Կառավարության շենքի առջեւ այսօր կրկին հավաքվել էին սպանված զինծառայողների
ծնողները եւ իրացման գոտու բնակիչները:
«ՀՀ Զինդատախազության ավագ դատախազներ Գնել Մանուկյանը եւ Հարություն
Հարությունյանը հանցագործներ են, որոնք սնվում են սպանված զինվորների արյան
հաշվին»,- ահա այսպիսի պաստառ կար Վարդենիսի զորամասերից մեկում մահացած
Տիգրան Օհանջանյանի մոր ձեռքին:
Տիգրանի մոր`տիկին Գոհարի խոսքերով, գործով գլխավոր վկա Արմեն Գասպարյանը,
մինչ օրս ցուցմունք չի տվել, իսկ պատճառաբանությունը լինում է այն, որ վկան
բացակայում է հանրապետությունից: «Այդ տղան է տեսել Տիգրանին այդպիսի
վիճակում, նա հայտարարել է, որ վնասված մալուխը իրեն էլ է էլեկտրահարել, բայց
այդ ոնց եղավ նա կենդանի մնաց, իսկ իմ տղան էլեկտրահարվեց»,- հարց է տալիս
տիկին Գոհարը:
Մոր խոսքերով` երբ տղան բանակ է գնացել, վերեւի կտրող ատամը բացակայել է,
սակայն մահվանից հետո կատարված դատաբժշկական փորձաքննությունը տվել է
եզրակացություն, որ տղայի ատամները տեղում են եղել:
«Մենք այլեւս չենք կարող մեր երեխաներին հետ բերել, սակայն ուզում ենք իմանալ
ճշմարտությունը»,- ասում է որդեկորույս մարյրը:
Իսկ 2008 թ մայիսի 15-ին Մարտակերտի դիրքերում մահացած 11 ամսվա զինծառայող
Անդրանիկ Հայրապետյանի մայրը` տիկին Անահիտն էլ ասում է, որ առողջ, 18
տարեկան, Ֆիզկուլտ ինստիտում սովորող տղային ուղարկել է բանակ, սակայն 11
ամիս հետո ստացել նրա դիակը:
«Մարդասպանները քայլում են մեր կողքին»,- այսպիսի պաստառ էր բռնել
որդեկորույս ծնողը` տղայի նկարների հետ միասին:
Իրացման գոտու բնակիչներն էլ պահանջում են իրենց նախկին տներին համարժեք
փոխհատուցում:
«Երբ գնում ենք քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի մոտ, առաջին խոսքը որ ասում է,
լինում է այն, որ բյուջեում փող չկա, եթե ունենաք կտանք: Իսկ այն մարդիկ,
ովքեր օգնություն են ստացել եւ էլի գալիս են, դատի կտանք»,- ասում է
«Սեփականության իրավունքի պաշտպանություն» ՀԿ նախագահ Վաչագան Հակոբյանը:
Նրա խոսքերով` իրացման գոտու 40%-ից ավել բնակիչները վարձով են ապրում, քանի
որ չեն կարողացել բնակարան ձեռք բերել:
Նշենք, որ Կառավարության շենքի մոտ ոստիկանները ավելի շատ էին, քան ակցիայի
մասնակիցները:
© «A1Plus.am».
--
Բոլոր նորություններին միանգամից ծանոթանալու համար
կարող եք այցելել ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍ Խմբի կայքը՝
http://groups.google.com/group/verjin-huis
Բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է ուղարկել դատարկ նամակ
verjin.hu...@gmail.com հասցեին եւ գրանցվել՝ հետագա նորություններին
էլեկտրոնային փոստի միջոցով ծանոթանալու համար:
Խնդրում ենք այս նամակը փոխանցել նրանց, ովքեր
լրատվության կարիք ունեն:
Շնորհակալություն Ձեր ցուցաբերած ակտիվության համար: