման ջրով խաշվելու են դատապարտել:
Երկնագույն զոլերով իր թևքերի միջից –ծաղրածունների հագուստն ընդհանրապես երկգույն է եղել:
149
Ես ձեզ եմ դիմում, շրջապատի տղերք,
Որ մարմնով` ամուր, թույլ եք հոգով.
Խավարը ձեր միջից վտարեք.
Այն սևով է պատված ու սուգով
Եվ անդրաշխարհն է նրա հագով:
Սուտը ոլոր-մոլոր է, ճիշտը` շտակ,
Արդ ապրեք ազնվաբար, ճիշտ կյանքով,
Որ երբ մեռնեք –խաղաղ հոգի տակ:
150
Ես տասնհինգ տներին քսանական,
Դե լավ` երեք հարյուր կույրերի,
Ապրող այդ դրախտում նվիրական,
Նվիրում եմ, ըմբռնողն ինձ կների,
Ակնոցներ առանց պատյանների:
Թող տեսնեն ով է անասունը
Եվ ըստ պիղծ ու անպիղծ զույգերի
…
150 ես տանհինգ տների քսանական -<<Երեք հարյուր կույրերի տուն>> -այդպես էր անվանվում 1260 թվականին Սուրբ Լյուդովիկոսի կողմից հիմնած կույրերի համար տունը:
151
Այնտեղ խաղեր չկան, չկա ծիծաղ,
Ու եթե ուզենան փող շինել-
Հարց չկա` չկան գող ու ղաչաղ:
Այդ փողով կարող են թախթ գնել
Ու գինի և փորները լցնել
Եվ պարել, որ խալխը հիանա:
Կարող են քեֆն այդ չորս օր տանել.
Է~, մեկ է –վերջում աղբ կմնա:
152
Ահա ես նայում եմ երբեմնի
Եղբայրական փոսի գանգերին:
Թե ով-ով է –գլուխ չես հանի.
Հոգևոր սաներ թե լինեին,
Կամ` մագիստրոսներ վերերկրային-
Ես կխոսեի նրանց մասին:
Իսկ այստեղ` գող է թե թաղային.
Բոլորը պառկած են միասին:
153
Ոմանք սեղանի մարդիկ են եղել,
Ինչ ուզեցել են, այն էլ արել են.
Երբեկ մեջքերը չեն ծռել –ուղղել:
Ոմանց ընկճել է հար չի’ կարելին:
Եվ հանկարծ, մեկեն այս զարհուրելին.
Խրձերով լցվել են այս մեծ փոսը:
…
Որդերոց է եղել նրանց միսը:
153 Ժան կալե –նոտար, Շատլի բանտում բռնավորների կտակների կազմման վերահսկիչ:
154
Այժմ չկան` հարյավ հոգիները
Մարմինները դարձան որդի կեր:
Սա’ էր նրա ծառան –նա’ էր սրա տերը,
Իսկ սա լույս կու’ս էր, վհու’կ էր:
Թող որ սա դրանիկ էր կայսեր
Քիմքն իր բրնձով, տորթով շոյած,
Զեխ կյանք, կիրք ու սեր պարահանդեսներ…
Թող ների նրանց Տերը գոյաց:
154 Սենտ-Ավուա կապելլը գտնվում էր Փարիզում, ավգուստինյան մենաստանի կառույցի երկրորդ հարկում, որտեղ իհարկե, ոչ մի գերեզմանափոս փորել չէր ստացվի:
155
Պատգամն այս ձոնված է մեռելոց.
Արդ բարձրաձայն եմ ազդարարում
Գահերին, ամբոններին, այլոց.
Ով անօրինությունն է վտարում
Եվ արդարությանն է սատարում`
Կսրբվեն նրա մասունքները,
Եվ նրա մեղքերին կտան ներում
Եվ Դոմինիկը, և մեր Տերը:
155 Սորբ Դոմինիկ –Իսպանական կուսակրոն –դոմինիկների միաբանության հիմնադիրը /1215թ./, որին 1252թ. Պապը հանձնեց ինկվիզիցիային /հերետիկոսների վրա հսկողություն կիրառող դատաոստիկանական հաստատություն/. Այդ պարտականությունները հետագայում հանձնվեցին ճիզվիտների ձեռքը:
156
Ի’նչ կտակել Ժակ Կորդոնին:
Չգիտեմ, և սակայն թող նա
Մինչ կսպասի իմ <<պարդոնին>>,
Բերժերոնետն իմ դնդնա.
Պայմանով` որ կհիանա
Նրա երգով Մարյոն Պատարդ:
Իսկ թե ձայն չունի, թող գնա,
Մահուդ լմի չորս հարյուր բարդ:
156 Ժակե /Ժակ/ Կարդոն –տես. <<Նախացուցում>>-ի 16-րդ տունը:
<<Բերժերոնետ>> -ներքևում բերված երկը այդ ժանրին` /հովվական երգ/, ոչ մի կերպ չի կարելի վերագրել:
Մարիոն Պատարդ –այդ ժամանակներում` հայտնի երգչուհի:
Երգ
Վերադարձիս հետ դժնդակ բանտից,
Ուր ես հազիվհազ մեռնելուց պրծա,
Ուր որ` լավ տանջվեմ –արեցիր գործը
Նախանձ ֆորտունը, երևի խանդից:
Բայց և նա տվեց տանջանքիս վարձը-
Վերադարձիս հետ:
Իսկ եթե անմիտ վճիռ է հանել,
Եվ եթե կյանքիս ես հրաժեշտ տամ,
Թող Տերը վերցնի ու իր բարձր տան
Մի քունջում տեղ տա իմ հոգուն անել.
Վերադարձիս հետ:
157
Ես ցանկանում եմ, որ Լամերը,
Որը կախարդելու մեծ ուժ ունի,
Վայելի բոլոր կանանց սերը,
Բայց ոչ ոքի հետ ոչինչ չանի.
Նույնիսկ իր կինը թող <<չոր>> քնի:
Թող օրն հարյուր կին նրան խայթի-
Որ խանդից` ասպետ ու հոմանի
Աժյե Դանիացու սիրտը պայթի:
157 Լամեր –կանոնիկոս, որի պարտականությունների մեջ էր մտնում Փարիզի Աստվածամոր տաճարի կողմից հանձնարարականը` հետևել, որ տաճարի շրջակայքում անբարո աղջիկները քարշ չգան:
Աժյե Դանիացի –տղամարդկային անթերի արժանապատվություններով օժտված միջնադարյան ասպետական վեպերի հերոս:
158
Շատրեյի պատճառով տանջված
Կանանց տալիս եմ ցողաման,
/Նրա սնարից գողացված/,
Արցունքների աղով լման,
Ու ցողով վարդերի վառման:
Սա անում եմ նրա համար,
Որ այդ կանայք տենդով ջանան
Աղոթել իմ հոգու համար:
159
Ես ցանկանում եմ մետր Ժամ Ժակին,
Որը փող է դիզում ու դիզում,
Ունենալ մի չորս հարյուր կին,
Իսկ սեփական կին` երազում:
Այդ խոզին ժառանգ չի սազում:
Թե եղածը ու’մ կհասնի…
Հա’ –որբ գոճիներ կան բազում.
Թող հոգուց` փողից թև բուսնի:
160
Կճատ Պյեռ դե Բերզեն սենեշալ,
/Նա իմ պարտքը վճարեց մի օր/,
Ցանկանում եմ դառնա մարշալ
Եվ քայլի խրոխտ, բախտավոր:
Որ մաղձից չդառնար ընկնավոր`
Նրա, /երբ նա փայտ էր ծեծում/,
Ստերն էի լսում պոչավոր.
Երգում` վարժը –ծույլ է գործում:
160 Սենեշալ /հայ. Սենեսկալ/, -թագավորի կամ խոշոր ֆեոդալի կողմից ուղարկվող արդարադատության դատական աստիճանավոր 13-րդ դարից սկսաց: Կճատ սենեշալ – այդպես է անվանում Վիյոնը Նորմանդիայում թագավորական դատարանը ղեկավարող Պյեռ դե Բերզեին:
Երբ նա փայտ էր ծեծում –փայտիկներով խաղ է, որով Բերզեն զբաղվում էր, երբ գահ բարձրացած Լյուդովիկոս 11—րդի կողմից անբարոյականության մեջ դատապարտվելով ընկնում է բանտ:
<<Երգում` վարժը –ծույլ է գործում>> -<<Ռոման վարդի մասին>> վեպից ասածվածք դարձած տող է:
161
Ես, ի սրտե, շեվելյե դյու Գեին
Երկու մանկլավիկ եմ տալիս ջահել`
Ֆլիբերին և հաստլիկ Մարկեին.
Սրանք լավ գիտեն փակ դարպաս պահել-
Որ տեղից շարժվեն –դեռ չի պատահել:
Եվ հնազանդ են` իսկ և իսկ` բոբիկ:
Ափսո~ս ուզում են սրանց դուրս գրել:
Ստիպված պետք է քայլեն, բայց` բոբիկ:
161 Ֆլեբերն ու հաստլիկ Մարկեն –ծեր, բլբլված պահակներ. այդ <<ջահել զույգ>>-ին է Վիյոնը տալիս դյու Գեին մանկլավիկություն անելու:
162
Շապելլենին մատուռն եմ ես
Նվիրում իր կուլակի հետ.
Թող և այնտեղ նա գա հանդես-
Չոր պատարագ տա այսուհետ:
Նրան սիրել եմ առհավետ-
Ուստի և իմ ծուխն եմ թողնում.
Նա զահլա չունի հոգու հետ-
Կանանց մեղքերն էլ եմ թողնում:
162 Շապելլեն –Փարիզյան պրեմոյի պահակախմբի սերժանտ –հայտնի անառակ:
<<Չոր պատարագ>> -կրճատված, առանց հաղորդության պատարագ:
163
Թող կտակիս փոփոխության
Գործը Ժան Կալեն ձեռքն առնի,
Նա հանճար է խարդախության
Եվ գործն ըստ այդմ էլ թող բռնի:
Սրտի ուզածի պես խառնի
Ժառանգության այս կտակը,
Որ հոգուս հետ օդ չհառնի
Մարդկանց թողած իմ վաստակը:
164
Թող մի լավ զննի ու մեկնաբանի`
Որտեղ է մութը, լույսը` որտեղ:
Թող բաժանի ու վերաբաժանի
Ձեքով իր` մանկան ձեռքի պես անմեղ:
Թեև անուս է, բայց ունի ուղեղ-
Գիտի ամբողջը դարձնել կես.
Ու ժանռանգներիս թե թողնի մղեղ,
Ես համաձայն եմ նախապես:
165
Իսկ թե մինչ այդ մեկի հոգին հոգին առնի,
/Այդ գործում խառն է Գաբրիելի մատը/,
Ժան կալեն ինքն էլ թող համբառնի
Եվ նրա հասույթը այնտեղ տա:
Բայց եթե ագահ է այդ կավատը
Ընծաս հանկարծ տակերոց անի-
Կա սուրբ ատյանի ահեղ դատը.
Թող ինքը` Տերը նրան այպանի:
166
Թող անձուկ ու լուռ ինձ թաղեն
Սենտ-ավեուայի համեստ կապելլում,
Եվ միայն մեծ նկարս կախեն,
/Եթե գին չուզեն խիստ անհամեստ/,
Ու բոլորը դիտեն` վեստ ու հեստ:
Մարմարից դամբա’ն –այն ծանր է խոմ:
Կփլվի` կխաշվեմ դժոխքում:
167
Ուզում եմ որ քարիս վրա
Առանց ուղղումի, ջնջումի,
Եթե կա վրձնի խնդիրը`
Ածուխով գրվի այս գիրը.
<<Նայեցեք` այս մարդուց անբան
Թեև երես թեքեց սերը,
Բայց միշտ եղավ կատակաբան>>:
168
Էպիտաֆիա
Այստեղ` ծայր աղքատ այս որջում,
Ամուրի նետից նետահար,
Փոքրիկ աշկերտն է ննջում`
Ֆրանսուա Վիյոնը սիրահար:
Թեև մաճկալ չէր ու խոտհար,
Բայց մարդկանց միշտ հաց էր բաժանում:
Արդ չուներ ոչ ոսկի, ոչ գոհար
Եվ Աստծուն այս երգերն է հղում:
Վերսետ
/Ռոնդո/
Սիր, այս խեղճ մարդուն հանգստություն տուր,
Թող արդար լույսը նրան պարուրի:
Նա տառապեց ճիշտ երեսուն տարի.
Ոչ ինչք ունեցավ, ոչ գլխին կտուր:
Անհոնք, գանգը լերկ, մորուքը մաքուր
Սափրած, նա բողկ է հիշեցնում կարի:
Սիր, այս խեղճ մարդուն հանգստություն տուր:
Չար բախտը նրան գցեց դռնեդուռ
Ու զնդաները խոնավ բանտերի.
- Ես կբողոքեմ` տրված եմ շառի,-
Զնդանի խորքից ոռնում էր նա զուր:
Սիր, այս խեղճ մարդուն հանգստություն տուր:
169
Ուզում եմ, որ զանգը ապակե
Ղողանջի ու թնդա ձայնով մեկ,
Եվ բոլոր սրտերը ապաքեն
Թունդ ելնեն ու տրոփեն բեկ-բեկ:
Օ~, զանգ, քանի~ կյանքեր ես հեգ
Ազատել դու սրից ու հրից:
Եվ խինդն ես դարձրել իրազեկ,
Եվ կյանքը ծաղկել է նորից:
169 Ապակե զանգ –յուրահատուկ հնչեղությամբ <<Ժակլին>> մականունով զանգը կախված Փարիզի Աստվածամոր տաճարում, որը դժբախտությունների մասին էր ահազանգում: Զանգը փխրուն էր, մի քանի անգամ ճաքեր էր տվել, դրա համար էլ կոչվում էր ապակե:
170
Չորս հաց եմ տալիս ժամհարներին:
Եթե քիչ է- թող վերցնեն վեցը:
Այսչափ ճոխություն, թող ինձ ներեն,
Եվ մահուդից չի տեսել ցեցը:
Թերևս` խուժից սուրբ քարկո’ծը:
Հա –մի հացը թող վերցնի Վալանը-
Սոված թող չընկնի գրողի ծոծը:
Երկրորդը Գարդն է, նույն ինքը` Ժանը:
170 Գիյոմ Վալան –աղի մեծահարուստ վաճառական, ոչ մի կերպ չէր կարող ժամհար լինել –այդ զբաղմունքի համար ծայրահեղ աղքատներն էին ներգրավվում:
Ժան դե լե Գարդ /արդեն հիշատակված հարբեցող/, ժամհար լինելու համար պիտանի չէր նույնպես:
171
Թող այս գործի ծախսերն հոգան
Կտակակատարն իմ վեց.
Աստծո հեզ գառներ իսկական-
Հոգով շիտակ, սրտով անկեղծ:
Ու մեծ պատիվ է ինձ համար
Անունները թվել իրենց.
Ֆրեմեն, պատրա’ստ ես, գրի առ:
171 Ֆրեմեն, պատրա’ստ ես, գրի առ –Վիյոնը կրկին է դիմում իր երևակայական <<քարտուղարին>>:
172
Սկսենք Բելֆեյից –նա Փարիզի
Ատյանի գուսանն է ջահել:
Երկրորդը, եթե չնազի-
Մեսսիրն է` Գիյոմ դե Կոլոմբել:
Երկուսն էլ գիտեն ականջ շոյել-
Վարպետներ են երգի ու խոսքի:
Երրո’րդը –Ժուվենիլն է Միշել-
Անարվեստ, բայց քաշով մեկ ոսկի:
172 Մետր Բելֆե –Փարիզյան դատարանի խորհրդական:
Գիյոմ դե Կոլոմբել –թագավորական խորհրդական:
Ժուվանիլ Միշել –փարիզյան վաճառականության կոորպորացիայի ղեկավարը: Կառլոս 7-րդի թաղման ծեսի կազմակերպիչն է եղել:
173
Իսկ եթե սրանք պարտքից, հարկից
Վախեցած` հանկարծ, հանկարծ խույս տան,
Ես պահեստային իմ գումակից
Կբերեմ այս երեքի դաստան.
Ֆիլիպ Բրյունել` դատ, դատաստան
Պատշաճող մի այր, շատ խելացի:
Եվ որ չընկնեմ գյուղեր ու ոստան-
Մյուսը Ռագյեն է իր դրացի:
173 Ֆիլիպ Բրյունել –տես. <<Նախացուցում>>-ի 18-րդ բանաստեղծությունը:
174
Երրորդը կլինի Ժակը ժան:
Այս երեքն էլ անխարդախ են:
Խաչ են հանում մտնելով ժամ:
Եվ վասնզի աստվածավախ են-
Իրենց ավելի շուտ կկախեն,
Քան պատգամներս կանեն զանց:
Ավելին` դրանք կփոխեն
Գինով –նրանք չեն սիրում գանձ:
174 Այս երեքն էլ անխարդախ են –Վիյոնը սկզբից թվակում է երեք արժանապատիվ այրերի և եթե նրանք հրաժարվեն –այդ գործը հանձնարարում է մինչև ուղնուծուծը փչացած մյուս երեք ստահակներին:
Ժակ Ռագյե –տես. <<Նախացուցում>>-ի 19-րդ բանաստեղծությունը:
175
Կտակների մատենավար
Տոմա Տրիկոին անբան,
Տեսքից` իսկը բտած տավար,
Ես չեմ կտակում ոչ մի բան:
Այ, եթե տասն օր անխափան
Իր հաշվից թրջեր մեր բուկը,
<<Պիրետտայի անցք>> պանդոկը:
175 Տոմա Տրիկո –Վիյոնի գործակիցը, 1452թ. Լիցենսիստի աստիճան է ստացել:
<<Պիրետտայի անցք>>-ը -<<սոճու կոնի>> դիմաց գտնվող խաղատուն:
176
Անտանելի են տանջանքներս.
Մեկ կոքս է ծակում, մեկ` քունքս:
Լուռ են կտակակատարներս-
Չեն օգնում, ու դժոխք է կյանքս.
Գործված, պատրաստ է պատանքս.
Գոնե լամպի յուղ բերեր դյու Ռյուն:
Խալսում է երկրային ժամանակս.
Մնաք բարով մարդ, մարդկություն:
176 Գիյոմ դյու Ռյու –գինու մեծածախ առևտրական, փարիզյան մեծահարուստ.
Լամպի յուղ –գինեմոլները գինուն հաճաղ էին անվանում <<խաղողի յուղ>>, Վիյոնը հենց դա է պատվիրում իր թաղման ծեսի համար:
Բալլադ ներումի հայցի
Բոլոր պատվարժան ուխտերի
Քուրջեր հագած միաբաններից,
Բոլոր հասարակաց տների
Իմ համտեսած պոռնիկներից,
Կրկնակոշիկ հագած լոթիներից,
Որ և տոկում են և աչք թացում,
Աչքի սուրմա թռցնողներից
Ես ներողություն եմ հայցում:
Աղջիկներից` հյուրի համար,
Որոնք կուրծք են բացում մինչ պտուկ,
Ծաղրածուներից խելոք –հիմար,
Վարժեցնողներից արջ, արջամուկ,
Ձեռքներին ծնծղա, դափ ու թմբուկ,
/Ի ցույց դնող ներկայացում/,
Դերասաններից հույժ հերատուկ
Ներողությունս եմ ես հայցում:
Բայց մատնիչներից շան ցեղի,
Որոնց պատճառով ես կես տարի
Բանտում տանջվեցի անտեղի,
Ներողությունս չեմ բերի:
Առավել. Նրանք թող բորի
Աղտից փտեն գարշ որջերում:
Իսկ ահա մարդկանցից բարի
Ես իմ ներողությունն եմ խնդրում:
Թող շղթայով մատնիչներին
Ծեծեն, ոնց որ կալն են ծեծում-
Դիերը նետեն շներին:
Ողջերից ներում եմ հայցում:
Բալլադ, որը եզրափակիչ է հանդիսանում
Վերջ. Կտակը իր ավարտեց
Ձեր Վիյոնը ոգով ոսին:
Խնդրում է, որ կարմրահանդերձ
Մասնակցեք իր թաղման ծեսին:
Սիրախոց այդ մարտիրոսին
Թող թաղի կարմիր թափորը,
Երբ մարմինը պահ տաք փոսին,
Երբ կլքի նա աստվորը:
Ձեզ հիմք կա այդպես անելու,
Քանզի նա, ում նա սիրում էր,
Ստիպեց իրեն թափառելու,
Կրել հազար մաքառումներ,
Ճեղքել ջրեր, մացառուտներ-
Դուրս տալով փորն ու փսորը,
Մինչև Ռուսսիլիոն կհասներ`
Վճռելով լքել այս աստվորը:
Վերջ տանջանքին, տառապանքին.
Ցնցոտիների մեջ, քաղցած,
Այդպես էլ ավանդեց հոգին-
Անպատասխան սիրուց խոցված:
Մարդիկ շատ էին զարմացած,
Որ իր սրտում այդքան խորը
Վերքեր –կրկին սիրեց, ցնծաց,
Երբ որ լքեց այս աստվորը:
Արքայազն, հիշիր, Վիյոն
Աշկերտը իր մահվան օրը
Խմեց մի ողջ կվարտ մորիյոն
Ու նոր լքեց այս աստվորը:
Տարբեր բանաստեղծություններ
Բալադ բարի խորհրդի
Դուք խելքով չեք փայլում, մեղսագործներ.
Անդունդ է տանում ձեր բռնած ուղին,
Դուք մահ եք սփռում, ահ, ավար, ավեր,
Եվ հազար կյանքեր զոհելով փողին-
Վախով սպասում ձեր սպանողին:
Միթե’ ձեր խիղճը մեռած է ձեզ մոտ
Եվ միթե’ չունեք պատկառանք, ամոթ,
Որ մարդասպանին օրինակ արած,
Դուք էլ եք դառնում մեղքերի անոթ`
Այլոց եղածի վրա աչք հառած:
Բոլորս էլ գիտենք` մեղսավորներ ենք:
Բայց ոխը թողնենք ու հայցենք ներում,
Չէ’ –այտյան բռնող երկնավորներ ենք,
Չէ’ –Նա մեզ հետ է, մենք Նրա հետ ենք…
Բայց նրանք, որոնք նստած բանտերում
Հանցանքը պատվի գործ են համարում,
Ու նրանց գործն է տներ քանդելը,
Մարդ սպանելն ու դիեր կապտելը-
Ձեռքերին դաշյուն ու կացին առած
Այլոց եղածի վրա աչք հառած:
Ում սրտին մոտ են լկտին, ավարան,
Եվ ով սանձարձակ կյանք է վարում,
Ով թույն է գնդում ու նյութում դարան,
Ով մտերիմ մարդկանց տակն է փորում,
Կյանքի ստորաքարշ կերպն է սիրում,
Թող դարձի գա, շտկվի, սրբվի և թող
Խրատն այս ականջին իր դարձնի օղ.
Տիրոջը պետք չեն հոգիներ մեռած,
Իսկ ծնողներին մեր զավակներ գող`
Այլոց եղածի վրա աչք հառած:
Իսկ սա Պողոսն է իր թղթում գրել.
Պետք է սիրո մեջ համերաշխ ապրել:
Եվ ես խրատն այդ սրբի փոխառած,
Ասում եմ. չարն է ում սրտին թառած,
Եթե հաշտ լինի, սրբվի աղոթքով,
Լինի շիտակ, չի ապրի տուրքով`
Այլոց եղածի վրա աչք հառած:
Բալլադ նախանշաններով
Ես և առաջը գիտեմ և` հետը,
Մարդուն իր հանդերձից եմ ճանաչում,
Գիտեմ –բալենու բունը խեժոտ է,
Եվ թե որ ծառին ինչ միրգ է աճում:
Գիտեմ ինչ ասել է պատիվ, կոչում:
Ա~խ, ես գիտեմ թե մարդը ինկնակոչ,
Երբ չեն սաստում –ոնց է բարձր հաչում:
Ես բոլորը գիտեմ –ինքս ինձ` ոչ:
Ես օձիքից գիտեմ, թե տերն ով է
Եվ` տիրուից` թե ով է իր ծառան:
Ես գիտեմ, որ պադրեն կուկակով է
Եվ որ միանձնուհուն կա վարդարան:
Գիտեմ գողականին <<ծոն ու այոն>>:
Գիտեմ` պանրի գիժ են գժերը ողջ:
Գինիները գիտեմ ես անվարան:
Ես բոլորը գիտեմ –ինքս ինձ` ոչ:
Գիտեմ, թե գրաստներ ջորին ու ձին
Ամեն մեկը ինչքան բեռ կկրի,
/Բիատրիսան, Բելեն ինձ օգնեցին/:
Գիտեմ, որ կոզիրը ինչ կբերի,
Եվ` այն, որ Հռոմը շատ է բարի:
Գիտեմ երազ խաբող կանանց անկոչ,
Նաև` խորհուրդները բարու, չարի:
Ես բոլորը գիտեմ –ինքս ինձ` ոչ:
Արքայազն, կյանքը սին է, գիտեմ,
Գիրն ու ղուշն էլ բախտի գիտեմ` ձախ-աջ:
Մահվան երգն էլ գիտեմ. <<Ես ձեզ հետ եմ>>:
Ամեն ինչ իմացա –ինքս ինձ` ոչ:
Բալլադ անհեթեթությունների
Ստամոքսդ կծկվի –կսկսես աշխատել,
Քեզ դրախտ ընկնել սոսկ թշմամիդ կոգնի,
Սովը զոռեց –կսկսես քոլ ու քոս ուտել,
Միայն ծույլ մարդն ունի կարեկցող հոգի:
Դո տուզ ես` եթե հանդիպել ես սագի:
Զգոն է պահակում միայն քնածը:
Կուրորեն վստահիր միայն հերցոգին:
Սթափ է դատում լոկ սիրահարվածը:
Կնքավավզանում ով չի խեղդվել` կապրի,
Խփում են –արյունդ ժպտալով սրբիր,
Առ ապադասը սոսկ ամբոխն է բարի,
Սիրուդ կապը շողոմ քծնանքով պնդիր,
Պարտքի մեջ թաղված ես –ծիծաղից պայթիր:
Հարգանքից է խոսում անվանարկվածը,
Փորձանքի մեջ ընկար –ընկեր հայթի’ր,
Սթափ է դատում սոսկ սիրահարվածը:
Մեր հոգսերի մեջ ենք մենք հանգստանում,
Գոռոզության չափը սոսկ վեստը գիտի,
Բախտն անարգի գլխին դափնի է դնում,
Եվ ճիշտ խոսքն է դառնում փաթաթան մատի,
Եվ փնթին է խաղում պճնված լոթի,
Ու խինդ է խաղում մաղձով լցվածը:
Երազն է կշտացնում մարդուն անոթի,
Սթափ է դատում սոսկ սիրահարվածը:
Դուք ուզում եք լսել ճշմարտությու`նը.
Երդումը` մեծ` -քիչ է անկեղծությունը,
Ասպետի մե’ջ փնտրիր վախկոտությունը:
Հանց երգիչ –էշն է ցարդ փառաբանվածը:
Պարտքով խաղ է –մեծ է մոլեգնությունը:
Սթափ է դատում սոսկ սիրահարվածը:
Բալլադի անվանումը Օ, 1982 թ. Օ. Յոնյոնն է տվել: Ըստ երևույթին , Վիյոնը իր կողմից քիչ համակրելի Ալեն Շարտյեի /մոտ. 1385-1433/ հանրահայտ բալլադն է ծաղրերգում, որը կազմված է շրջանառված ասույթներից:
Բալլադ ընդեմ Ֆրանսիայի թշնամիների
Թող խենեշը նրա ճանապարհը փակի,
Ինչպես արգոնավորդների հետ դա եղավ,
Թող յոթ տարի` որպես արջառ խոտ պռճոկի
Նաբուդագոնոսորի նման: Պատվի ցողով:
Թող. Ինչպես Տրոյան հիմահատակ արվի,
Կամ սուրբ պատերազմի բրդոցի մեջ խրվի:
Պրազերպինայի պես թող տանջանք կրի
Կամ հանց Տանտալոսը հավիտյան քարհրի:
Թող ողջ տանջանքների միջով Հոբի անցնի,
Կամ Դեդալի նման զնդանի մեջ մարի
Նա, ով Ֆրանսիայի վրա ձեռք բարձրացնի:
Թող ճահճում հանց վիպը գլխի վրա տնկվի
Ու բղավի հարյուր ու էլի քսան օր,
Կամ մի մանեթ փողով թուրքի կողմից գնվի
Եվ վզին` լուծ. քաշի գութան, չութ ու արոր:
Թող Մարիամի նման ոտաբոբիկ, անշոր
Անապատում տոկա ճիշտ երեսուն տարի:
Որպես Աբեսողոմ –թող դաշյունով խոցվի,
Իսկարիոտի նման` թոկը վզին ցնցվի,
Նարգիզի պես ջուրը թող իրեն ծածկ դարձնի,
Սիմոն մոգի նման –կախարդանքից զրկվի
Նա, ով Ֆրանսիայի վրա ձեռք կբարձրացնի:
Թող հալեցրած ոսկին նրա ներսը խաշի,
Ինչպես Օկտավիանոսի հետ պատահեց,
Թող հորձանքը ծովի նրան իր մեջ քաշի,
Ու թող նրան չօգնի կետ ձուկը մեծ:
Թող մարմինը նրա աղացքարը մանրի
Ու նա պատժվի պատժով Սեն-Վիկտորի:
Թող Փոբոսը նրան երբեք թեր չկանգնի,
Եվ Վեներան նրան թող թիկունքով կանգնի:
Իսկ, ահա, Մարսն օրը նրա թող սևացնի:
Սարդանապալի պես թող սատակած ընկնի
Նա, ով Ֆրանսիայի վրա ձեռք կբարձրացնի:
Արքայազն, թող որ Էոլը հողմ դառնա,
Նրա դեմքը ձաղկի, ահեղագոչ ոռնա
Ու իր գիրկը առած Գլավկի մոտ հասցնի-
Եվ Գլավկը նրան թող մահով սպառնա,
Ով, որ Ֆրանսիայի վրա ձեռք կբարձրացնի:
Բալլադ ընդեռմ Ֆրանսիայի թշմամիների
Բալլադի անվանումը Ֆրանսիական պատմաբան Գաստոն Պարիսն է տվել: Վիյոնի ժամանակներում Ֆրանսիայի թշնամիներն առաջին հերթին անգլիացիներն էին /հարյուրամյա պատերազմ 1337-1453թթ./, նրա կենդանության օրոք վերջացավ այն, անգլիական զորքերը Փարիզից հեռացան 1437թ.:
<<Թող ճահճում հանց վիպը գլխի վրա տնկվի>>. –միջնադարյան սնահավատություն է, որ վիպերը գլուխները ջրի մեջ սուզելով են գոռում:
Սիմոն –մոգ –նրա <<կործանման>> մասին Նոր Կտակարանում ոչինչ չի ասվում, բայց /Հակոբ Վարահինեցու <<Ոսկյա լեգենդ>>/ եկեղեցական ավանդությությունը պատմում է, թե ինչպես Հռոմում Ներոն տիրակալի, Պետրոսի ու Պողոսի ներկայությամբ Սինոն մոգը դևերի օգնությամբ գետնից կտրվեց վեր: Սուրբ Պետրոսը տվեց Հիսուսի անունը և դյութանքները քանդվեցին: Սիմոնը ընկավ և գլուխը ջարդեց:
Սեն–Վիկտոր. –Քրիստոնեական մարտիրոս, մահապատժի ենթարկված 303թ.:
Գլավք –հունական դիցաբանության մեջ, սկզբում հասարակ մահկանացու էր, ձկնորս, բայց պատահաբար մի ինչ որ խոտ է ուտում, որը նրան անմահություն է տալիս և դարձնում է կապույտ ձեռքերով ևկանաչ մորուքով ծովային աստվածություն:
Ռոնդո
Ժանեն լը Ավենյու,
Մի բաղնիք գնայիր,
Նման ես վայրենու,
Ժանեն լը Ավենյու:
Քեթ-մռութդ սան ու
Կոնքում լվանայիր,
Ժանեն լը Ավենյու,
Ու լավ իստակվեիր:
Ռոնդո
Ժանեն լը Ավենյու. –անունը հավաքական է, մինչև 8-րդ դարը եղջերակրի համարում ուներ:
Բալլադ
/գրված Բլուաում մրցակցության համար/
Ես աղբյուրի գլխին` մեռնում եմ ծարավից,
Ցրտին` տաքության մեջ եփվում եմ ու դողում,
Իմ խրճիթում ընկած անտեր, անկարեկից,
Իմ երկրում զգում եմ ինձ` ուրիշի հողում:
Ես մերկ եմ հանց որդը, ում հագուստն է շողում:
Ես հույսի մեջ` անհույս –մերված են խինդ, հառաչ,
Հզոր եմ ու անզոր, ինչպես Սամսոնը քաջ:
Ես տներում շքեղ ինձ զգում եմ պատժված,
Ծիծաղում եմ –մեկ էլ` դեմքիս արցունքի դաջ:
Ես բոլորի կողմից ընդունված եմ, մերժված:
Ամբողջ հաստատունը խարխուլի մեջ է սոսկ,
Ականատեսի մոտ, ողջը աղոտ է, մութ,
Եվ ինձ կեղծ է թվում ճշմարտությունը իսկ,
Եվ ինձ զառանցանք է թվում կյանքը անգութ,
Քանզի` օրենքը չէ –բախտն է նրա մոտ:
Ու ես պառկած գետնին վախենում եմ ընկնել,
Չերկյուղելով սակայն ողջ փողս կոն դնել:
Կտակ ստանալու ցնորքով եմ տարված
Մարդուց, ով կափսոսա նույնիսկ գռոշ ցնկնել:
Ես բոլոլորի կողմից ընդունված եմ, մերժված:
Ա’հ, բավ են, իսկապես, մտքերը այս էժան.
Երբ արդյունք չես տալիս, ինչու’ արդյունք թափել,
Ով որ բարձր է գովում –նա ծաղրող է դաժան,
Կտրուկ ճիշտ խոսողը աշխատում է խաբել:
Լավ ընկերդ գիտե քո ուղեղը ծփել,
Որ ագռավից սև է ձյունե կարապը միշտ:
Ով ինձ փնովում է, նա օգնում է ինձ խիստ:
Ըստ իս` ճիշտն ու սուտը նույն կավից են թրծված:
Ողջը ճաշակեցի, արդ խոսում եմ հանգիստ.
Ես բոլորի կողմից ընդունված եմ, մերժված:
Արքայազն, Տերն ինձ երբ վճռեց արարել,
Այդ օրից օրենքը ես չեմ ոտնահարել,
Սակայն իմաստության հարցում եղա տուժված:
Արդ հուշիր, որտեղի’ց ինձ մի դուբլոն ճարել.
Ես բոլորի կողմից ընդունված եմ, մերժված:
Բալլադ
/գրված Բլուաում մրցակցության համար/ -Այս բալլադի ստեղծման պատմության մասին տես ներածականը:
Ուղերձ Մարիա Օռլեանուհուն
Երկնքի բարձրունքից դարձյալ
Նոր հուր է առաքվում:
Օ~, դու երկնային գեղեցիկ պատգամ-
Գերընտիր ընծա մեր Տեր Հիսուսի.
Եվ Նա շուշանի նուրբ ոստ այս անգամ
Առաքեց երկիր` ի սպաս մեր հույսի:
Օ~, թագադուստր` անունով Կույսի.
Քո մեջ ներումն ու գութն են խմորված,
Օ~, զուլալ աղբյուր խինդի ու լույսի-
Որոնց վրա և աշխարհն է հիմված:
Իսկ սա թող կոչվի զուտ ճշմարտություն.
Բոլոր խեղճերին լման գոհություն,
Ունևորներին գութ, կարեկցություն,
Սեր, գորով, նաև անաչառություն
Նա ծնունդի հետ իր բերեց աշխարհ:
Եվ մեր Տեր Աստծուց առած օրհնություն-
Մեզ բաշխեց դրանք հանց մի-մի նշխար:
Անունն այդ, որպես հոգու հենարան`
Խոլդվիգի հի~ն, մե~ծ տոհմածառի
Աջ ճյուղ սենյորի գեղեցիկ արյան
Ժառանգորդուհու հետ` նոր արարի
Վերադարձավ մեզ, որ մեզ խավարի
Միջից դուրս բերի. որ` ընտրած լույսը
Ֆրանսիան օծության լույսով պարուրի
Մարդկանց խինդ, հավատ, հույս բերած կույսը:
Թագավորական երանքում` դեռ սաղմ-
Նա իր մեջ գութ է կրել ու գորով:
Արդ նրա հանդեպ /սա ասված է մեղմ/
Մարդիկ լցված են կաթոգին սիրով,
Որ տոհմամիջյան գժտությունները
Նա հարթի և իր խոսքի տապարով
Խորտակի գոցված կուռ դարպասները:
Ահա և խոսքեր Դավթի ասածից.
<<Տերն ուրախացրեց իր արարչությամբ.
Ես ուրախ եմ քո ձեռնարկված գործից>>:
Այո’, ծնունդով Քո երջանկությամբ
Ողողեցիր մեզ, նաև` խնդությամբ:
Որպես երկնքից իջաց մանանա
Դու տրվեցիր մեզ քո ողջ քաղցրությամբ,
Եվ թող քեզանով Գաղիան հիանա:
Ուղերձ Մարիա Օռլեանուհուն –Բանաստեղծությունը կամ 1458 թվին է թվագրվում, երբ թագադուստր Մարիա Օռլեանուհին է ծնվել /և երբ Վիյոնը կարող էր Բլուաում գտնվել/, առավել ևս, որ նա լույս աշխարհ է եկել 1457 թվականի դեկտեմբերի 19-ին, Ծննդյան տոնների նախաշեմին, կամ նրա հերցոգության մայրաքաղաքում բնակություն հաստատելու /1460թ. Հուլիսի 17-ին/ կապակցությամբ: Բալլադի վերնագիրը Օ. Լոնյոն է դրել:
Բալլադի մակդիրը վերցված է Վերգիլիոսի չորրորդ էկլոգից. <<Երկնքի բարձրունքից դարձյալ նոր հուր է առաքվում>>: /Այդ տողի համար Վերգիլիոսը քրիստոնեական ուսումնական հաստատություններում առավել էր պատշաճվում. Այդ տեղը մեկնաբանվում էր որպես Հիսուսի գալստյան մասին մարգարեություն/: Հնարավոր է, որ այդ պատճառով այս բալլադը խորհրդային հրատարակչություններում երբեք չի տպագրվել:
/Կրկնակի Բալլադ/
Ես կարդացել եմ ինչ որ մեկի մոտ,
Որ պետք է նրան ոսոխ համարել,
Ով քեզ մեծարում, գովում է քեզ մոտ:
Իսկ եթե մարդուն այդ` երբ արարել-
Մեր Տերը բարի սիրտ է նվիրել,
Դա պետք է որպես արա’տ մատուցել:
Ասացեք, նրան ինչպե’ս չներել:
Բարին` բարությամբ պետք է հատուցել:
Եվ Հովհաննեսը Տիրոջ մոտ Նրան
Հազար փառք տվեց, հետո մկրտեց:
Եվ մեղք չգործեց, ասենք անվարան
Թեև մարդկանց էլ փառք տալուն դրդեց:
Իսկ Անդրեասը, երբ Հիսուսին հարգեց`
Կոչելով ռաբբի, չէր էլ մտածել,
Որ սեպվելու է առաքյալ երեց.
Բարին` բարությամբ պետք է հատուցել:
Ոզում եմ տրվել ձեզ ողջ էությամբ`
Շենք ու շնորքս մտքիս հետ մեկտեղ:
Սիրտս լցված է մեծ խաղաղությամբ-
Վաղուց չեմ արդեն ես ոխի անթեղ:
Ատենս եկավ արդեն կառուցել.
Վիհից եմ կանչում արդ ուխտով անշեղ.
Բարին` բարությամբ պետք է հատուցել:
Ձեր կարեկցանքին չկա չափ, սահման,
Դուք երդիկից չեք աշխարհը տեսնում
Ու մեծ գութ ունեք, մեծ գութ անպայման.
Եվ այս աշխարհի մեղքերը համայն
Դուք ձեզ վրա եք վերցնել կամեցել.
Թույլ տվեք լինել մի քիչ ձեզ նման.
Բարին` բարությամբ պետք է հատուցել:
Արքայազն, Ձեզ պետք է գովերգել.
Ձեր գութն է, որ ես դեռ չեմ մահացել,
Ուստի իմ պարտքն է երախտիք հարգել.
Բարին` բարությամբ պետք է հատուցել:
Կրկնակի բալլադ –անվանումը պայմանականորեն է դրված, բալլադի կառուցվածքի պատճառով: Համարվում է, որ Վիյոնը այն գրել է, երբ նստած է եղել Տիբո դ Օսսինյիի բանտում 1461թ. Ամռանը: Ինչո’վ էր Վիյոնը բարկացրել եպիսկոպոսին –արդեն մի հարյուրամյակ չէ գրական կռահումների առարկա դառնում:
Օ~, կույս ճամփված նմուշ որպես
Հիացմունքի, ձիրքի, գովքի,
Արժանացրել է Տերը ձեզ
Բարօրության ու մեծ խելքի,
Նաև ընտրյալն եք դուք փառքի:
Օ~, կույս շիտակ վարքով, բարքով.
Կատոնի խոսքն է քեզ հարգի`
<<Դուստրը քայլում է հոր հետքով>>:
Երբ նուրբ կերպն ու ճիշտ պահվածքը,
Խելքն ու միտքը դրանց թվում,
Հույժ մշակված սեգ քայլվածքը…
Դուք ինձ երեխա չեք թվում:
Գաղտնիքը թողնենք ետևում.
Այո, կա և վեհ նշանակ-
Երբ ասացվածքն է այս թևում.
<<Խելացի մայր` խելոք զավակ>>:
Վերգիլիոսի իմ քաղվածքում.
<<Նորից երկնի բարձրունքներից
Նոր լույս կրակ է առաքվում>>,
Դուք եք` Էքոյին ձայնակից
Ու Կասանդրայի խոհակից:
Դուք Հուդիթն եք ազնվության
Եվ դատելով ձեր պահվածքից-
Լուկրեցիան եք վսեմությամբ:
Պահն է և աղոթք բարձրացնել.
Թող ձեզ երկար կյանք տա Տերը:
Ուխտում եմ ձեզ չբարկացնել`
Թաքուն պահելով իմ սերը
Ձեր հանդեպ և թող իմ դերը
Ձեզ ծառայելու մեջ լինի,
Մինչև կգա վերջին օրը
Ձեր ստրուկ աշկերտ Վիյոնի:
Ուղերձ Բուրբոնի հերցոգին
Օ~, ահեղ հերցոգ, բարեգութ սենյոր,
Ծաղիկների զարդ արքունյաց տնից,
Վիյոնն է ձեռքը ձեզ պարզում այսօր,
Այլևս` անուժ սովածությունից:
Սույն գրով Ձերդ շռայլությունից,
Նա փող է խնդրում` խոստումով` հետո
Այն վերադարձնել, տոկոսն էլ հետը:
Նրա խոստումը երդում համարեք,
Եվ նա երդվում է խոստումով հատու-
Սոսկ սպասման մեջ վնաս կկրեք:
Ոչ մի սենյորից նա մինչև օրս
Փող պարտք չի վերցրել, վկա Աստված,
Եվ միայն Ձեզ մոտ մնաց սևերես-
Հետ չտվեց վեց էքյուն ձեր տված:
Եվ երբ նոր պարտք տաք, նա Ձեզնից վերցրած
Երկու գումարն էլ կվերադարձնի,
Հենց որ Պադեում կաղնուն մերկացնի
Տերևաթափը: Իսկ թե համբերեք
Մինչև ջորին իր մտրուկին ծնի-
Սոսկ սպասման մեջ վնաս կկրեք:
Կարիքը նրան այնպես է գետնել,
Որ նա, որպես իր թշվառ անձի սակ,
Պատրաստ է կաշին իր գրավ դնել
Վաշխառուի մոտ` շան շատ վատ տեսակ:
Թե չէ շրջում է գրպանները ծակ:
Կյանքում ամեն ոք իր խաչն է կրում,
Այն չեն վաճառում, չեն շրջանառում.
Բայց նա և խաչն իր կտա, որ կրեք-
Պարտքն իր չմարի եթե չորս օրում.
Որ սպասման մեջ վնաս չկրեք:
Հասկացեք նրան, արքայազն վես
Ումից չար բախտն է հար թեքել երես:
Նրա թախանձին եթե ունկընդրեք-
Նա Ձեզ կմաղթի նույնատիպ տարոս
Որ սպասման մեջ վնաս չկրեք:
Ուղերձ Բուրբոնի հերցոգին –Բալլադի մասին տես ներածականը. Հովհան երկրորդ, Բուրբոնի հերցոգը, որքան հայտնի է Վիյոնի ոչ մի հովանավորություն չի ցուցաբերել:
Հետգրություն
Թռիր ուղերձ թևերն առած,
Հա և ոտքերը ծիծաղի,
Ու պատմիր-որքան է մեռած
Վիյոնի կյանքն առանց փողի:
Ուղերձ ընկերներին
Օգնեցեք ինձ տղերք, բավ չէ’ կանչեմ,
Դուք, գոնե դուք կանգնեք խեղճիս սատար,
Ախր ես մայիսյան ծառի տակ չեմ-
Այլ ընկած եմ բանտում խեղճ ու անճար,
Որտեղ ինձ խորճկեց ֆորտունան չար:
Դուք, ջահելներ ցանցող աղջիկներ <<կույս>>,
Ճարպիկ աճպարարներ, հտպիտներ այս,
Որ մեծ վարպետներ եք հիացնելու
Մարդկանց երգ ու պարով ձեր սրտահույզ.
Ձեր Վիյոնին արդյոք չե’ք փրկելու:
Դուք որ երգ եք սիրում, խաղ ու կատակ
Եվ Աստծո արևի լույսն եք սիրում,
Ու ձեր գրպանները թեև դատարկ-
Հավքերի պես ազատ կյանք եք վարում,
Դուք որ օրը հարյուր լյո եք չափում,
Գրեք, դուք որ թղթին լեյ եք քաշում.
Մեռելներին պետք չէ ձեր տաք խաշուն:
Ոչ մի տարերք, աղետ չեն հուզելու
Նրան, ով պարկած է արդեն նաշում.
Ձեր Վիյոնին արդյոք չե’ք փրկելու:
Ահա երկրե-երկիր ման եք գալիս,
Ոչ հերցոգներ ունեք, ոչ` թագավոր,
Մաքսատուրք ու տուգանք, հարկ չեք տալիս
Եվ ձեր գլխին Տերն է լոկ դատավոր,
Իսկ իմ կյանքը հիմա զնդանն է խոր,
Խումս կեղտոտ ջուր է, կերս` չոր հաց,
Քնում եմ, չեմ մեղա, ննջում եմ բաց,
Նույնիսկ փալաս չունեմ ինձ ծածկելու,
Հառաչ ունեմ միայն ու ունեմ լաց.
Ձեր Վիյոնին արդյոք չե’ք փրկելու:
Օ~, դուք արքայազներ ազատ կյանքի,
Մի թուղթ ճարեք ինձ այս տառապանքի
Հոգի մաշող վիհից ազատվելու,
Չէ’, գոճին էլ խոզի երբ ճղավում,
Ողջ բոլուկը դեպի նա է մղվում.
Ձեր Վիյոնին արդյոք չեք փրկելու:
Ուղերձ ընկերներին –համարվում է, որ բալլադը գրվել է եպիսկոպոս Տիբո դ Օսսինյիի բանտում 1461 թ.: Այդպիսի որոշիչին հիմք է հանդիսանում բալլադի բովանդակությունը: Սակայն պետք է հաշվի առնել, որ Վիյոնը մեկ անգամ չի նստել բանտում:
Վեճ Վիյոնի սրտի ու մարմնի միջև
-Ո’վ է: -Դուռը բացիր: Բայց ո’վ ես: -Քո սիրտը:
Հազիվհազ եմ, նայիր բաբախում-
Զգում եմ, որ մոտ է մարելու իմ հերթը,
Տեսնելով թե ոնց ես այս անտեր քամբախում
Հալածված շան նման նվում ու տառապում:
-Իմ կյանքն է: -Անհեթեթ կերպով ես այն վատնում:
- Դե քե’զ ինչ: -Դրա մեջ ոչ մի միտք չեմ գտնում:
Կործանվում ես: -Պետք է քեզ հուսախաբ անեմ.
Ջահելության երկրորդ փուլն եմ նոր-նոր մտնում:
-Հըմ, լռում եմ: -Իսկ ես թքած ունեմ:
-Լավ ի’նչ ես մտածում: -Որ ունենամ համբավ:
-Երեսունդ անցավ. Ճիշտ այր մարդու տարիք:
-Այո, բայց ջահելի ջիղ ունեմ դեռ անբավ:
-Այ, դա ճիշտ է. Ունես արդ խորհրդի կարիք:
-Երբ մժղուկի պարսն է կաթը սևով պատում,
Ես դրանք իրարից զատելով եմ զատում:
-Դա’ է ողջը: -Քի’չ է. փող տուր թարմ կաթ գնեմ:
-Կործանված ես ընդմիշտ: -Ես այդպես չեմ դատում:
-Հըմ, լռում եմ: -Իսկ ես թքած ունեմ:
-Ողբալով եմ ողբում կեցությունը ես քո.
Եթե շատերի պես դու լինեիր հիմար,
Քեզ հետ չէի բացի երկխոսության հանդես,
Բայց դու խելացի ես քո այդ գլխով համառ
Ու հազարից մեկը քեզ կլիներ հարմար:
Բայց դու արժանիքդ չարության ես փոխել:
Դա ի’նչը կշտկի: -Գերեզմանը. <<ախ>> էլ
Կհասցնեմ հաստատ, երբ դագաղում լինեմ:
-Ինչ խոր մտքեր` դրանք պետք է վրաս թխել.
Չէ, լռում եմ: -Իսկ ես թքած ունեմ:
-Որտեղից է չարը: Սատուռնը չի’ հանում
Վիճակները մարդկանց. Մեկին խինդ է տալիս,
Մյուսին սուգ ու լաց: -Ինչ լավ ես մոգոնում:
Քեզ երբեք չեմ տեսել գլուխ խոնհարելիս:
Միտքս Սողոմոնի ասացվածքն է գալիս.
Մարդուն լուսավորեց իմաստությունը-
Եվ փուչ եղավ աստղագուշակությունը:
-Էխ, ես շատ բան տեսա, որ բախտին սուտ հանեմ…
-Եվ ինչ:
Հըմ, լռում եմ, Իսկ ես թքած ունեմ:
-Ուզու’մ ես, չէ’, ապրել: -Տերը կյանք է տվել:
-Ուղղվիր: -Ինչպե’ս: -Խիղճդ վերակենդանացրու:
Կարդա, իմացությամբ փուչ կյանքդ լրացրու:
Ստոր մարդկանց լքիր: -Մոտիկներիս դավե’լ:
-Չէ` վատերին: -Իմն են, նրանց դավաճանե’մ:
Առանց ընկեր` լավ է մարդ` չէ, խխունջ ծնվել:
Հըմ, լռում եմ: Իսկ ես թքած ունեմ:
Վեճ Վիյոնի սրտի ու մարմնի միջև բալլադը իր անվանում դեռ առաջին հրատարակության ժամանակ /1489թ./ ուներ. Նմանատիպ <<տրամախոսությունները>> միջնադարյան գրականության մեջ շատ էին բնորոշ:
Բալլադ ճակատագրի անունից
Իմաստասերն ինձ կոչեց ճակատագիր,
Իսկ դու, Ֆրանսուա, գոռում ես` արնախում.
Դու որ իմ արհեստին դարձար համակիր
Եվ որ արժանի ես տքնել քարհանքում-
Ճիշտ քեզ նման մեկից, քո հոգու խորքում,
Խնդրում ես, որ կյանքդ քիչ երկարացնի.
Չէ, աղերսանքդ ինձ մոտ դժվար անցնի:
Հապա մտքով գնա ծեգը աշխարհի,
Սուզվիր դարերի մեջ, կրկին ետ արի:
Համրիր` քանի քաջեր, կույսեր մարմարիոն
Իմ կանչով ննջեցին գրկում խավարի:
Այնպես որ լսիր ինձ, ենթարկվիր, Վիյոն:
Հին-հին օրերում շատ են եղել դեպքեր,
Որ ես արքաների օձիքն եմ բռնել.
Պրիամոսն ընկավ, և ձեռքերին զենքեր
Իր ողջ անձնակազմը հասցրեց մեռնել:
Ես չե’մ Սցիպիոնին մաղթել համբառնել:
Հաննիբալին ողբան ո’ր քարի վրա-
Ողջ Կարթագենն է գերեզմանը նրա:
Փռվեց Մեծ Կեսարը դաշյունախոխող,
Եգիպտոսում մարեց Պոմպեոսն անդող,
Յասոնի վրա ծովը կապեց վայուն,
Հռոմն ես հանձնեցի կրակին լափող.
Այնպես որ` լսիր ինձ, ենթարկվիր, Վիյոն:
Տես. Ալեքսանդրը` արյունարբուն մեծ.
Աստղ էր ուզում դառնալ –փայլել երկնքում,
Դա ինձ դուր չեկավ` թույն տվեցի խմեց:
Ալփասարը նույնպես իր մարտակառքում
Իմ ձեռքով խոցվեց: Ողջ կյանքիս ընթացքում
Բնույթս փոխել ես չեմ ջանացել.
Պատճառը դրա մարդն ինձ չի մատուցել:
Ահա Օլոֆեռնը` այդ ցուլը անսուրբ
Հարբեց, շնթռեց վաչում և Հուդիթը նուրբ
Նրան մորթեց` ոչ ձայն, ոչ գոչ, ոչ մայուն
Այնպես որ լսիր ինձ, ենթարկվիր, Վիյոն:
Այո, լսիր ու մի եղիր ձանձիր.
Բարձրյալի սաստը իչնձ եթե չսանձեր,
Թե չլինեին Նրա <<ոչ>> -ն ու<<այո>> -ն,
Դժոխք կճամփեի ես ողջ ցեղը ձեր.
Այնպես որ` լսիր ինձ, ենթարկվիր, Վիյոն:
Բալլադ ճակատագրի անունից –ըստ երևույթին բալլադը գրվել է 1462թ. նոյեմբերին, Վիյոնի Շատլի բանտից ազատվելուց հետո: Բալլադի անվանումը 1867 թ. հրատարակությունում Պիեռ Ժանն է տվել:
Կատրեն
Այո, Ֆրանսուան եմ` գողի վետով,
Փարզեցի եմ և ծանր է խոսքս,
Չէ, պարոնոցս կզգա շուտով-
Որքան է կշռում քամակս:
Կատրեն -Կլեմեն Մարոն այս քառյակն անվանել է <<Կատրեն շարադրված Վիյոնի կողմից մահվան սպասումի մեջ>>: Եթե Մարոյին հավատանք քառյակը գրված է 1462թ. նույնիսկ 1463 թվականի սկզբին:
<<Ֆրանսուա>>-ն հնչել է որպես <<Ֆրանսիացի>>, այսինքն Իլ-դե-Ֆրանսի բնակիչ, ի տարբերություն բուրգոնդցիներ, նորմանդցիների և այլ հերցոգությունների բնակիչների, նա պատկանում էր ֆրանսիական արդարադատությունը. Այլապես չլինելով ֆրանսիացի նա կարող էր և չնստել բանտում:
Վիյոնի էպիտաֆիան
/Կախվածների բալլադը/
Քանի որ մեզանից հետո պետք է ապրեք,
Ձեր սրտերը, տղերք, դաժանացնել պետք չէ,
Այլև` այլոց հանդեպ թե գութ դրսևորեք –
Աստծո օրհնյալ ձեռքը ձեր գլխին կհանգչի:
Ահա մեզ կախեցին և դա հեչ կատակ չի
Ու մեր մարմինները, տարիներով որոնց
Մասին հոգացել ենք, հոտեցին ժամեր անց:
Իսկ շուտով կնեխենք, կթափվի մեր միսը
Ու կմախք կդառնանք դեռ չանցած ամիսը:
Դե իսկ հետո փոշին մեր մերկ ոսկորների
Անցնողն ու դարձողը, երբ ցեխի հետ խույսի.
Աղոթեք, որ Տերը մեր մեղքերը ների:
Թեև դատարանը մեզ դատեց օրենքով-
Ձեզ ենք աղաղակում –պետք չէ մեզ անիծել,
Բոլորին չի տրված ապրել ազնիվ կյանքով,
Դուք դա կհասկանաք -և ո’վ մեղք չի գործել.
Ներեցեք մեզ, չէ որ մեզ դեռ պետք է կոծել
Մեծ Ատյանի առջև Տեր Հիսուսի, իր մոր:
Հիսուս, գթոթ եղիր հանուն Քեզ և Քո Հոր.
Մեզ մի նետիր ծովը հավերժական հրի:
Դե, իսկ ձեզ, ապրողներ, խնդրում ենք նորից –նոր.
Աղոթեք, որ Տերը մեր մեղքերը ների:
Մեզ պարզ անձրևները անխնա կծեծեն,
Արևը մեզ կայրի, մոխիր կդարձնի,
Ագռավները մինչև ոսկոր մեզ կկտցեն,
Քամին կմախքները մեր կշխկշխկացնի
Խփելով մեկ-մեկու ու կփոշիացնի:
Այժմ մենք չենք կարող նստել ու վեր կենալ,
Հասնել գետնին, հողի վրայով գալ-գնալ.
Մենք մեռել ենք, խալսեց մեր ատենը վարի,
Պետք չէ, տղերք, ձեզ մեր ուղիով ընթանալ.
Աղոթեք, որ Տերը մեր մեղքերը ների:
Հիսուս Քրիստոս` Տեր երկնքի ու երկրի,
Մեզ դժոխք մի նետիր հույլքի մեջ չարքերի-
Որ այնտեղ հատուցենք վարձը մեր մեղքերի:
Իսկ դուք մեզ մի ծաղրեք երկրավորներ բարի.
Աղոթեք, որ Տերը մեր մեղքերը ների:
Վիյոնի էպիտաֆիան
/Կախվածների բալլադը/
Այն տեսակետը, որ այս բալլադը կապված է նախորդ կատրենի հետ և գրված է 1463թ. նախաշեմին –հիմնականում Կլեմեն Մարոյին է պատկանում. Սակայն ամբողջ անցած դարերի ընթացքում այդ բանաստեղծությունը հազիվ թե Վիյոնի ամենանշանակալից ստեղծագործությունը չլիներ:
Գովք դատարանին
Քանզի միայն լեզուս կլիներ անզոր`
Քիթս, բերանս, մաշկս, ականջներս`
Իմ զգայական օրգանները բոլոր,
Քեզ են, դատարան, հղում հարգանքներս:
Հա, թող դրանց հարեն նաև թաց աչքերս:
Մինչ խոնարհում գոհ եմ քո մեծ շնորհից-
Խորհրդարանը մերժեց փրկել մահից:
Քո խիղճը մեծ է, գթությունդ անծայր,
Արդարություն է ճառագում քո գահից.
Հրեշտակաց եղբայր, բարիքների մեծ հայր:
Սիրտ իմ, շամփուրն էլ թեքես խոցի` տոկա.
Ինչպես ժայռը տոկած գավազանախոց,
Երբ մեծ անապատում հսկա բանակը
Հրեա ժողովրդի կապեց լաց ու կոծ:
Լցվիր հավատով, սիրտ, էլ` ոչ մի հոգոց.
Երկնային Ատյանի նմուշի հանգույն,
Երկրի համար հիմնեց դատարանը սույն
Շառլեմանը` խոհուն արքա և մեծ այր,
Օտարի պատվար, ֆրանսիացու սյուն.
Հրեշտակաց եղբայր, բարիքների մեծ հայր:
Դու, բերան, լեցուն ատամներով խարխուլ,
Որ մոռացել ես երբ ես միս կերել,
Զանգի նման թնդա ու փառք տուր անդուլ:
Եվ դուք` լեղի, փայծաղ, որ չեք հասցրել մարել,
Մարմին, որ վարազի կոշտ միս ես դառել
Եվ կեղտոտ ես ինչպես սապոգները հագիս.
Գոռացեք. <<կեցցե խղճի հանդերձ հագած
Դատարանը`/ ով մահից փրկեց հեգիս/-
Բարիքների մեծ հայր եղբայր հրեշտակաց>>:
Արքայազն, քեզնից երեք օր եմ մուրում,
Որ հրաժեշտ տամ տղերքին <<Ջորի>>-ում
Եվ մի քիչ փող ճարեմ, հետո` աքսորավայր:
Դե իսկ դատարանին գովքով եմ մեծարում.
<<Հրեշտակաց եղբայր, բարիքների մեծ հայր>>:
Գովք դատարանին –բալլադը գրվել է այն բանից հետո, երբ Գերագույն Դատարանը 1463թ. հունվարի 5-ին Վիյոնի մահվան դատավճիռը հանեց և փոխեց այն տասնամյա աքսորով: Նա հետաձգման երեք օրվա ժամկետ է խնդրում նախապատրաստվելու համար: Դատելով ամեն ինչից դա նրան տրվում է:
Հարց բանտային հսկիչին
Դու խնդրագիրս ցնո’րք սեպեցիր
Եվ իմ արարքը` արա’րք անհոգի:
Բայց և գազանն է, Գարնե, իմացիր
Մինչ վերջին շունչը իր հոգեվարքի
Ժանի գցում, որ իր մորթին փրկի:
Երբ դատավորը սկսեց ճառել-
Բարդելով վրաս մեղքերը անհարգի-
Ո’նց կարող էի այդ դեպքում լռել:
Եթե մսագործ Գոգո Կապետի
Հետ ես լինեի գոնե խնամի-
Այս քերթարանում ինձ չէին քերթի,
Լաթով անցկացված ջուր չէի խմի,
Բորբոսնաց, կանաչ հաց չէի ծամի.
Բայց և այդ դեպքում գանգատ չեմ գրել:
Բայց երբ մատնվեցի պախառակումի.
Ո’նց կարող էի այդ դեպքում լռել:
Երբ սկսեցի գանգատ թակալել,
Կարծեցիր խելքս թռցրե’լ էի:
Բայց առավել սուր միտք ակնկալել,
Քան իմն էր, ասեմ որ, չէր կարելի:
Ի’նչ –երբ աշխարհն էր դառնում գանելի,
Երբ կախաղան են ինձ հանել վճռել,
Երբ մահս էր արդեն անխուսափելի.
Ո’նց կարող էի այդ դեպքում լռել:
Արքայազն, ես թե սուս կենայի-
Դաշտում պահակող կենդանի- մեռել
Մի խրթվիլակի կնմանվեի.
Ո’նց կարող էի ուրեմն լռել:
Հարց բանտային հսկիչին –ըստ երևույթին գրված է Շատլի բանտում, անմիջապես բանտից ազատվելուց առաջ:
Էտյեն Գարնյե –Շատլի բանտի վերահսկիչը, որը բանտարկյալների գրանցման մատյանն էր վարում: Վիյոնը հակառակ նրա խորհրդի բողոքարկում է և հասնում իր մահվան դատավճռի փոխմանը:
Լաթով անցկացված ջուր չէի խմի –ըստ երևույթին, խոսքը գնում է ջրով տանջելու մասին, որը Վիյոնը իր կաշվի վրա է զգացել:
Ես այդ կարծիքին չեմ, հիմա էլ մեր հովիվները, երբ դաշտում ջուր են խմում, եթե ջուրը քիչ մաքուր չէ, թաշկինակ կամ որևէ շոր են փռում ջրի վրա ու այն խմում ներծծելով շորի միջից: /թարգ./
Բալլադ գողալեզվով
Բալադ 1
Փարիզում շնից շատ ծախողներ կան,
Ախպերություն, ձեր վրա աչք դրած.
Հենց ռաստվեցիք տղերքով գողական,
Սրանք հոտը կառնեն ու ձեռած
Կգցեն ճանկերը հրեշտակապետաց:
Իսկ սրանք լավ գիտեն կաշի քերթել,
Բռնել ու քարե պարկը խոթել,
Կամ ինչո’վ երշիկ չես ծուխը կերած,
Երբ կախաղանից են քեզ կախել:
Աթանդա, տղերք, փախեք ձեռաց:
Ծով խելք պետք չէ- տեղից թռար` հայդե
Վարպետներից գործերի դատական:
Դագանակի հետ չլինի վայթե
Նշանդրեքը, տղերք, դուրեկան,
Ուր մնաց` ծեսը հարսանեական:
Հեռու չէ –տեսար մի մատնիչ ցեց
Ձեր փակ հավաքի տեղը բացեց
Ու կպչուկների դաստեն առած
Ձեզ օրենքի խիստ ձեռը գցեց.
Աթանդա, տղերք, փախեք ձեռաց:
Հեշտ չէ գերանի վրա ֆռռալը,
Էդ կողակցուհին ինձ թվում է չոր,
Իսկ նրանից կախվել –խռխռալը,
Կարծեմ ձանձրալի է մի պուճուր:
Ուրեմն ծլկեք թողած հաց ջուր:
Իսկ եթե ձեզ Փաշան` ինքը դատի
Ու վճիռ կայացնի խիստ տմարդի,
Գութ էլ մի հայցեք վզներդ ծռած-
Էդ դևը ձեզ կուտի, աչք չի թարթի.
Աթանդա, տղերք, փախեք ձեռաց:
Արքայազներ –բանկեր, տներ կտրած,
Ֆալեր, աչքի սուրմա թռցնողներ
Այան մի հանեք ձեր գործերն արած-
Չորս կողմը աչքեր են, ծախողներ.
Աթանդա, տղերք, փախեք ձեռաց: