Հարգելի՛ գործընկերներ,
Կրկին անդրադառնում եմ աշխարհի առաջատար բուհերում ուսանող հայաստանցիներին և սփյուռքահայերին պետական օժանդակություն ցուցաբերելուն ուղղված մեր նախագծին։
Եվ այսպես, տեղի են ունեցել խիստ կարևոր իրադարձություններ (ես կբնութագրեմ դրանք «հանգրվանային» տերմինով - տեղի են ունեցել հանգրվանային իրադարձություններ), այն է՝
ա) ս.թ. հունիսի 27-ին ՀՀ վարչապետի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ամրագրվել են ծրագրի որոշ կարևոր, հիմնարար սկզբունքներ (տե՛ս կից բերվող արձանագրությունը),
բ) ս.թ. ապրիլի 18-ին ՀՀ նախագահի և վարչապետի նախաձեռնությամբ ստեղծվել է մի հիմնադրամ (այն կոչվում է «Լույս»), որը կոչված է կյանքի կոչելու այս ծրագիրը։
Այստեղ էական է այն հանգամանքը, որ, ինչպես երևում է 26.06.2008թ. ՀՀ վարչապետի մոտ կայացած նիստի կցվող արձանագրությունից, և՛ ամրագրված սկզբունքները, և՛ հիմնադրամի ստեղծումը լիովին համահունչ են (ամեն ինչով համապատասխանում են) մեր բոլորիս կողմից այսքան մանրամասնորեն քննարկված ու համաձայնեցված ընդհանուր մոտեցումներին։
Այժմ, անհրաժեշտ է մշակել ու ՀՀ վարչապետին ներկայացնել ծրագրի մոտեցումների ու մեխանիզմների նոր հայեցակարգ։ Այս նոր փաստաթղթի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է այն (ուրախալի) իրողությամբ, որ ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի կողմից որդեգրվել է սույն ծրագրին ավելի լայն թափ հաղորդելու ուղին։ Օրինակ, մասնավորապես, ծրագիրը պիտի ներառի նաև ետկրթական ժամանակահատվածը (post doctoral period and/or carrier development)։ Բացի այդ, հիմնադրամին առաջարկվում է ակտիվ քաղաքականություն վարել և այլ ուղղություններով` կնքել համապատասխան համաձայնագրեր աշխարհի առաջատար համալսարանների հետ, անց կացնել մասնագիտական սեմինարներ ու գիտաժողովներ, աջակցել նմանատիպ օտարերկրյա միջոցառումներին հայ ուսանողների մասնակցությանը, ներառնվել արտերկրի նմանօրինակ գիտակրթական հիմնադրամների համատեղ ծրագրերում, մասնակցել համահայկական հնչեղության գիտակրթական և հասարակական-քաղաքական միջոցառումներին, և այլն, և այլն։
Ուստի, կրկին դիմում եմ ձեզ բոլորիդ կոչով` նորից համախմբվել, լարել ուժերը և նախապատրաստել համապատասխան փաստաթղթի լրջորեն մշակված մի նախագիծ։ Կցում եմ հայեցակարգի մի նախնական տարբերակ, որը պատրաստել ենք հապճեպ, ուստի լավ հասկանում եմ, որ սա ընդամենը մի շատ նախնական, հում, փաստաթուղթ է և կոչ եմ անում բոլորին ակտիվորեն հանդես գալ կառուցողական քննադատությամբ ու կառուցողական առաջարկներով։ Արդ, բոլոր առաջարկներն ու դիտողությունները ջերմորեն ողջունվում են։
Գործե՛նք պարոնայք (և գործել է պետք արագ ու որակով)։
Կանխավ շնորհակալ եմ։
Արթուր
Հ.Գ.1 Խնդրում եմ տարածել սույն նամակը բոլոր ուսանողների և շահագրգիռ կազմակերպությունների ու անձանց շրջանում։
Հ.Գ.2 Խնդրում եմ թարգմանել նյութերը նաև ռուսերեն, անգլերեն ու ֆրանսերեն և տարածել դրանք այլալեզու հայերի շրջանում։
Հ.Գ.3 Առաջարկում եմ կազմակերպել, ինչպես դա ավանդաբար արվել է մինչ օրս, ֆորումային քննարկումներ առանձին-առանձին թեմաներով։ Որպես քննարկման մի հնարավոր թեմա առաջարկում եմ հետևյալը՝ «Ինչպիսի՞ համահայկական հնչեղության հասարակական–քաղաքական ակցիաների պիտի մասնակցի ցանցը և անհրաժե՞շտ է, արդյոք, որ այդ մասին հիշատակվի մշակվող հայեցակարգում»։ Մեկ այլ թեմա է հանդիսանում, օրինակ, Հայաստան վերադառնալու ոչ պարտադրական մեխանիզմների հարցը։
Հ.Գ.4 Հայաստանի ազգալին մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն տիկին Գայանե Աֆրիկյանը լուրջ առարկություններ ունի ներկայացված նախագծի 20 կետի այն հատվածի վերաբերյալ, որը շարադրված է այսպես.
«Հայտին պիտի կցված լինի երկու երաշխավորագիր (ցանկալի է՝ գրված տվյալ ոլորտի մասնագետ-գիտնականների կողմից)։ Եթե ուսումնառության կոնկրետ բուհը կամ գիտական (կրթական) կենտրոնը (մասնագիտությունը) ներկայացված չի ստանդարտ վարկանիշային ցանկերում, ապա ցանկալի է, որ երաշխավորագրերի հեղինակները դիմորդին բնութագրելուց բացի նաև հակիրճ հիմնավորեն տվյալ գիտաուսումնական հաստատության բարձր վարկանիշայնությունը։»
Եկեք լրջորեն քննարկենք այս կետը։