martines
unread,Jan 19, 2011, 7:29:04 AM1/19/11Sign in to reply to author
Sign in to forward
You do not have permission to delete messages in this group
Either email addresses are anonymous for this group or you need the view member email addresses permission to view the original message
to ARMENISCHE LEGION
Կազմավորում. Գերմանիայի և ԽՍՀՄ-ի միջև սկսված պատերազմի հենց սկզբից
գերմանական հրամանատարությունը խնդիր առաջադրեց ստեղծել բանակային հատուկ
ստորաբաժանումներ, որոնք պետք է կատարեին քայքայիչ և դիվերսիոն
հետախուզական գործողություններ կարմիր բանակի թիկունքում և ԽՍՀՄ տարբեր
հանրապետություններում: Արևելյան ռազմաճակատում Ադոլֆ Հիտլերի հրամանով
կազմավորվեցին ազգային ռազմական կառույցներ, որոնք որպես Գերմանիային
հավասար դաշնակիցներ պետք է մարտնչեին Կարմիր բանակի և բոլշևիկյան
իշխանության դեմ, ազատագրելու համար կոմունիզմի լծից շղթայված ու
հարստահարված իրենց ազգային հանրապետությունները: 1941 թվականին
գերմանական հրամանատարությունը այդ նպատակով Արևելյան ռազմաճակատում
հիմնեց “Արևելյան Լեգիոն”-ի բանակային կազմավորման շտաբ և նույն
ժամանակահատվածում ստեղծվեցին ազգային լեգիոնների չորս համալրումներ,
որոնք ռազմական կառույցներ էին և Բեռլինում ունեին ազգային կոմիտեներ:
Սկզբնական շրջանում այդպիսի խմբեր կազմավորվեցին Ռուսաստանից և
խորհրդայնացած նախկին անկախ հանրապետություններից վտարանդի դարձած
սպաներից ու զինվորներից, որոնք ատում էին կոմունիստական ռեժիմը:
Այնուհետև այդ կազմավորումները համալրվեցին ռազմագերիներից և գերմանական
գրավյալ տարածքների մարտունակ բնակչությունից: Այդ ծրագիրը շատ
արդյունավետ գործեց և արդարացրեց իրեն, ու արդեն 1941 թվականի նոյեմբեր-
դեկտեմբեր ամիսներին գերմանական հրամանատարությունը որոշում կայացրեց
կազմավորել Արևելյան Լեգիոններ. – “Osttruppen”:
1941 թվականի դեկտեմբերի 30-ին հրաման տրվեց կազմավորել Հայկական և
Վրացական Լեգիոնները: Բացի այդ, Էրվին Ռոմելի բանակային “Afrikakorps”
խմբավորման կազմում արդեն կային հայկական առանձին զինվորական
ստորաբաժանումներ:
Այս ժամանակահատվածում հաջողությամբ էր ընթանում նաև Մերձբալթյան /
Լատվիա, Լիտվա, Էստոնիա/, լեգիոնների կազմավորումը: Հետագայում
ստեղծվեցին Կովկաս – Մահմեդական և Թուրքեստանյան – Մահմեդական
լեգիոնները, որոնցից 1942 թվականի հուլիսի 22-ին կազմավորվեց
Ադրբեջանական լեգիոնը: Ստեղծվեցին ևս մի քանի լեգիոններ, որոնք
հետագայում վերակազմավորվեցին և միավորվեցին արդեն կայացած ու գործող
լեգիոններին: Բոլոր ազգային լեգիոնները ենթարկվում էին “Արևելյան
Լեգիոն”-
ի շտաբին, հրամանատար` գեներալ Մաքս Իլգենին, որին 1943 թվականին
փոխարինեց հեծելազորի գեներալ` Էրնեստ Քյոստրինգը:
Չնայած այն բանին, որ երրորդ Ռայխը հանդիսանում էր Արևելյան Լեգիոնների
պաշտոնական կազմակերպիչն ու հիմնադիրը, այնուամենայնիվ իրական
նախաձեռնողներն ու հովանավորները հանդիսանում էին ազգային կոմիտեները,
որոնց անդամները հակաբոլշևիկներ և Սպիտակ էմիգրանտներ էին` դաշնակներ /
հայեր/, մենշևիկներ /վրացիներ/. մուսաֆատիստներ /ադրբեջանցիներ/,
ազգայնական գործիչներ և տարբեր նացիոնալիստական խմբավորումների ու
կազմակերպությունների անդամներ /Հայկական լեգիոնի ստեղծման պարագայում
իրենց անմիջական մեծ նպաստը բերեցին հայ նացիոնալ-սոցիալիստները` Ալֆրեդ
Մուրադյանի, Արտաշես Աբեղյանի /ֆաշիստական խմբավորում/ գլխավորությամբ,
Գարեգին Նժդեհի, Հայկ Ասատրյանի ցեղակրոն-ազգայնական հոսանքը և Դրաստամատ
Կանայանի /Դրո/ գլխավորած վտարանդի սպաների և զինվորականության խումբը/:
Ազգային կոմիտեները կատարում էին “վտարանդի կառավարության” ֆունկցիաներ,
բայց արդեն 1944 թվականի կեսերին նրանք պաշտոնապես ճանաչվեցին
կառավարություններ և ազգային լեգիոնները վերանվանվեցին Ազգային
Ազատագրական Առանձին Կազմավորումներ: Լեհաստանում /Գեներալ
նահանգապետություն/ հիմնվեց “Հայկական լեգիոն”-ի /Armenische Legion/
ուսումնավարժական հատուկ ճամբարներ և շտաբ, որտեղ կազմավորվում էին
լեգիոնի ստորաբաժանումները: Հայկական ազգային լեգիոնը շտաբ և համալրման
ճամբարներ ուներ Ռադոմի, Պուլավայի, Դեմբլինի մերձակայքում, բայց գլխավոր
շտաբը գտնվում էր Պուլավայում /Լյուբլինի մարզում/: Ազգայնական հայ
գործիչներն ու վտարանդի սպաները գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաների և
սպաների հետ միասին այցելում էին ռազմագերիների ճամբարներ, որտեղ
հանդիպում էին գերի ընկած կարմիր բանակային հայ զինվորներին ու
սպաներին, կատարում նրանց հետ բացատրական աշխատանք, փորձելով փրկել նրանց
անխուսափելի մահից: Ռազմագերիների շրջանում կատարվում էր նպատակասլաց
քարոզչական աշխատանք, համոզելով հայ զինվորներին, որ Հայաստանի ու նրանց
թշնամին ոչ թե Գերմանիան ու Հիտլերն են, այլ Ստալինն ու բոլշևիզմը: Շատ
հայ զինվորներ ու սպաներ լսելով ազգային ակնառու գործիչներին ու ազգային
հերոսներին, որոնցից էին Գարեգին Նժդեհն, Դրաստամատ Կանայանը /Դրո/, Հայկ
Ասատրյանը, Ալֆրեդ Մուրադյանը և ուրիշներ, կամավոր միանում էին ազգային
ազատագրական պայքարին և համալրում ազգային լեգիոնի գումարտակները:
Սակայն ռազմագերիներից շատերը անդամագրվում էին լեգիոնին այլ ելք
չունենալով, նրանցից ոմանց կամ գերմանացիներն էին պարտադրել, կամ էլ
ստիպված էին առանց գաղափարական հենքի լեգիոնական դարձել` գոյատևելու և մի
օր, հայրենիք վերադառնալու հույսով: Այս էր երևի բարոյահոգեբանական
ընկճման այն երևույթներից մեկը, երբ առաջին իսկ հնարավորության դեպքում
լեգիոնականների դասալքության պատճառն էր հանդիսանում և օգտվելով
հանգամանքներից անցնում էին հակառակորդի կողմը /կարմիր բանակ,
դաշնակիցներ, պարտիզաններ/: Պետք է նշել, որ Կարմիր բանակի կողմը անցած
ոչ մի լեգիոնական խորհրդային իշխանությունների կողմից չարդարացվեց և
նրանցից շատերը դաժանաբար ոչնչացվեցին, կամ երկարատև ժամկետներով
աքսորվեցին Սիբիր տաժանակրության: Գերմանական հրամանատարությունը
կովկասյան ազգերից կազմավորելով ազգային լեգիոններ և որպես հետևակի
առանձին միավորներ ռազմաճակատի գիծ ուղարկելուց զատ հետապնդում էր նաև
նրանց շարքերում քարոզչական ակտիվ պրոպագանդա իրականացնել խորհուրդների
դեմ, կասեցնելու համար դասալքության և կարմիր բանակի կողմը անցնելու
դեպքերը: Վերմախտի Հայկական լեգիոնի առաջին` 808-րդ հետևակային
գումարտակի առանձին զինվորների դասալքության և հակառակորդի կողմը
անցնելու իրական պատճառները ուսումնասիրելով ու քննելով, գերմանական
հրամանատարությունը խիստ ուսուցողական դասեր քաղեց, և այդ ամենը հաշվի
առնվեց ազգային այլ միավորումների ստեղծման ժամանակ, իսկ գումարտակը
վերակազմավորվեց և հետագայում վերջնականապես լուծարվեց: Բայց Հայկական
լեգիոնը հիմնականում կազմավորված էր և ուներ ազգային ազատագրական
գաղափարներին և շարժմանը նվիրված հավատարիմ գումարտակներ, որոնց
զինվորներն ու սպաները մինչև վերջ հավատարիմ մնացին իրենց տված երդմանը և
պայքարին: Վերմախտի Հայկական լեգիոնի 809-րդ հետևակի հրաձգային
գումարտակը Կովկասյան մյուս կազմավորումների հետ համեմատած
ամենամարտունակն էր, էֆեկտիվն ու դժվարությունները հաղթահարողը: Հայկական
գումարտակի ողջ անձնակազմը հավատարիմ էր գերման հրամանատարությանը և
ցուցաբերում էր խիզախության օրինակներ ու իրենց երդմանը համապատասխան
մարտնչում էին բոլշևիկյան կապանքներից հայրենիքի ազատագրության գաղափարի
համար: Պաշտոնապես հայկական ազգային լեգիոնի երկրորդ հետևակային
գումարտակը կազմավորվեց 1942 թվականի օգոստոսի 29-ին արձակված հրամանի
համաձայն` Պուլավայի և Ռադոմի ճամբարներում: Վտարանդի հայ սպաները և
ազգային քաղաքական գործիչները մեկնելով Դեմբլինի, Բենժամենի, Ռիգայի
ռազմագերիների ճամբարներ, հավաքագրեցին գերի ընկած 700 հայ զինվորների
ու սպաների և տեղափոխեցին ազգային լեգիոնի Ռադոմի հավաքագրման ճամբար,
որոնք հետագայում երդվեցին զենքը ձեռքին պայքարել “բոլշևիկյան ժանտախտի”
դեմ: Այդ ժամանակ վտարանդի հայ սպաներն ու ազգային գործիչները Հայկական
լեգիոնի կազմավորման ճամբարներում շատ ժամանակ էին հատկացնում զինվորների
ու սպաների շրջանում բացատրական աշխատանքներ տանելու ուղղությամբ: Նրանք
զինվորներին պատմում էին Հայաստանի Հանրապետության /1918-1920թթ./
հերոսական ու դրամատիկ շրջանի, Խորհրդային Հայաստանում ծայր առած կարմիր
տեռորի /20-ական ու 30-ականներին/, գերմանացի քաղաքական լիդերների ու
ֆյուրերի “Վեհանձն ու վսեմ” նպատակների ու մտադրությունների մասին`
երրորդ Ռայխի հովանու ներքո ստեղծել անկախ ու Մեծ Հայաստան: Հենց
ամենասկզբից` ընդհուպ մինչև զորամասերում նրանց ընդգրկելը, Հայ ազգային
կոմիտեն ապագա լեգիոնականների շրջանում այսպիսի քարոզչական ու
գաղափարախոսական աշխատանքներ էր կատարում: Ապագա լեգիոնականներին
հավաքագրման ճամբարից ուղարկում էին Պուլավայի ուսումնավարժական ճամբար,
որտեղ հայ և գերմանացի սպաները ընդունում էին նոր համալրումները և
միավորելով առաջին գումարտակի 300 լեգիոնականների հետ տեղաբաշխում
ազգային լեգիոնի առանձին ստորաբաժանումներում` որոնք պետք է լրացնեին
իրենց շարքերը նոր զինվորներով: Ռադոմի Հայկական լեգիոնի ուսումնական
ճամբարում գումարտակները բաղկացած էին տարբեր ստորաբաժանումներից` տարբեր
նշանակության ու կազմի վաշտերից, դասակներից ու ջոկատներից, որոնք
անցնում էին ինտենսիվ ուսուցողական վարժանքներ: Սկզբնական փուլում
լեգիոնականները հանդերձավորվում էին որպես ռազմավար վերցված բելգիական և
ֆրանսիական բանակների համազգեստներով /ունիֆորմա/: Ֆիզիկական
վարժանքներին զուգահեռ լեգիոնականները սովորում էին գերմաներեն, և
գերմաներեն տրվող հրամաններ ու հրահանգներ: Պուլավայի և Ռադոմի Հայկական
լեգիոնի ճամբարները հանդիսանում էին ազգային լեգիոնի ստորաբաժանումների
հիմնական կազմավորման նշանակության վայրեր, որտեղ տարբեր
համակենտրոնացման ճամբարներից հավաքագրում և միավորում էին հայ
ռազմագերիներին: Այստեղ էր գտնվում նաև Հայկական լեգիոնի շտաբը, որը
կորդինացնում էր ուսումնավարժական գործընթացը:
Համալրումը կատարվում էր նաև Եվրոպայի երկրների սփյուռքահայ
երիտասարդության հաշվին: Հայկական լեգիոնի համար բացվեց սպայական դպրոց,
որը հետագայում ստացավ բրիգադայինի կարգավիճակ: Ազգային լեգիոնի հիմնական
սպայական կազմը բաղկացած էր նախկին ցարական Ռուսաստանի, Հայաստանի Առաջին
Հանրապետության, Բուլղարիայի, Հունաստանի, Ռումինիայի, Սերբիայի,
Լեհաստանի, Հունգարիայի բանակների և ֆրանսիական Հայկական լեգիոնի /
Արևելյան լեգիոն/ նախկին հայ սպաներից:
Լյուբլինի և Դուբլինի ռազմագերիների ճամբարներից ազգային գործիչներ` Հ.
Ասատրյանը և Ա. Ջամալյանը հավաքագրեցին և Հայկական լեգիոնի ճամբարներ
բերեցին 300 հայ ռազմագերիների: Այդ ընթացքում պրոպագանդիստական դպրոցից
երկու հայ սերժանտ և երկու թարգմանիչ բերվեցին ճամբար, ապագա
լեգիոնականների հետ աշխատանք կատարելու համար: Որպես կանոն նրանք հայ
սպաներ էին Գերմանիայից կամ Եվրոպական այլ երկրներից, որոնք կամավոր
անդամագրվել էին ազգային Լեգիոնին: Ըստ այդմ, այդպիսի գործընթացի մեջ էին
ներգրաված նաև նախկին կարմիր բանակային հայ զինվորներն ու սպաները, որոնք
ունեին գերմաներենի տարրական իմացություն և կարող էին լինել
թարգմանիչներ: Վերջիններիս իրենց հերթին ուղարկում էին կադրերի
պատրաստման տարբեր դպրոցներ մասնակցելու լեզվի տիրապետման դասընթացների,
որից հետո գործուղում տարբեր տեխնիկական ուսումնարաններ վերապատրաստման,
հետագայում կովկասյան ազգություններին ուսուցանելու համար: Ազգային
սպայական կադրերի և ղեկավար պաշտոնյաների պատրաստման նպատակով գերմանական
հրամանատարությունը կազմավորեց յոթ մշտական գործող դպրոցներ և քոլեջներ /
վարժարաններ/ նախկին հայ ռազմագերիներից և վտարանդի սպաներից, որոնք
ցուցաբերեցին գերազանց արդյունքներ ուսումնական գործընթացում:
Հրամանատարական կադրերի պատրաստման պրոֆ-տեխնիկական դպրոցներ բացվեցին
Լեգինովո /Լեհաստան/ և Բիչ /Էլզաս/ քաղաքներում, իսկ կրտսեր
հրամանատարական կադրերի պատրաստման դպրոցներ Պուլավա /Լեհաստան/ և
Կաստերս /Ֆրանսիա/ քաղաքներում: Միաժամանակ աչալուրջ գերմանական
ժանդարմերիան ձերբակալություններ էր կատարում հայկական հետևակի առաջին`
808-րդ գումարտակի կասկածվող խռովարար կուրսանտների շրջանում և նորից
ուղարկում Ռադոմի ճամբար ուսումնավարժական հավելյալ պարապմունքներ
անցկացնելու և հետագայում Արևելյան ռազմաճակատ տեղափոխվելու համար:
Կազմավորվող երկրորդ գումարտակի անձնակազմը նույնպես զերծ չմնաց
ձերբակալություններից, գերմանական հրամանատարությունը նախքան ռազմաճակատ
ուղարկելը լիովին ազատվեց “անհույս տարրերից”: Հայ Ազգային կոմիտեն /
խորհուրդը/ նույնպես գումարտակների անձնակազմերի հետ կազմակերպում էր
համապատասխան ուսուցողական դասընթացներ հայոց պատմության, կրոնի,
հերոսական ժամանակների և սիրված հերոսների, ազգային բանակի և այլնի
մասին, լեգիոնականները հաղորդակցվում էին ազգայնական և հայ արիական
մաքրամաքուր գաղափարներին: Լեգիոնականները տեղեկացվում էին Օսմանյան
կայսրությունում իրականացված հայոց ցեղասպանության մասին, այդ և այլ
թեմաներով կազմակերպվում էին բանավեճեր ու քննարկումներ: Հայ ազգային
գործիչները և գերմանացի պաշտոնյաները ներարկում էին լեգիոնականներին այն
համոզմունքը, որ Գերմանիայի կառավարությունը և գերման ղեկավարությունը
գիտեն հայ ժողովրդի դրամատիկական ճակատագրի և պատմության մասին, և որ
հայության շահերից է բխում զինվորագրվել գերմանական անհաղթ բանակին ու
կազմավորել ազգային լեգիոնի ստորաբաժանումներ, որը Գերմանիան մեծապես
վստահել է այն իրականացնել Հայոց Ազգային խորհրդին: Լեգիոնականներին
հավաստիացվում էր, որ Հայաստանի ազատագրումից հետո կհաստատվի ազգային
անկախ պետություն` ազգային կառավարությամբ, կվերականգնվեն պետական
սիմվոլները, հողը նորից կտրվի գյուղացիությանը և կվերադարձվի
խորհուրդների կողմից բռնագրաված գույքն ու սեփականությունը: Երկիրը
կղեկավարվի ժողովրդի կողմից ընտրված ու սիրված ազգային գործիչների
կողմից: Գերմանիան խոստացել է օգնել Հայկական բանակին վերադարձնելու
պատմական հայրենիքը` Արևմտյան Հայաստանն ու կիլիկիան, որը գտնվում է
թուրքական կրնկի տակ: Բազմիցս հայտարարվեց, որ Մեծ Հայաստանի ստեղծումը
Գերմանիայի արտաքին քաղաքական առաջնահերթ շահերից մեկն է Մերձավոր
արևելքում և Կովկասում: Նշվում էր, որ ֆյուրերը` Ադոլֆ Հիտլերը մեծ
հույս է տածել ու պատվի արժանացրել հայ զինվորներին, ազատագրելու համար
Հայաստանը բոլշևիկներից ու թուրքերից: Տարրալուծելով զինվորների ունեցած
վերջին տարակուսանքն ու ամենաչնչին կասկածները, գերմանացիները
հայտարարում էին, որ իրենց գիտնականները ապացուցել և ճանաչել են հայերին
որպես հին արիացի ազգ և Ռայխը ընդունել է այդ մասին պաշտոնական
հրովարտակ` հայերին համարել արիացիներ: Այս հանգամանքը պարտավորեցնում է
երկու արիացի ազգերին համախմբելու իրենց շահերը ընդհանուր հակառակորդների
դեմ պայքարում: Այս ամենին զուգահեռ գերմանացիները քարոզում էին իրենց
զորքերի աննախադեպ հաջողությունների մասին Արևելյան ռազմաճակատի բոլոր
ուղղություններում, մասնավորապես Կովկասյան ճակատում, ուր Կարմիր բանակի
հայկական դիվիզիաների զինվորները մասսայաբար անցնում են գերմանական
բանակի կողմը , որը սակայն իրականում տեղի ունեցավ միայն 1942 թվականի
օգոստոս-հոկտեմբեր ամիսներին/: Կարմիրբանակային հայ զինվորներին
հավաքագրելու համար օգտագործվում էին նախկին ռազմագերի և հատուկ
ուսուցում անցած ագիտատոր հայ լեգիոնականների, որոնք ավելի արդյունավետ
էին գործում, համոզելով զինվորներին անդամագրվել ազգային ազատագրական
գաղափարներին ու պայքարին և տուն վերադառնալ պատվով: Հայկական լեգիոնի
հետևակի 809-րդ հրաձգային գումարտակի հայ և գերմանացի քարոզիչների
աշխատանքի շնորհիվ առավել հակասովետական տրամադրություններ առաջացրեց
տարածված այն ինֆորմացիան` թե “սովետները հայերին անվստահելի են համարում
և ենթարկում են ոչնչացման”, “հայերի զանգվածային աքսոր է կատարվում
Սիբիր”, “Ստալինը որոշել է վերացնել Հայաստանը և հայերին Սիբիրում
դատապարտել են մահվան ու տաժանակիր աշխատանքների”, “ռուսները վերաբերվում
են հայերին և ոչնչացնում նրանց, այնպես, ինչպես գերմանացիները
վերաբերվեցին հրեաներին” և այն, թե ինչ անմարդկային ծանր պատժամիջոցների
և ռեպրեսիաների են ենթարկել գերի ընկած և ռուսների կողմը անցած
լեգիոնականներին և նրանց ընտանիքներին: Գերմանական և հայ ազգայնական
քարոզչությունը շարունակվում էր այնքան, մինչև որ լեգիոնականը համոզվում
էր իր որոշման իրավացիության վրա և հաստատակամ էր մնում իր տված երդմանը
և ազատագրական պայքարին: Եւ ինչպես ասված էր Հայոց Ազգային խորհրդի
պաշտոնական օրգան` “Հայաստան” շաբաթաթերթի համարներից մեկում,
“յուրաքանչյուր զինվոր անդամագրվելով գերմանական բանակին, իր քայլը
համարում է արդարացված, ճիշտ ու անհրաժեշտ որոշում իր սեփական հայրենիքի
ազատագրության համար, նա այդ արել է ապագայի և ազատության համար”: Այս
ամենին հանդերձ լավագույն լեգիոնականներին 15-20 հոգանոց խմբերով
ուղարկում էին Գերմանիայի քաղաքներ էքսկուրսիաների, որտեղ հայ
լեգիոնականներին ցուցադրում էին գերմանացի ժողովրդի կառուցած
ճարտարապետական հուշարձանները, գերմանացիների առօրյա կյանքը, կենցաղը,
մշակույթը, գործարանները, ազգային եզակի քաղաքակրթությունը և նրանց
խոստանում էին նման քաղաքակիրթ ու բարեկեցիկ կյանք Հայաստանում կառուցել
այն բոլշևիկներից ու թուրքերից ազատագրելուց և այնտեղ նացիոնալ-սոցիալիզմ
հաստատելուց հետո: Երեկոները լեգիոնականները հաճախում էին թատրոններ և
հրավիրվում էին տարբեր սրահներում կազմակերպված ընթրիքների ու հավաքների,
որտեղ տեսնում և լսում էին գերման բարձրաստիճան քաղաքական և զինվորական
առաջնորդներին ու նացիստ լիդերներին` ինչպես Բորմանին, Գեբելսին,
Գյորինգին և անգամ Ադոլֆ Հիտլերին: Լինում էին այնպիսի օրեր երբ 809-րդ
գումարտակի լեգիոնականների ավելի մեծ խմբեր էին մեկնում էքսկուրսիաների:
Նրանք իրենց ստացած խորը տպավորությունները պատմում էին իրենց
ստորաբաժանումների զինվորներին և ընկերներին: Լեգիոնականների վրա
ամենամեծ տպավորությունը թողեց հանդիսավոր հանդիպումը ազգային հերոսներ
հռչակված վտարանդի ազգային գործիչների և սպաների հետ: Այս հանդիպումը
հաղթահանդեսի /տրիումֆ/ վերածվեց և զինվորական շքահանդեսին մասնակցած
լեգիոնականները անմոռաց վառ տպավորություններ ստացան: Որպես կանոն, հայ
քաղաքական և զինվորական գործիչները հանդիպման էին գալիս շքեղ ու
թանկարժեք լիմուզիններով, որոնց ուղեկցում էին ինչպես սեփական, այնպես էլ
գերմանական թիկնազորները, կրում էին գերմանական բանակի գեներալի կամ
գնդապետի կոչում:
1942 թվականի հոկտեմբերի սկզբին գեներալ Դրաստամատ Կանայանը ժամանեց
Հայկական լեգիոնի Պուլավայի ճամբարի շտաբ: Գեներալ Կանայանը /Դրո/
Վերմախտի հրամանատարական շտաբի ներկայացուցիչներից էր, Հայկական Լեգիոնի
հիմնադիրներից մեկը և ազգային հերոս: Նա մենակ չէր ժամանել, նրա հետ
հայկական 809-րդ հետևակի հրաձգային գումարտակի լեգիոնականների հետ
հանդիպման էին եկել նաև Վերմախտի հրամանատարական շտաբի երեք գերմանացի
գեներալներ, որոնք իրենց խոսքը պետք է ասեին հայ զինվորներին ու
սպաներին: Հոկտեմբերի 8-ի առավոտյան Պուլավա քաղաքի հրապարակում
շքահանդեսի հանդիսավոր տողանի էին կանգնել հայկական գումարտակի
ստորաբաժանումների զինվորներն ու սպաները: Լսվեց “ուշադիր” /Hachtung/
հրամանը, ապա առաջին ֆլագշտոգին հանդիսավորապես բարձրացավ գերմանական և
հետո երկրորդ ֆլագշտոգին հայկական եռագույն դրոշը: Այնուհետև գեներալի
համհարզը պատվո նշան հանձնեց գումարտակի հրամանատար` կապիտան Հերման
Բեկերին /Հերման Բեկերը բալթյան գերմանացի էր և լավ էր տիրապետում
ռուսերենին: Նա գերմանական բանակի ավագ լեյտենանտ էր և 1942 թվականին
ստանալով կապիտանի կոչում նշանակվել էր կազմավորվող Հայկական լեգիոնի
809-
րդ հրաձգային գումարտակի հրամանատար/: Կապիտան Բեկերը արձակված “զգաստ”
հրամանից հետո ձիգ քայլվածքով մոտենալով հրամանատարական տրիբունին պատվի
կանգնեց և ձեռքի ափի երկու մատները մոտեցնելով քունքին զեկուցեց
գումարտակի երդում տալու պատրաստության մասին: Լեգիոնականները երդման
տեքստը սկզբում կարդացին գերմաներեն և ապա հայերեն,- “Երդվում եմ Աստծո և
Ադոլֆ Հիտլերի առջև հավատարիմ լինել Գերմանիային և Հայաստան երկրին,
պայքարել բոլշևիզմի և իմպերիալիզմի դեմ հանուն նացիոնալ-սոցիալիզմի
հաղթանակի”: Երդման արարողությունից հետո հրապարակում տեղադրված
պլատֆորմի վրայից լեգիոնականներին դիմեց գեներալ կանայանը և խոսեց
բոլշևիզմի վտանգի, նրա դեմ պայքարի ու այդ “հրեական ժանտախտի” կործանման
անհրաժեշտության մասին: Գեներալը մեծ կարևորություն տվեց նոր Հայաստանի
ծննդին և նրա անմիջական հիմնադիրներին` լեգիոնականների հայրենասիրական
առաքելությանը: Գենարալը ասեց, որ Գերմանիան է հայերի բարեկամը և
դաշնակիցը այլ ոչ թե ԽՍՀՄ-ը, և նրա անմիջական օգնությամբ վեր կհառնի հզոր
ու մեծ նոր Հայաստան: Հաջորդը խոսեց գերման գեներալը, որը գրավյալ
Արևելյան տարածքների բարձրաստիճան պաշտոնյա էր` ասեց, թե գեներալ
Կանայանը խնդրել է գերման բարձրաստիճան հրամանատարությանը, որ
լեգիոնականները զերծ մնան կարմիր բանակի հետ արյունահեղ բախումներից և
նրանք, որոնք չեն ցանկանա մեկնել ռազմաճակատ կռվելու բոլշևիկների դեմ,
ծառայության կուղարկվեն թիկունքում գտնվող ազգային ստորաբաժանման
զորամասեր: Այնուհետև գեներալ Դրաստամատ Կանայանը հարցրեց արդյո՞ք կան
այնպիսիք, որոնք հրաժարվում են հայկական գումարտակի արիական պատվո նշանի
ներքո մեկնել ռազմաճակատ և հաղթական բանակի կազմում իրենց հետ ձեռք-ձեռքի
տված մտնել Երևան: Գումարտակի շարքերից հնչեցին մինչև վերջ հավատարիմ
լինելու և մինչև մահ պայքարելու կոչեր, ոչ ոք չհրաժարվեց մեկնել Արևելյան
ռազմաճակատ: Գեներալը շնորհակալություն հայտնեց լեգիոնականներին,
անվանելով նրանց, “հայ ժողովրդի իսկական զավակներ” և հույս հայտնեց, որ
շուտով կդիմավորի նրանց Երևանում:
Երկու ամիս շարունակ զինվորները ինտենսիվ տակտիկական վարժանքներ էին
կատարում, յուրացնում էին գերմանական և ռուսական բանակային
զինատեսակները, գերմաներեն տրվող հրամանները և բանակային կանոնակարգը:
Հիմնականում ուշադրություն էր դարձվում հարձակողական գործողությունների
պլանավորման պարապմունքներին և հրաձգային վարժություններին: Հետագայում
գերման հրամանատարների կողմից կազմված զեկուցագրերում նշվում էր, որ հայ
լեգիոնականները հարձակման էին անցնում “ուռա” գոռալով և հախուռն խմբերի
գրոհով, որը սարսափ ու պանիկա էր առաջացնում կարմիր բանակի զինվորների
շարքերում: Ռազմաճակատ մեկնելուց առաջ հայ լեգիոնականները ստացան
գերմանական բանակի մինչև 1939 /1933-34թթ./ թվականի համազգեստ և Առաջին
Համաշխարհային պատերազմի շրջանի եղջյուրակիր սաղավարտներ: Զինանոցը խառն
էր, կազմված էր խորհրդային և գերմանական արտադրության զենքերից: Ըստ
գերման հրամանատարության, գերմանական գործող բանակի համազգեստ /
ունիֆորմա/ կարող էին ստանալ խիզախ և իրենց երդմանը հավատարիմ
զորամասերը, որոնք մարտի դաշտում կապացուցեին իրենց հավատարմությունը
Գերմանիային: Սակայն որոշ զորամասերից լեգիոնականների փախուստը
առաջացնում էր հրամանատարության զգուշությունը, և նրանք հարկադրված
միջոցներ էին ձեռք առնում, սահմանելով որոշ խտրություններ: Գերմանական
բանակում ընդունված` աջ գրպանից վերև արիական գերազանցության արծվանիստ
դրոշմով համազգեստի պետք էր արժանանալ: Սակայն հայկական 809-րդ հետևակի
գումարտակը, որի զինվորներն ու սպաները համախմբված էին արիական
գաղափարախոսությամբ, նման խնդիրներ չուներ և ռազմաճակատում ցուցաբերեցին
խիզախության ու նվիրվածության անզուգական օրինակներ:
1942 թվականի սեպտեմբերի վերջին Հայկական լեգիոնի հետևակի 809-րդ
հրաձգային գումարտակը /դաշտային փոստ 33705/ ուներ հետևյալ կառուցվածքը`
գումարտակի հրամանատարն էր կապիտան Հերման Բեկերը, համհարզ` լեյտենանտ
Օսկար Հիրմեր, գանձապետ` Միքայել Վեռներ, թարգմանիչ` զոնդերֆյուրեր
Ռուդիտ Էդուարդ, զինապետ` սերժանտ Ռուդոլֆ Մարտին, թարգմանիչ` Գևորգ
Կարապետյան, հատուկ ջոկի հրամանատար` Սերգեև Սերժ, գումարտակի բժիշկ`
դոկտոր Նորբերտ Մարոլդ, շտաբի պետ` զոնդերֆյուրեր Հակոբ Չելյաև,
տեղորոշող 1-ին վաշտի հրամանատար` լեյտենանտ Վազգեն Աթոյան, 2-րդ
ինժեներային վաշտի հրամանատար` լեյտենանտ Սերժ Դոնոյան, 3-րդ
կոմունիկացիոն սպասարկման վաշտի հրամանատար` լեյտենանտ Կարապետ
Մարկոսյան, 4-րդ հակատանկային վաշտի հրամանատար` ավագ սերժանտ Անդրանիկ
Միրզոյան, 1-ին հետևակային վաշտի հրամանատար` լեյտենանտ Կարլ Էկհոլդ,
1/1-
ին դասակի հրամանատար` սերժանտ Քաջիկ Ջարդիխանյան, 1/2-րդ դասակի
հրամանատար` սերժանտ Մամիկոն Մինասյան, 2-րդ հետևակային վաշտի
հրամանատար` լեյտենանտ Ուիլֆրեդ Բունզ, 2/1-րդ դասակի հրամանատար`
սերժանտ Ալեքսեյ Սարգսյան, 2/2-րդ դասակի հրամանատար` լեյտենանտ Ապետ
Մկրտչյան, 2/3-րդ դասակի հրամանատար` ավագ սերժանտ Աշոտ Դոնոյան, հետևակի
3-րդ վաշտի հրամանատար` ավագ լեյտենանտ Պետրի Հերարդ, 3/1-ին դասակի
հրամանատար` լեյտենանտ Միքայել Շեկոյանց, 3/2-րդ դասակի հրամանատար` ավագ
սերժանտ Պավել Դավիդյան, 3/3-րդ դասակի հրամանատար` ֆելդֆեբել Միշա
Ավետիսյան, 4-րդ գնդացրային վաշտի հրամանատար` ավագ լեյտենանտ Վիտտ Ֆրիզ,
4/1-ին գնդացրային դասակի հրամանատար` լեյտենանտ Ալեքսանդր Փաշինյան,
4/2-
րդ գնդացրային դասակի հրամանատար` սերժանտ Աբո Խաչատրյան, 4/3-րդ
գնդացրային դասակի հրամանատար` լեյտենանտ Հարություն Արզուգանցյան, 4/4-
րդ ականանետային դասակի հրամանատար` ավագ սերժանտ Վլադիմիր Էրվանյան,
հատուկ նշանակության “Տ” ստորաբաժանման հրամանատար` զոնդերֆյուրեր Հակոբ
Չելյաև: Գումարտակը բաղկացած էր 958 /45 գերմանացի/ զինվորներից ու
սպաներից: Գումարտակի գերմանացիներից բաղկացած մշտական անձնակազմը
համալրվում էր հետևակի 209-րդ պահեստի գումարտակից, որը գտնվում էր Մայնի
Ֆրանկֆուրտի մերձակայքում գտնվող վերմախտի բանակային ճամբարներում և
հանդիսանում էր գերմանացի զինվորների գլխավոր մատակարարը Հայկական
լեգիոնի գումարտակներ: Գումարտակը զինված էր 650 գերմանական և խորհրդային
արտադրության հրացաններով, 280 ատրճանակներով, 6 կարաբին ավտոմատով, 38
թեթև և 12 ծանր գնդացիրներով, 9 հակատանկային նռնականետով, 6
հակատանկային ծանր հրացանով, 3 օպտիկական նշանոցով հակատանկային զենքով:
Գումարտակը ուներ նաև 6 շարժական /պորտատիվ/ դաշտային խոհանոց, 2
ավտոմեքենա, 67 օժանդակ այլ միջոցներ և 225 ձի: Ի հավելումն,
գումարտակում ստեղծվել էր հատուկ ստորաբաժանում “Տ”, որը նախատեսված էր
հակառակորդի ամրությունների խորտակման համար: