<Հավակնոտ>-ն ընդդեմ <հավակնորդի>

98 views
Skip to first unread message

AnnK

unread,
Aug 25, 2016, 1:35:56 PM8/25/16
to Help me - Know How A&WW

Երկուսն էլ սերտորեն առնչվում են հավակնել֊ի իմաստին։ Հավակնել֊ը մի բանի հասնելու կամ մի բան ձեռք բերելու հետամուտ լինելն է։ Ինքնին դա վատ ձգտում չէ։ Բայց երբ մեկը դա անում է՝ անարժան կերպով իրեն մեծամեծ արժանիքներ վերագրելով, անպայման իր «գերազանցությունը» ուրիշներին ճանաչել տալու սեւեռուն մտքով, ապա նա հավակնոտ (օտար բառով՝ պրետենցիոզ) մարդու համբավ է ձեռք բերում։ Հավակնոտ֊ը իր մասին մեծ համարում, մեծ կարծիք ունեցողն է։

Հավակնորդ֊ը արդեն բացասական բնութագիր չունի, նա օրինական կերպով եւ ըստ արժանվույն որեւէ բանի հավակնող՝ ձգտող անձնավորությունն է։ Շախմատային կամ այլ մրցումներում, օրինակ, բոլոր մասնակիցները կարող են համարվել չեմպիոն դառնալու հավակնորդ։ Քաղաքական կամ գիտական ասպարեզներում որեւէ տեղ, պաշտոն գրավելու համար կարող են հավակնել շատերը, եւ նրանք բոլորն էլ դրա հավակնորդներն են։

Այս երկու բառերն իրարից տարբերակելու միջոցներից մեկն էլ սա է․ հավակնոտ֊ը նախ որպես ածական է գործածվում՝ հավակնոտ գործիչ, ղեկավար, գրող, երգիչ…, իսկ հավակնորդ֊ը գոյական է՝ չեմպիոնության հավակնորդ, պաշտոնի հավակնորդ…։ Այսպիսի նախադասություն կազմենք․ «Նա շատ հավակնոտ քաղաքական գործիչ է եւ առաջիկայում հազիվ թե կուսակցության առաջնորդ ընտրվելու հավակնորդներից դառնա»։

Reply all
Reply to author
Forward
0 new messages