Հայկական լեգիոնը Ֆրանսիայում
Ֆրանսիայի հյուսիսում Դաշնակիցների բանակների ափհանումից հետո,
գերմանական հրամանատարությանը պարզ դարձավ, որ Դաշնակիցները կփորձեն
դեսանտ իջեցնել Ֆրանսիայի հարավում, փորձելով շարժվել առաջ, միանալու
դաշնակիցների մյուս զորամասերին, Նորմանդիայից շարժվելով արևելք և հարավ,
միավորվել, բաժանելով Ֆրանսիայում գերմանայան բանակային խմբավորումը
երկու մասերի: երմանաիայի ռազմական ռեսուրսները արդեն սպառվում էին և
գերմանական հրամանատարությունը փորձեց օգտագործել Ֆրանսիայում իր ունեցած
ամբողջ հնարավոր պոտենցիալը: Դաշնակիցների զորքերի շտաբի կողմից մշակվել
էր պլան, որի համաձայն պետք է դեսանտ իջեցվեր հարավում և կործանիչ
հարվածով ոչնչացվեր գերմանական առափնյա ամրությունները և հարավում գտվող
գերմանական բանակի գծային պաշտպանությունը: Այդ բանակային օպերացիան
հարձակումից մի քանի օր առաջ Դաշնակիցների շտաբում անվանվեց ,,Դրակոն”:
Օպերացիային պետք է մասնակցեին ամերիկյան զորամասերը, անգլիական և
ֆրանսիական բանակային միավորումները: Ֆրանսիայի հարավի ծովափնյա
տարածքները պաշտպանում էր վերմախտի 19-րդ բանակի զորամասերը: Ափամերձ և
առափնյա ամրությունները պաշտպանող գերմանական զորամասերի հրամանատարն էր
գեներալ Վիեսը, իսկ 19-րդ բանակի մյուս զորամասերի հրամանատարն էր
գեներալ Նոյլինգը: Այդ բանակի կազմում, շտաբի ենթակայության տակ գտնվում
էին Հայկական լեգիոնի երեք հրաձգային գումարտակներ: Մարսելից 30կմ
հյուսիս, Էկս-ան-Պրովանս քաղաքին մոտիկ տեղակայված էր հայկական 1/125-րդ
հետևակի հրաձգային գումարտակը: Տուլոն քաղաքի հարավ արևմուտքում` առափնյա
տարածքում տեղակայված էին հայկական 1/198-րդ հետևակի հրաձգային
գումարտակի վաշտերը, իսկ Տուլոնից արևելք, փոքրիկ Իեր քաղաքում և Սենտ-
Տրոպեի ուղղությամբ ծովափնյա պաշտպանություն էր իրականացնում հայկական
2/9-րդ հրաձգային գումարտակը: Հայկական լեգիոնի գումարտակների տեղակայման
տարածքներում ակտիվ պրոպագանդա էին իրականացնում դիմադրության շարժման
ընդհատակյա կազմակերպությունների հայ պարտիզանները: Գերմանական 19-րդ
բանակը կազմված էր 200 հազար զինվորից ու սպաներից, 8 հետևակի
դիվիզիաներից, մեկ զրահապատ դիվիզիայից և 250 տարբեր նշանակության
ինքնաթիռներից: Օգոստոսի 14-ի երեկոյան դաշնակիցների նավերը խիտ շարքերով
սկսեցին մոտենալ Ֆրանսիայի միջերկրականի ափերին, որոնք անմիջապես
նկատվեցին առափնյա պաշտպանական ամրություններում տեղակայված
պաշտպանությունն իրականացնող զորամասերի մի քանի դիտաշտարակներից:
Անմիջապես 19-րդ բանակի շտաբում և զորամասերում հայտարարվեց մարտական
տագնապ և պաշտպանական բնագծի ստորաբաժանումները բերվեցին մարտական
պատրաստվածության: Դաշնակիցների հրամանատարության և շտաբի մշակած ծրագրի
համաձայն, որոշվել էր նավերից դեսանտի իջեցման հիմնական ուղղության
օպերացիան իրականացնել Իեր փոքրիկ քաղաքի, Սենտ-Տրոպեի և Սենտ-Ռաֆայելի
շրջակա տարածքում: Դաշնակիցների դեսանտը բաղկացած էր ամերիկյան 7-րդ
բանակից, գեներալ Պատչի հրամանատարության ներքո /ամերիկյան 7րդ բանակը
կազմված էր 11 դիվիզիայից, որոնց կեսը կազմավորվել էր Հյուսիսային
Աֆրիկայում, ֆրանսիացի զինվորներից ու սպաներից և ֆրանսիական գաղութների
զինապարտ բնակիչներից/, ֆրանսիական ,,Բ” բանակային զորամասերից, գեներալ
Լատրե դե Տասինի հրամանատարությամբ /ֆրանսիական ,,Բ” բանակը ուներ 5
հետևակի դիվիզիա և 2 մեխանիզացված /տանկային/ զորամասեր/ և ամերիկյան 6-
րդ կորպուսից, գեներալ Տրուսկոտտի հրամանատարությամբ /ամերիկյան 6-րդ
կորպուսը ուներ 3 հետևակի դիվիզիա/: Ավիացիայի մարտական
գործողությունները, օդից դեսանտի, ռազմամթերքի և բեռների իջեցումը
ղեկավարում էր ամերիկյան 1-ին ավիադիվիզիայի հրամանատար` գեներալ
Ֆրեդերիկը /ամերիկյան 1-ին ավիադիվիզիան ուներ 2000 կործանիչներ,
ռմբակոծիչներ, տրանսպորտային ինքնաթիռներ և պլաներներ/: Ամերիկյան և
անգլո-ֆրանսիական բանակներում մարտական գործողություններին մասնակցում
էին 10 հազար հայ զինվորներ ու սպաներ: Ծովային նավատորմի
գործողությունները հանձնարարաված էր ղեկավարել ադմիրալ Հեվիտտին:
դաշնակիցների ծովային արմադան կազմված էր 450 մարտական նավերից, որոնցից
5-ը կրեյսեր, 9-ը ավիակիր, ափհանման օպերացիայի համար պատրաստվել էր 1270
փոքր դեսանտային մակույկանավ: Ռազմամթերքի, բեռների և զինվորների
տեղափոխման համար ափ պիտի հանվեր 95 հազար բեռնատար մեքենա: Մինչև
ափհանման օպերացիայի սկիզբը դաշնակիցների զորքերի ընդհանուր թիվը կազմում
էր 575 հազար զինվոր ու սպա: Դեսանտի ափհանումը սկսվեց 1944 թվականի
օգոստոսի 15-ի կեսգիշերին: Դեսանտի իջեցումից առաջ իրականացվեց
դեզինֆորմացիոն և խաբուսիկ գործողություններ, որոնք գերմանական
հրամանատարությանը շեղելու, մոլորեցնելու համար էին նախատեսվել: նպատակից
շեղող տեղերում իջեցվեց օդային դեսանտ, որը խրտվիլակներ էին, ծովափին
մոտեցան դատարկ մակույկներ, զինվորների մանեկեներով: Դաշնակիցների
զորամասերի ափհանումը ուղեկցվում էր նավատորմի հրետանու ինտենսիվ կրակի
պաշտպանության ներքո: Դաշնակիցների գերազանցող ուժերը ափ դուրս գալով
հանդիպեցին ծովափնյա տարածքը պաշտպանող գերմանական 19-րդ բանակի առաջապահ
զորամասերի համառ դիմադրությանը, որոնք օգտագործեցին իրենց հրետանու
ամբողջ հզորությունը, խափանելու համար Դաշնակիցների ծովային դեսանտի
ափիջեցումը: Դաշնակիցները սկսեցին խոշոր կորուստներ կրել, ինչպես
անձնակազմի, այնպես էլ տեխնիկական միջոցների մեջ: Հատկապես անհաջող դուրս
եկավ նրանց ափհանումը հայկական 2/9-րդ հրաձգային գումարտակի դիրքերի
շրջանում, որը տեղակայված էր փոքրիկ կղզիներում և Իեր փոքրիկ քաղաքից ոչ
հեռու գտնվող առափնյա գծում: Չնայած գումարտակը չուներ բավարար
քանակությամբ ռազմամթերք և հրետանի, ամրություններում և կրակակետերում
դիրքավորվելով, ափ դուրս եկած Դաշնակիցների զորամասերին դիմավորեց զենքի
բոլոր տեսակներից, կատաղի կրակով: դաշնակիցների այն զինվորները, որոնց
հաջողվում էր առաջ նետվել, պայթում էին քողարկված ականների վրա, կամ
լռվում ինժեներական արգելափակոցներում: Այս ամենը կատարվում էր նաև ափի
ամբողջ երկարությամբ: Պորտ Կրոսեում Դաշնակիցներին հաջողվեց ընդհուպ
մոտենալ ամրոցին, բայց նրա պաշտպանները ցուցաբերեցին անձնուրաց ու կատաղի
դիմադրություն: Առավոտյան 3:30-ին դեսանտ իջեցվեց Մյույ բնակավայրում և
արդեն ժամը 4:15-ին ամերիկացի պարաշուտիստների մի քանի գրոհներից հետո
նրանց հաջողվեց ամրանալ այնտեղ: Այստեղ, այդ օրվա ընթացքում նետվեց
դաշնակիցների 9 գումարտակ` 9700 զինվորներով, 3 հրետանային մարտկոցներ, 2
ինժեներա սակրավորական վաշտ: Գերմանական բանակի պաշտպանվող զորամասերի
դիրքերի վրա ժամը 00:00-ից մինչև 07:00, դաշնակիցները նետեցին 800
տոնայից ավել ռումբ, փորձելով այդպես կոտրել գերմանական պաշտպանվող
զորամասերի հերոսական դիմադրությունը: Պաշտպանական առանձին տեղամասերում,
մեկ պաշտպանվող զինվորի վրա գրոհում էին մինչև 40 դաշնակից զինվորներ:
Դաշնակիցների հարձակվող զորամասերը մի քանի անգամ գերազանցում էին
զինվորների, ավիացիայի, տեխնիկայի թվակազմով պաշտպանվող գերմանական
բանակի ռեսուրսներին: Դաշնակիցները ձգտում էին տիրանալ Տուլոնի շրջակայքի
բնակավայրերին ու ճանապարհներին, դրանով Մարսելի ուղղությամբ փորձելով
կտրել կապը գերմանական բանակի մյուս զորամասերի միջև: Այստեղ դիրքավորված
հայկական 1/198-րդ հրաձգային գումարտակը դեռևս խելահեղորեն դիմադրում էր,
պաշտպանելով առափնյա տարածքը և զսպում թվակազմով գերազանցող դաշնակիցների
հարձակումները: Այդ ընթացքում հայկական 1/125-րդ հրաձգային գումարտակի
մարտիկները, որոնք ձգված էին Էկս-ան-Պրովանսին մոտիկ գտնվող
ամրություններում, ծանր մարտ էին մղում այստեղ նետված ամերիկացի
պարաշուտիստ դեսանտայիների դեմ, որոնք փորձում էին տիրանալ քաղաքին և
Ավինյոն տանող ճանապարհին: Առավոտյան ժամը 08:00-ին ամերիկյան 36-րդ
հետևակային գնդին հաջողվեց ափ դուրս գալ Դրամոնդի ծովափում և կեսօրին
գրավել այն: Երեկոյան կողմ ամերիկյան 6-րդ կորպուսը գրավեց Մորի և
Էստրելի զորանոցները, որտեղ համարյա ողջ չէր մնացել պաշտպաներից ոչ ոք:
Օգոստոսի 16-ին ընկճվեց Սենտ-Ռաֆայելի պաշտպանությունը և ոչնչացվեցին
զորամասի վերջին պաշտպանները: Գերմանական բանակի կորուստը ամբողջ
ռազմաճակատի երկայնքով անվերականգնելի էր ու ծանր, որի պատճառով սկսվեց
նրա մի շարք զորամասերի նահանջը: Դաշնակիցների բանակի գրոհող
ստորաբաժանումները կրկնապատկվում էին շատ արագ: Շրջապատման մեջ գտնվող
գերմանական զորամասերը պաշտպանվում էին մինչև վերջին հնարավորությունը:
Սեպտեմբերի 4-ին հանձնվեց Տուլոնը, իսկ սեպտեմբերի 24-ին Մարսելը: Այդ
ժամանակահատվածում Հայկական լեգիոնի 1/125-րդ, 1/198-րդ և 2/9-րդ
հրաձգային գումարտակները հերոսաբար մարտնչելով կորցրեցին իրենց ողջ
անձնակազմի 80%-ը, իսկ ողջ մնացածները գերի ընկան դաշնակիցներին, որոնք
էլ հետագայում նրանց հանձնեցին խորհրդային իշխանություններին: Նրանց
միայն չնչին մասին հաջողվեց 1945 թվականին վերադառնալ հայրենիք: Բայց շատ
չանցած նրանք բոլորն էլ ձերբակալվեցին ու դատապարտվեցին տարբեր
ժամկետների կալանման ու աքսորվեցին Սիբիր: Հայաստանի Հանրապետության
Ազգային Անվտանգության արխիվային աղբյուրների մի քանի տվյալների,
վերապրած լեգիոնականները աքսորվեցին Վորկուտայի հատուկ ռեժիմի ճամբարներ,
ստանալով 20-25 տարվա ազատազրկում: Նրանց միայն չնչին մասը դիմացավ ցրտին
ու սովին, անմարդկային հալածանքներին և վերադարձավ Հայաստան:
Հոդվածաշարը նվիրվում է հայ ցեղակրոն զինվորների հիշատակին: